24.7.16

Բրյուսովը, ok-ը ու հայը

#SyuneciBlog
Հեյ: Եթե ինձ ճանաչում ես, ներողություն եմ խնդրում ու ցավակցում եմ, որովհետև հաստատ ականջդ տարել եմ արդեն իմ անգլերեն մեջբերումներով՝ Ok, like, hi, bye... Ես հոգուս խորքում շատ լավ գիտեմ, որ մակաբույծի պես հարամ են անում մեր ողջ խոսակցությունը, բայց կներես, ինքս իմ դեմ անզոր եմ:
Եթե ինձ ճանաչում ես ու հասցրել եմ քեզ նյարդայնացնել էդ բառերով, նաև կիամանաս, որ սովորում եմ Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում, ու առաջին լեզուս համարվում է անգլերենը: Ես էլ, անկեղծ ասած, ուզում եմ լավ մասնագետ դառնալ: Մի պահ հաճելին ու օգտակարը համատեղեմ ու անգլերեն սովորողներին որպես խորհուրդ ասեմ, որ դրա համար ֆիլմերը նայում եմ անգլերենով, գրքերը կարդում եմ անգլերենով, մտքիս մեջ թարգմանում եմ այն, ինչ լսում եմ շրջապատում, և ի ուրախություն ինձ և ի հիասթափություն ձեզ, պետք է խոստովանեմ, որ վերջերս սկսել եմ անգլերեն մտածել որոշ չափով: Հիմա այստեղ հարց՝ ես, լինելով շատախոս, լինելով մաքսիմալ անկեղծ մարդ, որ խոսելուց հետո է մտածում՝ ինչ ասաց (չէ, չափազանցնում եմ, էդքան էլ անկեղծ չեմ, բայց մի խոսքով) ինչքան պետք է մտածեմ ու լարվեմ, որ չօգտագործեմ էդ բառերը:
Հիմա նայենք հարցի մյուս կողմին: Իմ ok, hi, bye օգտագործելով որոշվու՞մ է իմ հայրենասեր չլինելն ու հայերեն չիմանալը: Դե իհարկե՝ ոչ հարգելիս: Երբ դու բարևելիս ասում ես՝ պրիվետ, իսկ ես hi, այ այստեղ է որոշվում իմ հայրենասեր չլինելն ու հայերեն չիմանալը, որ քեզ չեմ հիշեցնում պրիվետ բառի ծագումն ու մեղադրում քեզ հայրենասեր չլինելու, հայերեն չիմանալու մեջ: 
Իսկ գիտե՞ս ինչու քեզ չեմ մեղադրում. ինձ համար հայրենասեր լինելն ու հայերեն իմանալը բոլորովին այլ ոլորտներում են արտահայտվում, բոլորովին այլ պատկերացումներ ունեմ ու ընդանրապես անիմաստ եմ համարում խոսել հայրենասիրությունից: Ես չեմ սիրում քննարկել այդ թեման, ինչպես չեմ քննարկում հավատն ու սերը:
Գիտեմ՝ չհամոզեցի: Բայց արի պայմանավորվենք. ես շարունակեմ ok-ներով խոսել, դու էլ ամեն անգամ ինձ տեսնելիս ասա՝ պրիվետ: Թող հայրենիքին դավաճանելը այսքանով վերջանա: Բոլորի մոտ: OK?

Չմեծանալու ու իմ մասին

#SyuneciBlog

 Բարև: Արդեն 10 ամիս է՝ քսան տարեկան եմ: Հիմա հնարավոր չէ հաշվել՝ քանի անգամ է հարկ եղել ծանոթանալիս ասել՝ հա, հա, 20, չէ, 15 չէ, 20: Արդեն ինձ չեն զարմացնում մարդկանց ռեակցիաները, երբ լսում են տարիքս: Ու իմ խորին համոզմամբ այստեղ պատճառը միայն արտաքինս չէ: Դե հա, ես էլ հայելու մեջ նայելիս չեմ համոզվում, որ արդեն քսան տարի է, ինչ քայլում եմ  երկրագնդի վրա. առանց շպար, առանց արհեստական թարթիչներ ու ունքեր...Բայց պետք է մի բան խոսոտվանել՝ ներքինս շատ ավելի փոքրիկ է, քան ծանոթ-անծանոթները մտածում են: Ներսումս մի 10-12 տարեկան էակ կա նստած, որ չի էլ ուզում քսան տարեկան դառնալ: Իմ երազած քսան տարեկանը պետք է արդեն կարողանար ինքնուրույն ապրել ու ինքնուրույն հասնել իր դրած նպատակներին: Մտածում եմ՝ միգուցե էդ ներսիս 12 տարեկանը խանգարի ինձ երազանքներս ու նպատակներս իրականություն դարձնել, բայց հենց մտածելիս էլ ներողություն եմ խնդրում իրենից, որովհետև ինքը միայն խթանող ուժ է: 
 Մեծանալը, չեմ ասի, որ վախեցնում է, բայց որ վանում է, դա հաստատ: Ես չեմ ուզում արթնանալ ու մտածել, որ քսան տարեկան եմ: Ես չեմ վախենում քսան տարեկանի պարտականություններից ու պարտավորություններից, չեմ փախչում դրանցից, բայց դրա հետ մեկտեղ ես իսկապես նախընտրում եմ մնալ 12 տարեկան: Ես չեմ ամաչում գունավոր թղթերից ու փուչիկներից ուրախանալ, ես չեմ ամաչում անձրևի տակ վազելուց, չեմ ամաչում գոռալ, երբ գոռալ եմ ուզում ու ոչ էլ ամաչում եմ քթիս տակ ավտոբուսում երգել, երբ ականջակալներիս երգը հրամայում է միանալ իրեն: 
 Ու ինչքան էլ համոզեք, բացատրեք ու ասեք, երբեք չեմ հասկանա նրան, որ ուզում է ու ձգտում է տարիքից մեծ երևալ, տարիքից  մեծ արարքներ անել: Գիտե՞ք անցյալը, 12 տարեկանը էլ հետ չեք բերի, իսկ 20 մեկ է մի օր դառնալու եք, ու ամեն ինչի ժամանակը մի օր գալու է: 
 Ինձ ուրախացնում է այն, որ դեռ հանդիպում են նյութեր, որտեղ նշված է՝ 21+: Դրանք շրջանցելիս մի պահ ինձ էլի ու էլի 12 եմ զգում: 
 Ես անպայման կդառնամ 20 տարեկան, հաստատ, երբ թղթերում անվանս դիմաց գրված լինի 35: 
Իսկ որպես հավելում առաջարկում եմ այս երգը, որ լրիվ ներսիցս է https://www.youtube.com/watch?v=zX52soa2eK0 (Simple Plan-Grow up

9.7.16

Գիշերվա ձայների ու ռաբիսի մասին

#SyuneciBlog
Բարի լույս: Բրիտանացի գիտնականները պարզել են, ))) որ մարդը օրվա մեջ առնվազն 10 րոպե պետք է լռության մեջ նստի ու ոչինչ չանի, ոչ մի ձայն չլսի: Ես իմ օրակարգում մի քիչ փոխել եմ այդ ոսկե օրենքն ու գիշերվա ձայնն եմ լսում: Լսել ե՞ք գիշերվա ձայնը երբևէ:  էն որ ծղրիդները սկսում են երգել է, ու թույլ քամին սկսում խաղալ ծառերի տերևների հետ, կամ անձրևի կաթիլները հատ-հատ ընկնում են խոտերին, սկսում նվագել...էդ գիշերվա ձայննա: Ու էդ ամեն ինչին միանումա ներքին ձայնդ, սկսումա դժվար ու խառը հարցեր տալ, մինչև մեկին պատասխանում ես, մյուսնա թափում գլխիդ: Էդքանը իմ լռության տասը րոպեներն են, որ մենակ իմն են, ու ոչ մեկի հետ չեմ կիսի:
Հիմա պատմեմ երեկվա 10 րոպեներիս մասին: էլի նստած էի մթության մեջ, էլի ներքին ձայնիս հարցերին էի պատասխանում, ու հեռվից ինձ հասան ինչ-որ անիմաստ երաժշտության ելևէջներ: Մի պահ հույս ունեի, որ չեն մոտենա, որ էդ անփոխարինելի անդորրս չի խանգարվի: Բայց հույսս մեռավ, չհասցրեց վերջին բառերն էլ ասել:
Մի պահ վախեցա, որ հեսա մեր տուն կմտնի էդ երգը, բայց բարեբախտաբար դարեր թվացող այդ մի քանի վայրկյանը ավարտվեց: Ուշքի գալու համար արագ միացրի Դինջերի Մոռանալ-ը: https://www.youtube.com/watch?v=tqig3d8IicM Ու լսելու ընթացքում ես ու ներքին ձայնս սկսեցինք վիճել:
Ես: Իբր ինչ, ի՞նչ հաճույք են ստանում էս անիմաստ ու ոչինչ չտվող երգերը լսելով:
Ն.Ձ.: Դու քո երգերից ի՞նչ հաճույք ես ստանում, նույնն էլ իրենք՝ իրենց երգերից:
Ես: Հա, բայց իմ երգերը հանգստացնում են չէ, կտրում են աշխարհից, բայց ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում, որ էդ կլկլոցը իրեն աշխարհից կկտրի:
Ն.Ձ.: Ամեն մարդ իր ճաշակն ունի, հո բոլորը չեն կարող Դինջեր լսել:
Ես: Ինքդ էլ գիտես, որ ինձ պետք չի, որ բոլորը Դինջեր կամ Ռամշտեյն լսեն, էդ դեպքում ես էլ չեմ լսի, (չեմ սիրում, որ իմ սիրած երգերը բոլորը լսում են) բայց մենակ ոչ էդ մուղամները էլի, ինչքան կարելիա ասել՝ մեր մշակույթին ու պատմությանը սազական չեն: Հիմա էլի կասես նորից սկսեց, բայց եթե խոսում ենք, պետք է մինչև վերջ ասեմ: Մի քանի օր առաջ բանակի քեֆ էր, եղբորս էինք բանակ ճանապարհում: Սրտիցս արյուն էր կաթում, որ ոչ մեկը Յարխուշտա չպարեց, ոչ մի ռազմապ
ար: Մեր ջահելները, որոնցից մեկն էլ, համոզված եմ, վերոնշյալ մեքենայի ղեկին էր, ինչքան անիմաստ ու անտաղանդ երգ ու երգիչ գիտեին հիշեցրին մեզ ու մեղմ ասած ստիպեցին պարել էդ երգերի տակ: (Հո չեն նեղվի, որ կարդան)
Ն.Ձ.: Երգդ ավարտվեց:
Ես: Ոչինչ, Հախվերդյաննա սկսում: https://www.youtube.com/watch?v=qeRzlMLb-lg (Ռուբեն Հախվերդյան-Լուսինն ու շունը)


8.7.16

Մի քանի րոպեով առանձնանալու ու անանձնանալու մասին

  Հեյ: Վիճակագրություն ու թվեր երևի չկան, բայց դժվար թե այսօր գտնես մի մարդ, որ հոգնած չէ, միայնություն չի ուզում գոնե մի վայրկյանով: Բացի դրանից, ի ուրախություն ինձ, արդեն գնալով շատանում են ականջակալներով մարդիկ: Հիմա կմտածեք երկու անիմաստ նախադասություն իրար հետևից ուղղակի գրել եմ: Ես կփորձեմ կապել դրանք մի բառով՝ երաժշտություն: Ինձ համար լավագույն ձևը աշխարհից ու մարդկությունից կտրվելու, հատկապես երբ վերջիններիս խեղված ձևերին եմ հանդիպում, երաժշտությունն է՝ արդեն վեց տարուց ավել է՝ ռոքը: Եթե հետաքրքիր է, կասեմ, որ բացի ռոքից էլի ժանրերի երգեր կան ամենօրյա երգացանկումս, բայց գտնելու համար շատ փորփրել է պետք: Վերադառնանք մեր թեմային՝ ես կտրվում եմ աշխարհից երաժշտության հետ: Ու այստեղ ամենևին էլ կարևոր չէ՝ ականջակալներ կան, թե կողքի սենյակից է հնչում սիրածս երգը, թե ուղղակի հեռախոսը գրպանումս է՝ երգերը միացրած: 
  Երևի հիմա ասեմ, թե ինչու որոշեցի այս մասին գրել: Լարված օր չէր, կստեմ, եթե ասեմ՝ շատ զբաղված եմ եղել, ավելին՝ հասցրել եմ նույնիսկ ֆիլմ դիտել՝ Me before you (խորհուրդ եմ տալիս չնայեք, որ շատ չհուզվեք), բայց այնուամենայնիվ գլուխս ցավում էր ու ես հանգիստ էի փնտրում: Դեղեր չեմ սիրում, սուրճից արդեն քանի շաբաթ է հրաժարվել եմ, ու միակ օգնությունս երգերն էին: Քիչ անց հասկացա, որ ոչ միայն երգերը, այլև երգելը: Նստեցի համակարգչի առաջ ու մտա Youtube: Մատներս արդեն սովորել են, որ առաջին երգը, որ պետք է լսվեր՝ Beth Hart-ից էր լինելու: https://www.youtube.com/watch?v=msDyYn81HxY Դրան հաջորդեցին learning to live-ը, bang bang boom boom-ը: Եթե զգացիք՝ երգերի տրամադրությունը գնալով բարձրանում է: Հետո արդեն մետալ լսելու ժամանակն էր ու միացավ https://www.youtube.com/watch?v=NTU6NLovI_Q (Metallica-The Unnamed feeling): Էս բոլորը երգելուց հետո թեթևանալ էր պետք ու անջատվել մի պահ: Դե իհարկե՝ Համասյան՝ Կարս: https://www.youtube.com/watch?v=ILYcBaNVk4M 
  Գիտե՞ք՝ ինչ եղավ: Գլուխս էլ չի ցավում: Գլխացավ չունեմ, որովհետև էդ ամբողջ ընթացքում մտածել եմ միայն երգերի բառերի մասին, լսել եմ, բեռնել եմ իմ մեջ, երգել եմ ու զգացել: Իսկ գլխացավն անցնում է այն ժամանակ, երբ էլ իր մասին չես մտածում:
Հիմա օրը էլ ավելի մեծ ուժով ու տրամադրությամբ շարունակելու էներգիա կա, մանավանդ, երբ չեմ դադարելու էլի լսել ու երգել քթի տակ: 
   
Մնաք բարյավ:
  Հ.Գ. մեկ-մեկ կարելի է հարևաններին խանգարել ու շատ բարձր լսել երգերը, բայց ուշադիր ականջները չվնասեք, դեռ շաաատ լավ երգեր կան, որ լսողներ են ուզում: 

7.7.16

Կաղապարով

Գնալուց առաջ մնա ու կողքիս նստիր,
Չես ուզում խոսել, 
Հասկանում եմ քեզ
Չես ուզում խոսել, կարող ես լռել, 
Եթե ուզում ես, կոպերդ փակիր...
Միայն թե մնա գնալուց առաջ....
Կարող ես հենել գլուխդ ուսիս,
Հին օրերի պես մատներդ խառնել խոնավ մազերիս,
Խաղալ նրանց հետ...
Շնորհակալ եմ, որ դեռ մնում ես..
Գնալուց առաջ մնա...մենակ եմ...
Արի իրար հետ կանգնեցնեք մի պահ սլաքները մենք,
Թող որ մնալդ երկարի քիչ էլ,
Թեկուզ իրար աչքերի մեջ էլ երբեք չնայենք,
Միշտ կհիշեմ` գնալուց առաջ ինձ ես մնացել...
Հետո` այս օրը լիալուսին է,
Հոգուս պես լիքն է երկինքը վերում,
Հիմա որ գնաս` կկիսալուսնեմ,
Լիալուսին է, ինձ մոտ ես մնում..

Պատահական համընկնումներ

-Ցուրտ է,-ասացի:

Չպատասխանեցիր, ձևացրիր, թե չես լսում:
-Մրսում եմ,-ավելի բարձր ասացի` ձևացնելով, թե առաջին անգամ եմ ասում:
-Ի՞նչ: 
Հասկացա` մտքերիդ մեջ էիր:
-Ոչինչ,-նեղացա,-մրսում եմ: Երևի տուն գնամ:
-Ինչու:
-Բարի գիշեր:
-Մի գնա: Մնա: 
-Բայց չես խոսում ու ոչ էլ լսում ես` ես ինչ եմ խոսում: Մնամ` որ ինչ:
-Մնա, որ լռենք: Մենակ լռել չեմ ուզում: Հասկանում ես: Մենակ լռում են թափառաշրջիկները: Մենակ լռում են լքվածները: Իսկ ես ոչ թափառաշրջիկ եմ,ոչ էլ լքված: 
-Ի՞նչ ես
-Սիրահարված: Լռիր: Սիրում եմ լռությանդ ձայնը: Լռիր, լսում ես մեղեդին?
Ես այնքան ռոմանտիկ չէի, որ ինչ-որ մեղեդի լսեի, ստել էլ չէի ուզում: Խաբելով ասած բարի խոսքն ում է պետք: Գիտեի էլ, որ կհասկանաս, եթե խաբեմ: Ախր ինձ մինչև ուղն ու ծուծս գիտեիր:
-Չեմ լսում: Ինչ մեղեդի, ցնդում ե՞ս:
-Այդպես էլ գիտեի, ապրես, որ չստեցիր: Քայլենք:
Չսպասեցիր էլ` տեսնես` համաձայն եմ, թե` ոչ: Քայլերդ առաջ գցեցիր: Մի կերպ ուշքի եկա, հասա քեզ ու բռնեցի ձեռքդ:
-Ապրես, որ եկար: 
-Ու՞ր ենք գնում 
-Չգիտեմ: Քայլենք:
Այդպես լռեցինք, լռեցինք այնպես, կարծես թեմաներ չկային խոսելու: Հարցեր չկային տալու: Խոսքեր չկային ասելու: Բայց հոգումս այնպիսի քաոս էր, որ կխոսեի, կասեի, կփիլիսոփայեի: Գիտեի` որ չէիր սիրում: Ու ինչքան էլ խոսեի, ասեի ու փիլիսոփայեի, դու ավելի ճիշտն էիր ասելու, ավելի հակիրճ ու տեղին էիր խոսելու: 
-Հասանք,-ասացի:
-Իսկ մենք ուր էինք գնում:
-Մեր սիրած տեղն ենք եկել: Միթե այստեղ չէինք գալիս: 
-Մենք ոչ մի տեղ էլ չէինք գնում: Ոտքերս այստեղ եկան: Քո ոտքերն էլ հետևեցին նրանց: Ապրես, որ եկար:
-Ինչու՞ ես անընդհատ ասում` ապրես: 
-Որ ապրես: Որ լինես: Որ հետս գաս: Որ հետս լռես: Ու երևի մի օր էլ հետս կլսես այն մեղեդին:
-Երևի կլսեմ, ես ուզում եմ լսել: Կոկորդս խեղդում է, խոսիր մի քիչ:
-Բառերը չեն խեղդում: Գլուխդ ուսիս դիր, որ չտեսնեմ արցունքներդ: 
Դու մարդ կոչվելու իրավունք չունեիր, դու սովորական չէիր...
Ես լաց եղա, դու լռեցիր: Անսիրտ էիր, քարսիրտ: Հետո էլ ասում էիր` սիրահարված: Կոկորդս էլ չէր խեղդում, բայց խոսել ուզում էի: 
-Ինչու՞ չես խոսում: Չունենք թեմաներ: Չկան հարցեր, որ ուզում ես ինձ տալ: Անիի ընկերը իրենց հանդիպումներին կիթառով է գնում, միասին երգում են... 
Հասկացա` պետք չէր ասել: Թեմա էի փնտրում, որ ասեի ու մոռացնեի նախորդ ասածս:
-Հիշում ես մեր առաջին հանդիպումը: 
-Դա մեր առաջին հանդիպումը չէր: Դա քո առաջին հանդիպումն էր ինձ հետ:
-Ինչպես?
Չպատասխանեցիր: Հասկացա` վիրավորել եմ քեզ: Էլի մտքերով էիր: 
...

Քեզ մինչև վերջ չընկալեցի ու չհասկացա: Քեզ չճանաչեցի, բայց սիրում էի: 
Ու գիտես ինչ եղավ...Դու մեր հաջորդ հանդիպմանը կիթառով եկար... Ես լավ էի հիշում, որ դու կիթառ չունեիր...

Ավտոբուսում

Պատուհանի գոլորշուն ժպիտ էր նկարում: Իմ նայելու ու արտահայտիչ ժպտալու ընթացքում ժպիտը դարձավ ուրախ մարդուկ: Նկատեց ժպիտս, ու ես շրջվեցի: Ամբողջ ճանապարհին չհամարձակվեցի այդ կողմը նայել: Բայց զգում էր ինձ ուղղված անընդհատ հայացքները: Տխուր իջավ: Ինձ ուրախացրեց ու ինքը տխուր իջավ: Իջավ ու նայեց իմ ապակուն: Ես ապակու գոլորշուն ժպիտ նկարեցի:

6.7.16

Նյութականանաս

Ու ես վախենում եմ, որ դու կնյութականանաս: Քեզ գտել եմ օդից, օդով ու օդի մեջ՝ աներևույթ, անէ: Ու ես սարսափում եմ հենց միայն այն մտքից, որ կդառնաս սեղան, գրատախտակ կամ... հաշվիչ մեքենա: Ու քեզ կներկեն, կմաքրեն, կկախեն կամ կփակեն դարակում: Փոշու հատիկներ կնստեն վրադ: Քամին կգա քեզ տանելու, բայց դու շատ ծանր կլինես, ու քամին կտխրի: Միայն վրայիդ փոշու հատիկները կքշի: 
Հիմա ես հպարտ եմ, որ դու ես իմ իմը: Քեզ տեսնող չկա: Քեզ դիպչող չկա: Քեզ ոչ ներկում են, ոչ դարակում փակում, ոչ էլ քայլում են վրայովդ: Դու գաղտնի գոյություն ես, դու անսկիզբ ես, դու ծննդավայր ու ազգանուն չունես:Դու ոչինչ չունես, միայն ունես ինձ, իսկ ես ունեմ քեզ: Դու անկառավարելի խենթ ես, դու ոչ ծավալ ունես, ոչ քաշ, ոչ էլ ծննդյան թիվ: Դու կապույտ ես՝ բաց, թույլ, սպիտակին հասնող կապույտ: Ու ես վախենում եմ, որ քեզ կներկեն մի օր, կդառնաս շագանակագույն սեղան: Չնյութականանաս: Թող երազեմ գոնե մի անգամ հպումդ զգալ: Թող քեզ գրկելու մասին լեգենդներ հորինեմ: Բայց դու չնյութականանաս: Մնա առեղծված, մնա անգո, մնա իմը: 

Մի քանի վայրկյան

Աթոռը ճոճվում էր, ու ես նախանձում էի, որովհետև ինքն անելու բան չուներ: Իրա միակ գործը ճոճվելն էր ու ինքը պատասխանատու անում էր իր գործը: Ես պարապ էի: Պատուհանը բաց էր: Քամին ուզած ժամանակ մտնում էր սենյակ, նստում աթոռին, ուզած ժամանակ լավ հենվում, ճռճռացնում ճոճվող աթոռը, վարագույրը հրելով դուրս էր գալիս, քաշում-տանում վարագույրը, էլի ներս բերում: Ես պարապ էի: Կատուն մի անկյունում կուչ էր եկել ու էնքան տխուր էր ինձ նայում: Ես պարապ էի ու դա ազդում էր նյարդերիս: Ընդհանրապես նյարդերս վաղուց ամեն ինչից խանգարվում էին: Ու քամին, որ ուզած ժամանակ գալիս նստում էր ճոճվող աթոռին, ազդում էր նյարդերիս: Ես փակեցի պատուհանը: Քամին եկավ, խփեց պատուհանին ու նեղացած գնաց: Իմ նյարդերի պատճառով պատուհանի ապակին ծեծվեց, քամին նեղացավ, վարագույրը մնաց պարապ:
Նկարը թեք էր կախված: Երևի քամին էր թեքվել: Ընդհանրապես նկարը ազդում էր նյարդերիս: Ազատ սլացող ձիեր էին՝ ոչ կարմիր, ոչ շագանակագույն, մի քանի շատ բարձր ծառեր հեռվում: Ձիերի գույ
նը ազդում էր վրաս: Ուղղեցի նկարը: Բայց ձիերի գույնը չփոխվեց: Ձիերի գույնը ինձ դուր չէր գալիս: Երկու ձեռքերովս ամուր բռնեցի նկարը, դանդաղ բարձրացրի վերև ու նկարը արդեն պատին չէր կախված: Սեղանի սփռոցը թեք էր: Վրան էլ սուրճի հետքեր ու ծխախոտի մոխիր կար: Նկարը դնելու տեղ չկար: Ամբողջ ուժով հարվածեցի գետնին: Ապակին կոտրվեց ու նկարը մի կողմ թռավ: Սուրճի հետքով ու ծխախոտի մոխիրով սփռոցը քաշեցի ողջ թափովս: Տատիկիս ժամանակների ծաղկամանը չդիմացավ սփռոցի երերումներին: Մի կողմի վրա ընկավ ու մի հազար կտոր եղավ: Սեղանը հին էր ու փայտը չէր փայլում: 
Սեղանը ինձ դուր չէր գալիս: Ոտքս հենեցի սեղանին ու «գրո՜ղը տանի», այնպես շպրտեցի հեռու, որ ոտքերը առանձնացան: Աղմուկը դադարեց: Դանդաղ քայլերով մոտենում էի ոչ կարմիր ոչ շագանակագույն ձիերի նկարին: Հատակը ճռռում էր ոտքերիս տակ: Ձիերի գույնը դուրս չէր գալիս: Կռացա, վերցրի նկարը ու նետեցի ակվարիումի մեջ: Ակվարիումը դատարկ էր: Այդ դատարկությունը ազդում էր վրաս: Վերցրի ակվարիումը, բացեցի այն ու տատիկիս ժամանակների գորգը թրջվեց...Դատարկ ապակին ինձ դուր չէր գալիս: Մոտեցա պատուհանին ու բացեցի փեղկերը: Դատարկ ակվարիումը նետեցի դուրս: Քամին ուզում էր ներս գալ, բայց չթողեցի: Աթոռը ճոճվում էր: Աթոռը պարտաճանաչ էր: Հրեցի այն մի անկյուն, նորից բացեցի պատուհանը, բարձրացա պատուհանագոգին, բաց արեցի թևերս ու գրկեցի սենյակ մտնող քամուն: Քամին էլ ինձ գրկեց: Թռա...

Թղթե քաղաքը

Ու փլվումա քաղաքը, փլվումա, որովհետև թղթից էր, ու անընդհատ անձրևներ են: Մեր սիրած անձրևը քաղաքը չի սիրում: Քաղաքը հովա սիրում: Քաղաքը արևա սիրում, բայց ոչ՝ շոգ: Քաղաքը հովա սիրում, ոչ թե՝ ցուրտ: Քաղաքը իմ ու քո նման չի սիրում ցուրտը,  ցրտին չայ խմելը, բաժակը գրկելը, կարդալը կամ իմ ու քո սիրած երգերը լսելը: Քաղաքը ռոմանտիկ չի: Մենք էլ ռոմանտիկ չենք, բայց մենք սիրում ենք երազել: Ու մեր երազանքների աշխարհում հենց էս եղանակնա: Արև չկա. մշուշ ու մառախուղ ենք սիրում, արևը վախեցնումա մեզ:  Մենք փախնում ենք, մենք հելիումից էդ աստղը չենք սիրում: Մերը անձրևնա, թացը, մութը, ցուրտը: Անձրևի երգերին խառնված իմ ու քո սիրած երգերը: Ու հիմա վերջապես մեր սիրած եղանակնա: Անընդհատ անձրևներ են: Քաղաքը չի սիրում: Քաղաքը փլվումա: Քաղաքը թղթից էր:

5.7.16

Չուզենալու կարողանալը

.........այսօր ինձ բռնացրի առանց պատճառի ժպտալիս: Քրքրեցի մտքերս, որ գոնե մի պատճառ գտնեմ, որ հիմար լինելս բացառեմ, բայց (դժբախտաբար) չգտա: Ուրեմն ցնդում եմ: Առանց պատճառի ոչինչ չի լինում: Ամեն «ինչու»  իր «որովհետև»-ն ունի: Ուրեմն պետք է պատճառ գտնեմ, քանի որ չեմ ուզում հիմարի տպավորություն թողնել ինքս ինձ մոտ
Հիմա արդարացումներ եմ փնտրում ու ինքս ինձ հույս տալիս, թե ամեն ինչ դեռ կորած չէ, դեռ կարող եմ մի պատճառ գտնել այդ լայն ու լիաթոք ժպիտիս համար, որ ոչ միայն շրթունքներիս ու դեմքիս վրա էր արտահայտված, այլև աչքերումս: Չէ, սա արդեն չեղավ: Մի քանի անգամ ինքս ինձ հարցրի.
-Ուրախ ե՞ս
Առանց ամաչելու պատասխանում է` այո: Ասում եմ.
-Պատճառ կա՞
Սա էլ թե` թող մտածեմ: Մի րոպե, երկուս... Պատճառ չի գտնում ու շարունակում է անամոթաբար ժպտալ:
Հավաքիր քեզ, խայտառակ ե՞ս անում: Փակիր բերանդ, հազար ու մի խնդիրներ կան, հիմա ինչ` տեսնեն ժպտում ես, թողնեն, գնա՞ն: Բայց ինչ օգուտ... Ինքն էլի իր ուրախ դեմքով առաջ է գնում
-Հետ արի, կանգնիր այստեղ, նայիր աչքերիս ու ասա` ինչու ես ժպտում
Մի պահ լրջացավ (Փա~ռք Աստծո), նայեց ինձ` ուղիղ աչքերիս մեջ ու ասաց բարձր ձայնով (Իբր` որ մտածեր, չէի հասկանալու):
-Հա, ուրախ եմ, շատ ուրախ եմ, ավելին` երջանիկ եմ: Ոնց երջանիկ չլինես, որ ամեն առավոտ աչքերդ բացում ու լույսն ես տեսնում: Սուրճի բարձրացող գոլորշու միջով նայում ես քնաթաթախ արևին, ու մի կում սուրճով ջերմացնում ես քեզ էլ, արևին էլ: Մտնում ես երթուղային ու տեսնում վարորդի ուրախ դեմքը՝ ուղևորները շատ են, ու թքա՜ծ, թե հարմար չէ մի ոտքի վրա առաջին ժամի դասը կրկնելով հասնել Երիտասարդական: Ամեն առավոտ տեսնում ես էն նույն պարոնին, որ սիրում է շատ ակնհայտ ծամոն ծամել ու ամեն առավոտ մի  նոր «Orbit»-ի տուփ է բացում, սիրով զիջում է տեղը կանանց ու սիրով էլ զրույցի բռնվում հետները:  Հիմա հասկացա՞ր,  Ինչ է` դու ուրախ չե՞ս:
-Հըմ, ես էլ եմ ուրախ: Ինձ էլ ժպտալ սովորեցրու

Չեկավ, որ չգնամ



Ամաչկոտ էր...Կարմրում էր մեկ-մեկ, մերթընդմերթ էլ աչքերն էր խոնարհում...այնքան, որ ոտքի տակն էլ չէր երևում: Երևի համոզված էր, որ ես կզգուշացնեմ, երբ ոտքի առաջ քար կամ փոս լինի: Մեկ-մեկ էլ երկինք էր նայում: Չէէէ...գոռոզ չէր, բնավ, հպարտ էլ չէր...էդ աստղերն էին նրան գերում, լուսնի ցոլքն էր ձգում նրա հայացքը վերև, հեռուները, ու ես զգում էի, թե ինչպես էր նրա աչքերում այրվում լուսնին ու աստղերին հասնելու տենչը: Մա իմ աչքերին չնայեց երբեք: Վախենում էր գերեի, թե գերվեի, չհասկացա երբեք, բայց կարոտ մնացի, որ մի ակնթարթ նայեր ուղիղ աչքերիս մեջ ու լռեր:


Երբեք չէր լռում, խոսում էր ամեն ինչից, ամենքից, գիտեր ամեն ինչ, բայց հարցեր էր տալիս ամեն ինչի մասին, հաճախ էլ հարցնում էր. "շատ եմ խոսում?" ...երբեք դրական պատասխան չէր ստանում նրա այդ հարցը, ու դա նրանից չէ, որ կեղծավոր էի կամ չէի ցանկանում նեղացնել: Ես սիրում էի նրա ձայնը, նա կամ շատ արագ էր քայլում, կամ այնքան դանդաղ, որ մտածում էի, թե աշխարհը գնում է, իսկ մենք մնում ենք. երանի հենց այդպես էլ լիներ: Նա արագ քայլում էր, երբ նեղացած էր: Չէ..երբեք, երբեք նրան չեմ նեղացրել ու չեմ ասել վատ խոսքեր Նա նեղանում էր, երբ ասում էի, որ սիրում եմ նրան, այնքան պարզ ու հասարակ էր հագնվում, որ հաճախ էի ուզում տարիքի մասին հարցնել: Նա ամենևին էլ քսան տարեկան չէր: Նա հինգ տարեկան էլ չէր: չուներ տարիք. խոսքն ու միտքը շատ մեծի էին, արարքներով նա մանչուկ էր փոքրիկ: Իսկ ծիծաղը՝ մի կարկաչուն ծիծաղ, որ զրնգում էր, որ զրնգուն էր:


Դե նա հիմա չկա: Ես նրան վերջին անգամ տեսա փակ աչքերով: Նա այդպես էլ չնայեց աչքերիս մեջ. երևի վախեցավ, որ կգերվեմ:

Սև սառած սուրճի համը

   Հանգերը մոռացած տողը շարունակելը սովորություն եմ դարձրել, չափերին ու ձևերին էլ չեմ տրվում, կաղապարներն անցնելու, մոռանալու ու արհամարհելու ժամանակն է: Ու երբ կաղապարներին չես տրվում, անհնար է մի քանի վանկանոց քառակուսիների մեջ ներսինդ արտահայտել, արտահանել մտածածդ:
   Այդպես էլ քո կաղապարներն ինձ ձանձրացրին, այդպես էլ քեզնից հոգնեցի: Թողնել նամակդ անպատասխան... Էդ ինձ անհնար էր թվում: Էդ ոնց որ...թողնեմ սուրճը սառի: Սուրճս՝ չէ, բայց զգացածս սառեց, մտածածս ու տածածս սառեցին:
   Սուրճը՝ չէ, բայց ես սառեցի:
  Քո սառած աշխարհի քամիներն էին, որ ցուրտ բերեցին: Քո չզգացած զգացմունքներն էին, որ դատարկեցին ներսս: Իսկ ներսս այնքան լիքն էր, որ հիմա էլ տեղ չկա քայլելու, ուր մնաց՝ մնամ: Գնում եմ, նամակդ էլ անպատասխան եմ թողնում: Չեմ պատասխանում, որովհետև սուրճս սառում է: Գնում եմ սուրճ խմելու:  

շատ երևանյան

հէյ լավ կքնես, քանի որ երկար օրա լինելու.... այո, երկար, խառը, իրադարձաշատ ու անհոսանք կենտրոնի օր էր։ ու ուսանողական տարինրից մնացած սովորո...