#SyuneciBlog
-Էս քամին ի՞նչ է ուզում մեզանից, քանի՞ կապով գլխարկս կապեմ, որ մինչև տեղ հասնելս չթռցնի տանի...
-Խոսում ե՞ս, չեմ լսում...քամին...
Տուն հասան: Ցուրտ ձմեռ չէր: Քամոտ ձմեռ էր: Էնքան քամոտ, որ ծուխը ծխնելույզներից չէր հասցնի դուրս գար, ու քամին կգրկեր, կցրեր օդով մեկ՝ կեղտոտելով կամ մաքրելով օդը:
-Էդ օդը կեղտոտելու տեղ չի էլ մնացել: Հերիք է քամու վրա մեր մեղքը բարդենք:
-Այ մարդ, կոշիկներդ հանիր, ոտքերդ կրակի մոտ պահիր, թրջվել ես: Ես ամեն օր նոր գուլպա որտեղից գտնեմ քեզ...
-Նոր գուլպա չեմ էլ ուզում, ռադիոն միացրու տեսնենք էսօր ինչ է խշշում...
-Չգիտե՞ս. կռիվ, երկրաշարժ, գողություն, դավաճանություն, մեկն էլ մի բարի գործ է անում, դե ցույց տալու համար, ծաղկեցնում են, գովաբանում, գլխներին դնում...
-Այ կնիկ, չգիտե՞ս, փշի դաշտում խոտը ծաղիկ է երևում:
-մոլախոտն էլ....
-Գնամ է, գնամ: Ժամանակ չկա: Էս մի քանի օրն է, միքիչ շատ փայտ բերեմ, որ փող լինի, երեխու բարձի տակ դնելու խաղալիք ունենանք:
-Ի՞նչ օգուտ: Էդքան ծախածից ո՞վ է փողը բերել դրել բռիդ մեջ, ասել
գնա երեխուդ բարձի տակի նվեր առ:
-Ունեն ու չեն տալի՞ս: Կտան էլի: Չտան էլ, Աստված իրանց հետ, տեսնում ես՝ ծուխը ոնց է երկինքը պատել: Ես որ փայտը չտանեմ, էդ ծխնելույզներն անտեր կմնան: Էդ երկինքը մենակ կմնա: Օդն էլ կսառի...
-Փիլիսոփայե՜ց...Ծխնելույզները
անտենաների հետ էլ լավ ընկերություն են անում, սպասիր թող գուլպաներդ չորանան: Մի բաժակ թեյ խմիր, նոր գնա: Չհիվանդանաս տարվա բերան...
***
-Կնիկ, սրթսրթում եմ: Տեղերս բաց...
-Չես լսում էլի, չես լսում... փողերդ էլի չտվեցին, էդքան փայտը բերեցիր՝ որ ինչ՞:
-Ինչը...ինչը ինչ: Չես տեսում ոնց են ծխնելույզները ուրախ բլբլում....չես տեսնու՞մ՝ ինչ տաք են տները...ափսոս էն կտրածս ծառի պես ես էլ ընկա: Չդիմացավ էլի: Չդիմացավ: Բեր, բեր մի չայ խմեմ: Սուրենը խոսք է տվել էսօր փողը բերի: Պետք է գնամ երեխու խաղալիքը առնեմ...
***
-Հը՞ն, չտվե՞ց:
-Ի՜նչ էլ երազել ես երազում, այ մարդ:
Չունենք, որ ունենայինք չէինք տա՞... կնիկը աչքերն էնպես ոլորեց, կարծեցի պարտքով եմ փող ուզում, այ մարդ փայտը վերցրել եք, վառել, դե փողը տվեք, մենք էլ մեր գործերն անենք էլի: Իմ երեխեն
ձերինից ինչով է պակաս...
***
-Տես է ինչ ձյուն է գալիս...այ քեզ նոր տարվա գիշեր...էսքան սիրուն մեկ էլ էն տարի էր, որ երեխու բարուրը գրկած տուն մտանք: Կամ էլ սիրտս էնքան լիքն էր, որ ձմեռն էլ էր սիրուն, ձյունն էլ տաք էր: Էսօր ցուրտ է:
-Մեկ էլ գնամ Սուրենենց...մեկ էլ տեսար եղավ: Կնոջ խոսք ու հայացքին բանի տեղ դնող չկա: Հենց Սուրենից էլ կուզեմ: Դու տեղիցդ մի վեր կաց: Հենց էս օրերին դու պետք է հիվանդանայիր...
***
-Ինչ էլ սիրուն նվեր ես բերել: Ապրի Սուրենը: Ասում էի չէ՝ կտա: Նվե՜ր: Դեղեր էլ ես առե՞լ: Այ էս ուրիշ բան: Բայց էդքանին ո՞նց հերիքեց: Մի-երկու կապ էին վերցրել: Մի խաղալիքի փող: Այ կնի՞կ... լացելս ո՞րն է: Նստիր կողքս: Ձեռքդ տուր...ձեռքդ...մատանիդ ու՞ր է․․․
Ծխնելույզները լիքն էին...ձմեռը տաք էր: Նոր տարվա գիշերում մի փոքրիկ խաղալիքը ձեռքին վազվզում էր տաք վառարանի կողքին:
-Պա՜պ...մա՜մ...ձյունը...