23.12.16

առավոտ

#SyuneciBlog
Արևը խաղում է խակ կանաչ վարագույրիս հետ
Դժվար, բայց բացում եմ կոպերս
Չեմ հասցնում լվացվել
Տալիս են դռան զանգը:
Չէ, չեմ հավատում Եհովային
Գնացեք, մի մտեք հոգուս ներսը
Սուրճը թափվում է սալօջախին,
Չէ, չեմ հավատում Եհովային:
Լվացվում եմ, ու խմում կիսատ սուրճը
Սուրճի հետ երգեր եմ միացնում,
Եթե դաշնամուր նվագող լիներ,
Դեմ չէի լինի, ափսոս չունեմ դաշնամուր
Երգերս հոսում են, բայց ուղեղիս մեջ խոսում է անծանոթուհին
-Դուք հավատում ե՞ք Եհովային:

15.12.16

9:25

#SyuneciBlog
Կիսատությունս այնքան է լիքը,
որ
կլցվի վեցթև փաթիլով.
ջրի չոր կաթիլով.
թելի մի հատելով.
խաղալիք սարքելով
ու
կիսատությունս ամբողջությանը
պահակ կարգելով:
Ջնջելով նշանը արգելող.
լցնելու վայրկյանը հարգելով.
մի կաթիլ ծարավից հարբելով.
ու քայլով՝
գնացող, ետ դարձող մի քայլով:





12.12.16

Գծագրություն

#SyuneciBlog
Բացը բաց մնաց, փակը փակ թողեց
Լացս թաց մնաց
ցողեց...
Գալս գնալ էր, մնալս՝ կարոտ
Կարս չկար էր,
ցողոտ...
Կեսս կիսատ էր, ներսս՝ մթոտ
Սևս սպիտակ էր,
ամպոտ...
Տերս անտեր էր, վերջս՝ սկզբում
Բերս տանել էր,
խզբզում...

8.12.16

Օրվա սցենարից մի էպիզոդ

#SyuneciBlog
Արդեն հինգ րոպե կլինի՝ նստել եմ էկրանի ու ստեղնաշարի դիմաց, որ գրեմ էն մասին, ինչի մասին ուզում եմ, բայց սկիզբ չեմ գտնում: Լինում է չէ՞, որ ուզում եք մի պատմություն պատմել ու սկսում ենք՝ ախր ինչի՞ց սկսեմ...
Ախր ինչի՞ց սկսեմ...երեխու լացից, կռվից, մեր էս չար ու անհանդուրժող տեսակից, թե լռող ու հրճվող տեսակից: 
Եկեք պատմությունը չոր ու հստակ պատմեմ, հետո քննարկենք: Իսկ պատմությունը պատմում եմ, որովհետև չեմ ուզում, որ ամեն ինչի կողքով անտարբեր անցնելը ավանդույթ դառնա: Ուզում եմ սովորենք ամեն ինչի մասին մտածելու, քննարկելու, վերլուծելու արվեստը: Ոզում եմ ամեն ինչին մի նշանակություն տանք, վատը վանենք, բարին կրկնենք: Ուրեմն՝
Լինում է, չի լինում, կամ ժուկով-ժամանակով մի մանուշակագույն ավտոբուս դասից ու գործից հոգնած մարդկանց տանում էր տուն: Ավտոբուսի մեջ մի փոքրիկ կար, մոր գրկում նստած աղեկտուր լաց էր լինում: Անօգնական մայրն ի զորու չէր երեխային լռեցնելու: Բոլոր ուղևորները սևեռվել էին երեխայի կողմը, մի մասը ժպիտով էր նայում, մի մասը կարեկցանքով, մի մասը չէր հասկանում՝ ինչ է կատարվում: Եվ այդ ժամանակ եկավ բարի փերին և ասաց...Դե հա, շատ կուզենայի էս շարունակությունով երեխային մի կախարդական փայտիկ նվիրել, մանավանդ, որ տոներն են մոտենում, տոներն են մոտենում, բայց իրականում այդ պահին մի տիկին շրջվեց երեխայի մոր կողմն ու սկսեց բողոքել, որ չի կտրում երեխայի ձայնը, ախր ինչքան կարելի է տանել: Մայրն էլ հո չէր լռելու, հիշեց տիկնոջ ծնողներին, թե ինչ վատ դաստիարակություն են տվել, պնդեց, որ ինքն իսկապես շատ լավ ծնող է, շատ լավ դաստիարակություն է ապահովում իր երեխայի համար: Իջնելիս էլ էդ կնոջը մաղթեց, որ միքիչ բարիանա: Աստված թող Ձեր խնդիրները լուծի, որ գոնե միքիչ բարիանաք: Այս խոսքին հաջորդեցին հայհոյանքներ, փոխադարձ հայհոյանքներ և ավտոբուսի դռները փակվեցին՝ բաժանելով հակամարտող կողմերին:
Հիմա մտածենք:
Էս պատմության մեջ մեղավորներ գտնելու եթե լինենք, մի քանի ու շատ մեղավորներ կան՝ երեխան, երեխայի մայրը, տիկինը, երկիրը, ցուրտը, ինչու ոչ՝ բնությունը, որ երեխային լացելու ունակություն է տվել:
Ինչով էր մեղավոր երեխան՝ լաց էր լինում:
Ինչով էր մեղավոր մայրը՝ չէր դաստիարակել երեխային այնպես, որ հասարակական տրանսպորտում ճնշի բոլոր զգացումներն ու զգացմունքները, չտրվի սրտի թելադրանքին, դատի սառը ուղեղով ու լաց չլինի:
Ինչով էր մեղավոր տիկինը՝ ներեցեք, բայց տիկինը մեղավոր չէր: Հոգնած էր, հազար ու մի ցավի ու խնդրի տեր, հազիվ իր հանգիստն էր գտել ավտոբուսում, օրվա խնդիրներն էր քննարկում, ու էդ պահին ինչ-որ անարժան ծնողի անարժան զավակ սկսում է լաց լինել: 
Ինչով էր մեղավոր ցուրտը՝ ցուրտը իրականում պատմության հետ էնքանով կապ ունի, ինչքանով ես: Ուղղակի անհնար էր չնշել, որ Երևանում անխիղճ ցուրտ է:
Ինչով էր մեղավոր երկիրը՝ որ երկիր չի:
Մի բան եմ ուզում ասել միայն: Ինչքան էլ ցուրտ լինի, ինչքան էլ ավտոբուսի մեջ տեղ չկա նստելու, ինչքան էլ հազար ու մի ցավի ու խնդրի տեր եք, ինչքան էլ երկրիը երկիր չի, մեղավորներ փնտրել պետք չէ: Եթե միայն այդ կինը այն նույն ժպիտով նայեր էդ լացող փոքրիկին, որ դեռ խոսել չգիտեր, որ մորը պաշտպաներ ու պատասխաներ տիկնոջը, ոչ կռիվ կլիներ, ոչ էլ տոնական տրամադրությունը կվերածվեր գաղջ մթնոլորտի: Այսինքն մեղավորը (դե հայ ենք, մեղավորներ պետք է գտնել անպայման, ու մեղավոր կարող է լինել ամեն ինչ, բացի մեզանից) ժպիտն էր: Էն ժպիտը, որ ուշացավ, չեկավ, չնայեց էդ պստիկին, որ ընդամենը լաց էր լինում: 

7.12.16

First steps in literary translation

#SyuneciBlog
Անկումի երգը
Ալիս Օսվալդ

Թափվող անձրևի պատմությունն է սա,
Որ տերև կդառնա ու նորեն կգա

Ամռան անձրևի պատմությունը թաքուն,
Որ լույսն է գողանում, ծաղկին ընծայում:

Ամեն ծաղիկ էլ ընծայի նշույլ,
Որ հողից ծնվում, հոսում է կանաչ՝
պահին ընդառաջ:

Կաթիլի երազը և հեքիաթը այս,
Գլխիկին թեքված, փոքրիկ է անչափ՝
լոկ մի մազաչափ:

Ուր էր թե ես էլ այնպես անցնեի՝
Ջրի նման ջինջ, ջրի պես վտիտ
փարվեի խոտին:

Գտնելու լույսը հանգած մի կետից՝
Անձրև դարձնելով, կաթիլ դարձնելով
մի սերմնահատիկ:

Հետո ով գիտի՝ միգուցե ես էլ ջրի պես գտնեմ,
Հույսիս նժարը համբերությանս լույսին
հավսարեմ:

Ջուրն այդ անմշակ, ջուրն այդ հողեղեն,
Հոսում է, լցվում, ծորում է ջուրը
դեպի այն գուռը:

Չընդդիմանալով երկրի օրենքին՝ թրջում է լեզուս,
Ու պաղը նրա երգեր է հյուսում՝
շարքերով խոսուն:

Որ պատմությունն է թափվող անձրևի.
Լույսին է ձգվում, լույսին՝ մի կողմից

ու թափվում նորից:

4.12.16

եսիմ որտեղից

#SyuneciBlog
ես կասկածեցի իրականության գույների մգությանը

երբ սառած մատներդ ջերմացրին,
երբ կոշտացած ձեռքերդ շոյեցին,
չցավեցրին
չքերծեցին
երբ փափուկ էին ափերիդ կոշտուկները:
և կոշտ էր միայն իրականությունը,
որին կասկածեցի
որ չհավատացի
ու անցա՝

չթողնելով, որ քեզանից հետո
քամին շոյի չներկված մազերս:

1.12.16

Ուղիղ միացում Ազգային գրադարանից

#SyuneciBlog
  Երբ շուրջ բոլորդ գրքեր ու կարդացողներ են, երբ բոլորի նպատակը մեկն է՝ մի քիչ ավելի սովորել ու միքիչ ավելի շատ գտնել սովորելու, անկախ քեզնից դառնում ես գրքի ու ուսման սիրահար: Չլինես էլ, դառնում ես: Էներգիան, մթնոլորտը, բոլորը ու ամեն ինչ ասում են՝ կարդա, փորփրիր, ուշադիր կարդա, նորից կարդա, հետո գլուխդ բարձրացնում ես, տեսնում, որ դրսում արդեն ցերեկ չի: Էս ամենը իրականություն է Ազգային գրադարանի ընթերցասրահում: Կարծես երկրի ապագայի դարբնոցը լինի: Էստեղ են ձևավորվում ու լցվում այն ուղեղները, որ վաղը պետք է երկրի համար ու հանուն երկրի գործեն: Չեմ ասում՝ որ երկրի, որովհետև ընթերցասերների  մեջ միայն հայեր չեն...
  Էս բարին ու դրականը մի կողմ, մի բան անցավ մտքովս: Էլ ի՞նչ իմաստ կա ընթերցասրահում արգելել հեռախոսով խոսելը, եթե մեկ է՝ բոլորը ականջակալներով են: :D 


Հ.Գ. ես մեղավոր չեմ, մթնոլորտն է ստիպում, որ ոչնչի կողքով հենց այնպես չանցնեմ, ամեն ինչի շուրջ շատ խորը մտածել է պետք: 

շատ երևանյան

հէյ լավ կքնես, քանի որ երկար օրա լինելու.... այո, երկար, խառը, իրադարձաշատ ու անհոսանք կենտրոնի օր էր։ ու ուսանողական տարինրից մնացած սովորո...