Syuneci's English blog

Syuneci's English blog → Sippin' && 'Hackin'

***

ու ես թուլացա
(երկար ուժեղ մնացի՝
շաբաթնե՜ր)
ընկա հատակին.
ես լաց էի լինում
նոր տիկնիկ ուզող
երեխայի պես,
նոր կյանք երազող 
մեռնողի նման
լաց էի լինում:
աչքս չորացավ, ու ես վեր կացա,
սողալով, դանդաղ հասա անկողնուս
ու ամբողջ գիշեր մեկ աջ շուռ եկա
ու ամբողջ գիշեր մեկ ձախ շուռ եկա
բայց չքնեցի
ու երբ արթնացա,
մի հարց էր մտքիս՝ 
ինչու՞ թուլացա.
(երկար ուժեղ մնացիր
շաբաթնե՜ր)

մրջյունն ու ես-ը

#SyuneciBlog

առավոտ շուտ արթնացել, նոթը ծնկներիս իմ գործերով եմ, մեկը մրջյուն դարձած բարձրացավ ստեղնաշարիս վրա: չեմ ուզում կյանքը էդքան ոչ ռոմանտիկ ավարտել՝ acer-ի ստեղնաշարի վրա, ու մեկ էլ մեղքս եկավ, ասեցի՝ քշեմ, թող գնա իրա մրջյունային կյանքով ապրի: պարզվեց՝ ինձ շատա սիրում ու ոչ միայն չի ուզում համակարգիչս լքի, այլ նաև ուզումա մոտս մնա: բարձրացավ ձեռքիս ու առանց աջ ու ձախ, կարմիր լույս, անցում նայելու արագ-արագ առաջանումա թևովս մեկ: ստիպված էն մի ձեռքիս եմ օգնության կանչում, եկավ, որ քշի թևիս վրայից, սա էլ ոնց որ հենց դրան սպասեր՝ մեկ ու էս մի թևիս վրայով ճանապարհա հարթում դեպի ուսս: Էսպես փոխելով մի աջ ձեռքս մի ձախ, մի կերպ որոշեցի ուղղակի ջղայնանամ ու գցեմ գետնին: գցեցի ու էլի անցա գործերիս: տենց մի երկու task անելուց հետո նորից N տառի վրա շարժ եմ նկատում: նայեցի՝ տեսնեմ մեր հին ու բարի ընկեր, կորած ու մոլորված մրջյուննա: եկել էր:
վերոնշյալ պարբերությունը մի անգամ էլ կրկնվեց ավելի ձգձված ու համառ, որովհետև ես էլ սկսել էի իրա հետ խաղալ: որ կողմ ուզում էր շարժվեր, փակում էի ելքը, շփոթեցնում, խանգարում, բզբզում: Ու մի բան նկատեցի էս պստիկի մեջ ու զարմացա՝ էդքան մեծ կամք ու էդքան ուժեղ բնավորություն որտե՞ղ էր տեղավորել:
մի գործը լավ չի ստացվում աշխատանքից դուրս գալու մասին ենք մտածում, մեկը նեղացնում է, ատում ենք համայն մարդկությանն ու Նոյին, որ չթողեց վերանանք, մատը փուշ է մտնում, թևը կտրում-գցում ենք: էդ մրջյուն բարեկամը մի վայրկյան էլ չէր մտածում նոր ճանապարհ, նոր ելք ու նոր ուղղություն գտնելու համար: մեկը փակում էի, մյուսին էր դիմում, մեկը կորում էր, մյուսն էր փնտրում: իսկ արագությունը ոչ մի պահ չդանդաղեց: նույն արագությամբ բարձրացավ ուսիս, նույն արագությամբ իջավ ստեղնաշարիս, նույն արագությամբ հենց հիմա սենյակիս հատակով մեկ վազվզումա ու ես համոզված եմ, որ հեսա N տառի վրա էլի շարժ եմ նկատելու: 

ճանապարհից առաջ

#SyuneciBlog
մնացինք հետքերի հույսին:
հիշեցնող հետ տանող երգերի
հետոյում կարդացվող գրքերի
մնացինք հուշերի հույսին:

քայլում ենք ետ-ետ նայելով
ընկնում ենք, քարին ենք մեղադրում
հուշերի դարակները բացել
մտքերն ենք ծալում, տեղադրում:

կարոտին տեսնելիս գրկում ենք.
մոտ ենք արդեն ամիսներ,
անցյալին համբույրով փրկում ենք.
փետրվարը վերջին ամիսն էր:

Տարին էր, թե կյանքը՝ չգիտեմ,
բայց մի օր երկուսն էլ վերջացան:
գրքերի էջերում կգտնեմ
ամենը, ինչ-որ խոստացար:

ստվերներ, արևներ, ծիածան
հոսեցին ձյուներում ու անցան...

Բրյուսովը, ես ու չորս տարին

#SyuneciBlog

Ամեն օր էլ գալիս է: Ամեն ինչ էլ մի օր լինում է: 

Համալսարան ընդունվելուց էդ չորս տարին մեզ համար երկար ժամանակաշրջանա թվում, իսկ ավարտելը՝ հեռու ու անկատար երազանք: Չկա ուսանող, որ մոդուլի նախորդ գիշերը լեկցիաներն ու բառարանները <<կրծելիս>> արած չլինի՝ տո երբ եմ պրծնելու էս ամեն ինչից արտահայտությունը: Իրականում հռետորական հարցա, բայց ունի իր պատասխանը՝ մի օր: Մի օր ամբիոնից կխոսես, կպատմես դիպլոմային գրելուդ ընթացքը, կամ կպատասխանես հանձնաժողովի հարցերին ու քիչ անց քեզ կասեն՝ դու ավարտեցիր: Չեմ խոստանում, որ էդ պահին իսկապես կզգաս, որ ավարտել ես, չեմ խոստանում, որ չես լացի կամ կհուզվես, չեմ խոստանում, որ էն խլվլիկը էդ պահին կսկսի կամ կանջատվի, բայց էդ խոսքերը կլսես: Ես էլ լսեցի: 
Ավատեցինք: Հետո ի՞նչ: Ի՞նչը ավարտեցինք: Ավարտեցի՞նք, թե՞ նոր ենք ընդունվում:

Ուսանողը մասնագիտություն չի, ուսանողը հոգեվիճակա: 
Ուսանողը միշտ ունի սովորելու բան, ուսանողը միշտ չունի ժամանակ, բայց միշտ ամեն ինչ հասցնումա, ուսանողը մի հատ լեկցիա կկարդա ու կասի՝ տոննայով դաս ունեմ, ուսանողը մի հատ լեկցիա կգրի ու կասի՝ թևս պոկվեց գրելուց: (Ես հենց հիմա մեծ հաճույքով լեկցիա կգրեի :D ) Ուսանողի ամենասիրած ձայնը դասամիջոցի զանգնա, իսկ եթե Բրյուսովից ես՝ երաժշտությունը, որ ամեն տոնի հետ կապված պարտադիր փոխվումա, թարմացվումա, ամեն եղանակի մի տեսակա լինում...
Ուսանողի ամենսիրած արտահայտությունը՝ դասախոսը չի եկել, ուսանողի ամենաչսիրած արտահայտությունը՝ դասախոսը եկելա :D 
Մենք սիրում էինք մեր դասախոսներին: Ես էսօր գնալու եմ, որ հանձնեմ սելեկտիվ քարտս ու էսօր պաշտոնապես ու իմ չսիրած թղթաբանություններով դադարելու եմ ուսանող լինելուց, ու ինձ թվումա, որ ես տխուր եմ լինելու: Ես էդ քարտը շատ էի սիրում: Լավ բրելոկ էր: :D 
Մենք սիրում էինք մեր դասախոսներին: Հա, ես գովում եմ Բրյուսովը, որովհետև ես ուրիշ համալսարաններից ընկերներ ու ծանոթներ ունեմ ու որոշ չափով տեղյակ եմ իրենց ուսումնական առօրյայից: Մերն ուրիշ էր: Էն փոքր ժամանակվա նման՝ իմ մեծ ախպերը քո մեծ ախպորից ավելի ուժեղա: Հա, մեր համալսարանը ձեր համալսարանից ավելի ուժեղ էր: Մեր մոտ նոր կադրեր կան, մեր մոտ փոփոխություններ կան, մեր մոտ ուսանողը միշտ առաջնայինա, մեր մոտ ուսանողը միշտ օգուտ ունի, մեր մոտ ամեն ինչ անում են, որ ուսանողը սիրի սովորելը, սովորելով սիրի...
Մենք սիրում էինք մեր դասախոսներին: Հա, մենք ընկերանում էինք մեր դասախոսների հետ ու դրա հետ մեկտեղ մենք հարգում էինք իրար, մենք չէինք վախենում մեր դասախոսներից: 
Հա, ես գովում եմ Բրյուսովը, որովհետև ես Բրյուսովից էի: Հոգով ու սրտով, մտքով ու նվիրումով, ես ամեն օր ու ամեն պահ նշում եմ՝ ես բրյուսովցի եմ: Հետո ինչ, որ դրանով ուրիշները հասկանում են՝ ես մաթեմատիկա չգիտեմ, ես ուշ եմ հասկանում: Ես հո գիտեմ՝ էդ ինչա նշանակում (ես մաթեմատիկան մոռացել եմ, ես չեմ հասկանում :D )
Տենց բաներ...



#SyuneciBlog

Չոր էր ու անապատային: Հոգի էր ու արև: Սեր էր, թե հորինվածք՝ գիտի միայն հորինողը: Ես կողքից նայող էի՝ կարճատես: Ես կողքից ծիծաղող էի՝ լուրջ ու հումորի զգացումից զուրկ: Ես կողքից կարդացող էի՝ անգրագետ: Ես կողքից նվագող էի՝ առանց երաժշտական կրթության: Էնքանով կապ ունեի էդ պատմության հետ, որքան միջնադարը մեր օրերի, որքան էդ պատմությունը՝ իմ: 
Չոր էր ու անջուր: Անձրև էլ չեկավ: Ձմեռ էր ու սառույց: Սառած էր ու ցուրտ: Կարոտ էր, թե եսասիրություն՝ գիտեմ մենակ ես: Ես էլ լռում եմ ու չեմ ասում: Հարցրու: Հարցնում ե՞ս: Չեմ ասելու: 
Չոր էր ու հողոտ: Ճանապարհ էր ու փոշի: Ոչնչի ու կապույտի խառնուրդ: Սպիտակ էր ու անվադողերի հետքեր: Հիասթափություն էր, թե կորուստ, ներքուստ էր, թե ցուցամոլություն՝ գիտի մենակ ցուցամոլը: Ես հեռու էի էդ ճանապարհից էլ, էդ փոշուց էլ, ես անիվների տակ էի, ու լավ էլ ջարդվեցի: Մինչև վերքերը լավանան, անձրև էլ կգա, ճանապարհն էլ կմաքրվի, փոշին կվերանա, ամպերը հետո կցրվեն:
Ամպերի գալուց առաջ չոր էր ու անապատային: Ամպերի գնալուց հետո դարձավ ցեխ ու ավազ: Էս պատմության հետ չսազող իրավիճակ ստեղծվեց, որ պետք էր չորացնել, դարձնել սազական, կամ էլ թողնել ու գնալ: Ես էլ լավ կոշիկներ ունի, որ հենց գնալու համար էին հարմար: Սև էին, արդեն փոշոտված: Սպիտակ անձեռոցիկով, որ մի թեթև թրջել էի, մաքրեցի կոշիկներս, որ հեռանալուս ճամփան չկեղտոտեմ: Հեռացա:
Անիվների հետքերով գնացի հետ: Հեռուն չէի նայում, նայեի էլ, չէի տեսնելու՝ կարճատես եմ: Լուրջ-լուրջ գնում էի՝ հումորի զգացումից զուրկ կենդանի: Երաժշտություն չկար, ես երգեր չեմ սիրում: Ցուցանակներին չնայեցի՝ անգրագետ եմ: Քայլեցի, գնացի, կորա: 


Հիմա, եթե փնտրես, սպիտակ ու թափանցիկ զգեստով հոգի եմ: Թեթև եմ ու անթև: Կարճ եմ ու կիսատ: Սփրթնած ու շփոթված եմ: Աչքերումս դու կաս, որովհետև հեռուն չնայեցի էլ, որովհետև կարճատես եմ, որովհետև գրած տառերը չէի կարդում՝ անգրագետ եմ ու կորած: Ու եթե անունս ես ուզում, ես գրել չեմ կարող, կարող եմ ասել: Անունս նվագել չեմ կարող, միայն կարող եմ ասել: Կարող եմ միայն արտասանել, որ լսես: Եթե մոռացկոտ ես, գրի առ: Եթե հետո ձայնս կարոտելու ես, ձայնագրիր: Եթե փնտրելու ես հետո ինձ, մոռացիր անուս: Ես գնում եմ հետ չգալու համար: Ես գնում եմ, որովհետև էստեղ կոշիկներս կեղտոտվում են, իսկ ես հենց նոր դրանք մաքրել եմ սպիտակ անձեռոցիկով: Անունս գրեցի՞ր, ձայնագրեցի՞ր: Ես գնացի: Կմնաս: 

Քայլերով

#SyuneciBlog





Անձրևը կաթաց ուղիղ ներքևի շուրթիդ: Շոյեց: Հարվածեց: Հույս ունես, որ հարվածելու պատճառ չուներ. ոչ մի վատ բան չես արել: Ուրեմն շոյեց: Ձեռքերդ խանգարում են միշտ: Ավելորդ են, չգիտես՝ որտեղ դնել: Ստիպված խաչում ես իրար, սկսում մատներդ ջարդոտել: Չի կարելի: Փոքր ժամանկվա անընդհատ ասվող խոսքերն ես հիշում՝ չի կարելի, որ մեծանաս, ձեռքրդ կդողան: Ավելի հաճույքով ես սկսում ճտճտացնել մատներդ. չարություն ես անում: ՈՒզում ես հակառակվել, ուզում ես վատ բան անել ու չարաճճի ծիծաղով փախչել: Ուզում ես խուսափել պատժից: Արդեն պատժվել ես՝ չարածիդ համար. ախր անձրևի կաթիլը չէր շոյում, հարվածում էր: 
Մատներդ ճտճտացնում ես, որովհետև առանց դրա էլ դողում են: 
Մեծերը չգիտեն, որ ձեռքերը դողում են ոչ թե ճտճտացնելուց, այլ կորցնելուց։ Ոչ թե ճտճտացնելուց են ձեռքերը դողում, այլ ձեռքերը դողում են վախից, հուզմունքից, անուժ լինելուց, հանձնվելուց դողում են ձեռքերը։ 

Երկինքն էնքան մուգ է, որ մութը պայմանավորվածից շուտ ընկավ։

Ուզում ես էդ ամպերի նման կտրվել երկրից ու փռվել երկնքով մեկ։ Ուզում ես փոքր ժամանակվա պես երկու ձեռքդ հենել աթոռներին ու ոտքերդ կտրել երկրից։ Էդ ժամանակ սավառնում էիր չնայած, որ հինգ սանտիմետր էիր բարձր տախտակներից։ 
Մթության մեջ մատներդ ճտճացնելով առաջ ես գնում ու արդեն քիչ է մնում, հիմա կհասնես: Հասար. պետք է ծալես մատներդ՝ սովորականի պես, որ թակես դուռը:




պատմություն

#SyuneciBlog
Բարի օր։ Ես վերնագիրն եմ։ Դու հիմա կարդում ես միայն վերնագիրը, դու չես նկատել, որ պատմությունը չի սկսվել ու կասկած անգամ չունես, որ միգուցե այդպես էլ չսկսվի ու դու ոչ մի պատմություն էլ չկարդաս, քանի որ ես դեռ վերնագիրն եմ։ Ես միքիչ տարբերվում եմ իմ նմաններից։ Նրանց մեծ մասը միբառանի են, ես արդեն քանի նախադասություն է ձգվում եմ, իսկ վերջս չի էլ երևում։ Տես մեկ ուրիշ նախադասություն սկսվեց, բայց պատմությունը դեռ չկա, դեռ ես եմ` վերնագիրը։ Գրողս ինձ միքիչ չի հարգում, եթե հարգեր, գոնե անունս մեծատառ կգրեր` Վերնագիր, իսկ եթե ինձ մեծ կարևորություն տար, չէր ալարի ու ՎԵՐՆԱԳԻՐ կգրեր։ Ես սիրում եմ, երբ թավ տառերով եմ գրված լինում ու գլխատառերով։ Գրողս չի սիրում վերնագրեր ու ոչ էլ կարևորում է դրանք, դրա համար էլ ոչ մի անգամ չվերնագրեց ոչինչ։ Իրականում ես հենց նոր ստեցի։ Ճիշտն ասած` ես իրեն էդքան էլ չեմ սիրում ու սկսել եմ բամբասանքներ տարածել իր մասին։ Թող վերնագրին հարգել սովորի, ես էլ իր մասին ստեր չեմ փչի։ Իսկ եթե ճիշտն ես ուզում իմանալ, ես եմ իրեն նեղացրել։ Դե հենց ես չէ` իմ ընկերներն ու բարեկամները։ Քանի անգամ վերնագրեց ինչ֊որ բան (դե հա, ես բայ տեսակ էլ ունեմ) ու սխալ դուրս եկավ։ Ոչ մի անգամ ոչ մի պատմությունը ճիշտ վերնագրով չշարունակվեց։ Պատմության վերևում գրեց` Գտնելիս, կորուստ դուրս եկավ։ Վերնագրեց` Գարուն, գրեց ցրտերի ու պաղ օրերի մասին։ <<Ժպիտը>> պատմության էջերը չէին երևում. թանաքը արցունքներից լղոզվել էր... Հասարակական վայրերում չեմ սիրում ուրիշների կյանքի պատմությունից խոսել, դրա համար կլռեմ հիմա, բայց իմացեք, որ գրողս հեչ էլ մեղավոր չի, որ չի սիրում վերնագրեր ու վերնագրել։
 Ես քեզ ուզում եմ հիշեցնել, որ պատմությունը դեռ չի սկսել, ու դու դեռ վերնագիրն ես կարդում։ Գիտե՞ս` էսօր գրողս պատմություն գրելու տրամադրություն չունի էլ։ Էնպես որ էսօր բացառություն կանի։ Միշտ պատմություններն է թողել անվերնագիր, հիմա էլ թող վերնագիրը մնա առանց պատմություն։

յոգայի միջազգային օրը

հեյ էսօր՝ հունիսի 21-ը, ամառային արևադարձի օրը նաև մեր գալակտիկայում գոյություն ունեցող լավագույն երևույթներից մեկի՝ յոգայի միջազգային օրն է...