13.5.17

#SyuneciBlog

Չոր էր ու անապատային: Հոգի էր ու արև: Սեր էր, թե հորինվածք՝ գիտի միայն հորինողը: Ես կողքից նայող էի՝ կարճատես: Ես կողքից ծիծաղող էի՝ լուրջ ու հումորի զգացումից զուրկ: Ես կողքից կարդացող էի՝ անգրագետ: Ես կողքից նվագող էի՝ առանց երաժշտական կրթության: Էնքանով կապ ունեի էդ պատմության հետ, որքան միջնադարը մեր օրերի, որքան էդ պատմությունը՝ իմ: 
Չոր էր ու անջուր: Անձրև էլ չեկավ: Ձմեռ էր ու սառույց: Սառած էր ու ցուրտ: Կարոտ էր, թե եսասիրություն՝ գիտեմ մենակ ես: Ես էլ լռում եմ ու չեմ ասում: Հարցրու: Հարցնում ե՞ս: Չեմ ասելու: 
Չոր էր ու հողոտ: Ճանապարհ էր ու փոշի: Ոչնչի ու կապույտի խառնուրդ: Սպիտակ էր ու անվադողերի հետքեր: Հիասթափություն էր, թե կորուստ, ներքուստ էր, թե ցուցամոլություն՝ գիտի մենակ ցուցամոլը: Ես հեռու էի էդ ճանապարհից էլ, էդ փոշուց էլ, ես անիվների տակ էի, ու լավ էլ ջարդվեցի: Մինչև վերքերը լավանան, անձրև էլ կգա, ճանապարհն էլ կմաքրվի, փոշին կվերանա, ամպերը հետո կցրվեն:
Ամպերի գալուց առաջ չոր էր ու անապատային: Ամպերի գնալուց հետո դարձավ ցեխ ու ավազ: Էս պատմության հետ չսազող իրավիճակ ստեղծվեց, որ պետք էր չորացնել, դարձնել սազական, կամ էլ թողնել ու գնալ: Ես էլ լավ կոշիկներ ունի, որ հենց գնալու համար էին հարմար: Սև էին, արդեն փոշոտված: Սպիտակ անձեռոցիկով, որ մի թեթև թրջել էի, մաքրեցի կոշիկներս, որ հեռանալուս ճամփան չկեղտոտեմ: Հեռացա:
Անիվների հետքերով գնացի հետ: Հեռուն չէի նայում, նայեի էլ, չէի տեսնելու՝ կարճատես եմ: Լուրջ-լուրջ գնում էի՝ հումորի զգացումից զուրկ կենդանի: Երաժշտություն չկար, ես երգեր չեմ սիրում: Ցուցանակներին չնայեցի՝ անգրագետ եմ: Քայլեցի, գնացի, կորա: 


Հիմա, եթե փնտրես, սպիտակ ու թափանցիկ զգեստով հոգի եմ: Թեթև եմ ու անթև: Կարճ եմ ու կիսատ: Սփրթնած ու շփոթված եմ: Աչքերումս դու կաս, որովհետև հեռուն չնայեցի էլ, որովհետև կարճատես եմ, որովհետև գրած տառերը չէի կարդում՝ անգրագետ եմ ու կորած: Ու եթե անունս ես ուզում, ես գրել չեմ կարող, կարող եմ ասել: Անունս նվագել չեմ կարող, միայն կարող եմ ասել: Կարող եմ միայն արտասանել, որ լսես: Եթե մոռացկոտ ես, գրի առ: Եթե հետո ձայնս կարոտելու ես, ձայնագրիր: Եթե փնտրելու ես հետո ինձ, մոռացիր անուս: Ես գնում եմ հետ չգալու համար: Ես գնում եմ, որովհետև էստեղ կոշիկներս կեղտոտվում են, իսկ ես հենց նոր դրանք մաքրել եմ սպիտակ անձեռոցիկով: Անունս գրեցի՞ր, ձայնագրեցի՞ր: Ես գնացի: Կմնաս: 

No comments:

Post a Comment

աշխատաՇՈՒԿԱ

հեյ  մի ամիս ա, ինչ կազմակերպությունը մեծացնելու նպատակով գերմաներենի մասնագետներ ենք  փնտրում ։ ինչպես ցանկացած նորմալ մարդ, առաջին բանը որ...