Syuneci's English blog

Syuneci's English blog → Sippin' && 'Hackin'

500անոց է՞ր...




նորից անստվեր մարմինների անմտածված ու տխուր հետևանքներով արարքներից հոգնած,  հույսն ու միքիչ արևը երգերի մեջ փնտրելով բարձրանում եմ երթուղային ու սպասելիքս, որ հաստատ տեղ չի լինի նստելու, աչքերը փակելու, աշխատանք-տուն ճանապարհը երազանքների միջով լողալով անցնելու համար, միանգամից արդարանում է: կանգնում եմ դռան մոտ, փնտրում ճանապարհս կարճեցնող մի հոդված ու հարմարվում էդ երեսուն րոպեն կանգնած երթևեկելու ճակատագրին:

երեկոյան Երևան, խցանումներին հաջորդում են խցանումները, ազդանշաններին հաջորդում են հայհոյանքները...մեկ-մեկ լսում եմ, մեկ-մեկ ականջակալների երգը հաղթում է, մեկ-մեկ սարկազմով խնդում եմ ներսից, մեկ էլ ատելի նայում ազդանշան տվող վարորդներին, գոռգոռացողներին...գնում ենք:

կանգառում իջնող կար, բայց նստող չկար: վարորդը չլսելու տվեց՝ ստե պաի-ն: հերոսը իջավ հաջորդ կանգառում: դուռը կամաց ջարդեք գրությամբ դուռը ծանր հոգոց կհաներ, եթե արդեն սովոր չլիներ ջարդվելուն: հետո գրածները նրա համար են, որ չհետևենք, օրենքները խախտելու համար, կարոտը խեղդելու համար է, խնդրանքները մերժելու համար են....չենք երկրարացնում:

սա ստացեք հաջորդին կիջնեմ ասող աղջիկը մետաղադրամը պարզեց վարորդին: ձեռքը օդում մնաց: սա ստացեք հաջորդի համար ասող աղջիկը կրկնեց նորից, վարորդը կամ մտքերով էր, կամ ծխախոտի ծխի հետ զրույցի էր բռնվել. չլսեց: աղջիկը ձեռքը քաշեց հետ, սպասեց, որ հասնենք կարմիր լույսին:

ստե ես իշնըմ...չէ՞, դե էն մեկին կտաս, վռազ են տո...քշի արա...քնելա...

վարորդն էր, էս ամեն ինչի ղեկավարը: ղեկավարն էլ զուտ նրա համար, որ ղեկ կար մի ձեռքում, դե մյուսը ծխախոտ էր մատուցում թոքերին:

աղջիկը հաջորդին իջնելիս մեկնեց մետաղադրամը: չիջավ: սպասում էր:
մանրս չեք տա՞...

վարորդը...

ինչիդ էր պետք էդ չորս հարյուր դրամը, ղեկավա՛ր: մի տուփ ծխախոտ էս կողմ, մեկը՝ էն կողմ, մեծ չի է տարբերությունը: ցածրացար, հավասարվեցիր արագ ընթացքից էդ սև ու կեղտոտ տուփի միջից թափված կոպեկներին: ո՞նց, ո՞ր էությամբդ ձևացրիր, թե քո աչքերը ափիդ մեջ 500 դրամանոցի փոխարեն 100 դրամանոց են տեսել...

էս ամեն ինչը համեմվեց վարորդի կողքին նստած երիտասարդի քմծիծաղով. փաստորեն մենակ ես չէի նկատել:

ո՞նց...500անոցա՞... հեսա վեկալ... ղեկավարը հասցրեց մեզ տուն:

վարվելակերպ

#SyuneciBlog

մենք լողում ենք կյանքից ներքև...

առանց թևերի կամ թեփուկների
դե որովհետև հենց նրա համար
որ դեռ ձկներ չենք
կոչվում ենք մարդիկ

բայց մենք լողում ենք կյանքից քիչ ներքև
վեց-յոթ մատնաչափ
կյանքին չենք հասնում

կյանքը դրել ենք վերին դարակում
հենվում ենք հաճախ ոտքի ծայրերին
ձեռքերով կախվում վերին դարակից
ձգվում ենք, հասնում կյանքի դարակին

նայում ենք կիսատ
ձախ կամ աջ աչքով
կյանքին
ներքևից

մեկ էլ իջնում ենք
երբ ոտքերը մեր
մեր ծանրությունից
թեթև հոգնում են...

եսասերի մեկը

#SyuneciBlog


քերել պատերին
որ չգոռալ
լռել
թե նրանք այնքան անկերպ են.
կույր համակերպվել:

սարքել ձևացնել
հա, ծիծացել,
կամ
քըմծիծաղել, թող չտարբերեն
թե դու նույնից չես
նույն գույնից չես
թե շատ տարբեր ես:

թող հավատան
թե հավատացիր
թե դուրդ եկավ որ դու
լռեցիր
թող հավատան թե իսկություն է...

մի տեղ էլ հատավ համբերությունդ:

գոռացիր  առանց պատեր քերելու
գնացիր առանց պահեր ներելու
ոտքով...

սպասի մի բան էլ ասեմ

#SyuneciBlog

...մի օր էլ չարթնացանք...

իրականում իրականությունը բարդ չէ, եթե մենք նայենք ուղիղ աչքերի մեջ, առանց վարագույրի հետևում թաքնվելու: իրականում իրականություն չկա, երբ մենք առանց վարագույրի հետևում թաքնվելու նայում ենք իրար աչքերի մեջ: էինք: նայում էինք: իրար աչքերի մեջ նայելը իրար գլխի սարքելու պես մի բան էր, իրականության պարագլուխներից դուրս գրված, պատերին քերված ու անտիպ...իրար աչքերի մեջ նայելը սխալ էր: իրար աչքերի մեջ նայելը չափից դուրս ռոմանտիկ էր, մենք էլ ռոմանտիկ ջահելներ չէինք, մենք միքիչ ավելի դաժան էինք, իրար տանջելու համար իրար հանդիպած, իրար համար ամենացավոտ թակարդները լարած: մոռանալու չափ հեշտ էր ու մոռացնելու չափ դժվար էր իրար աչքերի մեջ նայելը: ես հեչ, դու ես կարևոր ասելը ստելու նման սիրուն էր ու ստելու նման անտանելի: մոռացումը մոռանալուն կամ մոռանալը մոռացումին տալը դարեր չէ, բայց տարիներ կպահանջի: ինչքան ձյուներ ու ինչքան արևներ պետք է դեռ լցվեն էն փոսերում, որ բացվել են լռելուց, հեռանալու քայլերից: դարեր չէ, բայց տարիներ պետք են: իսկ իրար աչքերի մեջ նայել ենք....երկու րոպե տասնչորս վայրկյան... եղանակն էլ ձմեռ էր, ժամանակն էլ դրսի ձյուների նման սառած:


....մի օր էլ թարթեցինք...

...սլաքների մեջ իրար մաղթած կյանքերը սպառվեցին կամ էլ սպառեցինք...մենք հեչ, ժամանակն էր մեղք, գոնե թող ինքն ապրեր սլաքների հետ երջանիկ ու ժպտուն: մենք հեչ, աշխարհը թող ապրեր գոնե: մենք հեչ, դու ապրեիր գոնե...


յոգայի միջազգային օրը

հեյ էսօր՝ հունիսի 21-ը, ամառային արևադարձի օրը նաև մեր գալակտիկայում գոյություն ունեցող լավագույն երևույթներից մեկի՝ յոգայի միջազգային օրն է...