Syuneci's English blog

Syuneci's English blog → Sippin' && 'Hackin'

կարդալու

չեմ հիշում, թե Նեմրան քո սիրած խմբերից լիներ կամ էլ Դյուսելը իմ սիրած քաղաքներից մեկը, բայց էսօր Նեմրան անձրևի տակ Դյուսելում երգում էր էն երգը, որ մեր մասին էր։ Հա, մի օր ես ու դու մենք էինք, մի օր չէ, մի օրից միքիչ երկար․․․մոտ մի քանի մի օր․․․

Նեմրան ասումա, որ ինչ եղավ անցյալում, եղավ անցյալում, Նեմրան հիշեցնումա ձմեռ, որ միքիչ տաք էր մնացած բոլոր ձմեռներից․․․

Դյուսելում արդեն Սուրբ Ծնունդ ենք նշում  ու ես հիշում եմ՝ վերջին Սուրբ Ծնունդը մի քիչ մենք էինք, արդեն միքիչ մենք․․․

Ես էլ դու էլ հասկանում էինք, որ մի օր միքիչ ավելի շատ ենք մենք լինելու, բայց երբեք ու երբեք չէինք հավատում, որ էդքան մենք լինելուց հետո նորից ես ու դու ենք դառնալու․․․հեռու․․․ես Դյուսելում ու դու Երևանում։

Երևանը լավ քաղաքա, տրանսպորտը միքիչ շատ անհարմարա, խցանումները շատ են, խանութները թանկ են, փողոցներում ավելի շատ սրճարաններ կան, քան ծառեր, բայց Երևանում դու տանն ես։ Դյուսելում էլ կարաս քեզ տանը զգաս, բայց երբեք չես զգա։

Մի քանի անգամ արդեն երազներ եմ տեսել, երբ Դյուսելը մեր քաղաքնա․ գիտես Հռենոսը ինչքան սիրունա մտածելու, մենակ մնալու ու տխրելու համար․․․ Երևանում տխրելու տեղերը շատ էին, բայց մենակ մնալու շատ քիչ տեղ կար։ Ստիպված տխրում էինք միասին, այգու նստարանին նստած, ցուրտ էր․․․

Արդեն չեմ հիշում՝ քո սիրած խմբերը․․․

Բայց երևի մի օր, երբ Դյուսելը թողնի ինձ նորից Երևան գալու, կգտնեմ քեզ նույն նստարանին, կխանգարեմ մենակ մնալդ, մենք նորից չենք դառնա, բայց տխրելու համար էլ մենակ չես մնա։ Կգամ, կտխրենք միասին, երևի ամառ կլինի, երևի շոգ կլինի, Երևանում ամառները միշտ էլ շոգ են․․․

Էս մտքերը գնացքի կայարանում եմ թողնում, գրում եմ ռելսերին․․․գնամ երևի․․․ինչ եղավ անցյալում, անցավ անցածի հետ․․․ հիմա ես ես եմ Դյուսելում, դու էլ դու ես Երևանում՝ տանը․․․

անսովոր լռություն որին վարժվում եմ արդեն

ես չունեմ ոչ մի նկար քեզանից մնացած
չունեմ ոչ մի հուշ
բայց հիշում եմ քեզ դիմագծերդ
աչքերիդ տակ ակոսներ
(երևի չքնելուց)

ես չունեմ ոչ մի նամակ
ձեռագիր կամ ուղարկված ստեղներից
բայց հիշում եմ բոլոր ուղարկված
տառասխալներդ
(շտապելուց գուցե)

քեզ կարոտելիս ուղղակի նայում եմ
բաց առաստաղիս 
սպիտակ ու ոչինչ չասող պատերիս
չունեմ ոչ մի նկար քեզանից
(երևի չէիր սիրում նկարվել)


Bohemian Rhapsody-ն նայելուց հետո

Քաղաքը թաց էր, հոգիները լցված, փողոցները դատարկ․․․
ապտակում են, երբ ուզում են ուշքի բերել ու եթե ապտակում է կյանքը, պետք է ոչ թե ծնկի, այլ ուշքի գալ․․․ հետո ծնկի գալու համար գոնե փափուկ խոտածածկ է պետք․․․ քաղաքը ասֆալտապատ է, ասֆալտն էլ թաց․․․ հետո մի օր կհիշես ապտակն էլ, ասֆալտն էլ, անձրևն էլ ու կժպտաս ակնոցիդ թրջված ապակիների հետևից․․․ 
կյանքը ոչ թե ապրել, այլ զգալ է պետք․․․ կյանքին ոչ թե սպասեցնել, այլ սպասել է պետք․․․սպասելուց էլ պետք է ընդառաջ վազել․․․հանդիպել ու հետը մնալ․․․մինչև վերջ, գոնե բաժանումից առաջ պետք է միասին լինել․․․․
բազմակետերի մեջ մնացած բառերը թողնում եմ հորինելուն, պատկերացումներին ու տրամադրությանը, բազմակետերը կյանքի էն դեռ չլցված տեղերն են, փորձի ու փորձությունների արդյունքում լցվող, հարթվող փոսերն են։ Սկզբում շատ են բազմակետերը, հետո լցվում են հիշողություններով․․․

Քաղաքը թաց էր, ես էլ էի թրջված․․․հոգիները լցված էին, փողոցները դատարկ էին, լուսավոր, պսպղացող․․․մի քանի օրից էս ամեն ինչի վրա ձմեռ կգա․․․․

ուղղություն

Կայարանում արդեն մթնում է․․․ գնացքը որոշել է ուշանալ։ Ռելսերը մրսում են, ես էլ․․․ Արևամուտ է․․․

ես ուզեցի, որ ժամանակը մի քանի րոպեով մոռանար առաջ գնալու մասին, ես ուզեցի, որ մի պահ կանգներ ժամանակը ու շուրջը նայեր՝ ուր եմ վազում․․․
գնացքը որոշել էր, որ ես էլ եմ ուշանալու․․․շնչակտուր մարդիկ վերջին ուժերը հավաքած հասնում են մատույցին ու շնորհակալ լինում, որ գնացքը որոշել էր ուշանալ․․․իրենք գոնե հասցրին․․․ մարդիկ ճեպընթաց գնացքներ են նստում, բայց իրենք էլ չգիտեն ուր են գնում,-ասում էր միակ հավատարիմ էակը․․․
ես գիտեմ, իշխան, տուն, տուն եմ գնում․․․

․․․մտքերից․․․

․․․․ու հա, շատ դժվարա լինել օբյեկտիվ, երբ դու ինքդ մի սուբյեկտ ես, զգացմունքների կծիկ կամ կույտ, ոնց կուզես, երբ ամեն ինչին նայում ես մի աջ ու մի ձախ աչքով, երբ որոշում ես էլ չորոշել, բայց ամեն անգամ առանց երկար-բարակ մտածելու խախտում ես որոշումներդ ու խոստումներդ, շատ դժվարա դատել ինքդ քեզ, երբ դու ես կրելու պատիժը ու շատ դժվարա ներել էն մեկին, որը նույն սխալը գործեց, ուղղակի տուժեցիր դու․․․
․․․ու հա, շատ դժվարա չլինել եսասեր, երբ ինքդ մի ես ես ու էլ ոչ մի ես չունես, որ էնքան հասկանա քեզ, ինչքան դու ու էնքան հեշտ լինի իրան հասկանալ, որքան դու ինքդ ես քեզ հասկանում, լինի քեզ քեզնից մոտ ու լինի քեզ քեզնից հարազատ․․․ոչ ոք չկա քեզ քեզնից մոտ․․․դրա համար էլ սիրում ես քեզ, դառնում ես եսասեր, որովհետև դու ես բռնում ձեռքդ ու դու ես քաշում քեզ առաջ, ինչքան էլ ֆիզիկան դեմ լինի էդ արտահայտությանը․․․
․․․շատ դժվարա լինել օբյեկտիվ ու լինել դեմ կամ կողմ միաժամանակ․ մենք չենք սիրում, երբ խոսում են մեր արտաքինից, բայց հաճելի է, երբ լսում ենք, որ գեղեցիկ տեսք ունենք, մենք ատում ենք, երբ խոսում են մեր քաշից կամ հասակից, բայց հենց նոր գունավոր խաղալիքներ նվեր ստացած երեխայի նման ուրախանում ենք, երբ ասում են, որ ոնց որ միքիչ նիհարել ենք հըմ՞․․․մենք դառնում ենք ոչ օբյեկտիվ, որովհետև մենք սուբյեկտներ ենք․․․առանձին, ուրիշ ու տարբերվող․․․տարբեր․․․
․․․մենք սիրում ենք կիսվել մեր սիրած երգերով կամ գրքերով, մեր սիրած տողերով, բայց մի տեսակ ստամոքսին մոտ խլվլացող խանդ ենք զգում, երբ ինչ-որ մեկը առանց մեզ զգուշացնելու ու ներողություն խնդրելու լսում է մեր սիրած երգը կամ կարդում մեր սիրած գիրքը,,,հա, ցնդել եմ․․․
․․․մենք սեփականաշնորհում ենք մեր պատկերացումներն ու նեղանում ենք, երբ էդ ամեն ինչը իրականությունից միքիչ հեռու են լինում, կամ ընդհանրապես լինում են զուտ մտացածին ու զուտ անէ․․․չկա․․․
․․․մենք նեղանում ենք, երբ մեզ ստում են, բայց արդարացնում ենք էն մարդկանց ստերը, ում սիրում ենք․․․իսկ մենք եսասեր ենք․․․քաղցր սուտ․․․ 
․․․շատ դժվարա սուբյեկտ չլինելը, ու նույնիսկ անիմաստ․․․
ու երևի եթե չկարողանային հորինել կյանք բառը, երևույթը կկոչեին սուբյեկտի որոնում․․․սեփական եսի որոնում․․․կամ չգտնելով․․․

ափսոս

ես կորցնում եմ քեզ ամեն վայրկյան
ժամացույցի ամեն շարժի հետ
ամեն թարթելիս
կորցնում եմ քեզ․․․

դու ինձ կորցնում ես․․․
ամեն թարթելիս
ամեն շարժի հետ ժամացույցի
ու ամեն վայրկյան կորցնում ես դու ինձ․․․

իսկ ինչ անեմ ես՝

պառկել խոտերին
լսում եմ՝ ոնց են չոր սլաքները
ամեն շարժի հետ մոտենում իրար
ու հեռվացնում մեզ․․․

իսկ ինչ անեմ ես․․․

հոկտեմբերիվեց

․․․պարզ, առանց զգուշացնելու, սպասեցնելու, առանց աղմուկի գալիսա էն օրը, որ դու նայում ես մենակ առաջ, հեռուն, լույսը ու երջանիկը․․․ նորից սկսում ես սիրել ժամացույցի սլաքների ձայնը, նորից անհամբեր սպասում ես լուսաբացին, նորից ուրախանում, որ վերջապես մթնեց․․․ նորից հագնում ես սպորտային կոշիկներն ու գլուխը բարձր գնում դեպի էն ամենաթաքուն, էն ամենամիակ ու ամենահարազատ երազանքի հետևից․․․ կանչումա ^^

մտքեր քնելուց առաջ

․․․որովհետև դժվար ենք վարժվում նորին։ Մի քանի տարի փակ մնացած դռան պես բացվելիս դժվարանում ենք, ճռռում, խոնավանում, կպնում պատին ու ձուլվում պատի ու հատակի մակերեսին։ Երկար ժամանակ դատարկ մնացած ստամոքսի պես սնունդ ընդունելիս սկսում ենք ցավել։ Սառած մատները տաք ջրի մեջ պահելու պես սկսում ենք մրմռալ ու ծակծել․․․ոնց ասենք ոտքը ոտքին երկար գցելուց հետո սկսում է թմրել ու դժվարանում ենք քայլել։ 
Մենք չենք ընդունում նորը, որովհետև մեզ․․․ընտելացրել էին։ Ինչպես դուռն ընտելացել էր փակին, մատները՝ ցրտին, իսկ ստամոքսը դատարկ մնալուն։ Մեզ ընտելացրել էին ու ստիպել վարժվել նորին՝ մենակ չլինելուն։ Վարժվելու ճանապարհին մեր ոտքերն էին թմրում, մատները ծակծկում, ստամոքսը ցավում, բայց հետոն այնքան կանչող էր, այնքան մերը, որ երևի պատրաստ էինք ընդունել ծակծկոցն ու թմրոցը․․․ 
․․․ու մի պահ նստում ես դռան հետևի աթոռին, արմունկդ հենում ու մտածում՝ ամբողջ կյանքում վարժվում ենք, ընտելանում, հետ վարժվում․․․ամբողջ գոյությունդ դառնում է ընտելացնել ու ընտելանալ․․․սենյակին, փողոցին, քաղաքին, առավոտյան վազքին, արթնանալու ու արթնացնելու ժամերին․․․ ընտելացնում ենք նույնիսկ նրան․․․առանց մի րոպե ավել մտածելու՝ իսկ եթե հետո․․․

ու մի օր պարզվումա, որ էլ լացել չգիտես․․․․

հետոն

տենց բան լինում ա մենակ էն ժամանակ, երբ արդեն չկա․․․

չկա հնարվորություն էդ փողոցով քայլելու, էդ նստարանին նստելու, էդ անցորդներին նայելու, քննարկելու, քննադատելու․․․ էդ նկարների կողքով անցնելու, նկարիչներին ասելու՝ շատ գեղեցիկ նկարներ են․․․չէ, գեղեցիկ չէ, սիրուն, որովհետև էդ ամեն ինչը արվելա սիրով․․․ ուրեմն սիրուն են․․․․
չկա հնարավորություն նորից էն նույն սիրած նեղ մայթերով քայլելու, աշխատանքային օրվա հոգսերը գարեջրի կամ գինու բաժակի մեջ լցրած ու հոգիները տարբեր ու  ամենատարբեր խոսակցություններով լցնող մարդկանց նայելու, սիրած տեղից սիրած սուրճը վերցնելու ու էդ սիրած տան մոտ մի քանի րոպե կանգնելու․․․
չկա հնարավորություն ամենօրյա ավտոբուսի սիրած վարորդի սիրած երգերը ու երաժշտությունը լսելու, վերջում շնորհակալություն ասելու ու իջնելու․․․
չկա հնարավորություն բողոքելու, թե ինչքան տխուր են քայլում մարդիկ, ինչքան անտարբեր, ինչքան են կեղտոտում քաղաքը, ինչքան չեն սիրում քո ամենասիրած փողոցն ու ամենասիրած շենքի բակը․․․
չկա հնարավորություն բանջարեղեն վաճառող ծյոծյային ամեն առավոտ բարի լույս ասելու համար ականջակալները մի պահ հանելու․․․
չկա հանարավորություն գրկելու․․․ընդհանրապես չկա հնարավորություն գրկելու․․․․

ու էդ բանը, որ լինումա մենակ էն ժամանակ, երբ արդեն չկա, հասարակ մարդիկ ինչ-որ չգիտեմ-երբ անվանել են մի քանի տառ ու հնչյուն իրար կողք դնելով։ անվանել են կարոտ։ Կ Ա Ր Ո Տ․․․

ու էդ ամեն ինչը դու զգում ես, երբ լինում ես արդեն նոր սենյակում, նոր երկնքի տակ․․․թող լինի սիրուն երկինք, սիրուն բակ, բանջարեղենի սիրուն խանութներ ու սիրուն փողոցներ՝ կանաչ փեղկերով տներով․․․ քո ամենասիրած կանաչ փեղկերով․․․ բայց դու զգում ես, որ հենց հիմա, գոնե մի քանի․․․մի տասներեք րոպեով կուզենայիր հայտնվել ամենասիրածդ բակում, ամենասիրած փողոց գնալու համար կնստեիր ամենօրյա ավտոբուսը, կլսեիր վարորդի սիրած երգերը ու հետո կգնեիր քո ամենասիրած սուրճը՝ ամենասիրած փողոցում քայլելու ու ամենասիրածդ քաղաքի աղմուկը լսելու համար։

հետո․․․հետո գալիս է հետոն․․․իսկ հետոն բավականին թաց է․․․ որովհետև կարոտը՝ էդ մի քանի տառանոց հորինված բառը հորինված չէ ու երբեք չոր չի լինում․․․

ականջակալներումհնչումէթավջութակ

դու իմը չեղար
լինելու ճամփին․․․
ես չեղա քոնը
չգտա չափն իմ
որ քո աշխարհում ես տեղավորվեմ
իբր համարենք՝ ես մեղավորն եմ․․․

դու իմը չեղար լինելու պահից
ինչպես խանութում մի բան գնելիս
դեռ չվճարած
դեռ չվայելած
գցում ես, կոտրում․․․

հետո վճարում տուգանքի պես բան,
ասենք՝ նույն գինը հենց ծաղկամանի,
որ ոչ մի անգամ ծաղկով չբուրեց,
ու քոնը չեղավ,
բայց վճարեցիր․․․․
թեկուզ տասը ցենտ․․․

ու պատմությունը,
որքան երկար է,
նույնքան անհեթեթ․․․

դու իմը չեղար․․․
իսկ քո աշխարհում,
ինձ տեղ չկար էլ․․․

...

...առանց ետ նայելու...

բնությունից

֊ու՞ր ես։
֊դաշտերի մեջտեղում նստած։ կարողա հենց մեջտեղում չեմ ու, եթե տիեզերքից նայեն մեր մոլորակին, ես ինչ-որ ծայրամասից կերևամ կամ էլ չեմ երևա, բայց ես հավատում եմ, որ հենց մեջտեղում եմ, կենտրոնում, գծած ու ներդաշնակ էն ամեն ինչին, որ ասել ենք բնություն։ Էս վերջին նշածս բառը...
֊բնությունը՞
֊հա, հենց էդ, դարձրել ենք ամենօրյա, առօրյա, հասարակ, սովորական, ոնց որ ասենք՝ պատառաքաղ... բայց թե ինչքան խորք ու ինչքան ներս ունի, մոռացել, թողել ենք բառարաններում։ հիմա դաշտերի ու սարերի մեջտեղում նստած եմ ու բառարան գտնելու հնարավորություն չկա, որ հատ-հատ վերլուծեմ ու պատմեմ՝ ինչ կա բառի ներսում, բայց մենակ քեզ կասեմ՝ ինչ եմ զգում...
բնություն՝ խոտ, ծառ, զատիկ, քար, ծաղիկ, ավազ, մեղու, ջուր... աչքի տեսած...էն որ հիանում ենք, շնչում, աչքերը փակ նայում հավերժին ու զգում՝ քամին ոնցա մինչև ներաշխարհ հոսելով մտնում ու թափ տալիս՝ ինչ ես կորցրել քեզ... 
բնություն՝ էություն, գոյություն, կա... ասում են՝ բնությունից էդպիսին է... բնությունն է էդպիսին, էությունը... էն, որ չես փոխի, չես խաթարի, չես կորցնի, փորձես էլ՝ գտնելու են... էություն, լինելիք, ապրում... ու չփորձես նույնիսկ պայքարել, հակառակվել, դեմ գնալ բնությանը, որովհետև կզգաս, թե ինչքան անզոր ես ու թույլ... ինչքան կորած ես՝ քո էությամբ... 
ու էս ամենից հետո՝ անտառում, ծառի տակ նետված շիշ, խոտերի մեջ թողած թուղթ կամ տուփ... չգիտեմ՝ ո՞ր մակերեսից են նրանք, որ չեն էլ ցավում բնությանը ծանրացնելուց...
ասեմ՝ մի փորձեք հակառակվել, միևնույն է՝ բնությունը էս ամբողջ պայքարի միակ հաղթողը կլինի, ու դուք ու մենք կզգանք՝ ինչքան տկար ենք, ինչքան փոքր ու անէ։

անկեղծներից մեկը

մեզ հարկավոր է մեր ձգտումներում լինել զուսպ ու երազանքների մեջ միքիչ իրական, եթե որոշել ենք երջանիկ լինել: հա, որոշել ենք, որովհետև ցանկանալը շատ վաղուց արդեն ժամանակակից չի, մենք էլ փորձում ենք մոդայիկ երևալ էս վազող աշխարհում: փորձն ու փորձանքը ցույց տվեցին, որ սողացողներին տրորում-անցնում են: ու ինչքան էլ մեզ հաճելի էր հողի հետ դանդաղ հպվելով սողալը, մենք  նոր մարզակոշիկներով ելնում ենք վազքուղի ու ձգտում գոնե առաջինը տեղ հասնել... ու մրցույթ դարձած կյանքով առաջ գնալու ճանապարհին մի միտք է փետուրի նման շոյում մեր ականջը.
-երջանիկ լինելու համար պետք է ներդաշնակ լինես ինքդ քեզ հետ: 
ուփս...բա վազելը, բա մրցույթը, բա ես չպիտի՞ առաջինը տեղ հասնեի, որ երջանկությունից շողայի... ու նորից փետուրը՝ 
-չէ ազիզ ջան, ուղղակի տեղավորվիր ինքդ քո մեջ, քո աշխարհի սահմաններում, ոնց ես ականջակալներով դուրս գալիս տնից ու չես թողնում, որ երթուղայինի մեջ եղած աղմուկը խանգարի մտքերդ, ոնց ես քայլում քաղաքով առանց լսելու իրար խառնված ազդանշնաններն ու հայհոյանքները, նույն կերպ պետք է թույլ չտաս արտաքին անհարմարություններին, որ ներս գան ու խառնեն ներսիդ կատարելությունը: 

դե հա, փետուրը շատ մեծ կարծիք ունի սեփական եսիս մասին, կատարելությու՜ն...

փետուրին երևի ջղայնացրի: եթե մինչև էս շշնջում էր, հիմա սկսեց գոռալ... հիմա բոլորը ուշադիր հետևում են՝ ոնց եմ վազքուղու մեջտեղում կանգնած վիճում փետուրի հետ, որ ամեն կերպ ուզում է համոզել, որ ես ու իմ ներքին աշխարհը ներդաշնակ ենք այնքան, որ իսկապես կատարելություն ենք... որ իսկապես կարող ենք վայելել իրար ներկայություն, քայլել իրար հետ, սուրճ խմել, ֆիլմեր դիտել, գրքեր կարդալ, ստատուսներ գրել էդ ամեն ինչի մասին ու նկարել մեր տեսած նոր քաղաքի նոր շենքերը... 

փետուրը համոզեց... թողնում եմ վազքուղին...հանում եմ մարզակոշիկներս, չեմ էլ ափսոսում ծախսածս գումարը... որոշում եմ ականջակալներովս գունավորել ներքին աշխարհս ու պայքարել մենակ մի հարցում՝ չեմ թողնելու խանգարեք ներդաշնակ կատարելությունը կամ կատարյալ ներդաշնակությունը, որ ստեղծվում է, երբ մենակ եմ.... 

once upon a time

ջուրը 
շատ գեղեցիկ էր 
լցվում 
ապակե 
թափանցիկ 
բաժակի մեջ.


ես սիրահարված էի...

հեքիաթ կորելու մասին

կոչվելով ուժեղ
բայց մեծագույն ցանկություն ունենալով լինել թույլ՝
մենք որպես լուծում
ընտրեցինք փախչելը...

գրողըտանի

աշխարհի ամենաերջանիկ մարդու մոտ կա մի կոճակ, որը սեղմելով ջնջում է հիշողությունից այն, ինչն ուղղակի չի ցանկանում հիշել...

հաիբրինչ

ուժեղները մենակ են
իսկ մենակ լինելը ուժեղացնում է...

մենք ողջ կյանքում փնտրում ենք մեկին
ում մոտ կարելի է թույլ լինել...

ու անվերջ պարադոքս է ձգվում, 
որովհետև
ուժեղները մենակություն են սիրում...

երբ գիշերը ոչ թե քնելու այլ հիշելու համար է

և գիտես թե որտեղ
սկսեց նեղանալ ճանապարհը
ու հասկացանք որ չկա տեղ
իրար կողքով
իրար ձեռք բռնած քայլելու համար
երբ որոշեցինք որ առաջնորդելու
կամ հետևելու
պատրաստ չենք
ոչ ես
ոչ էլ դու

նոր-ից

Ու ես վախենում եմ, որ դու կնյութականանաս: Քեզ գտել եմ օդից, օդով ու օդի մեջ՝ աներևույթ, անէ: Ու ես սարսափում եմ հենց միայն այն մտքից, որ կդառնաս սեղան, գրատախտակ կամ... հաշվիչ մեքենա: Ու քեզ կներկեն, կմաքրեն, կկախեն կամ կփակեն դարակում: Փոշու հատիկներ կնստեն վրադ: Քամին կգա քեզ տանելու, բայց դու շատ ծանր կլինես, ու քամին կտխրի: Միայն վրայիդ փոշու հատիկները կքշի: 
Հիմա ես կամ ու դու ես իմ իմը: Քեզ տեսնող չկա: Քեզ դիպչող չկա: Քեզ ոչ ներկում են, ոչ դարակում փակում, ոչ էլ քայլում են վրայովդ: Դու գաղտնի գոյություն ես, դու անսկիզբ ես, դու ծննդավայր ու ազգանուն չունես:Դու ոչինչ չունես, միայն ունես ինձ, իսկ ես ունեմ քեզ: Դու անկառավարելի խենթ ես, դու ոչ ծավալ ունես, ոչ քաշ, ոչ էլ ծննդյան թիվ: Դու կապույտ ես՝ բաց, թույլ, սպիտակին հասնող կապույտ: Ու ես վախենում եմ, որ քեզ կներկեն մի օր, կդառնաս շագանակագույն սեղան: Չնյութականանաս: Թող երազեմ գոնե մի անգամ հպումդ զգալ: Թող քեզ գրկելու մասին լեգենդներ հորինեմ: Բայց դու չնյութականանաս: Մնա առեղծված, մնա անգո, մնա իմը: 

ստվերում մի գաղտնիք կասկածում է լույսի գոյությանը

կքայլեմ աշխարհի բոլոր ճանապարհներով
կայցելեմ աշխարհի բոլոր թանգարաններն
ու պատկերասրահները
կշոյեմ բոլոր անտուն շներին
ու կկերակրեմ աշխարհի բոլոր թռչուններին
ես կնայեմ աշխարհի բոլոր ֆիլմերն ու
կկարդամ բոլոր գրքերը
կլողամ բոլոր գետերում ու ծովերում
ես կնստեմ բոլոր նստարաններին
ու կնայեմ բոլոր անցորդներին
ես կգրկեմ բոլոր մանուկներին
ու բոլոր տատիկներին կօգնեմ անցնել ճանապարհը
կգրեմ բոլոր նամակներն ու
կսրճեմ բոլոր սրճարաններում...

ես չեմ հասկանա մի բան

ոնց են հեռանում...

եթե ձևականությունները թողնենք հին թղթերի դարակում


ես ամեն անգամ մրսելու նման
փշաքաղվում եմ երբ ձայներիզը
պտտում է քո նվիրած երգը...

ու վեր եմ թռնում
անակնկալի եկածի նման...

հետո մատներիս ծայրով
ստեղնաշարից սրբում եմ
երկու արցունքի ընկեր կաթիլներ
քթիս տակ միանում երգի բառերին
ու առաջ գնում...

բայց ամեն անգամ որտեղ էլ լինեմ
մրսելու նման փշաքաղվում եմ
երբ հոգիս նորից այդ երգն է լսում
նվագում
գրում
կամ հորինում...

ես ամեն անգամ մրսելու նման
փշաքաղվում եմ
հենց քեզ հիշելիս...

#

Never believe 
when they will say "It's only you"
never believe
when they will say "you are alone"... :) 

when the hidden side turns the light on

երեկվանից անձրևներ են.
զգացել ե՞ս թաց քաղաքի շունչը,
հաստատ զգացել ես.
թափառող ընկերս դու էիր,
իսկ մեր կողքին քայլողը
շուն չէր`
սև ստվեր, ձեռքին` ժամացույց,
սլաքներն ընկել էին,
ու չէր էլ աշխատում
շատ վաղուց:
ժամացույցը կար, միշտ թևին էր:
չեմ հիշում՝ տերն էր թափթփված,
թե` ժամացույցը հենց հին էր.
արդեն չեմ հիշում շատ բաներ`
ամեն օր ասված որբ բառեր ,
որ մնում էին ստեղներին,
մեռնում,
թաց ապակու հետևից վազող
թաց ասֆալտ...
երեկվանից անձրևներ են,
զգում ես քաղաքի շունչը երևի,
ասածս խոսքերը լացից հետո են,
մտքերիս իմաստին հեչ մի սևեռվիր :
ես աթոռների արանքից հանգեր եմ փնտրում,
ձեռքի հետ միֆեր եմ կոտրում,
թե բառերը որբ չեն լինի,
նամակով պետք է մեկին գրել,
գոնե բառերը որդեգրել,
հետո թղթերն եմ պատառոտում,
հավաքում ձեռքումս, դեն նետում
ու հիշում մոռացածը թաց`
ապակին
ասֆալտը
չորացած....

I hate you night

բաց աչքերով երազողները
մեկ օրում դարձան
ամպերի վրայով վազողները
ու
լացողները փակ աչքերով

չշտապես ներկել տան պատերը
հետո քերելու կարիք էլ կլինի
մի արթնացրու քնի մեջ խոսողին
բաց աչքերով պատմելու համար
ուժ է պետք
իսկ նա
անուժ է...


լռելուց անմիջապես հետո

Շատ երկար լուռ մնալուց հետո գրելը, ոնց որ շատ ծարավ լինելուց հետո գնաս մանկությանդ ամենասիրած աղբյուրի մոտ ու երկու բուռ ջուր խմես շորերիդ ու կոշիկներիդ թափելով...շատ լուռ մնալուց հետո աչքերդ սկսում են փնտրել մեկին, ում կուզենայիր պատմել ներսիդ եղածը, որովհետև ախր շատա լցվել... ու քանի որ չկա էդ մեկը, գրելը դատարկվելու ու էլի լցվելու ամենանախընտրելի ձևնա: 

զուգահեռ իրականության իմ եսը հիմա երևի կծիծաղի իմ՝ էսքան անկապ խոսելու, էսքան պաթետիկ լինելու, էսքան ես լինելու վրա....զուգահեռ իրականության իմ եսը միքիչ ավելի ուժեղա երևի... ես` չէ :) 

մի քանի շաբաթվա մեջ էնքան բան եղավ, տեսանք կամ չտեսանք կամ չտեսնելու տվեցինք, որ մի ծայրից սկսել մյուսից վերջացնելն էլ հեշտ չի. ծայր գտնելա պետք: Ի՞նչ ենք անում...միացնում ենք էն երգերը, որ արդեն ճանաչում են մեզ ու թողնում ենք, որ իրենք որոշեն՝ երբ ենք սկսելու լացել կամ ժպտալ: 

մի քանի շաբաթվա մեջ էնքան բան եղավ, որ լացելը թողեցինք ամենավերջին, որովհետև չկա ժամանակ, որովհետև մեր արցունքները մենակ մենք պետք է տեսնենք, իսկ մենակ մնալու ժամանակ ու տեղ տենց էլ չէր լինում...ամբոխ էր, մարդիկ էին, մի բանի հետևից գնացող, հույսը բռունցքներում պահած մարդիկ, որ ուզում էին ընդամենը երջանիկ լինել...

մի քանի շաբաթվա մեջ էնքան սուտ ու ճշմարտություն լսեցինք, որ խառնվեց ծուխը գոլորշուն, իսկ ես ամբողջ կյանքում ուզել եմ տարբերել դրանք. ծուխը՝ գոլորշուց, ժպիտը՝ քմծիծաղից, սերը՝ կապվածությունից, թողնելը՝ գնալուց, լքելը՝ մոռանալուց, մութը՝ աչքերը փակելուց...

էս ամենի արդյունքում, չնայած դեռ վերջը չի, հասկացանք մի կարևոր բան, որ երևի հասկանում են վերջում՝ սերը հզորագույն ուժ էր... ու շատ ավելի հեշտա սիրելը, քան, ինչքան էլ պարզ հնչի, չսիրելը: բայց մի բան, որ ամենադժվարնա երևի, էդ սիրո մասին ասելնա, էդ սիրո մասին խոսելը կամ պատմելը...պարզվեց՝ մեծ ուժ ու խիզախությունա պետք, որ ասես՝ սիրում ես... 

երևի ասել պետք էլ չի, երևի էդ մասին չեն խոսում, երևի էդ ցույց տալա ուղղակի պետք: երբ ուղղակի ժպտում ես կողքիդ կանգնածին, քաղցրավենիք կամ ջուր հյուրասիրում...երևի ամենապարզ ձևնա ցույց տալու, որ սիրում ես իրենց: 

ամեն ինչի հիմքում սեր էր...ու պետք չի երկու անգամ ավել մտածել ասելու, որ սերը հաղթեց... 

եսից

չսկսված առավոտ ու մտքեր
գնալու սկիզբն է
աթոռին կիտված գրքեր

ոչ մի բանով իրար նման էջանշաններով.
չընդունված հրավիրատոմս
նախանցած տարվա օրացույց
թղթե ինքնաթիռ
տերև՝ աշնանից մնացած

երևի գնալու բոլոր սկիզբներն էլ նույնն են
վերջն էլ է նույնը երևի

տարբերել գնալը տանելուց 
թողնել նոր գնալ սովորել

ետ գալուդ սպասող չկա
ժամանակը ջնջելու է քեզ էլ
որովհետև ուժեղն ինքն է...

որովհետև բոլորն իր հետ են 
որովհետև ինքը հասցնում է բոլորի մոտ լինել
իսկ դու գնում ես մենակ:

the hidden side of the moon

աշխարհի բոլոր բառերը
բառարաններում թերթերում
ցուցանակներում
ցուցակներում
խոսում են քո մասին...

աշխարհի բոլոր ձայները
երգում են քո սիրած երգերը

ու բոլոր դռները բացվում են դեպի քեզ...

աշխարհի բոլոր ճամփաները
բերում են քեզ մոտ

ու բոլոր տողերը լցվում են քո մասին
խոսքերով...

աշխարհի բոլոր լույսերը լուսավորում են
ու բոլոր գույները գունավորում են
քեզ

զուգահեռ ուղիները հատվել են քո աշխարհում՝
ուրիշ
այլ
իմը...




Նորը

ինչ-որ տեղ սողալով
վազքի մեջ
անցավ մեկ օր էլ.
չորացած ծաղիկները 
չթողեցի սեղանիս այսօր 
ձեռքով արեցի փողոցային շներին
ու սպասեցի ձյան գալուն
մի երկու նշում արեցի
դեղին թղթի վրա
ու ամրացրի սեղանիս
վաղվա համար.
մի քանի անգամ զանգ եկավ
չպատասխանեցի.
ինչ-որ տեղ սողալով 
փակեցի սենյակիս դուռը դրսից
վաղվա համար 
ու գլխարկս վրաս քաշելով
հեռացա քաղաքից.

վերնագիր ասա էս ամեն ինչին



գիտես՝
ամենևին պետք չէ ջարդել սենյակիդ պատերը գլխով
պատառոտել հին նամակներն ու
խարույկի մեջ այրել լալով
կարիք չկա ոռնալ բարձի մեջ ամեն գիշեր
կամ նետվել պատուհանից
ոտաբոբիկ դուրս գալ 
ու քայլել քաղաքի մայթերով 
մրսել
պարզապես հաշտվիր 
որ ճշմարտության հակառակ երեսն էլ
ճշմարիտ է
պարզապես նկատիր 
որ ամեն ինչ հոսում է գետերի նման 
ու չի մնում ոչինչ երեկվա պես
պարզապես ընդունես երևի 
որ ամեն ինչ մի տեղ ունի գրված՝ վերջ։ 

ինձ մի հիշեցրու այն ինչը չեմ մոռացել

ճմրթված հիշողություններս
վերցնում եմ աղբամանից
դնում եմ սեղանին ու
ուղղում եմ ծալքերը

մեկ-մեկ կարդում եմ
ծալված տողերի տակից
լսում եմ կարոտի քայլը

հետո բառերը իջնում են սեղանից
ու սողում են դեպի դուռս

չգիտեմ
թե քեզ մոտ են գալիս
թե մենակ  ես
տար
ես դատարկ թղթերը նորից աղբամանը նետեմ

հոգիս խաղաղ է
հիշողություններս քեզ հետ են...

եսէլչգիտեմթեինչ



***

ու ես ստիպված
երեսիս եմ քաշում հատակը
որ չզգամ ինչով է 
բարակում հոգիս
ու դառնում դեղին...

ու ես չուզենալով եմ
երեսիս քաշում հատակը
որ այդքան ճմրթվել է
գնացողների քայլերից...

ու ես նայում եմ արդեն
ներքևից
ու մնում եմ կորած


***

եթե փնտրես էլ...
փնտրիր ինձ փոշոտված ձայներիզներիդ դարակում,
փնտրիր ինձ կիթառիդ մաշված պատյանի մեջ,
փնտրիր ինձ այդ ձմեռվա վերարկուիդ գրպաններում
կամ փնտրիր ինձ մաշված գրքերի արկղում
մինչև գրքերը հանձնելը...

եթե չփնտրես էլ,
ասենք՝ չես էլ կարոտել...
չթողնես ինձ էլ խառնեն
մեռնող թղթերի քաոսին...

եթե չփնտրես էլ...
ես ուզում եմ իմանաս,
որ չեմ երազել գրվել ու մոռացվել....
երգը լսվում է, երբ միացնում են...

գողացված էր տողը վերջին...

գիշերվա հազար



դու չունես ոչինչ
որ չունի անծանոթը
դու չունես ոչ ինձ
ոչ էլ իմ կարոտը...

քեզանից հետոն երկար տևեց
զարմանալի
ավելի կարճ էր քան քեզ հետը

ու ճանապարհը որով կքայլեի
քեզանից տանողն է
ոչ թե դեպ քո մոտը...

ես մեղավոր չեղա
ես չեղա հեռացող
արդարացում գուցե գտնեմ լուսնի վրա

քո փոխարեն կթողնեի ջուրը
հոսեր առանց հողի
առանց պղտորվելու

ջուրը մաքրվելիս
քարերին է զարնվում
քարերն էլ դե գիտես
արյուն ունեն...

***

#SyuneciBlog

հետո թեքեցիր գլուխդ
ու մնացիր
սառած
կանգնած...
ես Նարեկացի երբևէ չեմ դառնա
բայց աշխարհի ծովերը թանաք կդարձնեի
մեն մի բանի համար
թե չլիներ այնպես
ինչպես եղավ...
ես չեմ լինի երբեք Էյնշթեյն
ու չեմ ստեղծի տեսություն
որի վրա ջարդվի հազար գլուխ, հազար ուղեղ ու միտք
բայց մի միտք է հիմա իմ գլուխը ջարդում
ինչու եղավ այնպես
ինչպես եղավ...
ես չեմ ուզում դառնալ այն աղջիկը
որին պատմությունը կոչեց Ժաննա դ՛Արկ
բայց խարույկներ ինչքան պիտի վառվեն
որ չլինի այնպես
ինչպես եղավ....
իսկ ինչ եղավ...
թեքեցիր գլուխդ
ու մնացիր
սառած
կանգնած...

ձմեռ էր


Հավատում ես, որ կգա։ Ախր վերջին անգամ բաժանվելուց շատ էր տխրել (էս կրակայրիչն ինչի չի աշխատում), չէ, չի խաբի, չի կոտրի, եթե չի  կոտրվել, կգա (դե վառի էլի, քեզ ինչ եղավ), ասաց` մինչև վերջ քո հետ եմ, ասաց` մինչև վերջ սիրելու է (թու՜, էս էր պակաս, րոպեները կրիայից դանդաղ են առաջ շարժվում, տեղում քարացել են, կրակայրիչն էլ չի օգնում առաջ հրել ժամանակը ծխախոտի ծխով)...
Մի քանի հազար անգամ պտտում ես կայծքարը բթամատով, համբերությունդ անսահման է, քարի պես էլ ամուր կամք ունես, կռիվ ես տալիս քո, նյարդերիդ, ժամանակի, կայծքարի, բթամատիդ հետ։


Կանգառում շատ մարդ չկա։ Մոտենում ես մի տաքսու։ Վարորդն ուրախացած, որ գոնե մինիմալ պատվեր կլինի, վեց հարյուր դրամ էլ կգումարվի ամսվա կոմունալների վճարի փողին, պատրաստվում է միացնել շարժիչը։ Հիասթափեցնում ես նրան.
֊Կրակ ունե՞ս հոպար։

Էլ մենակ չես, նայում ես` ոնց է կրակը կարճացնում թղթի, նիկոտինի, միջուկի ու քո կյանքի տևողությունը։ Մի ներքաշումով քանի կյանքեր ես տանում, էլ չասած` ժամանակ ես սպանում, սպասում ես կարճացնում, րոպեներն ես հրում, հույսս ես աճեցնում ու մնում ես։

Ծխախոտը մեռավ, մյուս զոհին ես հանում տուփից, ձեռքիդ ժամացույցի սլաքները սողում են, կամ մնում են տեղում։ Մեծ ու փոքր սլաքները տեղերով փոխվեցին։ Ոտքերիդ մեջ հույս չկա էլ, մեռավ, ոտքերդ սկսեցին շարժվել դեպի անցյալ։ Գնում ես նստելու այն նստարանին, որ մի օր երկուսիդ էր պահում, գնում ես անցյալ, որ երկուսով լինեք։

յոգայի միջազգային օրը

հեյ էսօր՝ հունիսի 21-ը, ամառային արևադարձի օրը նաև մեր գալակտիկայում գոյություն ունեցող լավագույն երևույթներից մեկի՝ յոգայի միջազգային օրն է...