Syuneci's English blog

Syuneci's English blog → Sippin' && 'Hackin'

զուգահեռ իրականություններ խաչվող աշխարհներում

Երևանում մեքենաները շատ են․ պարզ նախադասություն, բարդ ճանապարհներ, նեղ ու լի մայթեր, աղմուկ, ազդանշաններ, փչացող շարժիչ, հայհոյանքներ, սուլոց․․․ երկու ժամ տևեց մեր՝ քաղաքից դուրս գալը ու մի երեք ժամ էլ դեռ կգնանք․․․

իսկ իմ մտքերում ապագայի խաղաղ առավոտներն են, փոքրիկ պատշգամբով ջերմ մի տուն, այգի, որտեղ շատ կատուներ կան՝ նարնջագույն ու բաց մոխրագույն կատուներ։ խոհանոցի օդում երաժշտություն կա՝ առավոտյան ջազ, ինչ-որ մեկը արդեն լցնում է սուրճը՝ առանց շաքար կոֆեն։ փոստատարը արդեն բերել է մեր թերթերը, որտեղ ինչպես միշտ տարօրինակ կոմիքսներ կան․․․տափակ։


առաջին գծի մեքենաները վարում են երթևեկությանը հակառակ, սա արդեն անկառավարելի է դառնում, անտանելի է դառնում, ես պոկում եմ ինձ էդ իրականությունից, ես չկամ․ խցանման մեջ իմ հագուստներով մեկն է, ես խոհանոցում եմ․․․

օրվա պլանների մասին քննարկում կա օդում ու հիշում ենք անցած օրվա երկար զբոսանքը ամենակորած փողոցներով, ամենանեղ մայթերով, ամենամոռացված (եթե մոռացվելը չափելի կամ համեմատելի է) շենքերով ու ամենալքված բակերով․․․ինչ-որ մեկը կատուներին է կերակրում, իսկ ինչ-որ մյուսը հիշեցնում է, որ փոքրին մազաթափության դեղ պետք է տալ ամեն առավոտ․․․

մեքենաների շարժը 1մ/ժ արագությունից բարձրանում է, քարտեզի վրա կարմիր գիծը մնում է ետևում ու մենք գտնում ենք տաք թեյ խմելու, մի պահ ուշքի գալու տեղ, որովհետև դեռ երեք ժամ կա, որ տուն հասնենք․․․․

խոհանոցից դեպի այգի բացվող դուռը մի կերպ հրելով՝ ներս է մտնում կատուներից մեկն ու փաթաթվում ինչ-որ մեկի ոտքերին, մռռռռ․․․շնորհակալություն, որ կերակրեցիր մեզ․․․․

բոհեմյան ռափսոդիա կա մեքենայի մեջ, ճանապրհը ազատ է, թույլատրված արագությունը 100 կմ/ժ, կանաչ թեյը շատ լավն էր ու ճիշտ ժամանակին ձեռքերիս մեջ տեղավորված․․․մամաաա․․․ոււուուոււ․․․․․

առավոտյան ջազ․․․․

երեկ Սաբում

հեյ

երեք տարվա ընդմիջումից հետո երեկ վերջապես հանդիպեցի կուրսընկերուհիներիս ու մի քանի կարևոր եզրակացություն եկա՝ 

մենք մեր շրջապատի արդյունք ենք։ 
չորսս էլ հստակ համոզվեցինք, որ տարիները մեզ իրարից ոչ մի թիզ չեն հեռացրել։ ոնց երրորդ-չորրորդ կուրսում էինք դասերից հետո/առաջ/ընթացքում հավաքվում մի տեղ դաս անելու, խոսելու, ուտելու, բողոքելու, էնպես էլ երեկ էինք՝ առանց ձևերի ու ձևականությունների։ իրենք էն քիչ մարդկանցից են, ում մոտ կարծիքս բաց արտահայտում եմ, սպասում եմ քննադատությունների, իրանք էլ սպասեցնել չեն տալիս։ իրենք լսում են ինձ, իրենք սիրով թույլ են տալիս, որ ես ընտրեմ՝ որտեղ ենք հանդիպում, ինչ ենք անում, ես էլ դե առանց երկար-բարակ մտածելու՝ սաբ ենք գնում ։Դ 

ալկոգելյան օրեր

մենք նախանձում ենք ուրիշ երկրներին, բայց մեկա՝ մերն ենք սիրում։ 
Աշխենը Ռուսաստանում էր, նոր ա վերադարձել։ կիսվում էինք տպավորություններով, թե ոնց ենք ետ հարմարվում հայաստանյանին։ ինքը պատմումա, որ մի անգամ երթուղային նստելուց անմիջապես գումարը տվելա վարորդին, որովհետև Ռուսաստանում էդպես էր․ կամ  գումարն ես տալիս, կամ քարտն ես անցկացնում։ Գերմանիայում ու Մալթայում էլ էր էդպես, ու ինձ թվումա՝ բոլոր նորմալ երկրներում կա էդ քարտային համակարգը։ ես իսկապես երազում եմ, որ մի օր մեզ մոտ էլ էդպես կլինի։ մի քանի օր առաջ արդեն կանգառ էի հասել ու նոր նկատեցի, որ ընդհանրապես մանրադրամ չունեմ։ կանխիկ միայն քսանհազարանոց ունեի ու ավելի քան վստահ էի, որ եթե էդ քսանհազարանոցը (ցույց) տամ վարորդին, ինձ պատուհանից դուրս կնետի։ մի քանի խանութ մտա, ու դե էլ չասեմ՝ չմանրեցին։ ես էլ մոտեցա կրպակին ու կրպակի տատիկին խնդրեցի, ոչ մինչև երեկո վերդարձնելու պայմանով ինձ 100 դրամանոց տա։ տատիկը բարի էր։ ես իջա քաղաք, գործերից չուշացա։ իհարկե, պատմությունս հեփի էնդ ունի, բայց ես ավելի շատ կուզենայի, որ չլիներ էդ պատմությունը, ես ունենայի քարտ, որի համար ամսվա սկզբում կվճարեի որոշակի գումար ու ամբողջ ամիս հնարավորություն կունենայի դրանով երթևեկել։ 

համալսարանը գիտելիքից բացի ամեն ինչ տալիսա։ 
Բրյուսովում անգլերեն սովորել ենք, սովորել ենք թարգմանություն, բայց չորսիցս ոչ մեկը թարգմանություն չի անում հիմա։ բրյուսովում սովորել ենք լինել ընկեր, օգնել իրար, իրար ենք սովորել։ հիշեցինք մարդկանց առաջին կուրսում ու համեմատեցինք իրենց էսօրվա հետ։ համալսարանը կոփումա մարդուն, ավելի լսելիա դարձնում բառի բուն իմաստով։ (: 

առաջ ենք գնում։
երբ Լիանն ու Աշխենը քննարկում էին CRM համակարգերը, դրանց կարևորությունն ու անհրաժեշտությունը, աշխատավայրում ավելի արդյունավետ գործելու հնարավորությունը, ես (ոնց որ միշտ) վերացա մի պահ էդ թեմաներից ու մտածում էի՝ գրողը տանի, մի որոշ ժամանակ առաջ մեր միակ թեման էս մոդուլի հարցաշարն ու էն դասախոսի լեկցիաներն էին։ ուրեմն մի տեղ հասել ենք։ ուրեմն իզուր չէր։ 

ոչ միայն մասնագիտական։ 
կուրսեցիների մեծ մասը ամուսնացել են ու արդեն մամաներ են (հա, Բրյուսովում կուրսեցի=աղջիկ)։ իմ համար էլի ադապտացվելու թեմայա, քանի որ ես դեռ չեմ կարողանում զգալ տարիները, տարիքը։ ու որ իմ կուրսեցիները/ընկերուհիները մամաներ են, ինձ հարկավորա մի պահ ստոպ տալ ու դանդաղ ընկալել ինֆորմացիան։ 

մի խոսքով։ ես իսկապես շնորհակալ եմ բոլոր էներգիաներից, որ էս երեխեքն են իմ շրջապատը ու ընդհանրապես՝ իմ շրջապատնա իմ շրջապատը։ ես իրանց նայելով ոչ միայն հուսով եմ, այլ նաև վստահ եմ, որ ավելի լավ ապագա ենք ունենալու, քան կարծում եք։ եթե միայն բոլորը իրանց աշխատանքը սիրեին նենց, ոնց Լիաննա սիրում իր աշխատանքը․․․ 

գրկ։ պաչ։ 

առանց որևէ -իզմ-ի

հեյ

մենք հիմա ապրում ենք օրերում, որտեղ -իզմ-եր շատ կան՝ էյջիզմ, սեքսիզմ, ռասիզմ, ֆեմինիզմ․․․ու էս ամեն ինչի ֆոնին շատ դժվար է արտահայտել միտք ու չպիտակավորվել, չորակավորվել որպես ասենք՝ ռասիստ․․․ իմ անձնական կարծիքն այս ամենի մասին մարդուն անկախ որևէ պատկանելիությունից հարգելն է, իսկ նրան կարելի է գնահատել միայն իր անձնական որակներից ելնելով՝ վերանալով ցանկացած արտաքին ու ներքին գործոններից։ մարդուն հարգելու ամենաառաջին նախապայմանը նրա ազատությունը, նրա անձնական տարածքի սահմանները չհատելն է, նրան սեփական կարծիքի իրավունք, սեփական միտքն արտահայտելու հնարավորություն, սեփական կյանքը վարելու արտոնություններ տալն է․․․ 

նկարը թեմայի հետ էնքան 
կապ ունի, ինչքան ուրիշները
ձեր որոշումների հետ

տպավորություն է, որ սա պետք է լիներ նորմալը, ավելորդ լիներ քննարկել, էն էլ 21-րդ դարում, երբ այլ մոլորակներում կենսապայմաններ ենք որոնում, երբ արհեստական բանականության մասին ենք խոսում, բայց շատ ցավալի իրականության եմ բախվել ու անպայման ուզում եմ խոսել էդ մասին: 

հայաստանյան իրականությունը ծայրահեղությունների բնօրրան կարող ենք համարել։ երբ փողոցով քայլելիս տեսնում եմ հպարտ կեցվածքով, վստահ քայլվածքով կնոջ, որը  գործնական հեռախոսազրույց է վարում կիրթ ու հաճելի բառապաշարով, հետո սրճարանի մոտով անցնելիս տեսնում եմ հենց նոր աշխատանքից դուրս եկած լանչող աղջիկների, որոնք բովանդակալից քննարկում են վարում գրքերի, աշխատանքի, ֆիլմերի մասին, հպարտանում եմ, որ այո, ունենք պոտենցիալ ու ինչ-որ տեղ սայլը շարժվում է․․․

մի քանի կմ այն կողմ՝ մարզերում, շատ ավելի տխուր պատկեր ունենք։ երբ արդեն չափահաս աղջկան կամ կնոջը արգելվում է ընտրել իր կողակցին/մենակությունը, իր հագուստը, ապրելավայրը կամ աշխատանք/ուսում ունենալը, ուղեղս էդ ինֆորմացիայից մերժում է իրականությունն ընդունել։ իսկապես երևի շատ քիչ եմ կողքերս նայել ու ինձ համար որոշել էի, որ դե հա, հիմա որ դարնա որ․․․ 
no caption here :) 


ու էս ամեն ինչը ընտրություն է, որի հիմքում կան մի շարք հանգամանքներ` ֆինանսական վիճակ, ապրելավայր, ծննդավայր, ինտելեկտուալ բեքգրաունդ, բնավորություն, տեսակ։ Fun fact` այս հանգամանքներին առաջնային տեղ տալ-չտալն էլ է ընտրություն։ Իհարկե, խոսելը շատ ավելի հեշտ է գործելուց, բայց սեփական ինչ-որ չափով փորձ ունենալս թույլ տալիս է վստահ ու հստակ ասել, որ ընտրությունը քո ձեռքում է։ երբ կյանքի փուլերից մեկում քեզ հարցնում ես՝ իսկ ես ուզու՞մ եմ դա, շնորհավորում եմ, դու ազատ ես։ երբ էդ հարցը ստիպված ես տալ ուրիշին, բայց այլ կառուցվածքով․ իմա՝ կարելի՞ է, էդ պահին հող ես լցնում ազատությանդ վրա՝ հաստ շերտով  հող, որից սակայն ոչինչ չի աճելու ու դու էլ չես աճելու։ 

Իսկ թույլտվություն հարցնում ես, որովհետև հետագա քայլերիդ պատասխանատվությունը վերցնելու կամք, ներուժ ու վստահություն չունես։ Կայացած մարդը (մտավոր, ֆիանանսապես, անհատապես) գիտի իր բոլոր արարքների հնարավոր հետևանքներն ու արդյունքները, ու կարող է միայնակ որոշել՝ կարո՞ղ է, թե՞ չէ։  

ուրեմն ես քեզ խնդրում եմ, էս պաթոսական նոտայիս ուշադրություն չդարձնել, գտնել էն ճանապարհը, որով կարող ես մենակդ քայլել՝ առանց ինչ-որ հենարան փնտրելու։ ասումա՝ երկու ուղեղը ավելի լավ է։ ես համաձայն եմ, բայց միայն մի դեպքում, երբ երկուսն էլ այնքան էն ինքնուրույն ու ինքնաբավ, որ ոչ թե մեկը մյուսի վրա պիտի հենվի, մեկը մյուսի հույսին մնա, այլ միայն ընկերակցեն իրար, կիսվեն հաջողություններով, օգնեն մի պահ կտրվել դժվարություններից, երբեք չպարտավորեցնել դիմացինին ու պարտավորություններ չվերցնել։ 

եթե հենց նոր որոշեցիր, որ ուզում ես ինքնուրույն ու ազատ լինել, բայց մտածում ես՝ ոնց․ 
  • (ինքնա)կրթվիր
  • մի վախեցիր
  • վստահիր քեզ
  • տարբերվիր
  • երազիր
  • ազատվիր բոլոր կաղապարներից ու կոմպլեքսներից

ի վերջո ամենկարևորը ազատությունն է, չէ՞ (: 

գրկ 


Վեգան: Հայաստանում:

հեյ

ես երբեք չէի ուզենա գրել էս մասին, քանի որ շատ անձնական թեմա եմ համարում, բայց խնդրում եմ, ախր Հայաստանում ինչ անձնական կյանքի մասին է խոսքը, երբ ցանկացած ծանոթ տեսնելիս հարցնում ա՝ բա ինչքան աշխատավարձ ես ստանում, բա ինչի չես ամուսնանում, բա ինչի եկար Գերմանիայից․․․․ ու էդ հարցերից ամենավատը՝ բա ինչի չես միս ուտում։ 

նախաճաշ Ամստերդամում

երբ որոշեցի, որ այլևս սննդակարգիցս բացառելու եմ կենդանական ծագման ցանկացած ուտեստ, բավականին երկար ու խորը ուսումնասիրություն արել էի ու մի օրվա, մի վայրկյանի որոշում չէր։ Էդ ուսումնասիրութուններին զուգահեռ ես ինձ համար ընտրեցի նոր կենսակերպ, ու ինչքան էլ ցավում էի էն մոտ մարդկանց համար, որ շարունակում են վնասել օրգանիզմին, հստակ որոշեցի ոչ մեկին ոչ մի դեպքում չհամոզել հրաժարվել մսից կամ կաթից․․․ քանի որ հասկանու՞մ եք՝ դա անձնական կյանք է, անձնական որոշում, գիտակցում և այլն․․․ 

Գերմանիայում շատ ավելի հեշտ էր, զի roommate-ս շատ, չափից շատ հանդուրժող էակ էր, մենք, ինչքան էլ նման ենք, ունեինք մեր տարբերություններն ու իրար հասկանում, ընդունում էինք։ Հայաստանում սկսեց մի փոքրիկ պատերազմիկ։ Հենց առաջին օրվանից՝ ո՞նց, բա դու խորոված հիմա չես ուտելու՞։  

վեգան թխվածքաբլիթներ
made by me


ընտանիքիս անդամները շատ ավելի հեշտ տարան կյանքիս էս փոփոխությունը, քան սպասում էի։ Մի քանի հատ՝ իմ սարքածները չես ուտում, մի քանի ճաշկերույթի ժամանակ՝ բա դու հիմա ինչ ես ուտելու ու վերջ․․․ հետո իմ համար հատուկ ուտելիք են առանձնացնում ու yeah, kind of feeling special... 
ընկերներս...գրկ իրանց․․․ Արփիենց տանեցիները օրինակ, ամեն անգամ, երբ ես եմ հյուր, պատրաստում են ինձ համար հատուկ․․․ Իսկ դե եթե դրսում ենք ուտում․․․ասումա՝ կներես, բայց ես միս եմ ուտելու ։Դ 

շատերը կարծում են, որ դժվար ա Հայաստանում վեգան ապրելակերպ ունենալը։ Ես կասեի՝ հա, գուցե միքիչ թանկա։ Դժվար չի։ Նույնիսկ, եթե վեգան take away կապուչինո եք ուզում, Սայաթ-Նովայի վրա Օպերայի մոտ սիրուն աղջիկներ կան, որ ձեր համար կսարքեն կապուչինո սոյայի կաթով։ Yey! 
ու հա, մենք մենակ կանաչի չենք ուտում։ Ընդհակառակը՝ բավականին բազմազան եմ սկսել սնվել, նոր բաղադրատոմսեր եմ գտնում կամ հորինում ու եթե պետք լինի, դիմեք։ 

գրկ։



թե ինչի մասին եմ մտածում գիշերվա հազարին

հեյ

երբ դեռ նոր էի գրանցվել ֆեյսբուքում ու այն դեռ չէր վերածվել բացասական էներգիայի ու կեղծ լրահոսի արտադրամասի, հավես էր, ինչ խոսք․․․ այն ամենը, ինչ շատ հեռու էր թվում՝ մարդիկ, վայրեր, իրողություններ, մի տեսակ մոտենում էին ֆեյսբուքում, մի տեսակ կարողանում էիր շփվել, քոնը դարձնել։ Էդ որոնումների մեջ մի օր գտա Փոքրիկ Իշխանին նվիրված "միակ" խանութը: Քանի որ խանութը Փարիզում էր, ես՝ Սյունիքում ու տենց մի տասներորդ դասարանում էի դեռ, միակ միտքը, որ առաջացավ՝ հավանեմ էջը, միգուցե մի օր պետք կգա։ 

ուշացած հանդիպումները իմ կյանքի անբաժան մասն են։ միգուցե սխալվում եմ, միգուցե հենց էդա ճիշտ ժամանակը, ես եմ շտապողը, բայց մի բան հաստատ ա՝ շատ պատմություններ ունեմ, որտեղ ես ծանոթանում եմ ու ինձ հետ ծանոթանում են մի քանի տարի հետո միայն։ 

ու տենց․․․ էջը հավանելուց յոթ տարի անց
սա գլխարկ չէ
 ես Փոքրիկ Իշխանի խանութից նամակ եմ գրում տուն էն մասին, որ երազանքներն իրականանում են, իմ ամենասիրած փինն եմ գնում ու վաճառողի հետ մի ժամ զրուցում եմ էս պատմության, Հայաստանի ու ճամփորդելու մասին։ Էդ պահին նույնիսկ ես չէի հավատում, որ հաաա Լիլ, էդ խանութնա․․․

․․․․․

արդեն մի քանի օր էր (անցյալով վերջապես) մոռացել էի, որ իմ լավագույն հատկանիշներից մեկը (համեստագույն կերպար), որ ձեռք եմ բերել էս փորձից՝ սպասելն ա, չշտապելն ա, ամեն ինչին ու ամենքին իրենց ժամանակին ընդունելնա։ ու էդ իրենց ուշանալուց չկոտրվելը մի տեսակ, հավատում ես չէ՞, հեշտ չի։ ինձ ճանաչողները գիտեն, որ ես պունկտուալ չեմ։ ես միշտ մի տասը-տասնհինգ րոպե շուտ եմ։ 

հիմա էդ սպասելու փուլերից մեկնա։ ու ինչքան, որ գրում եմ սա, որովհետև կարոտել էի քեզ ու բոլգս, գրում եմ, որ համոզեմ ներսիս շտապողին, որ պետք է ճիշտ ժամանակին սպասել։ ու էդ սպասելու րոպեները պետք ա լցնել երազելով՝ նույնիսկ անհնարը։ 

լավ մնա։ 

տատը չգնաց հարսանիք

տատս էն մարդկանցից էր, ում մասին ասում են՝ ունի կենսագրություն․․․դեռ շատ դժվարա տատիկի մասին անցյալով խոսել․․․տատը դեռ կա, քանի ապրում են պատմությունները իր մասին, քանի վառարանի շուրջ նստած ենք ու մաման պատմումա, որ ․․․․

տատը պետք է հարսանիք գնար՝ Աշխաբադ․․․ մի քանի ամիս անց կպարզվի, որ անձնագիրը գարնանային վերարկուի գրպանում էր մնացել  նախորդ ընտրություններից, բայց էդ օրը չկար ու չկար․․․ամբողջ տունը խառնեցին իրար, անձնագիրը չգտան։ Տատիկի հինգ քույրերը, ամենքը մի երկրի մի քաղաքում էին՝ Աշխաբադ, Լոնդոն, Երևան․․․Ամուսնանում էր Աշխաբադի քրոջ տղան ու պապը համաձայնել էր, որ տատը գնա հարսանիքի․․․ Պապը համաձայնել էր, բայց անձնագիրը չկար։ 

Տատը երգել շատ էր սիրում։ Մի քանի տարի առաջ բուկինիստից գտա մի երգարան՝ ծննդյան նվեր տատիկի համար։ Մամային ասել էր՝ ոնց որ ընտրած լինեն իմ համար, բոլորն իմ սիրած երգերն են․․․ Ամեն զանգի վերջում տատը երգարանից մի երգ պիտի երգեր, հետո ասեր՝ ապրես, ապրես․․․ Շատ էր սիրում ու հաճախ էր երգում Իմ եղեգը, հիմա մենք էլ ենք սիրում․․․ 

Տատը երգել շատ էր սիրում ու գտավ հարսանիք գնալու ձև։ Կանչեց հարևանի տղային, որպեսզի օգնի մագնիտոֆոնով ձայնագրել։ Երգեց, ձայնագրեց մի ամբողջ ձայներիզ՝ իր երգած երգերով ու ուղարկեց Աշխաբադ։ 
Էդպես ամբողջ հարսանիքի ժամանակ էդ երգերն են լսել․․․,-ավարտում ա մաման պատմությունը։ Բոլորս իրար ենք նայում, ես միացնում եմ Եղեգը, լսում ենք, ժպտում, որովհետև չկա պատմություն տատի մասին, որ չստիպի ժպտալ։ 

Տատի նկարն էլ՝ գրապահարանի վրա դրված, նայումա մեզ, ժպտումա ու ասում՝ ապրես, ապրես․․․ 


թուզ, նուռ ու ձմերուկ

ինչպիսի գործատու պետք չի լինել 21րդ դարում։ սա կարող էր լինել վերնագիրը։ բայց դա կդիտվեր որպես միջին վիճակագրական գովազդ։ դրա համար էլ վերնագրեցի թուզ, նուռ ու ձմերուկ։ համով բաներ են ինչ խոսք։ 

ես մոտավորապես երկու ամիսա ինչ Հայաստանում եմ ու աշխատանքի փնտրտուքներով անընդհատ հարցազրույցների, հանդիպումների, ինչ-որ դիմումներ լրացնելու, CVներ ուղարկելու խառը գործերի մեջ եմ։ Բանն այն է, որ ես նորմալ աշխատանք եմ ուզում։ Անդրանիկը ճիշտա թե՝ Հայաստանում գործ գտնելը բարդ չի, Հայաստանում լավ գործ գտնելնա բարդ։ 

հիմա կիսվեմ էս երկու ամսվա փորձովս ու որ ամենակարևորնա՝ ասեմ ինչ եմ հասկացել էս ամեն ինչի արդյունքում։ իրականում փորձս էդքան էլ դրական դեպքերի շարք չի։ հիմնականում զարմանքա եղել բացասական ֆոնի վրա, եղելա հիասթափություն, եղելա անպատասխան մնացած էլ փոստեր ու ինչ-որ տարօրինակ պայմաններով Internship/փորձաշրջաններ։ 

ամենավատ բանը, որ կարա լինի աշխատանք փնտրող մարդու հետ էդ ուղարկած CV-ին պատասխան չստանալն է։ ի՞նչ են անում HR-ները՝ ոչ մեկ չգիտի։ Ժող, եթե չունեք աշխատող, որը կգրի մերժելու նամակներ (ամենատխուր գործը երևի), ես գիտեմ մարդ, որ կաներ էդ։ (ես էլի) մանավանդ էս դարում գոնե հնարավոր է ավտոմատ ուղարկել էդ նամակը։ ոչ թե թողնել, որ մարդը երազ տեսնի ու երազում գուշակի՝ կկանչեն ինձ հարցազրույցի թե չէ։ 

ավելի վատ փորձա եղել՝ էսօրվա մեջ կասենք անցել եք հաջորդ փուլ թե չէ, որպեսզի լինի հաջորդ փուլի հարցազրույցը։ չեն ասել։ մարդիկ զբաղ են։ նոր աշխատող են ման գալիս ու քո հավեսը չունեն։ 

ավելի վատ փորձա եղել՝ հիմա դու փորձաշրջան ես անցնում։ քեզ փորձում ենք հազար ձևի, մինչև տեսնենք էլ ինչ պայմանների կդիմանաս, որ ամենավատով աշխատեցնենք։ ժող, չէ, ես ազատ քաղաքացի եմ, ես ունեմ իմ պայմանները, ինչքան էլ որ էս պահին իսկապես աշխատել եմ ուզում, ես դեռ ունեմ իրավունքներ։ 

ավելի վատ փորձա եղել՝ հարցազրույցը ասենք PR մենեջերի համարա, պարզվումա դու համ էլ պիտի անես sales, copywriting, SMM, Project Management, հաց դնես, սեղանը հավաքես, ճագարներին կերակրես, ծխնելույզները մաքրես․․․ 

ավելի վատ փորձա եղել՝ ուղարկել եմ CV, հաջորդ օրը ստացել եմ պատասխան նամակ, որտեղ կար Excel file, հարկավոր էր ներբեռնել, լրացնել անուն, ազգանուն, տարիք, հասցե, վարորդական վկայական, անձնագրի տվյալներ ու հետո հետ ուղարկել իրենց էդ ֆայլը։ 

․․․․ ուզում եմ հասկանալ՝ էսքան ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներով ոնց են պորֆեսիոնալ ու սրտացավ աշխատողներ ուզում ունենալ։ մաման երևի ճիշտա՝ ես միքիչ չափից շատ բան եմ ուզում, շատ պերֆեկցիոնիստ եմ։ բայց գոնե գիտեմ ուր եմ գնում։ ու նենց միքիչ էլ համոզված եմ ախր, որ ես նորմալ պահանջներ ունեմ։ ժամանակաշրջանին ու ունեցածս փորձին հարիր։ 

էսքանից հետո չեմ կարա չասեմ, որ հրաշալի մարդկանց ու կազմակերպությունների հետ ծանոթացա էս ընթացքում։ երկրի ապագայի համար ինչ-որ բան անող մարդիկ, որ զուտ փող աշխատելու նպատակ չունեն։ ասենք ուզում են այլընտրանքային կրթություն ստեղծել, երեխեքին մտածել սովորեցնել, առաջ նայել ու ինչու ոչ՝ կողքերը նայել։ 

կարևոր մի բան հասկացա՝ ինչքան էլ որ պարապ մնաս, հազար բան կա անելու, գոնե ինքնակրթվելու ժամանակ ունես, բայց երբեք մի արա էն, ինչ դուրդ չի գալիս։ երբեք մի համոզիր քեզ, որ էսօր միքիչ ուրիշ կլինի։ ես մի քանի օր համոզեցի, ես մի քանի անգամ փորձեցի․․․ 

բլոգը իրականում գրել եմ սեպտեմբերին։ 

update: հիմա ունեմ աշխատանք։ not the dream job I have always imagined, բայց ինչ-որ նոր սքիլեր սովորելու տեղ ա։ զուգահեռ էլի ուսումնասիրում եմ աշխատաշուկան․․․էս օրերին դժվար մեծ փոփոխություններ լինեն, բայց ես ապագայի հետ մեծ հույսեր եմ կապում։ 



առաջին երազս ․․․․ շատ #անկեղծ

ինչ-որ մի ժամանակից սկսել եմ կարևորություն տալ երազներիս։ կար ժամանակ, որ նույնիսկ «իրականանում» էին․ ասենք՝ տեսնեի մեկին երազումս ու հաջորդ օրը մի լուր լսեի իրենից, կամ զանգ ստանայի, կամ մեկը պատմեր իր մասին առանց իմ հարցնելու։ 

ու էսօր հիշել եմ իմ մանկության ամենաառաջին երազը։ մոտ չորս տարեկան էի։ զարմացա՝ որ ծանոթներիցս ոչ մեկը չէր հիշում իր առաջին երազը։ 

մեր ու մեր հարևանի բակերի միջև մի հատ քարե պարիսպ կա։ շատ բարձր չի, միքիչ տանջվելով բարձրանում էի փոքր ժամանակ։ ու էն օրերին, երբ տուն էի գալիս ու դուռը փակ էր լինում, կամ ուղղակի հավես կար, մտնում էի հարևանի բակ, քանի որ իրենք դարպաս չունեին, պարսպի վրայով թռնում մեր բակ ու մտնում տուն։ Մեր բակի կողմի դուռը երբեք չեն փակում մերոնք։ 

երազումս մեր հարևանը ջղայնացել էր, որ ամեն անգամ մտնում եմ իրենց բակ ու որոշել էր ինձ սպանել։ ես ընկերներիս հետ էի ու տենց, որպեսզի իրենք չպատմեին, որ ինքն էր ինձ սպանողը, իրենց էլ էր ուզում սպանել։ (վերացնել հանցանշաններն ու վկաներին, այո) ու մենք փախնում էին իրենից։ 

փողոցի վերջում մի տուն կար, որից ես միշտ վախեցել եմ։ ես համոզված էի, որ էդ տանը վհուկն ա ապրում։ էն որ մեծ ավելով թռնում են։ բայց երազումս ես գնացի էդ վհուկի բակ, որպեսզի թաքնվեմ մեր հարևանից։ 

ինչևիցե։ երազս հեփիէնդով չի։ հարևանս գտավ ինձ ու սպանեց ատրճանակով։ ես մինչև հիմա հիշում եմ էդ զգացողությունը։ ոնց ասենք՝ ասեղ մտնի գլխիդ մեջ ու էդ ձայնը լսես․․․էն որ սառը ջուր ես խմում միքիչ անհարմար ու սվվումա ատամդ։ էդ զգացողությունն էր, որ ինձ սպանեց։ ու ես մահացա։ 

էս օրերին բոլորիս երազները միքիչ կամ միքիչ շատ պատերազմական են, կռիվներ են, ԱԹՍներ են ու մահեր։ 

ամենավերջում ուզում եմ, որ մենակ մեր երազներում էդպիսի բաներ տեսնենք ու զգանք։ 

խաղաղ։ 





իմիջիայլոց

իսկ ինչ կլիներ եթե կարողանայի ցուցամատս ու բթամատս կպցնել իրար, պահել քո դիմաց, հետո իրարից դանդաղ առանձնացնելով քեզ մոտեցնել ինձ։ ոնց ասենք մոտեցնում ենք նկարը, որ ավելի լավ տեսնենք մանրամասներն ու ետին պլանի շանը (ասենք) կամ ծանոթ թվացողի դեմքը։ էդպես ավելի լավ ենք ճանաչում նկարը։ էդպես ավելի լավ կճանաչեի քեզ։ 

նկատել ե՞ս ինչքան ծիծաղելի են շտապողները։ ֆիզիկական շարժումներն ու նրանց չհաշվարկած քայլերը․․․երկու անգամ նույն ոտքով քայլելն ու թղթերը աջ ու ձախ թափթփելը, բառերը մոռանալը․․․ 

ծիծաղում եմ գրելիս, որովհետև․․․․էդպես ես մեկ-մեկ ու շատ հաճախ մոռանում եմ ասելիքս, երբ նայում եմ քեզ։ կամ էլ դու ես նայում։ կամ էլ խոսում ես։ ժպտում ես։ 

ինձ կօգնի միայն ժամանակը։ ես չեմ խանգարի ստվերներին, քամուն, տողերին․․․ ես նայում եմ կողքից։ աչքերս, հա, կկոցում եմ, բայց քեզ ինձ չեմ մոտեցնում բթամատով ու ցուցամատով։ որովհետև դա ևս շտապելու օրինակ է։ իսկ շտապողները, ախր հա, շատ ծիծաղելի են կողքից։ 


ծննդյան չերազած մի օր կամ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ


-եթե ոչ մի բան չես նախատեսել, լավ միտք ունեմ ծնունդիդ համար` արի կավագործության գնանք Էջմիածնում,-ասումա Արմինը սեպտեմբերի 25-ին ու ես մտածում եմ, որ էդ լավագույն տարբերակնա անիմաստ աղմուկ անելու, ուշադրության կենտրոնում, տենց մի տեսակ արհեստական նշելու: 
Ես ծննդյանս օրը երբեք էլ չեմ սիրել, որովհետև էդ օրը շատ եմ լսում ու կարդում` մնա այնպիսին, ինչպիսին, որ կաս ու կապույտ երկնքի մասին նամակներ: Իմ երազանքները (եթե իսկապես ունեմ) մի տեսակ վաղուց չեն իրականանում (չեմ բողոքում, զուտ փաստ եմ արձանագրում) ու հեչ դուրս չի գալիս, որ մենակ ծնունդներին ենք հիշում իրանց մասին: 
Էջմիածնի միտքը լավն էր, պիտի գնայինք կավագործության, ես էլ ուրախ էի: 

․․․

-եթե ոչ մի բան չես նախատեսել, լավ միքտք ունեմ` արի կամավորության գնանք Աբովյանում: Պահեստ կա ինչ-որ, որտեղ զինվորների սնունդն են փաթեթավորում,-ասումա նույն Արմինը արդեն ծննդյանս օրը` սեպտեմբերի 29-ին ու ես մտածում եմ, որ էդ լավագույն տարբերակնա` մի օգուտ տալ, մի կերպ մի մաս կազմել էս պատերազմի ու էս հաղթանակի: Գնում ենք Աբովյան: 
Իմ մոտ տպավորությունա, որ ոչ թե մենք ենք գրում մեր պատմությունը, այլ պատմություննա գրում մեզ` հայերիս: Ու գրելով ասումա` դուք պետք է լինեք անտանելի իրար ատող ու խանգարող, չսիրեք իրար ու չօգնեք մինչև չգա (պաթոս alert) օրհասական մի պահ, որ որոշվումա` վաղը հայ ենք մնալու, մնալու ենք ընդհանրապես, թե չէ: Երեկ, մի քանի օր առաջ էդ նույն մարդիկ մի վեց-քսան պատճառ կգտնեին իրար ատելու ու չհասկանալու համար, կռվում էին` դնել դիմակ, թե էս կորոնան լրիվ սարքածա, ճիշտ էր, որ հեղափոխություն եղավ, թե նույն վիճակնա երկրում, էսօր էդ մարդիկ, էդ ջահելները առանց իրար անուն իմանալու տուփերի մեջ սնունդ, չոր սպիրտ ու սեր էին դասավորում` սահման ուղարկելու։
Տարածքում հեռախոսի կապը լավ չէր, ու էդ լարված պահին հանկարծ մեկը էլ չէր դիմանում` գնամ դուրս, տեսնեմ ինչ նորություն կա ու գալիս էր` մի վեց հատ ԱԹՍ ենք խփել, հեշթեգ հաղթելու ենք: 
Բարբարիս կոնֆետներ ու չոկոպայ ենք դնում տուփերի մեջ, աղջիկներից մեկը մեկումեջ շոկոլադներա գաղտնի ավելացնում` տղերքին էներգիայա պետք, էդ ձեր կոնֆետները հերիք չեն էդ ԱԹՍ-ների համար: 
Մի քանի օրից նամակ ենք ստանում սահմանից, որ ԱԹՍ խփելու գրազի համար սնիկերսներա պետք: 
Գանգուր մազերով մի աղջիկ էլ գալիսա` ով կօգնի նամակներ գրենք: Արմինն ասումա` դու գրելու հետ սեր ունես, գնա, ստեղծագործի: Արտակին խնդրում եմ, որ պոստիս նայի ու չթողնի, որ անձեռոցիկը պակասի տուփերից ու գնում եմ գրելու: Սպիտակ փոքր քառակուսի թղթերին մեծատառերով գրում եմ հեշթեգ հաղթելու ենք, գրում եմ, որ իրանց կողքին ենք, կարոտում ենք, գրկում ենք ամուր, գրում եմ` ինքը սպասումա քեզ. որովհետև համոզված եմ, որ ամեն մարդ ունի իր "ինքը": 
Մի քանի օրից սոց կայքերում տեսնում ենք մեր գրածներն ու չենք հավատում, որ հասավ: 
Մեզ հույս ենք տալիս, թե էդ տուփերը սննդով, չոկոպայով ու սիրով լցնելով օգուտ ենք տալիս երկրին, օգնում ենք տղերքին, բայց երբ կենտրոնանում եմ, որ իսկապես, մի քանի թիզ հողի վրա, մի քանի կմ էն կողմ ամենաչերազած իրականություննա, պատերազմա, կռիվ, իսկական, Արծրունի ասած` հինգերորդ սերնդի պատերազմ, չեմ ուզում ուղղակի տուփերի մեջ թղթերի վրա գրել քեզ հետ եմ զինվոր, ուզում եմ իսկապես կանգնել էդ քաջերի կողքին, ու չէ, չեմ վախենում․․․ 


ինչ են խոսում քո մասին ծերուկները

   
   

  եկան ու նստեցին ծերուկները կիսամութ սենյակի կենտրոնում։ բոլորեցին փայտի սեղանի շուրջ հինգ ուղեղները։ բոլորը ալեհեր, բոլորը կնճիռներով ու բոլորը կյանքից։ մեկը ծովահենի նման փակել էր աչքը սև կտորով, հավանաբար գիշերն ավելի լավ տեսնելու համար։ ու հենց բարևից հետո կատակեցին աչքը սև կտորով փակելու մասին, կատակեցին թեթև, ծիծաղեցին ծանր, ու գնացին առաջ քննարկելու քեզ, քո կյանքն ու քո ճանապարհը։
   ու ինչ կխոսեն նրանք քո մասին։ ամեն օր տեսնում են ինչպես ես հոգնած ու ալարկոտ բացում աչքերդ։ հաստատ տեսնում են պատին գրված մտքերդ՝ ուզում եմ նորից քնել։ չեմ ուզում արթնանալ։ ուզում եմ նորից ծնվել։ պետք էր գուլպաները միանգամից լվանալ, ոչ թե թողնել սենյակում։ շանը պետք է դուրս տանել։ առանց այդ էլ երկար եմ քնել։ մեղք է բոբին։ բոբին քո շունն է։ շանդ անունը բոբի է։ իսկ դու էսքան ժամանակ չես նկատել, որ անունը նրան դուր չի գալիս։ միայն մի դեպքում է մոտդ գալիս, երբ կանչում ես՝ բոբի ջան, բոբչկա։ այսինքն շունդ սիրում է, երբ սիրում ես իրեն։ բայց չի սիրում, թե ինչ անուն ես ընտրել իր համար։ ինքը ավելի շատ կուզեր երևի լեսի կոչվեր։ կանչում ես լեսի։ մի տեսակ զարմացած նայում է վրադ։ ծերուկներից մեկը արագ գրառում է այդ հայացքը՝ շունը ուրախացավ լեսի կոչվելուց։ դու վեր ես կենում ու գուլպաներդ տանում ես լվացքի մեքենայի մեջ գցելու։ լեսին պոչը ուրախ շարժելով մոտենում է մուտքի դռանը։ եկա։ ասում ես դու ու խալաթդ գցում ես հագդ։ մենակ թե հարևաններից ոչ մեկը չնկատի, որ ես շանս հետևից չեմ մաքրում։ մտածում ես դու, որովհետև մոռացել ես հետդ պոլիէթիլեն վերցնել։ հահ։ գրառում է ծերուկներից մյուսը։ ճակատին կնճիռներ կան, որտեղ դարերով գրվածքներ կարող ես կարդալ։ մտքեր կարող ես լսել։ իսկ ծանր ժպիտի տակ մի քանի էջանոց նախադասություններ են, նրանցից որ չեն ավարտվում։ դու բերում ես շանը տուն։ նրա ու կատվի համար կեր ես լցնում ամաններում ու գնում ես քո խոհանոց, քո նախաճաշի հետևից։ լեսին չմփչմփացնելով է ուտում իսկ սարիին դա դուր չի գալիս։ մի տեսակ նեղացած նայում է քեզ՝ ինչի ես մեր կերամաններն իրար այսքան մոտ դրել։ դու չես հասկանում։ ծերուկը գրառում է անում նոթատետրում ու քեզ հիշեցնում է, որ գազօջախին սուրճ կա։ չես հասցնում անջատել, բարձրանում է։ բայց վերջին պահին փչելով իջեցնում ես սուրճն ու էսօր էլ հարկ չկա գազօջախը լվանալու։ մոտենում ես պատուհանին ու մտածում, որ կյանքն ի վերջո էդքան էլ վատը չէ։ մանավանդ երբ հասցրել ես սուրճը անջատել։ ծերուկը խնդմնդում է քթի տակ ու գրառման կողքին վերջակետ ու փակագիծ է նկարում՝ հետո հիշեցնելու համար, որ էդ պահին ժպտացել ես։ 
մյուսը քեզանից դժգոհ է, որովհետև գիշերները ուշ ժամին շատ գարեջուր ես խմել ու ստիպված ես եղել մի քանի անգամ ստամոքսի  ցավից արթնանալ։ գլխացավերդ էլ էնքան հաճախակի են դարձել, որ խեղճը ամեն անգամ պետք է քեզ բզի, որ հիշես ջուր խմել։ ինչքան համոզեց, չգնեցիր էդ դեղին կպչուն թղթերից, որ սառնարանի վրա փակցնես ու հիշեցնեն քեզ ջուր խմել։ ծաղիկներդ էլ նույն կերպ ծարավ են մնացել։ ծերուկը դժգոհ է էս երեկո։ մյուսն ամեն ինչ արեց, ամեն կերպ քեզ համոզեց, որ վերջապես գրախանութից գնես էդ գիրքն ու վերջապես օրը մի երկու էջ կարդաս։ ամեն օր գրում ես ու ամեն օր մոռանում։ ծնողներիդ զանգում ես ամիսը մեկ անգամ։ իսկ ընկերներիդ տեսել ես նախանցած շաբաթ։ չես սնվում նորմալ։ ծերուկները հենց դրա համար էլ հավաքվել են։ թափթփված ես դարձել։ քեզ հետ բերել է պետք։ քեզ գտնել է պետք․․․

մի խոսքով, էսքանն էր պատմությունը, մնացածը գրում ես դու։ դու ես որոշում, թե ինչի մասին են խոսելու քո մասին քո ծերուկները։ իրանք հետևում են քեզ, հուշում են քեզ, մեկ-մեկ մոռանում են, մեկ-մեկ էլ ջղայնանում։ ու հաճախ կան բաներ, որ դու չես էլ նկատում՝ ասենք, որ իսկապես սիրահարված ես, կամ խոհանոցի լույսը վառ ես թողել քնելուց առաջ։ ծերուկները նկատում են, գրում են, քննարկում են։ ու իրանց շնորհիվ դու հաջորդ անգամ քնելուց առաջ մի անգամ էլ ես նայում խոհանոցի լույսին, կամ էդ աղջկան տեսնելուց մտածում ես՝ հա՞, միգուցե սիրահարվել եմ։ մյուս անգամ գարեջուր խմելուց միքիչ ավելի ուշադիր կլինես չափի մեջ, որովհետև ծերուկները մի քանի օր առաջ զրուցում էին էդ մասին։ 

իսկ ի՞նչ, եթե ամեն ինչ իրոք էդպեսա։ իսկ ի՞նչ՝ եթե ես չեմ գժվել ու էսքանը անիմաստ չեմ ասում։ պատկերացնում ե՞ս՝ սա լինի իրականը։ 

դե ամեն ինչ արա, որ չջղայնացնես ծերուկներիդ։ 


ա դե չեմ ուզում, չգիտեմ


ամեն անգամ NEW POST կոճակի վրա սեղմելուց ասում եմ՝ հիմա ինչով ես մարդկանց ժամանակը խլելու, հիմա քեզ ինչի մասնագետի տեղ դրած ես համոզելու, որ այ՝ այսպես մի արա, զի այսպես ավելի ճիշտ է քեզ համար ընթերցող սիրելի․․․․ ու ամենա-խնդալու-ահավոր-տարօրիանակ-սահմռկեցուցիչ պահն այս պատմության այն է, որ միշտ էլ գտնում եմ մի էդպիսի թեմա։ 

բարև, էսօր կխոսենք չուզելուց։ 

եղել ա, որ աչքերդ բացես ու ասես՝ չէ էլի, չեմ ուզում նույնիսկ վեր կենամ․․․ չես ուզում սուրճդ սարքել, եթե ուրիշն էլ սարքի, չես ուզում խմել, չես ուզում իմանալ՝ տարվա որերորդ օրն է, չես ուզում էդ օրը ապրել․․․ 

արի քեզ մի գաղտնիք ասեմ, որ քեզ էլ ինձ էլ կփրկի էս պատմությունից՝ բոլորի հետ էլ լինումա։ ու ոնց որ քո կյանքի ամեն փուլում, ամեն որոշումից առաջ, դու ունես ընտրության հնարավորություն։ Դու կարող ես մնալ վերմակի տակ, կարող ես անիմաստ scroll անել սոց․ կայքերի էջերդ, տեսնել ընկերներիդ story-ները, որ աշխատանքի գնալու ճանապարհին են (ասենք) կամ հանգստանում են, կամ ինչ-որ մի հիմար բան գրել են էլի` ոնց կարան քո ընկերները մի նորմալ բան գրեն (joking honey)։ Սա առաջին տարբերակն է, որ էդ պահին նույնիսկ նախընտրելի է։ մյուս տարբերակը չեմ ասի, որովհետև տրամադրությունդ պիտի ընկնկի։ պիտի վեր կենաս, քեզ թափ տաս, ինչ-որ հավես երգ միացնես, պիտի սարքես էդ կոֆեն ու խմես, որ ուշքի գաս։ իսկ էդ քեզ պետք չի։ պիտի մարզվես, ինչ-որ համով բան սարքես, կարդաս միքիչ, ի վերջո դուրս գաս տնից, իսկ դու գիտես էդ ինչքան հոգնեցնողա։ հավես չկա, չես ուզում։ կյանքը դրսում առաջա գնում, դու էլ պառկել ու անընդհատ scroll անել ես ուզում։ ուրեմն թող կյանքը դրսում, դու մնա քո վերմակի տակ։ ոչ մի դեպքում չընտրես էդ կյանքի հոսանքին միանալը, չընտրես խնդիրներիդ ու դրանց շղթաներին թեք աչքով նայելը։ քո խնդիրները, սիրելիս, ամենաբարդն են, ամենամեծն են, ամենաահավորն են։ գիտես չէ՞, դու անընդհատ ամեն ինչ անում ես էդ խնդիրները լուծելու համար, բայց ոչ մեկ քեզ չի հասկանում, ոչ մեկ քեզ չի ընդունում, ոչ մի տեղից վերջը չի երևում։ իսկ պայքարելը անիմաստա։ ու՞մ դեմ պայքարես՝ չէ, որ դու էդքան ուժ արդեն էլ չունես, հոգնել ես ու ․․․․ չես ուզում։ 

ես քեզ հիմա ամուր գրկում եմ։ օրվա մեջ քեզ գտնելու լիքը ուժ եմ ցանկանում։ երևի ինչ-որ հիմարություն անենք  էսօր ես էլ, դու էլ։ թե չէ էսքան պարապ մնալ չի կարելի։ 

վաղը իրար հետ կլուծենք բոլոր խնդիրներդ։ կգրենք թղթերին ու կջնջենք կարմիր մատիտով։ էսօր scroll արա։ 

մմմ․․․դուրդ եկա՞վ։ չէ լսի։ վեր կաց։ կոֆեդ դրել եմ արդեն։ վեր կաց, սկսենք․․․


ի՞նչ լսել


                                                                      Köln, 2018

հը-ը, երգերի մասին չեմ խոսելու, ինչ ուզում ես, լսի, դու, քո խիղճը․․․
 սպիտակ պատ, բաց շագանակագույն հատակ, երկու աթոռ ու երկար ու իմաստալից զրույցներ։ Զրույցներ, որ ինչ-որ ասելիք ունեն, որ քեզ իրանց հետ մտածելու առիթ են տալիս։ 

էս վերջերս էս ֆորմատը, որ տենց կողքից անվանում ենք պոդկաստ, շատ մեծ տարածում ստացավ մեր շուկայում, ու ես միայն շատ երջանիկ եմ էդ առիթով։ Մանավանդ, եթե ներսի մարդ ես,  ժամանակակիցների լեզվով ասած ինտրովերտ ես, քո մտքերը կիսելու շատ լավ տարբերակ են պոդկաստները։ Պոդկաստները, ոչ թե հարցազրույցները։ Շատ կարևորա, որ հարց տվողը նաև սեփական կարծիքն ա արտահայտում, ինչու ոչ՝ համաձայն չի լինում զրուցակցի հետ, ու էս ամեն ինչը վերածվումա մի հավես քննարկման։ 

Հիմա ներկայացնեմ մեր Youtube-ի իմ ճանաչած հավես ալիքները, որտեղ կարող եք լսել ձեզ հուզող թեմաներ, մտածել իրանց հետ, չ/համաձայնել․․․․



Անյան ու Էդոն հրավիրում են հիմնականում ճանաչված մարդկանց տարբեր ոլորտներից՝ շոու բիզնեսից դեմքեր, սոց կայքերում հայտնի անձինք, խոսում են էդ մարդու հասկացած ու խորացած թեմայից։ Ինձ հատկապես դուրա գալիս, որ իրանք միշտ չի, որ համաձայն են հյուրի հետ, իրանք նաև շատ ինֆո են տալիս, թեկուզ հենց երբ զրույցի ժամանակ էկրանիդ հայտնվումա էն մարդու նկարը, ում մասին խոսում են, իմ նման դեմքերից ու անուններից թույլ մարդու համար դա շատ հաճելիա։ Իրանց հաղորդումները իմ համար լսելի են երեկոները։ Ես դա կապում եմ իրանց նախկին անվան հետ՝ Գործից հետո (ի դեպ ինձ էդ ավելի էր դուր գալիս)։ 

Ինչի՞ եմ խոսում, թե օրվա որ պահին եմ նայում պոդկաստը․ բանն այն է, որ դրանք մոտիվացիայի շատ լավ աղբյուր են ու կարևորա հասկանալ, թե որ զրույցը մոտիվացիայիդ որ լարերինա կպնում։ (լավ էլի, Լիլիթ) 

Yerevan Podcast-ին հակառակ նախընտրում եմ առավոտներս սկսել 


Նարեկի վիդեոներին ծանոթացել եմ (ինչքան էլ որ զարմանալի լինի) Միշոյի հետ զրույցով։ Խոսում էին մշակույթից, մեր երկրում եղած խնդիրներից, բողոքելուց․․․ Ու հիմա Նարեկի վիդեոները նրանցից են, որ մինչև նայելը մի հատ հավանում եմ, ուղարկում եմ մի քանի հոգու (էն մարդկանց, որ գիտեմ՝ գնահատում են հետաքրքիր թեմաները) ու հետո նոր նայում եմ։ Ինձ շատա դուր գալիս զրույցների թեմաների զանազանությունը, իմ ամենասիրած գրքերին հղումները, որ Նարեկը անումա զրույցի ընթացքում։ Էս վիդեոները լսվում են առավոտները։ Քեզ կարան օգնեն, որ փորփրես, հարցեր տաս, կարդաս, սովորես․․․ ինձ հատկապես տպավորելա Արուսիկ Վակցինայի հետ զրույցը, որից հետ իջա հյուրասենյակ ու հայտարարեցի, որ պապ, գիտեմ, որ դժվարա՝ թողես ծխելը, բայց մեր մոտ էլ երբեք չծխես։ 

Ուզում եմ, որ իմանաք Ոզում եմ խոսենք-ի մասին, որ ֆբ-ում ա դնում վիդեոները Vivaro Culture-ի էջում։ Զառան ու Դիանան խոսում են բոդիպոզիտիվի մասին, ամենահետաքրքիր ու հուզող թեմաներից, ու ձեզ հաստատ կսովորեցնեն սիրել ձեզ, գնահատել ձեզ, առողջ լինել մարմնով ու հոգով։ Եթե օրվա մեջ հավես տրամադրությունա պետք, ինչ խոսք, իրենց կապահովեն էդ ձեր համար։ (Ի դեպ Զառան Ինստայումա շատ ակտիվ, եթե հետաքրքրումա թեման, հետևիր)

Իսկ եթե սեղմես այստեղ, կլսես կրթության, փորձի, կանանց իրավունքների, բռնության մասին խուտուտ տվող զրույցներ։ Մեծ մերսի Էդուկարէ-ին էս թեմաները շոշափելու ու կաղապարները շրջացնելու համար։ 

Ես քեզ իհարկե իրանց մասին էլ կպատմեի, բայց չէ էլի ։Ճ 

Տենց․․․ Հուսով եմ՝ օգնեցի քեզ։ Էս մարդիկ էն քչերից են, որ բողոքելու փոխարեն ինչ-որ բան են անում մեր համար։ Ես էլ ուզեցի, որ շնորհակալ լինեմ իրանց գոնե միայն չբողոքելու համար։ 
Դե քեզ լավ օր, մեկնաբանությունում գրիր, թե դու ինչ ես լսում։ Գըրկ։ Պաչ։ 

 




ի վերջո՝ ինչ ա կյանքը


երևի/հաստատ լսել ես՝ կյանքը պայքար է․․․և այլն, և այլն․․․ եկել եմ ասեմ՝ չէ։ 

                                                     
Պատկերացնենք՝ երկար ու դժվար օրվանից հետո, երբ շեֆին դուր չի եկել էդ օրվա աշխատանքդ, երբ առավոտյան կոֆեն թափելա գազօջախին ու չես հասցրել մաքրել, երբ ընկերդ սկսել ա ծխել/ ընկերուհիդ քեզանից վերջին սերնդի smart watch ա ուզել ծննունդի նվեր, իսկ գործերդ էդքան էլ լավ չեն․․․այ էդ օրվանից հետո քայլում ես Կոնդով ու դիմացդ մի հատ շատ մեծ՝ խնդիրներիցդ մեծ շուն։ Ի՞նչ ես անում։ Կամ պիտի պայքարես էդ շան դեմ (նու հազիվ  անտիլոպից արագ փախնես էլի) կամ ուղղակի քեզ հանգիստ պահես (այսինքն գլուխդ կախ շարունակես դեպի Լեո)։ 

Հիմա արի էս վերևի պարբերության մեջ շունը հանենք։ Չէ՞ որ մեր մայրաքաղաքի փողոցների բոլոր շները բարի կենդանիներ են ու նորմալա, որ իրանք լիքն են, իրանք մեզ վնաս չեն տալիս, ոչինչ որ հաչում են շատ․․․․(շեղվեցինք շատ) ու շան փոխարեն պատկերացրու կյանքդ։ Ի՞նչ ես անում։ Գլուխդ կախ անցնում ես դեպի Լեո՞, թե՞ փախնում ես կյանքիցդ (կամ ընտրում պայքարի մի տարբերակ)։ 

Կյանքը պայքարա, եթե անհաշտ ես քո հետ։ Եթե կորել ես։ Մենք երազում ենք գտնել մեր soulmate-ին, մենք ամբողջ կյանքում փնտրում ենք իրան, բայց մի րոպե չենք մտածում, որ մեր հոգու ընկերոջը փնտրելու փոխարեն պետք է պարզապես լինել  ընկեր մեր հոգու համար․․․ WOW, Լիլիթ, էս ինչ մտքեր ես ասում, հայուհի՛։ Հը-ը։ Ես չեմ։ Russel Brand-ն ա։ Մի հրաշալի կոմիկ, որ քեզ Մելիքի պես թափ տալ կստիպի։ 

Կյանքը պայքարա, եթե պատրաստ չես։ Եթե թափթփված ապրես, է նորմալա, պիտի պայքարես էլի։ Եթե ուշադիր չլինես ասենք վարկի տոկոսների օրվան, էդ օրդ պայքարա դառնալու, եթե ժամանակին չսովորես, չաշխատես ինքնազարգացմանդ վրա, հետո աշխատանք գտնելը պայքարա դառնալու, եթե առավոտյան արհամարհես գոռգոռացող զարթուցիչիդ, ուշանալու ես ու աշխատանքի գնալդ դառնալու ա պայքար։ Եթե ինչ-որ սնունդ օրգանիզմիդ հյուրասիրելուց առաջ չմտածես՝ ինչքանովա էդ քեզ պետք, մի օր հաստատ ստամոքսիդ խնդիրներով հիվանդանոց կգնաս ու այ քեզ պայքար։ Եթե ամեն օր բազմոցին պառկած հեռուստացույց նայես, ճարպից ու ավելորդ քաշից ազատվելու մի մեծ պայքար կդառնա կյանքդ։ Ի՞նչա պետք դրա համար։ Ընդամենը առողջ ապրելակերպ։ Առողջ ու համերաշխ կյանք ինքդ քեզ հետ։ 

Կյանքը պայքարա, երբ ինքդ քեզ չես հերիքում։ Ես տխուր եմ, որովհետև նա ինձ լքեց, կամ չեմ գտնում մեկին, որ կհասկանա ինձ։ Քանի՞ անգամ եք/ենք ասել/լսել էս արտահայտությունները։ Երբ դու ու քո մտքերը, քո ու քո քննարկումները դառնում են հետաքրքիր, որովհետև դու ամեն օր աշխատում ես մտահորիզոնդ ընդարձակելու վրա, երբ կարդում ես, երբ քեզնից միքիչ էն կողմ էլ ես աշխարհ տեսնում, երբ հետաքրքրվում ես, թե օրինակ ինչի՞ Լիբանանում եղավ էդ մեծ պայթյունը ու ինչա ամոնիում նիտրատը, միքիչ հնարավորա շեղվես որ դու տխուր ես ու ինքը քեզ լքեց։ 

Նայ, կյանքը պայքար չի։ Կյանքը շատ հետաքրքիր ու սիրուն դեպքերի ու դեմքերի շարքա, կյանքը հեշտ չի, բայց ոչ մի բան հեշտ չի, ամեն ինչ պահանջումա հետևողական աշխատանք։ Եթե դու գիտես, թե ուր ես գնում ու ամեն օր մի քայլ անում ես դեպի ճանապարհդ, կյանքը դառնումա Հյուսիսայինի սալահատակ (ձմեռները ուշադիր, սղղումա)։ 

Տենց․․․լուրջ բան չէի ասում։ Զուտ հաշտ եղիր հոգուդ հետ, մարմնիդ ու մտքերիդ հետ։ Ոչինչ որ վերխիդ  յառլիկը անընդհատ ծակումա ու քանի օրա մոռանում/ալարում ես կտրես։ 

ինչու ենք դպրոցում շարադրություն գրում և ինչքան հարցեր պետք է տալ պատասխանների համար

Դպրոցում հաճույքո՞վ էիք գրում շարադրությունները․ օրինակ՝ ինչպես անցկացրի ամառային արձակուրդները կամ իմ երազանքը․․․Անկե՞ղծ․ ես՝ չէ։ Արհեստական էր, որովհետև էն, ինչի մասին կգրեի անկեղծ ու բնական, չէի ուզենա ոչ կարդացվեր, ոչ գնահատվեր։ Գրում էի գրելու համար ու ամեն անգամ ինձ հարցնում՝ ինչի՞ ենք գրում էս շարադրությունները։ Մի օր գտա պատասխանը։
Խորհուրդ դպրոցական Լիլիթին՝ հարցերը մի տուր միայն ինքդ քեզ, մանավանդ էդ տարիքում, պատասխանը ուշանում է։ 
Ուրեմն մի շատ խելացի մարդ՝ Ջորդան Փեթերսոնը ասում է՝ եթե ցանկանում ես մարդկանց սովորեցնել մտածել, սովորեցրու գրել։ Ինչու՞ ենք գրում՝ գրում ենք, որ սովորենք մտածել։ Ու մտածել ինչպե՞ս՝ վերլուծական, կամ որ ավելի շատ ենք գործածում՝ անալիտիկ։
Իսկ ի՞նչ է անալիտիկ մտածելակերպը։ Դե մտածելակերպերը տարբեր են, ինչպես տարբեր են մարդիկ։ Կան իդեալիստական, ռեալիստական, համադրական, պրագմատիկ ու հա, մեր էսօրվա թեման՝ անալիտիկ մտածելակերպեր։ Էն հոգեբանական տիպերի նման սրանք էլ ինչ-որ մեկի մոտ հստակ ընդգծված չեն, զուտ գերակշռում է էս կամ էն տիպը։ Լավ իսկ ի՞նչ է անալիտիկ մտածելակերպը,-հարցնում ես դու արդեն երկրորդ անգամ։ Ասեմ․ նայ ինքը պարզեցնում է առաջին հայացքից բարդ ու խառը հարցերն ու խնդիրները։ Օգնում է իրար հետ գործի դնել ինտելեկտուալ հետաքրքրասիրությունդ ու քննադատական միտքդ, որ գտնես էն հարցի պատասխանը, որ մի քանի րոպե առաջ շատ լղոզված էր ու տարօրինակ։ Այ հենց հիմա, եթե մանավանդ նոր ես ծանոթանում գաղափարին ամեն ինչ խառն է չէ՞։ Արի սկսենք սկզբից։
Որպեսզի մեր մեր ցանկացած հարցին գտնենք էդքան կարևոր պատասխանը պետք է հետևենք մի քանի պարզ քայլերի։

Քայլ 1։ Մի քայլ հետ։ Հա, հա, սկզբից մի քայլ հետ գնալը ոչ թե չի խանգարում, այլ օգնումա առաջընթացին։ Երբ հետ քայլ ես անում, ավելի ընդարձակ պատկերացում ես կազմում խնդրի առարկայի մասին։ 
Քայլ 2։ Սկսում ես շերտավորել խնդիրը, առանձնացնել հարցը փոքրիկ հարցիկների։ ։Դ 
Քայլ 3։ Սկսում ես գործել ու հերթով տալ հարցիկների պատասխանը, որոնք ամբողջացնելով էլ կստանաս էն, ինչ փնտրում էիր։ 

Ստեղ մի հատ հիշիր՝  բոլոր հարցերը պատասխանելի են, առնվազն մոտավորապես պատասխանելի են։ 
                                                                                                                 Լիլիթ Մտածող ։Դ 
Սակիչի Տոյոդային ճանաչում ե՞ս։ Ոնց չէ՝ ճապոնական արդյունաբերական հեղաշրջման հայրը կամ պապան ։Դ Ի՞նչ ենք սովորում իրենից։ Հաճախ, եթե ոչ՝ միշտ, միգուցե ստիպված լինես հարցնել մեկից շատ ավելի շատ հարցեր, որպեսզի գտնես փնտրածդ։ Հաճախ, եթե ոչ՝ միշտ, միգուցե ստիպած լինես նույն հարցը հինգ անգամ կրկնել։

-Նոր աշխատանք եմ փնտրում
-Ինչու՞ (համար 1)
-Աշխատանքից հեռացրին։
-Ինչու՞ (համար 2)
-Ուշացել էի
-Ինչու՞ (համար 3)
-Քնած էի մնացել
-Ինչու՞ (համար 4)
-Երեկ զարթուցիչս սխալ էի միացրել, իրիկունվա 8ի վրա էի դրել
-Ինչու՞ (համար 5)
-Խմած էի գիշերը
Voila! (կասեր ֆրանսիացին) Ունենք մեր հարցի պատասխանը։ Ոչինչ, որ 5 անգամ հարցրինք՝ ինչու։ Պետք է նշեմ, որ իրավիճակը զուտ օրինակի համար էր բերված ու պետք չի նոր աշխատանք փնտրող, երեկ աշխատանքը կորցրած ու պախմելի մեջ մարդուն էսքան ինչու հարցնել։ Կյանքի համար նույնիսկ վտանգավոր է։ Չկրկնեք տնային պայմաններում։ 

Հիմա ասեմ մի քանի խորհուրդներ՝ ինչպես էս ամեն ինչը հնարավորինս տեսանելի դարձնել քեզ համար։ Հատկապես, երբ անալիտիկ մտածելակերպդ ուղղված է աշխատանքային գործընթացին ու քեզ շատ կարևոր հարցի պատասխաններ է պետք՝ 

ա․աշխատիր թիմի հետ, տուր հարցեր, ստացիր տարբեր պատասխաններ
բ․ գրառիր սևով սպիտակին, թող նյութականանա աչքիդ առաջ
ճ․ փնտրիր արմատային պատճառը, առանձնացրու նախանշանները
շ․ հստակեցրու, ամեն ինչին անուն դիր 
ն․ շարունակիր հարցեր տալ

Իսկ ինչպես զարգացնել անալիտիկ մտածելակերպը։ Կեցցես, շատ լավ հարց էր։ Ասեմ՝ 
-Կարդա, հատկապես ֆանտաստիկ ու դետեկտիվ գրականություն
-մարզվիր ամեն օր 
-ամեն օր մի նոր բան սովորիր
-պոդկաստներ լսիր (ի դեպ սրանք ամեն օր նոր լավ բան սովորելու հրաշալի միջոց են)
-ուսումասիրող ու հետաքրքրասեր եղիր
-հարցեր տուր (ոչ թե դպրոցական Լիլիթի նման ինքդ քեզ, այլ դիմացինիդ, Google-ին)
-համակարգչային խաղեր խաղա (ես էս մի տեսակ չեմ սիրում, բայց մտածեցի՝ քեզ պետք կգա) 

Ասում են պատասխանները գտնելուց հետո բոլոր հարցերը փոխվում են, է ավելի լավ, կյանքն ավելի հետաքրքիր կդառնա, ու էնքան չեք ձանձրանա, որ բակում անիմաստ երգեք՝ ոնց որ մեր հարևանը հենց հիմա։  

Ժամանակը ճիշտ բաշխելու ու չէ-եր ասելու մասին



Ինչու՞ մեզ ոչ մի տեղ չեն սովորեցնում կառավարել մեր ժամանակը։ Բարեբախտաբար մեզ տրված է մէ հրաշալի tool` համացանցը ու մի շատ կարևոր հատկություն, որ պետք է ունենալ՝ ինքնակրթվելու ձգտում։ Էսօր օրս նվիրեցի 
#timemanagement -ի ուսումնասիրմանը, #prioritizing-ին։

 

Մենք բոլորս (հուսով եմ) օրվա սկզբում գրում ենք to do list ու ինչպես ասում էր Ռոսը Friends-ում՝ we stick to the list :)  Իհարկե կարող ենք սկսել վերևից, հերթով անել բոլոր task-երը ու բարեհաջող ու էֆեկտիվ ավարտին հասցնել օրը։ Բայց հաստա՞տ էդպես կարող ենք լավագույնս ներկայանալ մեզ ու մեր շրջապատին, հաստա՞տ չենք խառնի կարևորն ու անկարևորը․․․ 

     Հիմա էսօրվա մի քանի ուսումնասիրություններիս մասին ասեմ, եթե հետաքրքրեց, ավելացրեք առօրյային ու կնկատեք թե ինչպես եք ամեն օր հաստատուն կերպով առաջ տանում ձեր կյանքի անիվը։  

Եկեք սկսենք ամենապարզից։ Սրան անվանում են Eisenhower matrix: 

Թուղթը բաժանեք չորս մասի։ Երկու սյունակները վերնագրեք՝ կարևոր և ոչ կարևոր, իսկ երկու տողերը՝ շտապ և ոչ շտապ։ Կարևոր և շտապ դաշտում ձեր առաջնահերթություններ են, անհետաձգելի ու կարևոր գործերը՝ ասենք ընտանիքիդ անդամների հետ որոշել ես ֆիլմ դիտելու գնալ, պետք է պատվիրել տոմսերը, ընտրել ֆիլմը և այլն։ (Հա, ինչքան էլ զարմանալի է, կարևոր և շտապ դաշտում կարելի է խոսել ընտանիքի անդամների մասին) Կարևոր և ոչ շտապ դաշտում հիմնականում ձեր առողջությունն է, առողջ ապրելակերպին հետևելը, սպորտը, յոգան, որովհետև այդ մասին հոգ չտանելու դեպքում մի օր դա կդառնա կարևոր ու շտապ ու մեծ խնդիրներ կառաջացնի։ Շտապ ու ոչ կարևոր․ մի տեսակ խառնվում ենք իրար՝ ինչը կարող է լինել շտապ, բայց ոչ կարևոր։ Պարզվում է՝ կան այդպիսինները՝ էլ փոստ, սոց ցանցերդ, անվերջ զնգացող հեռախոսները, երբ ուրիշները քեզ խնդրում են իրենց գործերն անել։ Շատ կարևոր է թույլ չտալ մարդականց ձեր վզին փաթաթել իրենց առաջնահերթությունները։ Էս դաշտի գրոծերը, իհարկե, կարող ես հետաձգել, կարող ես նույիսկ մերժել։ Ոչ շտապ և ոչ կարևոր․ ես զարմանում եմ ո՞նց ես էս դաշտում ինչ-որ բան գրել։ Եթե գրել ես (TV նայել, համակարգչային խաղեր խաղալ կամ էլի ինչ-որ ոչ օգտակար պարապ բան) շատ ավելի լավ կլինի, որ չանես․․․ առաջ անցիր։ 

Tim Ferriss-ը ամերիկացի պոդկաստեր է։ Առաջարկում է #task-երդ կարգավորելու երեք կետ։ 

* Առաջինում էն թասկերն են, որ նույնիսկ ձախողվելու դեպքում քեզ որոշակի կապեր ու հմտություններ կտան։ 

*Երկրորդում նրանք են, որ անելու դեպքում մնացած թասկերը կամ շատ ավելի հեշտ կդարձնեն, կամ ուղղակի մնացածը էլ անհրաժեշտ չի լինի անել։ 

*Երրորդում էն առաջադրանքներն են, որոնց մասին մտածում ես քնելիս, որոնցով սկսում ես օրդ, այլ կերպ ասած՝ սրտիդ թելադրանքն են։ (Իր դեպքում դա ընկերոջ հետ մի շիշ գինի խմելն ու զրուցելն էր, իսկ այդ զրույցները հետագայում դարձան պոդկաստներ) 

"Follow the excitement"- ասում է Ֆերիսը։

Brian Tracy-ն մի շատ ավելի կրեածիվ ցանկ ունի, որն անվանում է ABCDE:

A-Գործեր, որ պետք է արվեն (like you must do it) ու եթե շատ են այդպիսինները, կարող ես գրանցել A1, A2...

B-Գործեր, որ խորհուրդ է տրվում անել, (like you should do it), եթե չանես, մեղմ հետևանքներ կունենան

C-Գործեր, որ լավ կլինի, որ անես, բայց որ չանես էլ, աշխարհը շուռ չի գա (like it would be nice if you do it)

D-Առաջադրանքներ, որ կարող ես փոխանցել ուրիշին, ուրիշն էլ կարող է անել

E-Առաջադրանքներ, որ կարող ես անտեսել

 

Ինչպես ասում են՝ the last but not the least կամ ամենակարևորը վերջում։ Էսօրվա կարևորագույն դասս եղավ կենտրոնանալ իմ առաջնահերթությունների վրա ու վատ չզգալ "չէ, կներես" ասելուց։ Երբեք մի թողեք ձեր գործերը C-ում ու մի գրեք ուրիշների խնդրանքները A-B-ում։ Մի ապրեք ուրիշների օրակարգով։ Էդ ձեզ չի խանգարի լինել բարի, քանի որ ձեր գործերին ուշադրություն դարձնելով ձեզ հաստատ ժամանակ կմնա ոչ միայն կարևորել ձեր կյանքն ու առաջնահերթությունները (սրա մասին հաջորդիվ) այլ նաև ժամանակ կլինի ուրիշներին էլ ինչ-որ կերպ օգտակար լինելուն։




Հաստատուն փոփոխություն

    ․․․երբ անընդհատ զբաղված ու ճնշող առօրյային հետևումա մի տասը ժամ քնի ժամանակ ունենալու, մի ժամ հանգիստ նախաճաշելու, օրվա գրաֆիկդ հատուկ ծույլի համար նախատեսված գծելու ռեժիմդ, մի տեսակ դու էլ, ուղեղդ էլ, միտքդ էլ սկսում եք նկատել մանրուքներն ու հայերեն ասած՝ սկսում եք բզբզալ։ Մի խոսքով՝ պարապ եմ մնացել։ 
   Գերմանիայում ինչ-որ մեկին (սուպերմարկետում բանջարեղեն կշռող, գանձապահ, ավտոբուսի վարորդ, փողոցում քեզ ինչ-որ հասցե բացատրող անձ մը) հաջողություն մաղթելիս ասում են. "Schönnen Tag noch" (Հաճելի օր Ձեզ) կամ "Schönnen Feierabend" (Հաճելի ․․․․ըըը․․․աշխատանքից հետո ժամանակը էլի, որ հիմանակում երեկոնա)․․․ Եկեք, ասեք՝ արհեստական եվրոպական ստանդարտներ, հիմարություն, երբ ասենք վերջին կոպեկով մտել ես խանութ ու տեսնում ես, որ մսի գինը դարձելա հինգ հազար դրամ ու ասենք չես կարա էդ օրը մի լավ խորոված-քյաբաբով ընթրել, էլ տրամադրությունա մնու՞մ, որ կասիրին ասեմ՝ հաճելի ըըը․․․էդ աշխատանքից հետո ժամանակը․․․ Կամ ասենք մի քառասուն րոպե Մյասնիկյանի խցանումի մեջ մնալուց հետո շատ պետքսա՝ վարորդը լավ օր կունենա թե չէ։ Ես էլ որոշեցի՝ չէ, այ մարդ։ Էս գանձապահը իմ նման մարդա, ոնց ես եմ աշխատանքից հոգնում (բա չլիներ), ինքն էլ նույն զգացողություններն ունի ու ինքը ընդհանրապես մեղավոր չի, որ ես ինչ-որ գնի թանկացումից նեղվել եմ (գինը, Լիլիթ ջան, չի թանկանում, բարձրանումա)։ Վարորդը չի հրճվում, հավատա, հեչ պետքը չի, որ էդքան երկար մնումա խցանման մեջ։ Հիմա քեզանից բան չի գնում, էդքան էներգիա էլ չի ծախսվում, բեր էդ մարդկանց ասա՝ շնորհակալություն, հաճելի օր մաղթի։ 

   Օկ, որոշելուց անմիջապես հետո անցանք գործի։ Ու հենց հիմա ձեզ պատմելիս էլ ուրախանում եմ, երբ հիշում եմ գանձապահի, վարորդի, բանջարեղեն կշռող աղջկա զարմանքները, ունքերի բարձրանալը, երբ ասում եմ՝ հաճելի օր ձեզ․․․Չեն խփում, չեն գոռում, ասում են՝ շնորհակալություն ձեզ էլ։ Նայեք, ինձ հաճելի օր են մաղթել։ ^^ 
    Եկեք միշտ չմնանք նույնը, եկեք փոխվենք, եկեք օրինակ վերցնենք տիեզերքից, որտեղ միակ հաստատունը փոփոխություննա, ինչպես ասումա Շելդընը "Դը Բիգ Բենգ Թեորիի" մեջ։ 

հին օրերի երգը (գողացված վերանգիր)

ծաղկի թերթերը ընկան հատակին...

մի օր բոլորն էլ թառամում են
մենակ թե ընկնելուց հետո հատակը մաքրող լինի

կարիք չկար էդքան գլուխ ջարդելու
ու գաղտնիքներ շարադրելու
գաղտնքիները մեռնում են
հենց պատմվելու պահին

կարիք չկար էդքան գաղտնիքասպան լինել

մանավանդ որ չէիր ապրելու դրանք ինձ հետ
մանավանդ որ գնալու էիր ապրելու կեսից

կարոտում եմ քեզ
քեզ ասել եմ, որ քո քնելուց հետո եմ գրում․․․
դու արդեն չորս օր չես ասել՝ երբ ես քնում
ու ես չգիտեմ թե ինչ սերիալներ ես նայում․․․

Կանաչ փեղկերով քաղաքի պատմությունը


-Որովհետև ես չար եմ։
Օանան էր։ Քսանչորս տարեկան աղջիկը Ռումինիայից։
-Հա, ես չար եմ,-ասում է նա, երբ ետևի նստարանին նստած Մարկոյի տետրի մեջ խզբզեց գրչով։
Տեսարանը իմ համար տարօրինակ էր։ Եթե չչափազանցնեմ, միքիչ անսովոր։ Դպրոցական նստարանին միգուցե սովորական լիներ։ Բայց երբ արդեն էնքան մեծ ես, որ սուպերմարկետում խմիչք գնելիս անձնագիրդ ցույց տալու կարիք չկա, տեսարանը, հա, միքիչ անսովոր էր ու նոր։ Օանան արդարացրեց իրեն՝ հա, ես չար եմ։ Մարկոն ժպտաց։ Օանան ագրեսիվ էր։ Մի քանի օր առաջ ասել էր Մարկոն։ Օանան ամեն անգամ խորը շնչում-արտաշնչում էր դասի ընթացքում, Օանան դժգոհ էր ամեն ինչից։ Մարկոն էր ասել։ Օանան ուզում էր ապացուցել, որ ինքը, հա, չար էր։ Կամ էլ․․․չգիտեմ։
Միացրի ականջակալներս ու ընտրեցի տրամադրությանս ու եղանակի հետ սազող մի երգ։ Դասից մենակ տուն գնալը իմ հոբիներից մեկն էր։ Միքիչ թեթևանում էր Երևանի փողոցների կարոտը, երբ վերանում էի աշխարհագրական դիրքից ու քայլում ինձ մի քանի ամսով ապաստան ու ուսում տվող քաղաքի փողոցներով։ Քաղաքը Գերմանիայում էր, ես էլ էի Գերմանիայում, բայց երգը հայերեն էր։ Տասնյոթ տարեկանում անլուրջ լինելու մասին երգ էր, բուրաշատ լորիների մասին, սրճարանում սիրած լիմոնադը խմելու մասին։ Կոշիկներս քայլում էին Լեղնընշթղասեով, իսկ ես Սարյանից թեքվում էի Թումանյան, հետևում Թումանյանի թանգարանն էր, ձախ կողմում էն համալսարանը, որ չորս տարի ու միքիչ փորձել էր փոխել ինձ, կրթել ու դաստիարակել ինչպես հարկն է։ Մեքենաների ազդանշանների բացակայությունը հետ բերեց ինձ իրականություն, թեքվեցի Բեռլինշթղասե։ Կանգառում մեկը թփթփացրեց ուսիս։ Հանեցի ականջակալներս․․․
-Անունդ նորից կասե՞ս։ Կներես, արտաքինից տպավորություն էր, որ եթե մոտենամ ու մի քանի ավել բառ ասեմ, կխփես ինձ։ Բայց ես հետաքրքրասեր եմ։ Մոտեցա։
Օանան էր։ Ինքը նկատել էր, որ դասից հետո նույն ավտոբուսով ենք տուն գնում, որոշել էր մոտենալ, կամ երևի ընկերանալ։
-Չգիտեի, որ էդ տպավորությունն եմ թողնում արտաքինից։ Ապրես, որ մոտիկացար։ Լիլիթ։
Արդեն ամեն ինչ էնքան սովորական է դարձել էս մի տարվա հյուր քաղաքում, որ էլ չեմ զարմանում, որ ավտոբուս նստելուց առաջ պետք է քրքրեմ գրպաններս ու էդ սարքին մոտեցնեմ ճամփորդական քարտս։ Իմ քաղաքում ճամփորդական քարտեր չկան։ Կան երկու հատ հիսունանոցներ կամ մի հատ հարյուրանոց։ Եթե հավես ունես մուննաթի կամ թարս-թարս հայացքի, կարող ես հազարանոց տալ ու մի քանի րոպե սպասել մինչև վարորդը մնացած ինը հարյուրը հետ տա քեզ։ Իմ քաղաքում ավտոմատ դռներով ավտոբուսներ դեռ քիչ կան, մանուշակագույն են ու դեղին։ Էս հյուր քաղաքում ոչ մի գազել չկա, որի մեջ երեկոները աշխատանքից տուն գնալիս մի քանի տակ կծկվել ու կռանալ պետք լինի։ Դե էս հյուր քաղաքը միքիչ ավելի զարգացած երկրի քաղաքա։ Բայց պատմություններն են նույնը։ Կանգառներում նույն սպասելն ու նույն զրույցներն են։ Մարդիկ նույն կերպ են մրսում։ Նույն կերպ են կծկվում ձմեռային վերարկուների մեջ։ Նույն ձև են թռնում ջրափոսների վրայից։ Նույն ձև են բողոքում փողոցային շներից։ Նստեցինք։
-Ափսոս դասի ժամանակ չենք հասցնում շփվել։ Չենք ճանաչում իրար։
Ու պատմում եմ ես կյանքիս էն ճանապարհի մասին, որ մի օր ինձ հասցրեց վեց հարյուր տասներկու համարի չվերթին, որով եկա էս հյուր քաղաքը։ Պատմում եմ իմ ու գերմաներենի ոչ էնքան ջերմ ու բարի հարաբերությունների մասին։ Պատմում եմ, որովհետև ուզում եմ, որ ինքն էլ պատմի։
Օանան բաց էր ու անկեղծ։ Օանան մի տեսակ շատ բարի թքած ունի, թե դու ինչ կմտածես իր ասած բառերի մասին։ Օանան ատում էր իր ծնողներին․․․․ Ոչ դպրոցական նստարանին, ոչ ուսանողական տարիներին, երբեք․․․ էս նախադասությունը տարօրինակ չլինելու ոչ մի ժամանակ չունի իմ համար։ Ատե՞լ։ Ծնողների՞ն։
Օանան իմ առաջին ծանոթն էր որբանոցից։ Որ աշխարհում կան ծնողներ, որ մի տեսակ հավես կամ հնարավորություն չունեն իրենց երեխաներին պահելու, ես գիտեի։ Ես գիտեի, որ կան տներ, որտեղ երեխաները ապրում են առանց ծնողների։ Ես վստահ չէի, որ էդ կինոներից չի։ Ես մի տեսակ նույնիսկ համոզված էի, որ էդ մենակ գրքերում պետք է հանդիպեր։ Բայց իմ դիմաց հիմա նստած էր Օանան, ում աչքերին նայելիս լսում էիր՝ թքած, ես արդեն իմ կյանքն ունեմ, իրենք ինձ պետք չեն։ Հաջորդ օրը Օանան ասաց, որ մի քանի օր առաջ հայրն էր զանգել, որովհետև լսել էր, որ Գերմանիայում աշխատանք ունի։ Երևի հիմա ինձ պահելու հավես ունեն։ Ասաց Օանան։
Օանան շատ սառն ու արհամարհական էր խոսում կյանքի ու ամեն ինչի մասին։ Օանան ոչ մի նպատակ չուներ սովորելու։ Աշխատում էր առաքումներով զբաղվող ինչ-որ կազմակերպությունում։ Ապրում էր վարձած բնակարանում։ Օանան ապրում էր էն կյանքը, որը կպատկերացներ մանկությունը որբանոցում թողած աղջիկը։ Օանան չար չէր։
Մարկոն ժպտում է։ Օանան չար չի։ Ասում է Մարկոն։ Լսարանի օդում գերմաներենի քերականությունն էր։ Ամենադաժան թեմաներից մեկը աշխարհում։ Էս ազգը ամեն ինչը մի տեսակ բարդացնելու սեր ու հավես ունի։ Ես պատրաստ էի էդ պահին կենսաբանություն կամ քիմիա սովորել, բայց ոչ քերականություն, բայց ոչ գերմաներեն։ Մարկոն էլ էր նույնը մտածում։ Օանան էլ։ Շրջվեցի դեպի Մարկոն։ Ականջներիս ծուխը քեզ չի խանգարու՞մ։ Հարցնում եմ։ Մարկոն ծիծաղում է։ Սիրում եմ, երբ մարդիկ հասկանում են հումորներս։ Օանան էլ է ծիծաղում։ Մարկոն  վեցերորդ անգամ հարցնում է, թե որ երկրից եմ ու գուգլի քարտեզով ցույց է տալիս Երևանը։ Մի տեսակ փշաքաղվում եմ։ Էլի մտքերով թեքվում եմ դեպի Սարյան ու քայլում եմ գինետների փողոցով։ Նայում եմ միքիչ արդեն գինովցած երիտասարդներին։ Լսում եմ ամենատարբեր քննարկումները ֆուտբոլի ու քաղաքականության, աղջիկների ու մեքենաների մասին։ Չեմ լսել, բայց ենթադրում եմ, որ գինովցած երիտասարդները պետք է խոսեն մեքենաներից ու աղջիկներից․․․․ Մարկոն Օանային պատմում է անցած դարի մեր պատմության ամենացավոտ դեպքերի մասին։ Զարմանում եմ։ Մարկոն ամեն ինչ գիտի։ Ուղղում եմ՝ մեկ ու կես միլիոն, ոչ թե երկու։ Օանան պատմություն չի սիրում։ Օանան շջվում է նորից գերմաներեն լսելու, ես դուրս եմ գալիս։ Լվացարանում միքիչ երկար մնալու համար վերցնում եմ հեռախոսս։ Ճանապարհին կարդում եմ, որ ԱՄՆ-ի Պառլամենտը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը․․․ Գալիս եմ լսարան ու պատմում եմ Մարկոյին։ Օանան խփում է ուսիս, որ էլ չխոսեմ պատմությունից։ Օանան չի սիրում անցյալից խոսել։ Մի պահ նայում եմ Մարկոյի տետրին։ Օանայի խզբզոցը դարձել էր մեծ աչքերով ճագար։ Մարկոն էր նկարել։ Օանան ժպտում է։

Էնին Կայարան թաղամասից



   Ջիմը նախապատրաստվելու նման դեռ միջանցքից սկսել էր քանդել վերնաշապիկի կոճակները։ Ամեն կերպ փորձում էր չքրտնել, թե չէ ամեն ինչ ջուրն էր ընկնելու բառի հենց բուն իմաստով։ Պետք էր չափից շատ համոզիչ լինել, պետք էր կանգնել վստահ, ասես ամեն ինչ բնական է, ամեն ինչ իսկական ու սպասել։ Գլխում արդեն հազար ու մի պատասխաններ էր լսել, ինքն իր համար հարցեր հորինել, վախեցել էր սխալ պատասխան ընտրելուց ու հպարտացել, երբ գտել էր ամենկարճն ու դիպուկը։ Քսանվեց, քսանյոթ․․․հասավ երրորդ հարկ, պետք էր ընդամենը քայլել միջանցքի վերջն ու թակել աջ կողմի դուռը։ «Գույների հստակեցման գրասենյակ» կարդաց Ջիմը դռան վրա, «Գլխավոր Հստակեցնող՝ Ուայթ Սըր Քալըր»։ «Հստակեցնող, ճիշտ էլ հորինել են, այ քեզ մասնագիտություն, այ մի օր հանդիպես մի փոքրիկի ու հարցնես, թե ինչ է ուզում դառնալ, երբ մեծանա։ Միգուցե մեկը մի օր պատասխանի՝ գլխավոր հստակեցնող»։ Ջիմը սև աջ ձեռքով թակեց դուռը։ Ներսից լսվեց, որ դուռը բաց է ու կարելի է ներս մտնել։ Բռնակն իջավ ներքև։
-Ջիմ, մերոնք ինձ կսպանեն, ես չեմ կարող քեզ հետ երկար մնալ, եկա միայն ասելու, որ ուր էլ տանեն, մի օր հաստատ գտնելու ենք իրար։ Միշտ չէ՞։
Ջիմը լսում էր, բայց չէր նայում Էնիին։ Աչքերը կարմրել էին չարությունից ու անկարողությունից։ Ի՞նչ անել, երբ ծնվել ես սպիտակ, բայց նա, ում նայելիս բիբերդ երկու անգամ մեծանում են, ում ձայնը լսելիս միայն մոռանում ես ամենասիրելի երգերն ու մեղեդիները, ում ձեռքը բռնած աշխարհի ծայրն էլ կգնայիր, ծնվել է միքիչ ավելի մուգ, քան դու ես, քո մաշկն է, ծածկող հյուսվածքը։ Գրողը տանի, չէ որ երկուսիս վերքերից էլ նույն կարմիր արյունն է հոսում, երկուսիս սիրտն էլ մեր բռնունցքի չափ է, երկուսիս քթերից էլ հոսում է, երբ միքիչ մրսած ենք լինում։
-Կներես, չեմ կարողանում աչքերիդ մեջ նայել, էդքան ուժ չունեմ։ Չեն էլ ասե՞լ՝ որ երկիր եք գնում․․․Ի՞նչ անեմ, գնամ ներկեմ ինձ, որ ես էլ մուգ լինեմ, ինձ էլ ուղարկեն քեզ հետ։
Ջիմը մի վայրկյան լսեց ինքն իր ասածը ու անիրականանալի չթվաց իրեն։
-Էնի, պետք է գնամ, դու տուն գնա, իրերդ պատրաստիր, չնեղվես։
Ջիմը մտավ միջին վիճակագրական մի գրասենյակ։ Իրար դիմաց երկու գրասեղան, մեծ պահարաններ, սև ու կապույտ թղթապանակներով։ Տպիչ սարքը անդադար աշխատում էր, ներքևից կուլ էր տալիս սպիտակ թղթերն ու հետ տալիս արդեն սևով, վրան տողերով ինչ-որ սյունjակներ, թվեր ու անուններ։ «Սրանք երևի արդեն հստակեցվածների անուններն են»։ Գրասեղաններից մեկի մոտ նստած էր շիկահեր մի կին, կարմիրով ներկված եղունգները կարելի էր նկատել նույնիսկ ավելի շուտ, քան շեկ մազերը: Մատներով թույլ ու արհամարհական բռնել էր արդեն կիսատ դեղին ու սպիտակ սիգարետն ու չէր էլ հետաքրքրվում, որ մոխիրը ուր որ էր թափվելու էր սևով գրված սպիտակ թղթերի վրա։
-Բարև ձեզ, եկել եմ հստակեցվելու, ու՞մ մոտ պետք է գնալ։
-Սև ե՞ք, թե՞ սպիտակ,-առանց նայելու հարցին հարցով պատասխանեց շիկահերը։ Ձայնը կոպիտ չէր, եթե հաշվի չառնենք, որ կարևոր գրասենյակում էր աշխատում ու պարտավոր էր կոպիտ հնչել։
-Եկել եմ հստակեցվելու, եթե իմանայի, չէի գա։
Պատասխանը հանդուգն էր, հպարտություն տված պատասխաններից մեկն էր։ Ջիմը վստահ էր, որ ամենակարճ ու ամենադիպուկ պատասխանն էր գտել շիկահերի հարցի համար։
Էնին մտավ սենյակ ու սկսեց հավաքել իրերը։ Լափթոփը, ապարատը, լիցքավորման լարերը, գրքերն ու նկարները, ամեն ինչ լցրեց մահճակալի վրա ու պահարանի գլխից իջեցրեց ճամպրուկը։ Նախորդ անգամ ճամպրուկը դատարկել էր մեղրամսից վերադառնալուց հետո։ Մեղրամի՞ս․․․ Ինքն ու Ջիմը առանձին էին գնացել Փարիզ, մորից թաքուն վերցրել էր սպիտակ զգեստը, Աստվածամոր տաճարից ներս չէին մտել, հենց բակում իրար խոստացել էին, որ միասին են ու վերջ։
-Մի՞շտ։
-Միշտ։
-Միշտ։
Ոչ մեկը Տեր չէր, ոչ մեկը Հնազանդ չէր։ Միասին էին։ Միշտ։ Իսկ հարսանիքի վկաները էդ պահին Աստվածամոր տաճարի մոտ հավաքված զբոսաշրջիկներն էին։ Սև, սպիտակ, նեղաչք ու կեռքիթ զբոսաշրջիկները։
Պատասխանից զարմացած շիկահերը բարձրացրեց գլուխը։ Իր դիմաց կեսը սև կեսը սպիտակ մեկն էր կանգնած։ Սև կողմի գլուխը սափրված էր, սպիտակ կողմինը՝ սև խոպոպներով։ Սև կողմի ձեռքի ափը սպիտակ էր, սպիտակ կողմինը՝ սև։ Շիկահերը առանց մի խոսքի տեղից ելավ ու թակեց հարևան դուռը։ Թույլտվություն ստանալուց հետո բացեց դուռն ու փակեց իր հետևից։ Քիչ անց նույն դռնից դուրս եկավ մի պարոն ու կանգնեց Ջիմի դիմաց։
-Ինչե՞ր եք ձեզ թույլ տալիս, երիտասարդ։
-Սըր Քալըր, ճի՞շտ եմ, խնդրում եմ, հստակեցրեք ինձ։ Ես այլևս չեմ կողմնորոշվում։ Գնա՞լ քաղաքից, քանի որ աջ կողմս սև է, թե՞ մնալ քաղաքում, քանի որ սպիտակ է ձախ կոմղս։ Ի՞նչ անել ձեռքիս ափերի հետ։ Տեղափոխե՞մ թևերս, թե՞ ուղղակի կտրեմ։ Հստակեցրեք ինձ, սըր։ Դուք եք չէ՞ քաղաքի գլխավոր Հստակեցնողը։ Եթե լուծում չգտնեք, ես ունեմ մի հուշում։ Կիսեք ինձ ու ուղարկեք սև կեսս սևերի հետ․․․
-Վերջ տվեք այս կրկեսին․․․
-Ես ուղղակի մասնակցում եմ ձեր սկսած ներկայացմանը, սըր Քալըր։
Ջիմը երբեք այդքան հանդուգն չէր եղել։ Եղբայր կամ քույր չուներ, միակն էր։ Մայրն իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել էր, որ որդին ճիշտ դաստիարակություն ստանա։ Ամեն երեկո, երբ Ջիմը բացում էր դուռն ու ամուր գրկում աշխատանքից հոգնած մորը, վերցնում պայուսակն ու կախում պահարանում, մայրը առանց հագուստը փոխելու ու շունչ քաշելու կախում էր գոգնոցն ու միասին սկսում էին պատրաստել նախաճաշի ժամանակ որոշած ընթրիքը։ Ջիմը սիրում էր օգնել մորը, լվանալ կամ մանր կտրատել բանջարեղենը, իսկ ամենաերջանիկն ու բախտավորն այն օրերն էին, երբ մայրը թույլ էր տալիս սեփական ձեռքով տապակայի մեջ դնել մսի կտորները։ Ձեթին հպվելիս մսի կտորները սկսում էին տժտժալ։ Ու չնայած Ջիմը վախենում էր, մեկ-մեկ էլ թեթև վնասում մատները, երբեք ցույց չէր տալիս մոր մոտ։ Մեկ էլ տեսար էլ չթողնի տապակայի մեջ միս դնել։ Հետո վառում էին սեղանի բոլոր մոմերն ու նստում ընթրիքի։ Մայրը սիրում էր ընթրիքին առանց ալկոհոլ գարեջուր խմել։ Երբ Ջիմը դեռ տասնհինգ տարեկան էր, ամեն անգամ, երբ մայրը լցնում էր գարեջուրը, հարցնում էր՝
-Մա, մի կում։
-Ջիմ, մնաց ութ ամիս․․․յոթ․․․չորս․․․
   Մայրը մահացավ, երբ Ջիմը տասնհինգ տարեկան ու տասնմեկ ամսական էր։ Ջիմը չհասցրեց մոր հետ գարեջուր խմել։ Հիմա, երբ ինքն էր իր համար ընթրիք պատրաստում, երբ արդեն առանց թույլտվություն հարցնելու ու ոգևորվելու տապակայի մեջ շարում էր մսի կտորները, հիշում էր բոլոր ընթրիքներն ու երկար, խորը զրույցները մոր հետ։ Զրույցների, հարցերի ու քննարկումների արդյունքում (Ջիմը ոչ միշտ էր մոր հետ համամիտ) Ջիմը նրբանկատ, ծանրակշիռ ու հոգու խորքը տեսնող անհատականություն էր դարձել, երբեք չէր գոռում, վիրավորում, երբեք կոպիտ չէր խոսում ու հարգում էր դիմացինի նույնիսկ իր կարծիքով ամենահիմար խոսքը։
Կրկես բառից հետո զգաց, որ իր մարմինն էլ ձեթի մեջ հենց նոր ընկած մսի կտորների նման տժտժում է, մոռացավ իր հավասարակշիռ ու նրբանկատ տեսակը։
-Եղե՞լ եք երբևէ կրկեսում, սըր։ Կրկեսի ամենակարևոր դեմքը գիտե՞ք ով է։ Ծաղրածուն։ Իսկ գիտե՞ք ինչ գույնի քիթ ունի նա՝ կարմիր։ Այո-այո։ Չեմ չափազանցնում՝ կարմիր։ Պատկերացնում ե՞ք ինչքան կբարդանար ձեր գործը, եթե պարզվեր, որ աշխարհի մի հատվածում էլ ապրում են բնական ծաղրածուներ՝ կարմիր քթով մարդիկ։ Դե արի ու տեսակավորիր այդքանին։ Իսկ գիտե՞ք, որ կրկեսում կենդանիներ էլ կան։ Վարժեցված։ Անում են այն, ինչ հրամայում է իրենց վարժեցնողը։ Թռչում են կրակե օղակների միջով։ Պատկերացնու՞մ եք։
Ջիմը օդում օղակ նկարեց աջ թևով, իսկ ձախով ձևացրեց, թե օղակի միջով թռչող կենդանի է։
-Գիտե՞ք, երբ փոքր էի ու մորս հետ կրկես էինք գնում, խղճում էի էդ կենդանիներին։ Նրանք զվարճացնում էին մեզ, նրանք անում էին վարժություններ, որ ոչ բոլոր կենդանիներն են անում։ Բայց նրանք կորցրել էին ամենակարևորը։ Նրանք ազատ չէին։ Նրանք վարժված էին։ Վ Ա Ր Ժ Վ Ա Ծ։
Ջիմը տառ առ տառ ասաց վերջին բառն ու վերջին ուժերով նստեց կողքի աթոռին։
-Դուք էլ եք վարժված։
Շիկահերը վիրավորվեց Ջիմի վերջին խոսքերից։ Զարմացավ, թե ինչու շեֆը չի կանչում անվտանգության աշխատողներին ու ինչու է շարունակում լսել այդ խեղկատակի անիմաստ ճառ-ներկայացումը։
-Վարժվել եք, որ գեղեցիկ է սպիտակը։ Վարժվել եք, որ գեղեցիկ է սլացիկ ու նիհար կազմվածքը։ Վարժվել եք, որ ճիշտ է նա, ով ավելի շատ կարող է գնել։ Վարժվել եք ամեն ինչ վաճառելուն։ Ու դուք էլ մի օր վաճառվել եք։ Անհավասարությանը։ Ձեզ թվում է, թե դուք ավելի բարձր եք կանգնած։ Ես թույլ չեմ տալու, որ Էնիին տանեք ինձանից։ Ոչ նա, ոչ իր ընտանիքը, ոչ էլ Կայարան թաղամասի մեկ այլ բնակիչ, ոչ ոք չի գնալու մեր քաղաքից։ Էլ ոչինչ չունեմ ձեզ ասելու, սըր Քալըր։
Ջիմը վերջին բառերի հետ վեր կացավ ու քայլեց դեպի դուռը։ Մի քանի անգամ խորը շունչ քաշեց ու թեթևացած քայլեց դեպի Կայարան թաղամաս։
Էնին ամեն ինչ հասկացավ, երբ տեսավ Ջիմին։ Ջիմը մտավ սենյակ ու սկսեց ճամպրուկից հանել Էմիի իրերը։
Գրասենյակում փոշոտ լռություն էր։ Շիկահերը վերադարձավ իր համակարգչին ու շարունակեց չխչխկացնել ստեղների վրա։ Սըր Քալըրը բացեց համակարգչի էկրանն ու կարևոր հաղորդագրություն ուղարկեց․․․
Էնին մի քանի վայրկյան նայում էր, թե ինչպես է Ջիմը դատարկում ճամպրուկը, ետևից մոտեցավ, գրկեց Ջիմի իրանն ու գլուխը դրեց ուսին։ Աչքերը փակ ժպտում էր։

յոգայի միջազգային օրը

հեյ էսօր՝ հունիսի 21-ը, ամառային արևադարձի օրը նաև մեր գալակտիկայում գոյություն ունեցող լավագույն երևույթներից մեկի՝ յոգայի միջազգային օրն է...