Syuneci's English blog

Syuneci's English blog → Sippin' && 'Hackin'

am-pm

#SyuneciBlog

Սուտա, թե դու ամեն ինչ անելուց առաջ նախ մտածել ես, գցել-բռնել ես, թե դու ամեն ինչ կատարյալ ես անում ու արել… Հազար ու մի սխալ եմ գտնում, չորս տարեկան երեխան էլ սխալներ կգտնի արածներիդ ու ստեղծածներիդ մեջ, սուտա թե դու միշտ ճիշտ ես:

Օրինակ՝ ինչի մենք չենք կարողանում փոխել մեր ագրեգատային վիճակները, ինչի՞ չենք ուզած պահին հեղուկանում ու հոսում, կամ ցնդում-գոլորշանում: Ինչի՞ ենք էդ ամեն ինչը մենակ հոգով ու հոգուց անում, ինչի՞ ենք երազում կանգնած տեղում ուղղակի ցնդել ու չլսել ափսոսանքի վերջին բառերը, ինչի՞ չենք կարողանում ջուր դառնալ, հոսել-հեռանալ, կամ էլ ողողել ու մեր մեջ խեղդել մեզնից հեռացողին:

Ինչի՞ չենք կարողանում ուզած պահին օդ դառնալ ու լցվել թոքերի մեջ՝ ծխի փոխարեն, որ որոշի էլ չծխել, որովհետև թոքերը լիքն են մեզնով, որովհետև էլ նիկոտին պետք չի, որովհետև մեզ ունեն:

Ինչի՞ ոչ մի կերպ, ոչ մի ձև չի ստացվում ծարավ հագեցնել...ինչի՞ չենք կարող լցվել բաժակի մեջ ու նստել մահճակալի կողքին դրված պահարանին, ամբողջ գիշեր ապշահար ու երազկոտ նայել՝ ոնցա քնած ու մեկ էլ վեր թռնել, երբ կարթնանա, հոսել կոկորդով մեկ, հագեցնել ծարավն ու միասին երազ տեսնել:

Ինչի՞ չենք կարող ալիք դառնալ, խաղալ ավազների հետ, փոթորկվել, հասնել ափին ու խուտուտ տալ ծովափին տխուր քայլողի  ոտքերի տակից, հիշեցնել, որ մենակ չի, որ ալիքներն իր հետ են:

Ինչի՞ ենք պաղ ու պինդ էակներ, ինչի՞ ջրի պես պարզ ու ինքնամաքրվող չենք, ախր ինչ վատ կլիներ, որ օդի պես ամենուր ու ամեն ժամ լինեինք, որ հարկավոր լինեինք, որ անհրաժեշտ ու կարոտվող լինեինք…


Ինչի՞ չես անելուց առաջ մտածել: Դու կատարյալ չես, դու խաբել ես մեզ:

Ուշոտ

#SyuneciBlog


Բռնակներից կախված ձեռքեր ու ոչինչ։ Չէ, կներեք, մոռացա` ուսեր` հրող, արհամարհող, նեղացնող, աջ ու ձախ իրար խփող ուսեր։ Ուսերի վրայից էլ (դե էդքան ասացի, սա էլ ասեմ) իրար թարս֊թարս նայող, կծող, ատող աչքեր։ Ծանո՞թ է։ Դե իհարկե. ո՞ր մեկս երեկոյան պահածոյի նման ճզմված ու քիփ֊քիփ լցված ավտոբուսով տուն չենք գնացել։ 

Մեկը կա` ոտքի վրա քնել է արդեն, մեկն էլ` ամեն մտնողին տեղ զիջեց։ Հենց նստում էր, մի պոտենցիալ հարգվող մարդ էր բարձրանում ավտոբուս ու էն հայտնի կատվի նման աչքերով էնպես նայում էս քաղաքավարի անձին, որ վերջինս իրեն էնքան մեղավոր էր զգում, որ աշխարհը գնում է, ինքը նստած է հետևում, էս կատուն՝ կանգնած։ 

Մեկը կա` ինչքան հարց ու խնդիր, ինչքան բանակցություն ու կռիվ ուներ, էդ քառասուն րոպեի ընթացքում հասցրեց։ 

Կախիչներից բռնված ձեռքերից մեկը ուսերի միջից գոռում է` 
 Մորքուր ջան ստանում եմ, չստանաս: Քուր ջան մի րոպե անցնեմ.... Հոպար ջան, ստե մի տե պաի իջնենք։ Մտքովդ անցնում է՝ այ տղա, էս ավտոբուսի մեջ բոլորը քո բարեկամներն ե՞ն...բայց լռում ես. դե ի՞նչ կա խալխի տղայի ասածներին մեկնաբանություններ ես անում: 


Տխրեցինք. հոպարը տրամադրություն չուներ ու մի տեսակ մերժեց եղբորորդուն. 


Հոպարը թե` կանգառում կկանգնեմ կիջնեք, ստե կանգառ չկա։ 

Կախիչից բռնված ձեռքը նեղացավ։ Կանգառ հասանք թե չէ, էդ կոպեկը շպրտեց վարորդի ձեռքի մեջ, որ քենն ու վրեժը հետը գերեզման չտաներ ու քթի տակ մրթմրթալով (ջահել էր է` դե վարորդի համար ախպոր տղա էլի) իջավ։


Փսփսոցներ ու շշուկներ սկսեցին տարածվել նստարանների արանքում, բռնակների միջով, ուսերից բարձր, որ եթե էդ նույն տեղից ինչ-որ մեկը կանգնեցներ, որ  նստեր ավտոբուս, վարորդը հաստատ կկանգներ: Դե հա՝ պոտենցիալ հարյուր դրամը ինչու պետք է անտեսեր ու գնար: Բայց քանի դեռ նման դեպք չի պատահել, անհիմն մեղադրանքները եկեք թողնենք նստարանների մեջտեղում ու բռնակների մեջ:


Անցանք ու տեղ հասանք: Վարորդին պարզեցիր գումարը ու չկարողացար ուղղակի անտեսել մրոտ ու սև ձեռքերը:

<<Է՜ հոպար, ձեռքերդ ջրի տակ պահելու ժամանակ չունես, էդ սևերը մաքրելու ժամանակ չես գտնում, ով-ոնց ուզում՝ դիմում է, ով-ինչ բարեկամ ունի՝ նրան է նմանեցնում, ով կարողանում է՝ հետևի դռնից թռնում է առանց էդ հարյուր դրամանոցը մրոտ ու սև ձեռքիդ մեջ թողնելու: Ամենքը մի ձև ունի ավտոբուս նստելու, իջնելու, ավտբուսը կանգնեցնելու, կամ խնդրելու, որ սպասես միքիչ...Կյանքի պես էլի, հոպար, ապրելու նման>>: 


Շաբաթ օրը` 8ին

#SyuneciBlog


Ես արթնացել եմ։ Քաղաքը դեռ քնած է։ Քաղաքը դեռ կարթնանա միքիչ ուշ։ Հիմա, եթե համաձայն ես, արի մեզ մի քիչ հանգիստ ու խաղաղ պահենք, որ չարթնացնենք քաղաքին։ Էսօր շաբաթա։ Քաղաքը էսօր կարող է իրեն երկար ու անհոգ քուն թույլ տալ։ Կարող է ռեժիմից սովորած` կիսաբաց անել աջ աչքը, հիշել, որ էսօր շաբաթա, դեմքը խոթել վերմակի տակ ու նոր երազների հույսով նորից քուն մտնել։ Դե մենք էլ, որ քաղաքի պես չենք հանգստանում, էն էլ շաբաթ օրերին, պետք է միքիչ խիղճ ունենանք, լուռ մնանք ու միայն կողքից` սիրահարի նման հետևենք մեր քնած քաղաքին։ 

Ականջներումդ Կատուների օրորն է։ Իսկական օրոր, երկրորդ ամենալավ օրորը, որ լսել ենք` մեր մամաների օրորից հետո։ Էդ լսում ես, որ քաղաքի տրամադրության մեջ լինես, որ չձանձրանաս` մինչև քաղաքն արթնանա, մի բաժակ սև ու դառը սուրճ խմեք ու սկսեք օրը։ 

Պատուհանը բացվեց։ Խառնիխուռն մազերով մի կին կախվեց պատուհանից։ Քեզնից էլ, քաղաքից էլ շուտ արթնացել ու լվացք է անում, որ քաղաքը արթնանա ու մաքուր լվացված շորեր ունենա։ 

Մինչև երթուղային նստելդ հիշում ե՞ս հացի հոտը, որ տարածվել էր կանգառի մոտի փռից։ Քաղաքը կարթնանա ու հենց նոր թխած հաց կունենա ուտելու։ 

Ծաղկավաճառ կինը դույլերով ջուր էր տանում, որ քաղաքի տղան ու աղջիկը էսօր թարմ ու անուշ յասամաններ ունենան։ Հեսա միքիչ հետո քաղաքի սենյակը յասամանի հոտով կլցվի։ 

Անցումի մոտ բանջարեղեն ծախող պապիկը ավելով, հետո էլ ջրի շիթով մաքրում է տարածքը, մի կերպ թռար, որ քեզ էլ չթրջի։



-Ստե մի տե պահի, հոպար ջան...

《Թու~...այ տղա, չասացի՞` միքիչ կամաց. քաղաքը դեռ քնած ա》։

Հասանք տեղ։ Իջա, տեսնեմ` քաղաքն արթնացել է արդեն։ Դե ով է կարողանում ազատ օրերին քնել... 

Բարի Լույս, Երևան, Լիլիթը լսում է...

Երթուղի

#SyuneciBlog


-Եկեք, եկեք նստեք։
-Չէ, չէ։ Վայ, ամոթա։ Նստեք։ Ինձ հարմար է էսպես։
Ամենօրյա խոսակցություն, որ հարյուր հազար անգամ լսել ու լսում ենք, քանի դեռ Հայաստանում ենք։ Լսում ենք, քանի որ հայ ենք ու ինչքան էլ իրար թարս ենք նայում, ինչքան էլ մերն ենք առաջ տանում, արյան էն կաթիլը, որ պատասխանատու է մեծին ու փոքրին, օրիորդին ու պատանուն, կնոջը ու տղամարդուն հարգելու համար միշտ ակտիվ շրջապտույտի մեջ է ու արթուն է պահում մեր բոլոր բջիջները։
Էս անգամը տարբեր էր։ Նստել առաջարկողը մի ծեր մարդ էր, իսկ ոտքի վրա, ծանր պայուսակը ուսին մի աղջնակ էր կանգնած, որ արդեն սովոր ու ճարպիկ երկու նստարաններից բռնեց ու մտքում միայն ափսոսաց, որ էլի չի կարողանալու կարդալ ճանապարհին։
Լռեցին։ Երկուսն էլ գոհ էին խոսակցությունից։
<<Ինչ շնորհքով աղջիկ էր>>։
<<Այ քեզ ջենտլմեն>>։
Աղջկա աչքն ընկավ պապիկի ձեռքերին. յոթգույնանի, կապտած ու դեղնած եղունգներ։ Հիշեց` հաստատ ծանր գործ է արել ու անում, ոնց է ցավացել, ոնց է տարել ցավը։ Ճաքճքած ձեռքեր, սպիների տակ մատները չէին երևում։ <<Հաստատ շատ սիրուն է եղել ջահել ժամանակ>>։
<<Տեր աստված ինչ էլ նման է, այ հիմա եմ նկատում։ Նա էլ էր էսպես ամոթխում, հենց մի բան էիր ասում` լավ կամ վատ, թե չէ երբ եմ վատն ասել, ով էր մեղավոր, որ մինչև վերջ էլ չհասկացավ, որ երկուսս էլ մենակ ենք առանց իրար, երկուսս էլ իրար համար ենք, չհասկացավ, լռեց, թողեց-գնաց։ Լռությունը, էդ անտեր լռությունը, մտքի մեջ ասված բառերը, տենց էլ չհասկացավ, որ բառերը բարձր ասելու  համար են, մեջը պահելն օգուտ չի տա...հպարտություն...անիմաստ...>>։
Տվեք Ձեր պայուսակը պահեմ, ծանր կլինի։
Շնորհակալ եմ շատ,-խառնված ու շփոթված ասաց օրիորդն ու  պայուսակը վախով դրեց պապիկի ծնկներին;
-Տնաշեն. Էս ինչ ես տանում էսքան ծանր։
<<Ինչ պետք է տանի...գրքեր են հաստատ>>։
-Գրքերս են։
Պապիկը գլխով արեց ու կնճիռների միջից բազմանշանակ ժպտաց։ Էն որ կնշանակեր` էդպես էլ գիտեի, ուրիշ ինչ պետք է լիներ...
<<Մի օր էլ մենք էսպես կմեծանանք։ Մի օր մենք ենք ծերանալու։ Ինքն էլ հաստատ մի աղջկա կառաջարկի պայուսակը պահել...Սկսվեց էլի... Չէ, չեմ գրի։ Չեմ էլ զանգի։ Ես հպարտություն ունեմ...>>
-Կանգառում կանգնեք։
Մտքերը կիսատ մնացին։ Տեղ հասավ։ Պապիկի ձեռքից վերցրեց պայուսակը։
-Պապի ջան, ձեր փոխարեն նույնպես վճարեցի։ Կիջնեք։
-Խայտառակա էս աղջիկը։ Ի՞նչ կարիք կար Մանե ջան...

֊Մանե՞։ Ես Լիլիթն եմ...

#էսօր

#SyuneciBlog

մի կողմ դնելով առանց բառերի
ասված խոսքերդ՝
ես շտապում եմ անցյալ՝
բերելու ինչ որ ունեինք
ու ճանապարհին՝ հետ գալու համար,
թողնում եմ կաթ-կաթ արցունքներ,
որ չկորեմ,
որ առանց բառեր ասված խոսքերդ
անցյալից բերեմ:
գնում եմ անցյալ:
անցյալում կայիր,
գնում եմ, որ լինես...

յոգայի միջազգային օրը

հեյ էսօր՝ հունիսի 21-ը, ամառային արևադարձի օրը նաև մեր գալակտիկայում գոյություն ունեցող լավագույն երևույթներից մեկի՝ յոգայի միջազգային օրն է...