25.11.16

աշնան վերջին

#SyuneciBlog
-Կներես, ուշացա, քնած էի մնացել:
-Էլի ամբողջ գիշեր կարդացել ես...կամ, սպասիր գուշակեմ, հերոսների հետ մի տեղ գնացել, կռվել, հաղթել, պարտվել, կորցրել, մահացել ու լացել՞:
-Մենակ կարդացել: Ու հետևել եմ հաղթել-պարտվելուն, կորել-մահանալուն:
-Անարցու՞նք:
-Չի ստացվի:
-Էլ բան չեմ ասում, էլ չեմ խոսում, դու գիտես ու քո աչքերը, դու գիտես ու քո արցունքագեղձերը, մի օր կդատարկվեն, մի օր կսպառվեն...
-Է՜, դե... ես չեկա, որ գիշերվա լացած-չլացածս պատմեմ, եկել եմ մենակ մնամ:
-Մենակ ես, ինչքան էլ խոսեմ, ձանձրացնեմ ու ջղայնացնեմ, ձանձրանամ ու ջղայնանամ: Եկել նստել ես ճմրթված քաղաքի ամենաճմրթված նստարանին, ուզում ես՝ քեզ մենակ թողնեմ ու թողնեն: Ի՞նչ պետք է անես մենակ:
-Էդ քաղաքն ու նստարանը չեն ճմրթված, քո հոգինա ճմրթված, իզուր էլ եկա, դու ինձ մենակ խանգարում ես: Իրականում չեմ փախնում, շատ բաներ վանում են ինձ, ու ես մեղավոր չեմ, որ իմ կյանքում ֆիզիկայի էդ օրենքը չի գործում: Թող ես մինուսը լինեմ, բայց պլյուսները չեն ձգում: Էսօր էլ բոլորը պլյուս են, որ կողմ քայլում ես, հեռու ես շպրտվում, ըկնում, ջարդուփշուր լինում, գիտես՝ ամեն անգամ հեշտա մենակով բարձրանալ ու նորից մինուսի փնտրտուքներով պլյուսների մեջ ընկնել, վանել, նորից կրկնել էս ամբողջ վերջին նախադասությունը: Քաղաքը ճմրթված չի, մենք ենք ճմրթվել ու ծուռ ենք նայում շենքերին ու մեկ-մեկ էլ մնացած ծառ ու թփին: Քաղաքը մեղավոր չի, որ դու մենակ ես: Քաղաքը քեզ ամեն ինչ տվելա, նույնիսկ էս նստարանը:
-Գլխարկդ աչքերիդ ընկավ, ուղղի, ցուրտա, սուրճ վերցնե՞ս:
-Վերցնեմ, բայց էլի էստեղ նստենք:

Անցորդները խեթ-խեթ էին նայում այգու նստարանին միայնակ նստածին, որ մի քանի րոպե խոսեց, բարկացավ, ժպտաց, գլխարկն ուղղեց, վեր կացավ ու քայլեց դեպի դիմացի սրճարանը:

լռելու մասին

#SyuneciBlog
Լռելու մասին երգեր կա՞ն:
Լռելու մասին պատմում ե՞ն:
Խոսում են խոսելու մասին:
Երգում են երգելու մասին:
Գոռում են գոռալու մասին:
Մնացած ամեն ինչի մասին լռում են:
Լռում են ներելու մասին:
Լռում են ներվելու մասին:
Կարոտի մասին լռում են:
Լռում են ցավոտի մասին:
Բառերի մասին խոսում ե՞ն:
Թեև խոսում են բառերով...
Եթե խոսում են աչքերով,
Լռում են բառերի մասին:
Եթե խոսում են ձեռքերով,
Բառեր են գծում օդի մեջ:
Բայց չեն լռում,
Լռելու մասին չեն խոսում:
Չեն խոսում լռելու մասին:
Չեն լռում խոսելու մասին:

17.11.16

Մեկ տող

#SyuneciBlog
Ամենաիրականը
       փշաքաղվելն է,
           որովհետև լուռ ենք փշաքաղվում:

13.11.16

Սահակի կատուն

#SyuneciBlog
-Վեր կաց, օրդ սկսելա արդեն, ուշացար...
-Կլինի՞ մի օր ասես՝ քնի, էսօր աշխարհի վերջնա, էլ գործի չես գնալու, ես էլ գլուխս խոթեմ էս փետուրով բարձի մեջ ու էդ աշխարհի վերջն էլ չզգամ, քեզ էլ:
-Էհ, չես ուզում, մի գնա, համ էլ էդքան փիլիսոփայելուդ տեղը հիմա արդեն հագնվել ու եկել էիր կոֆեդ խմելու, սառեց, դարձավ անհամ սևաջուր:
-Այ էդ ուրիշ բան, դե ասա, որ կոֆե ես բերել, գոնե վեր կենալու պատճառ ունենամ: 
-Ախր ոնց եմ ատում էդ եթե չեմ սիրում, ուրեմն ատում եմ  տեսակդ, այ մարդ սովորական օրա, սովորական կոֆե էլի: Խմի, գնա աշխատանքիդ: 
-Ոչ մի օր էլ սովորական չի, ասեմ ավելին՝ ամեն օր նորա ու տարբեր: Ոչինչ որ ամեն օրս սկսումա քո վեր կաց, օրդ սկսելա արդեն, ուշացար-ով, ոչինչ որ ամեն առավոտ դառը կոֆե եմ խմում, ոչինչ, որ հաստատ գիտեմ՝ նույն ձև ես սարքում՝ սկզբից կոֆեն, որ միքիչ վառվի ու հոտը ընկնի տնով մեկ, հետո նոր ջուրը, ամեն օրվա կոֆեդ մի ուրիշ համ ունի, դե հա՝ տարին մի անգամ կարողա կրկնկվի էդ համը. դե դաժե մեր ամեն տարվա ծնունդներն են կրկնվում, կոֆեի համն ինչա, որ նույնը չմնա...
-Սառե՜ց, խմի, հետո քննադատի:
-Հեսա լույսը չբացված կգան էլի: Մեկը՝ հաց, մյուսը՝ սմետան, հազար ասեցի՝ Սահակ սմետան չի, ասա՝ թթվասեր, էն մյուս Սահակը կգա՝ սիգարետ տուր, ես էլ էլի կասեմ՝ սիգարետ չի, ծխախոտ ասա, համ էլ ընդհանրապես մի ասա, էդ ինչա, որ քաշում ես թոքերդ, դրա փոխարեն բեր մի կիլո մանդարին տամ, տար անուշ հոտով կեր: Ու էդ բոլորը կգան, օրվա խնդիրները կպատմեն. Սահակը կսրտնեղի, որ տղան  երեկ էլ չի զանգել: էս արդեն ութ տարիա, էդ ապերախտը մի օր չզանգեց հորը բարի լույս ասի, էն մյուս Սահակը կատվից կպատմի, որ ամեն օր սմետանա պետք է ուտի, Գոհարը փոքրի պարապմունքներից կպատմի, կասի, որ դասատուն երեկ էլա գովել...
-Ախր ինչի ես բոլորի հոգսերն ու պատմությունները քեզանով արել: Պատմում են, լսի, ականջ են ման գալիս, որ կիսվեն, թեթևանան, դու էլ քաշում ես, կլանում, բերում ինձ էլ թաթախում: Լսի, թող խանութիդ դարակներում, արի: 
-Ասում ես...

***
-Նստի ճաշդ լցնեմ, հը՞ն, ո՞նց էր, առևտուր կա՞, հասցնում ե՞նք:
-Մենք հասցնում ենք, կյանքը չի հասցնում: Ճաշ չեմ ուզում: Արի նստի, Սևակը էսօր սմետանա չառավ: Մի հաց առավ ու դուրս եկավ, թթվասերը թողեց սեղանին: Բառ էլ չխոսեց: Կատվին բան եղած չլինի...
-Պահ, դու էլ հո չասեցիր, կատու է էլի, երևի երեկվանից մնացելա, համ էլ հո մենակ քո բուտկան չի: Ճաշ եմ լցնում, քիչ խոսիր: 

***
-Սահակն էսօր չեկավ: Վաղը կգնամ՝ տեսնեմ ինչ է եղել: 
-Կամ դու, կամ Սահակը... 

***
-Խմած ե՞ս, օղու հոտ է գալիս շորերիցդ, ինչու՞ ուշացար:
-Սահակի կատվի օղորմաթասն էինք խմում: 

9.11.16

Բոլորը մեկի պատճառով կամ դեպրեսիան մենակ չի գալիս

#SyuneciBlog
-Ատում եմ բոլորիդ՝
Մութ սենյակի դուռը անձայն փակելուց հետո միայն սա անցավ մտքովս: 
Ատում եմ բոլորիդ՝
Վարորդին 200 դրամանոց մետաղադրամ տալուց ու երկու հատ 50 դրամանոց վերցնելիս միայն սա անցավ մտքովս:
Ատում եմ բոլորիդ՝
Սուպերմարկետի դրամարկղի մոտ հերթում կանգնածներից մեկը հրեց ինձ ու սա անցավ մտքովս:
Ատում եմ բոլորիդ՝
Պետհամարանիշի մեջ նույն թվից մի քանի հատ ունեցող մեքենա քիչ էր մնում ինձ առներ անիվների տակ, թեև թույլատրված տեղով էի անցնում, ու միայն սա անցավ մտքովս:
Ծաղկավաճառը ուզածս ձևով չփաթեթավորեց ծաղիկներս, ու մտքովս անցավ, որ
Ատում եմ բոլորիդ:
Կանգառ գնալիս մեկը սրբապատկեր պարզեց ու խնդրեց գնել, մտածեցի, որ 
Ատում եմ բոլորիդ: 
Ավտոբուսը ուշացավ, ուշացած եկավ ու երբ դռները բացվեցին, հասկացա, որ ոչ ինձ, ոչ էլ ծաղկեփնջիս տեղ չկա, մտածեցի՝
Ատում եմ բոլորիդ: 
Տաքսու մեջ ռաբիս երաժշտություն էր հնչում, վարորդը մի րոպե չլռեց, ամբողջ ճանապարհին մտածում էի՝
Ատում եմ բոլորիդ:
Հասա: Ծաղիկներն ու շոկոլադը հավանեցիր:
Առավոտյան ժպտացի ավտոբուսի վարորդին, սուպերմարկետի հերթում կանգնած ինձ հրողներին, տաքսու վարորդի զրույցները հետաքրքիր էին:

Բայց ռաբիսը էդպես էլ չի լսվի: 

6.11.16

for a new #start

#SyuneciBlog
Hey,
Happy Sunday guys
The morning has just begun with a cup of coffee and music. Yeah, as always. Today's music is a little bit different. The 6th of November started with folkrock, mainly with The Windrose. 
As it turned out, this is the best way to ensure a very good and inspired start for the day. You will find yourslef in celtic woods, wandering and finding new miracles.


So just a piece of advice. Turn on this concert and make the coffee. (black and without sugar)

https://www.youtube.com/watch?v=J_-FwWKK1Hk The windrose live at Calumet (full concert 12.05.16)


1.11.16

Նոյեմբերի առաջին օրվա վերջը

#SyuneciBlog
Հեյ: 
Երեեեխեեե՜ք, ձյունա գալիս, ձեր մոտ էլա՞ գալիս, ձեր բակում էլ կա՞, մեր մոտ ավելի շատ կա:
Ինչքան հիշում եմ՝ ամեն տարի էլ էս վերջին ամիսներին ձյուն եկել է: Ինչքան հիշում եմ՝ առաջին արձագանքները միշտ նույնն են՝ հատկապես սոց. կայքերում՝
-Վաաայ, վերջապես ձյուն եկավ (պատուհանից նկար)
-Ուֆ, էս ձյունն էլ ժամանակ գտավ... (թրջված ու մրսած նկար)
-Ոնց որ՝ չգիտեիք որ ձմեռ պիտի գար (տաք շորերով անկապ նստած նկար)
և այլն...
էլի գտնվեցին մարդիկ, որ քննադատեցին էս ամեն ինչի մասին խոսողներին՝ պարապ, ձանձրալի կամ որ օ՜ ամենավատն է՝ ոչ օրիգինալ որակելով: Չգիտեմ՝ ինչու, բոլորը օրիգինալացավ են կպել էս վերջերս: 
Նախապես կամ ոչ այնքան ասեմ, որ օրը ամենալավերից չէր, տրամադրությունս էլ գերազանց չի, ու դա, բնականաբար, անդրադառնալու է բլոգիս վրա:
Էդպես...ձյունն եկավ, սառեցինք, մրսեցինք, տաք տեղ գտանք, թեյեցինք, աշխատեցինք, ծուլացանք, հիմա ուզում եմ տուն գնալ...
***
Շատ կուզենայի ունենալ էնպիսի բառապաշար, որ կարողանայի նկարագրել էն, ինչ ես զգացել եմ էսօր 24 համարի երթուղային նստելիս: (էն դեղին բոգդան կոչվածները) 
Մի անեկդոտ կար՝ 
-Անձրև է գալիս:
-Դըրսըմը՞ (դրսու՞մ)
Էս պարզ ու ցավոտ ու անընդունելի իրականություն է: Անձրև էր գալիս ավտոբուսում: Ավտոբուսի ՄԵՋ: ՆԵՐՍՈՒՄ: 
***
Երկու տղա վերջում նստած ակտիվ զրուցում էին: Չեմ ասի՝ ինչից: Կասեմ, որ երբ երկու կանայք ներս մտան, էս շատախոսները (ինձանից շատ էին խոսում) վեր կացան՝ 
-Մորքուրներ ջան, եկեք նստեք, բայց նախորոք ասում ենք՝ փչումա:
-Դեհ, փչումա, փչումա, կարևորը նստած կգնանք տղաներ ջան, ապրեք:
Երեք րոպե անց.
-Տղերք ջան, էս ոնցա փչում, լավ էլ տաք տեղ կանգնած եք:

Հիմա մեր հերոսների որակների մասին չեմ ուզում խոսել, չենք շեղվում թեմայից, բայց ախր ինչու՞, ի՞նչն ենք սխալ արել, որտե՞ղ ենք երկար քնել, որտե՞ղ ենք անտարբեր անցել, որտե՞ղ ենք մատների արանքով նայել, որ ավտոբուսի ՄԵՋ անձրև է գալիս, վերջի նստածների վրա էլ ՓՉՈՒՄ է: 

շատ երևանյան

հէյ լավ կքնես, քանի որ երկար օրա լինելու.... այո, երկար, խառը, իրադարձաշատ ու անհոսանք կենտրոնի օր էր։ ու ուսանողական տարինրից մնացած սովորո...