24.8.20

ինչու ենք դպրոցում շարադրություն գրում և ինչքան հարցեր պետք է տալ պատասխանների համար

Դպրոցում հաճույքո՞վ էիք գրում շարադրությունները․ օրինակ՝ ինչպես անցկացրի ամառային արձակուրդները կամ իմ երազանքը․․․Անկե՞ղծ․ ես՝ չէ։ Արհեստական էր, որովհետև էն, ինչի մասին կգրեի անկեղծ ու բնական, չէի ուզենա ոչ կարդացվեր, ոչ գնահատվեր։ Գրում էի գրելու համար ու ամեն անգամ ինձ հարցնում՝ ինչի՞ ենք գրում էս շարադրությունները։ Մի օր գտա պատասխանը։
Խորհուրդ դպրոցական Լիլիթին՝ հարցերը մի տուր միայն ինքդ քեզ, մանավանդ էդ տարիքում, պատասխանը ուշանում է։ 
Ուրեմն մի շատ խելացի մարդ՝ Ջորդան Փեթերսոնը ասում է՝ եթե ցանկանում ես մարդկանց սովորեցնել մտածել, սովորեցրու գրել։ Ինչու՞ ենք գրում՝ գրում ենք, որ սովորենք մտածել։ Ու մտածել ինչպե՞ս՝ վերլուծական, կամ որ ավելի շատ ենք գործածում՝ անալիտիկ։
Իսկ ի՞նչ է անալիտիկ մտածելակերպը։ Դե մտածելակերպերը տարբեր են, ինչպես տարբեր են մարդիկ։ Կան իդեալիստական, ռեալիստական, համադրական, պրագմատիկ ու հա, մեր էսօրվա թեման՝ անալիտիկ մտածելակերպեր։ Էն հոգեբանական տիպերի նման սրանք էլ ինչ-որ մեկի մոտ հստակ ընդգծված չեն, զուտ գերակշռում է էս կամ էն տիպը։ Լավ իսկ ի՞նչ է անալիտիկ մտածելակերպը,-հարցնում ես դու արդեն երկրորդ անգամ։ Ասեմ․ նայ ինքը պարզեցնում է առաջին հայացքից բարդ ու խառը հարցերն ու խնդիրները։ Օգնում է իրար հետ գործի դնել ինտելեկտուալ հետաքրքրասիրությունդ ու քննադատական միտքդ, որ գտնես էն հարցի պատասխանը, որ մի քանի րոպե առաջ շատ լղոզված էր ու տարօրինակ։ Այ հենց հիմա, եթե մանավանդ նոր ես ծանոթանում գաղափարին ամեն ինչ խառն է չէ՞։ Արի սկսենք սկզբից։
Որպեսզի մեր մեր ցանկացած հարցին գտնենք էդքան կարևոր պատասխանը պետք է հետևենք մի քանի պարզ քայլերի։

Քայլ 1։ Մի քայլ հետ։ Հա, հա, սկզբից մի քայլ հետ գնալը ոչ թե չի խանգարում, այլ օգնումա առաջընթացին։ Երբ հետ քայլ ես անում, ավելի ընդարձակ պատկերացում ես կազմում խնդրի առարկայի մասին։ 
Քայլ 2։ Սկսում ես շերտավորել խնդիրը, առանձնացնել հարցը փոքրիկ հարցիկների։ ։Դ 
Քայլ 3։ Սկսում ես գործել ու հերթով տալ հարցիկների պատասխանը, որոնք ամբողջացնելով էլ կստանաս էն, ինչ փնտրում էիր։ 

Ստեղ մի հատ հիշիր՝  բոլոր հարցերը պատասխանելի են, առնվազն մոտավորապես պատասխանելի են։ 
                                                                                                                 Լիլիթ Մտածող ։Դ 
Սակիչի Տոյոդային ճանաչում ե՞ս։ Ոնց չէ՝ ճապոնական արդյունաբերական հեղաշրջման հայրը կամ պապան ։Դ Ի՞նչ ենք սովորում իրենից։ Հաճախ, եթե ոչ՝ միշտ, միգուցե ստիպված լինես հարցնել մեկից շատ ավելի շատ հարցեր, որպեսզի գտնես փնտրածդ։ Հաճախ, եթե ոչ՝ միշտ, միգուցե ստիպած լինես նույն հարցը հինգ անգամ կրկնել։

-Նոր աշխատանք եմ փնտրում
-Ինչու՞ (համար 1)
-Աշխատանքից հեռացրին։
-Ինչու՞ (համար 2)
-Ուշացել էի
-Ինչու՞ (համար 3)
-Քնած էի մնացել
-Ինչու՞ (համար 4)
-Երեկ զարթուցիչս սխալ էի միացրել, իրիկունվա 8ի վրա էի դրել
-Ինչու՞ (համար 5)
-Խմած էի գիշերը
Voila! (կասեր ֆրանսիացին) Ունենք մեր հարցի պատասխանը։ Ոչինչ, որ 5 անգամ հարցրինք՝ ինչու։ Պետք է նշեմ, որ իրավիճակը զուտ օրինակի համար էր բերված ու պետք չի նոր աշխատանք փնտրող, երեկ աշխատանքը կորցրած ու պախմելի մեջ մարդուն էսքան ինչու հարցնել։ Կյանքի համար նույնիսկ վտանգավոր է։ Չկրկնեք տնային պայմաններում։ 

Հիմա ասեմ մի քանի խորհուրդներ՝ ինչպես էս ամեն ինչը հնարավորինս տեսանելի դարձնել քեզ համար։ Հատկապես, երբ անալիտիկ մտածելակերպդ ուղղված է աշխատանքային գործընթացին ու քեզ շատ կարևոր հարցի պատասխաններ է պետք՝ 

ա․աշխատիր թիմի հետ, տուր հարցեր, ստացիր տարբեր պատասխաններ
բ․ գրառիր սևով սպիտակին, թող նյութականանա աչքիդ առաջ
ճ․ փնտրիր արմատային պատճառը, առանձնացրու նախանշանները
շ․ հստակեցրու, ամեն ինչին անուն դիր 
ն․ շարունակիր հարցեր տալ

Իսկ ինչպես զարգացնել անալիտիկ մտածելակերպը։ Կեցցես, շատ լավ հարց էր։ Ասեմ՝ 
-Կարդա, հատկապես ֆանտաստիկ ու դետեկտիվ գրականություն
-մարզվիր ամեն օր 
-ամեն օր մի նոր բան սովորիր
-պոդկաստներ լսիր (ի դեպ սրանք ամեն օր նոր լավ բան սովորելու հրաշալի միջոց են)
-ուսումասիրող ու հետաքրքրասեր եղիր
-հարցեր տուր (ոչ թե դպրոցական Լիլիթի նման ինքդ քեզ, այլ դիմացինիդ, Google-ին)
-համակարգչային խաղեր խաղա (ես էս մի տեսակ չեմ սիրում, բայց մտածեցի՝ քեզ պետք կգա) 

Ասում են պատասխանները գտնելուց հետո բոլոր հարցերը փոխվում են, է ավելի լավ, կյանքն ավելի հետաքրքիր կդառնա, ու էնքան չեք ձանձրանա, որ բակում անիմաստ երգեք՝ ոնց որ մեր հարևանը հենց հիմա։  

No comments:

Post a Comment

աշխատաՇՈՒԿԱ

հեյ  մի ամիս ա, ինչ կազմակերպությունը մեծացնելու նպատակով գերմաներենի մասնագետներ ենք  փնտրում ։ ինչպես ցանկացած նորմալ մարդ, առաջին բանը որ...