Syuneci's English blog

Syuneci's English blog → Sippin' && 'Hackin'

եսէլչգիտեմթեինչ



***

ու ես ստիպված
երեսիս եմ քաշում հատակը
որ չզգամ ինչով է 
բարակում հոգիս
ու դառնում դեղին...

ու ես չուզենալով եմ
երեսիս քաշում հատակը
որ այդքան ճմրթվել է
գնացողների քայլերից...

ու ես նայում եմ արդեն
ներքևից
ու մնում եմ կորած


***

եթե փնտրես էլ...
փնտրիր ինձ փոշոտված ձայներիզներիդ դարակում,
փնտրիր ինձ կիթառիդ մաշված պատյանի մեջ,
փնտրիր ինձ այդ ձմեռվա վերարկուիդ գրպաններում
կամ փնտրիր ինձ մաշված գրքերի արկղում
մինչև գրքերը հանձնելը...

եթե չփնտրես էլ,
ասենք՝ չես էլ կարոտել...
չթողնես ինձ էլ խառնեն
մեռնող թղթերի քաոսին...

եթե չփնտրես էլ...
ես ուզում եմ իմանաս,
որ չեմ երազել գրվել ու մոռացվել....
երգը լսվում է, երբ միացնում են...

գողացված էր տողը վերջին...

գիշերվա հազար



դու չունես ոչինչ
որ չունի անծանոթը
դու չունես ոչ ինձ
ոչ էլ իմ կարոտը...

քեզանից հետոն երկար տևեց
զարմանալի
ավելի կարճ էր քան քեզ հետը

ու ճանապարհը որով կքայլեի
քեզանից տանողն է
ոչ թե դեպ քո մոտը...

ես մեղավոր չեղա
ես չեղա հեռացող
արդարացում գուցե գտնեմ լուսնի վրա

քո փոխարեն կթողնեի ջուրը
հոսեր առանց հողի
առանց պղտորվելու

ջուրը մաքրվելիս
քարերին է զարնվում
քարերն էլ դե գիտես
արյուն ունեն...

***

#SyuneciBlog

հետո թեքեցիր գլուխդ
ու մնացիր
սառած
կանգնած...
ես Նարեկացի երբևէ չեմ դառնա
բայց աշխարհի ծովերը թանաք կդարձնեի
մեն մի բանի համար
թե չլիներ այնպես
ինչպես եղավ...
ես չեմ լինի երբեք Էյնշթեյն
ու չեմ ստեղծի տեսություն
որի վրա ջարդվի հազար գլուխ, հազար ուղեղ ու միտք
բայց մի միտք է հիմա իմ գլուխը ջարդում
ինչու եղավ այնպես
ինչպես եղավ...
ես չեմ ուզում դառնալ այն աղջիկը
որին պատմությունը կոչեց Ժաննա դ՛Արկ
բայց խարույկներ ինչքան պիտի վառվեն
որ չլինի այնպես
ինչպես եղավ....
իսկ ինչ եղավ...
թեքեցիր գլուխդ
ու մնացիր
սառած
կանգնած...

ձմեռ էր


Հավատում ես, որ կգա։ Ախր վերջին անգամ բաժանվելուց շատ էր տխրել (էս կրակայրիչն ինչի չի աշխատում), չէ, չի խաբի, չի կոտրի, եթե չի  կոտրվել, կգա (դե վառի էլի, քեզ ինչ եղավ), ասաց` մինչև վերջ քո հետ եմ, ասաց` մինչև վերջ սիրելու է (թու՜, էս էր պակաս, րոպեները կրիայից դանդաղ են առաջ շարժվում, տեղում քարացել են, կրակայրիչն էլ չի օգնում առաջ հրել ժամանակը ծխախոտի ծխով)...
Մի քանի հազար անգամ պտտում ես կայծքարը բթամատով, համբերությունդ անսահման է, քարի պես էլ ամուր կամք ունես, կռիվ ես տալիս քո, նյարդերիդ, ժամանակի, կայծքարի, բթամատիդ հետ։


Կանգառում շատ մարդ չկա։ Մոտենում ես մի տաքսու։ Վարորդն ուրախացած, որ գոնե մինիմալ պատվեր կլինի, վեց հարյուր դրամ էլ կգումարվի ամսվա կոմունալների վճարի փողին, պատրաստվում է միացնել շարժիչը։ Հիասթափեցնում ես նրան.
֊Կրակ ունե՞ս հոպար։

Էլ մենակ չես, նայում ես` ոնց է կրակը կարճացնում թղթի, նիկոտինի, միջուկի ու քո կյանքի տևողությունը։ Մի ներքաշումով քանի կյանքեր ես տանում, էլ չասած` ժամանակ ես սպանում, սպասում ես կարճացնում, րոպեներն ես հրում, հույսս ես աճեցնում ու մնում ես։

Ծխախոտը մեռավ, մյուս զոհին ես հանում տուփից, ձեռքիդ ժամացույցի սլաքները սողում են, կամ մնում են տեղում։ Մեծ ու փոքր սլաքները տեղերով փոխվեցին։ Ոտքերիդ մեջ հույս չկա էլ, մեռավ, ոտքերդ սկսեցին շարժվել դեպի անցյալ։ Գնում ես նստելու այն նստարանին, որ մի օր երկուսիդ էր պահում, գնում ես անցյալ, որ երկուսով լինեք։

յոգայի միջազգային օրը

հեյ էսօր՝ հունիսի 21-ը, ամառային արևադարձի օրը նաև մեր գալակտիկայում գոյություն ունեցող լավագույն երևույթներից մեկի՝ յոգայի միջազգային օրն է...