23.5.20

Երրորդ երկիր



Համալսարանական կյանքը, էդ կյանքում եղած դրական ու բացասական փոփոխությունները, ամեն օրը համեմված էին գլխացավերով՝ բժշկական ու սոցիալական։ Իսկ վերջիններս մեկը մեկից բխող հետևանքներ էին, հավի ու ձվի պատմության նման պարզ չի՝ որ մեկն էր մյուսի հետևանքը և որը՝ պատճառը։ Սոցիալական գլխացավերը «եկեք էսօր դասի չնստենք»-ից ձգվում էր մինչև «աղջիկ ջան, դուրս արի, դու իրավունք չունես քննության մասնակցելու, քանի որ վարձդ չես վճարել»։ Ու չնայած էդ աղջիկը ես ոչ մի անգամ չեղա, (մերոնք վճարում են էդ վարկերի տոկոսները) անհնար էր ուղղակի չլսել էդ բառերը կամ չնայել էդ կուրսընկերուհուդ ամոթից արդեն կուլ գնացած աչքերին, չզգալ՝ ինչ արագ է հավաքում իրերը ու երազում էդ պահին Հարի Փոթերից անհետացնող ինչ-որ կախարդական խոսք անգիր հիշելու մասին։ Կամ լինում էր, որ էդ աղջիկը վստահ կանգնում էր տեղից ու ասում, որ արդեն մի քանի շաբաթ է, որ վճարել է վարձը, որ հաստատ ինչ-որ սխալ կա հաշվապահությունում, ու հետո քննությունից հանողի ուղեկցությամբ գնում էին դեկանատ կամ հաշվապահություն՝ ճշտելու։ Էլ ի՞նչ հարցաթերթիկ կամ քննություն, երբ ուշքդ ու միտքդ առանց զգուշացնելու տեղափոխվել են հաշվապահություն կամ դեկանատ՝ «տենաս՝ ինչ եղավ»։

Էս գլխացավերը փոքր երակներ էին մի մեծ «արյունա-փողա-տնտեսա-սոցիալական» համակարգի, որի անունը Երրորդ երկիր է ու որ էդ ժամանակ իմ համար առաջին տեղում էր ու ոչ մի հեռանկար չուներ տեղը զիջելու։ Երրորդ երկիր արտահայտությունը մինչև Գերմանիա գալս երբեք չէի լսել։ Բոլորս էլ ինչ-որ երազ ունենք, որ դեռ փոքր տարիքից կրկնվում է անընդհատ, հիմնականում էդ երազներում ուզում ենք վազել կամ գոռալ, բայց չենք կարողանում,  ընկնում ենք բարձր տեղերից․․․ Իմ մանկության երազներից ամենաշատ կրկնվողի մեջ մեր հարևաններից մեկը (կոնֆիդենցիալությունից ելնելով չեմ նշում անունը) ուզում էր սպանել ինձ։ Ես վազում եմ, թաքնվում, ինքը գտնում է ինձ ու ատրճանակը թրիլլեր ֆիլմերի բառապաշարով դեմ տալիս քունքիս։ Առանց մի րոպե մտածելու կրակում է, բայց էդ կրակոցի ձայնը խլանում է ու փափուշտը սվվոցով մտնում է ուղեղիս մեջ (Ֆրոյդը կասեր քո բոլոր գլխացավերը այդ երազի արդյունքն են)։ Էդ սվվոցի նման ուղեղս մտավ Երորրդ երկիր արտահայտությունը, երբ միջազգային ծրագրի համար ինչ-որ հարցաթերթիկ էի լրացնում։
Դասակարգելն ու կանոնակարգելը շատ ողջունելի քայլ է, երբ, ասենք, պետք է գինու բաժակները դնել դարակի հետևում, որ սուրճի բաժակները վերցնելիս գինու բաժակները քեզ չխանգարեն։ Էս դասակարգումը հիմարություն կթվա էն մարդուն, որ ամեն երեկո կարմիր կամ սպիտակ գինի է վայելում ու չի սիրում սուրճ։ Էդ նույն հիմարությունն էր իմ համար Երրորդ երկրի քաղաքացի լինելը, երբ ծրագրին հարկավոր էր ոչ թե իմ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, այլ իմ որակներն ու պոտենցիալը։ Էդ ամեն ինչը տեղի ունեցավ Առաջին երկրում։ Ու ես սկսեցի Ավարայրից հետո բարոյական հաղթանակով տուն գնացող հայ զինվորի հոգեբանությամբ զուգահեռներ տանել հայ ուսանողի ու գերմանացի ուսանողի առօրյաներում, գլխացավերում ու գլխացավանքներում։
Գերմանացի ուսանողը չի վճարում ուսման վարձ, չի վճարում գրքերի համար ու ամեն դասամիջոցին չի գնում էդ օրը տնից վերցրած գումարի հիսուն տոկոսից ավելին քսերոքսների վրա ծախսելու։ Գերմանացի ուսանողը չի նեղվում ուսանողական հանրակացարանում տուն վարձելու, ապրելու մտքից, որովհետև Գերմանիայում ուսանողական հանրակացարանները բարեկարգ են, ուսանողների համար են, ամաչելու ոչ մի բան չկա։ Գերմանացի ուսանողին քննությունից վարձը չտալու համար չեն հանի ու չեն տանի հաշվապահություն՝ ճշտելու։ Բայց էսքանի հետ մեկտեղ Առաջին երկրի էս միջին վիճակագրական ուսանողը պարտավորվում է սովորել, որովհետև ընդունված հինգ ուսանողից մեկին է բախտ/խելք/ճակատագիր վիճակվելու անցնել հաջորդ կուրս ու ոչ մի ծանոթ, ոչ մի արտագրություն, ոչ մի ծանոթի ծանոթ չեն օգնելու պլստալ։ Էսքանից հետո գերմանացի ուսանողը ավարտելու հաջորդ օրը չի գնում տուն ու մտածում՝ հա, բա հետո՞։ Գերմանացի ուսանողը հաջորդ օրը արթնանում է ավելի վաղ, որովհետև գործի պիտի գնա, որովհետև պրակտիկաների արդյունքում հավաքած փորձը բավական է, որ քսաներեք տարեկանը առանց երեքամյա աշխատանքային փորձի ընդունվի աշխատանքի (դե ստեղ մի տեսակ չէ, տրամաբանական չի)։ Ու տենց գլուխը բարձր նախկին ուսանողը շարունակում է ամեն ինչ անել, որ իր երկիրը մնա Առաջին երկիր, իսկ հայ ուսանողը գնում է տուն ու մտածում՝ հա, բա հետո՞։


No comments:

Post a Comment

շատ երևանյան

հէյ լավ կքնես, քանի որ երկար օրա լինելու.... այո, երկար, խառը, իրադարձաշատ ու անհոսանք կենտրոնի օր էր։ ու ուսանողական տարինրից մնացած սովորո...