30.7.17

Հեռվացած մոտիկություն

#SyuneciBlog




...ծառերը խշշացին. կամ ինչ-որ թռչուններ դուրս եկան ձագերի համար կեր բերելու, կամ էլ քամի էր վերևներում: Չգիտեմ, բայց ջութակիս ձայնը մի պահ խլացավ խշշոցից ու ավելի նուրբ հնչեց: Բնությունը ոչ մի դեպքում չի խանգարում երաժշտությանը, եթե ավելի լավը չդարձնի, գոնե չի փչացնում: Երևի ստացվում է՝ մի երկու նոտա էլ ավելացրի արդեն մի շաբաթ սկսած գործիս ու նորից նվագեցի սկզբից: Մի բան պակաս էր...ծառերի խշշոցն էդ պահին չկար: Ինչ արած. շարունակում եմ նորից խզբզելը, գրիչը ատամներով պահում, մի երկու անգամ նվագում, նորից գրում եմ, նորից ջնջում եմ...Պետք է ավարտել ու պատրաստ լինել հաշվետու համերգին: Պետք է կանգնեմ բեմի ամենակենտրոնում, պետք է դահլիճի լույսերն անջատվեն ու մի շողք իջնի վրաս՝ բեմի կենտրոնին, պետք է լռեն բոլորը  ու շունչները պահած լսեն...Կհագնեմ մետաքսե, նուրբ վարդագույն զգեստս՝ մայրիկի գործած ժանյակներով, ու կկախեմ հայրիկի նվիրած կիսալուսինը: Նվիրեց տասնհինգ ամյակիս: Ծառերի խշշոցի նման հիշում եմ. վզիս կախելիս ասաց.
-Կիսալուսնեցիր, տասնհինգդ էլ լրացավ: 
Կժպտամ, թող աչքերիս մեջ չերևա էն հոգնությունն ու անքուն գիշերները, որ կմնան արդեն անցյալում: Աչքերով կժպտամ, թող մտածեն՝ ինչ ուրախ աղջիկ է, ինչ սիրուն, ինչ նրբաճաշակ ու տաղանդավոր: Թող բեմին միայն պայծառ աչքեր նայեն, թող վերջում բոլորը ԲԻՍ գոռան, ես էլ առանց երկմտելու երկրորդ անգամ էլ հոսեցնեմ հնչյունները...




Ծառերի խշշոցը պակասում է...կիսատ է ինչ-որ բան: Երևի բեմի կենտրոնում ընկած շողքը կլրացնի բացը: Գրում եմ, ջնջում եմ... Մայրիկն ասաց՝ եթե հանկարծ շորդ կեղտոտվի, ձեռքով շատ նուրբ կլվանաս, սառը ջրով, որ չխամրի գույնը, որ ժանյակները միշտ պայծառ ու ճոխ մնան...Հայրիկն ասաց՝ վզիցդ չհանես մինչև լիալուսնելդ: Թե կողքիդ եղա, քեզ լիալուսին կտամ, կամ ուրիշ կիսալուսին: Մինչև չլիալուսնես, չհանես վզիցդ: 


...հանգան դահլիճի լույսերը, խուլ լսում եմ ոտնաձայներս, որ ինձ տանում են բեմի ամենակենտրոն: Մի ձեռքում ջութակս է, մյուսը կիսալուսնիս եմ դրել: Շողքը իջնում է վերևից, ջութակը դնում եմ ուսիս...դահլիճին նայող աչքերը ժպտուն են, նոտաներիս միջից ծառերի խշշոցն եմ լսում...ոչինչ կիսատ չէ,  չկա կիսատությունս....Վերջացնում եմ, դողով, բայց վստահ սահեցնում եմ վերջին հնչյունները, որ ողողվում են ծափերով ու լսում եմ՝ ԲԻՍ...երկրորդ անգամ էլ եմ ապրում ծառերի խշշոցին խառնված մեղեդիս: Խոնարհվում եմ ու առանց ոտնաձայներս լսելու թաքնվում եմ բեմի մուգ կապույտ վարագույրի հետևում: 

Ժամը տասներկուսն է դառնում, օրն արդեն փոխվում է, գնում եմ մոտակա արծաթագործի մոտ: Գնում եմ լիալուսինս գնելու, որովհետև հայրիկն ասել էր՝ թե կողքիդ եղա, կնվիրեմ...




No comments:

Post a Comment

աշխատաՇՈՒԿԱ

հեյ  մի ամիս ա, ինչ կազմակերպությունը մեծացնելու նպատակով գերմաներենի մասնագետներ ենք  փնտրում ։ ինչպես ցանկացած նորմալ մարդ, առաջին բանը որ...