8.12.16

Օրվա սցենարից մի էպիզոդ

#SyuneciBlog
Արդեն հինգ րոպե կլինի՝ նստել եմ էկրանի ու ստեղնաշարի դիմաց, որ գրեմ էն մասին, ինչի մասին ուզում եմ, բայց սկիզբ չեմ գտնում: Լինում է չէ՞, որ ուզում եք մի պատմություն պատմել ու սկսում ենք՝ ախր ինչի՞ց սկսեմ...
Ախր ինչի՞ց սկսեմ...երեխու լացից, կռվից, մեր էս չար ու անհանդուրժող տեսակից, թե լռող ու հրճվող տեսակից: 
Եկեք պատմությունը չոր ու հստակ պատմեմ, հետո քննարկենք: Իսկ պատմությունը պատմում եմ, որովհետև չեմ ուզում, որ ամեն ինչի կողքով անտարբեր անցնելը ավանդույթ դառնա: Ուզում եմ սովորենք ամեն ինչի մասին մտածելու, քննարկելու, վերլուծելու արվեստը: Ոզում եմ ամեն ինչին մի նշանակություն տանք, վատը վանենք, բարին կրկնենք: Ուրեմն՝
Լինում է, չի լինում, կամ ժուկով-ժամանակով մի մանուշակագույն ավտոբուս դասից ու գործից հոգնած մարդկանց տանում էր տուն: Ավտոբուսի մեջ մի փոքրիկ կար, մոր գրկում նստած աղեկտուր լաց էր լինում: Անօգնական մայրն ի զորու չէր երեխային լռեցնելու: Բոլոր ուղևորները սևեռվել էին երեխայի կողմը, մի մասը ժպիտով էր նայում, մի մասը կարեկցանքով, մի մասը չէր հասկանում՝ ինչ է կատարվում: Եվ այդ ժամանակ եկավ բարի փերին և ասաց...Դե հա, շատ կուզենայի էս շարունակությունով երեխային մի կախարդական փայտիկ նվիրել, մանավանդ, որ տոներն են մոտենում, տոներն են մոտենում, բայց իրականում այդ պահին մի տիկին շրջվեց երեխայի մոր կողմն ու սկսեց բողոքել, որ չի կտրում երեխայի ձայնը, ախր ինչքան կարելի է տանել: Մայրն էլ հո չէր լռելու, հիշեց տիկնոջ ծնողներին, թե ինչ վատ դաստիարակություն են տվել, պնդեց, որ ինքն իսկապես շատ լավ ծնող է, շատ լավ դաստիարակություն է ապահովում իր երեխայի համար: Իջնելիս էլ էդ կնոջը մաղթեց, որ միքիչ բարիանա: Աստված թող Ձեր խնդիրները լուծի, որ գոնե միքիչ բարիանաք: Այս խոսքին հաջորդեցին հայհոյանքներ, փոխադարձ հայհոյանքներ և ավտոբուսի դռները փակվեցին՝ բաժանելով հակամարտող կողմերին:
Հիմա մտածենք:
Էս պատմության մեջ մեղավորներ գտնելու եթե լինենք, մի քանի ու շատ մեղավորներ կան՝ երեխան, երեխայի մայրը, տիկինը, երկիրը, ցուրտը, ինչու ոչ՝ բնությունը, որ երեխային լացելու ունակություն է տվել:
Ինչով էր մեղավոր երեխան՝ լաց էր լինում:
Ինչով էր մեղավոր մայրը՝ չէր դաստիարակել երեխային այնպես, որ հասարակական տրանսպորտում ճնշի բոլոր զգացումներն ու զգացմունքները, չտրվի սրտի թելադրանքին, դատի սառը ուղեղով ու լաց չլինի:
Ինչով էր մեղավոր տիկինը՝ ներեցեք, բայց տիկինը մեղավոր չէր: Հոգնած էր, հազար ու մի ցավի ու խնդրի տեր, հազիվ իր հանգիստն էր գտել ավտոբուսում, օրվա խնդիրներն էր քննարկում, ու էդ պահին ինչ-որ անարժան ծնողի անարժան զավակ սկսում է լաց լինել: 
Ինչով էր մեղավոր ցուրտը՝ ցուրտը իրականում պատմության հետ էնքանով կապ ունի, ինչքանով ես: Ուղղակի անհնար էր չնշել, որ Երևանում անխիղճ ցուրտ է:
Ինչով էր մեղավոր երկիրը՝ որ երկիր չի:
Մի բան եմ ուզում ասել միայն: Ինչքան էլ ցուրտ լինի, ինչքան էլ ավտոբուսի մեջ տեղ չկա նստելու, ինչքան էլ հազար ու մի ցավի ու խնդրի տեր եք, ինչքան էլ երկրիը երկիր չի, մեղավորներ փնտրել պետք չէ: Եթե միայն այդ կինը այն նույն ժպիտով նայեր էդ լացող փոքրիկին, որ դեռ խոսել չգիտեր, որ մորը պաշտպաներ ու պատասխաներ տիկնոջը, ոչ կռիվ կլիներ, ոչ էլ տոնական տրամադրությունը կվերածվեր գաղջ մթնոլորտի: Այսինքն մեղավորը (դե հայ ենք, մեղավորներ պետք է գտնել անպայման, ու մեղավոր կարող է լինել ամեն ինչ, բացի մեզանից) ժպիտն էր: Էն ժպիտը, որ ուշացավ, չեկավ, չնայեց էդ պստիկին, որ ընդամենը լաց էր լինում: 

No comments:

Post a Comment

աշխատաՇՈՒԿԱ

հեյ  մի ամիս ա, ինչ կազմակերպությունը մեծացնելու նպատակով գերմաներենի մասնագետներ ենք  փնտրում ։ ինչպես ցանկացած նորմալ մարդ, առաջին բանը որ...