15.10.16

Աշնանը։ Պատուհանից։

#SyuneciBlog
Աշնան վերջին հովերն են։ Հետո ցրտերն են գալու։ Հետո վախենալու ենք ավտոբուսի պատուհանը բացել ու ականջակալի երգերի նոտաներին համապատասխան պատկերներ որոնել։ Հիմա հովերն են։ Հիմա հնարավոր է։ 
Այսօր ճանապարհը ավելի ու ավելի հարազատ է դառնում, երբ հիշում եմ, որ ուր որ է ձյունով է ծածկվելու, ու ավտոբուսը առանց սառույցից վախենալու չի սլանալու, որ ինձ տուն տանի։ Հետո սառույցի ժամանակ ավտովթարներն են շատ լինում, իսկ ես դրանցից սարսափում եմ, ինչպես սարսափում եմ, երբ ծխախոտը առանց հանգցնելու աղբամանի մեջ են գցում։ Կամ գետնին։ Օրեցօր հարազատ դարձող, կանաչ ու դեղին տերևներով ծածկված ճանապարհով ավտոբուսը սլանում է, իսկ ես ականջակալիս նոտաներին համապատասխան պատկերներ եմ փնտրում։ Չկա։ Երգերս քո մասին են, իսկ դու չկաս։ Իսկ եթե կաս էլ, թերթի կրպակ կամ կանգառում սպասող տատիկի ձեռքը բռնած փոքրիկ ես։ Եթե չէ՝ ավտոմասերի խանութ։ Անցանք։ Այդպես էլ իրական պատկերդ չգտա։ 
Կողքիս  մի երիտասարդ կա նստած։ Ձեռքին՝ ծաղկեփունջ։ Իմ չսիրած ծաղիկներով․ ես առհասարակ ծաղկասեր չեմ։ Իսկ երիտասարդը քնած է։ Հնարավոր է՝ երազում արդեն նվիրել է ծաղիկները։ 
Հասնում ենք քեզ, եթե համաձայն ես հագուստի խանութ լինել։ Եթե չէ՝ այդպես էլ չկաս։ Չերևացիր։ Երգը փոխվեց, պատկերը չփոխվեց։ Էլի երգը քո մասին է։ 
Լավ խնամված մի տատիկ բարձրացավ ավտոբուս։ Նրան տեղ զիջեցին։ Օրհնեց։ Օրհնանքը լսեցի, որովհետև երգերս վերջացան, ու հանեցի ականջակալներս։ Մինչև տուն էլի կնայեմ պատուհանից, էլի պատուհանը բաց կթողնեմ։ Աշնան վերջին հովերն են, իսկ ես չեմ ուզում կարոտել հովերը, երբ ցրտերը գան։ Նայում եմ պատուհանից ու էլի պատկերներ եմ փնտրում, որ համապատասխանեն ներսիցս հնչող երգերի նոտաներին։ Էլի քո մասին են։ Էլի չկաս։ Կամ էլ կաս, եթե ուզում ես ինձ համար աշնանային երկինք ու դեռ թույլ երևացող լիալուսին լինել։ 

No comments:

Post a Comment

աշխատաՇՈՒԿԱ

հեյ  մի ամիս ա, ինչ կազմակերպությունը մեծացնելու նպատակով գերմաներենի մասնագետներ ենք  փնտրում ։ ինչպես ցանկացած նորմալ մարդ, առաջին բանը որ...