27.4.17

Երթուղի

#SyuneciBlog


-Եկեք, եկեք նստեք։
-Չէ, չէ։ Վայ, ամոթա։ Նստեք։ Ինձ հարմար է էսպես։
Ամենօրյա խոսակցություն, որ հարյուր հազար անգամ լսել ու լսում ենք, քանի դեռ Հայաստանում ենք։ Լսում ենք, քանի որ հայ ենք ու ինչքան էլ իրար թարս ենք նայում, ինչքան էլ մերն ենք առաջ տանում, արյան էն կաթիլը, որ պատասխանատու է մեծին ու փոքրին, օրիորդին ու պատանուն, կնոջը ու տղամարդուն հարգելու համար միշտ ակտիվ շրջապտույտի մեջ է ու արթուն է պահում մեր բոլոր բջիջները։
Էս անգամը տարբեր էր։ Նստել առաջարկողը մի ծեր մարդ էր, իսկ ոտքի վրա, ծանր պայուսակը ուսին մի աղջնակ էր կանգնած, որ արդեն սովոր ու ճարպիկ երկու նստարաններից բռնեց ու մտքում միայն ափսոսաց, որ էլի չի կարողանալու կարդալ ճանապարհին։
Լռեցին։ Երկուսն էլ գոհ էին խոսակցությունից։
<<Ինչ շնորհքով աղջիկ էր>>։
<<Այ քեզ ջենտլմեն>>։
Աղջկա աչքն ընկավ պապիկի ձեռքերին. յոթգույնանի, կապտած ու դեղնած եղունգներ։ Հիշեց` հաստատ ծանր գործ է արել ու անում, ոնց է ցավացել, ոնց է տարել ցավը։ Ճաքճքած ձեռքեր, սպիների տակ մատները չէին երևում։ <<Հաստատ շատ սիրուն է եղել ջահել ժամանակ>>։
<<Տեր աստված ինչ էլ նման է, այ հիմա եմ նկատում։ Նա էլ էր էսպես ամոթխում, հենց մի բան էիր ասում` լավ կամ վատ, թե չէ երբ եմ վատն ասել, ով էր մեղավոր, որ մինչև վերջ էլ չհասկացավ, որ երկուսս էլ մենակ ենք առանց իրար, երկուսս էլ իրար համար ենք, չհասկացավ, լռեց, թողեց-գնաց։ Լռությունը, էդ անտեր լռությունը, մտքի մեջ ասված բառերը, տենց էլ չհասկացավ, որ բառերը բարձր ասելու  համար են, մեջը պահելն օգուտ չի տա...հպարտություն...անիմաստ...>>։
Տվեք Ձեր պայուսակը պահեմ, ծանր կլինի։
Շնորհակալ եմ շատ,-խառնված ու շփոթված ասաց օրիորդն ու  պայուսակը վախով դրեց պապիկի ծնկներին;
-Տնաշեն. Էս ինչ ես տանում էսքան ծանր։
<<Ինչ պետք է տանի...գրքեր են հաստատ>>։
-Գրքերս են։
Պապիկը գլխով արեց ու կնճիռների միջից բազմանշանակ ժպտաց։ Էն որ կնշանակեր` էդպես էլ գիտեի, ուրիշ ինչ պետք է լիներ...
<<Մի օր էլ մենք էսպես կմեծանանք։ Մի օր մենք ենք ծերանալու։ Ինքն էլ հաստատ մի աղջկա կառաջարկի պայուսակը պահել...Սկսվեց էլի... Չէ, չեմ գրի։ Չեմ էլ զանգի։ Ես հպարտություն ունեմ...>>
-Կանգառում կանգնեք։
Մտքերը կիսատ մնացին։ Տեղ հասավ։ Պապիկի ձեռքից վերցրեց պայուսակը։
-Պապի ջան, ձեր փոխարեն նույնպես վճարեցի։ Կիջնեք։
-Խայտառակա էս աղջիկը։ Ի՞նչ կարիք կար Մանե ջան...

֊Մանե՞։ Ես Լիլիթն եմ...

No comments:

Post a Comment

աշխատաՇՈՒԿԱ

հեյ  մի ամիս ա, ինչ կազմակերպությունը մեծացնելու նպատակով գերմաներենի մասնագետներ ենք  փնտրում ։ ինչպես ցանկացած նորմալ մարդ, առաջին բանը որ...