Syuneci's English blog

Syuneci's English blog → Sippin' && 'Hackin'

զուգահեռ իրականություններ խաչվող աշխարհներում

Երևանում մեքենաները շատ են․ պարզ նախադասություն, բարդ ճանապարհներ, նեղ ու լի մայթեր, աղմուկ, ազդանշաններ, փչացող շարժիչ, հայհոյանքներ, սուլոց․․․ երկու ժամ տևեց մեր՝ քաղաքից դուրս գալը ու մի երեք ժամ էլ դեռ կգնանք․․․

իսկ իմ մտքերում ապագայի խաղաղ առավոտներն են, փոքրիկ պատշգամբով ջերմ մի տուն, այգի, որտեղ շատ կատուներ կան՝ նարնջագույն ու բաց մոխրագույն կատուներ։ խոհանոցի օդում երաժշտություն կա՝ առավոտյան ջազ, ինչ-որ մեկը արդեն լցնում է սուրճը՝ առանց շաքար կոֆեն։ փոստատարը արդեն բերել է մեր թերթերը, որտեղ ինչպես միշտ տարօրինակ կոմիքսներ կան․․․տափակ։


առաջին գծի մեքենաները վարում են երթևեկությանը հակառակ, սա արդեն անկառավարելի է դառնում, անտանելի է դառնում, ես պոկում եմ ինձ էդ իրականությունից, ես չկամ․ խցանման մեջ իմ հագուստներով մեկն է, ես խոհանոցում եմ․․․

օրվա պլանների մասին քննարկում կա օդում ու հիշում ենք անցած օրվա երկար զբոսանքը ամենակորած փողոցներով, ամենանեղ մայթերով, ամենամոռացված (եթե մոռացվելը չափելի կամ համեմատելի է) շենքերով ու ամենալքված բակերով․․․ինչ-որ մեկը կատուներին է կերակրում, իսկ ինչ-որ մյուսը հիշեցնում է, որ փոքրին մազաթափության դեղ պետք է տալ ամեն առավոտ․․․

մեքենաների շարժը 1մ/ժ արագությունից բարձրանում է, քարտեզի վրա կարմիր գիծը մնում է ետևում ու մենք գտնում ենք տաք թեյ խմելու, մի պահ ուշքի գալու տեղ, որովհետև դեռ երեք ժամ կա, որ տուն հասնենք․․․․

խոհանոցից դեպի այգի բացվող դուռը մի կերպ հրելով՝ ներս է մտնում կատուներից մեկն ու փաթաթվում ինչ-որ մեկի ոտքերին, մռռռռ․․․շնորհակալություն, որ կերակրեցիր մեզ․․․․

բոհեմյան ռափսոդիա կա մեքենայի մեջ, ճանապրհը ազատ է, թույլատրված արագությունը 100 կմ/ժ, կանաչ թեյը շատ լավն էր ու ճիշտ ժամանակին ձեռքերիս մեջ տեղավորված․․․մամաաա․․․ոււուուոււ․․․․․

առավոտյան ջազ․․․․

երեկ Սաբում

հեյ

երեք տարվա ընդմիջումից հետո երեկ վերջապես հանդիպեցի կուրսընկերուհիներիս ու մի քանի կարևոր եզրակացություն եկա՝ 

մենք մեր շրջապատի արդյունք ենք։ 
չորսս էլ հստակ համոզվեցինք, որ տարիները մեզ իրարից ոչ մի թիզ չեն հեռացրել։ ոնց երրորդ-չորրորդ կուրսում էինք դասերից հետո/առաջ/ընթացքում հավաքվում մի տեղ դաս անելու, խոսելու, ուտելու, բողոքելու, էնպես էլ երեկ էինք՝ առանց ձևերի ու ձևականությունների։ իրենք էն քիչ մարդկանցից են, ում մոտ կարծիքս բաց արտահայտում եմ, սպասում եմ քննադատությունների, իրանք էլ սպասեցնել չեն տալիս։ իրենք լսում են ինձ, իրենք սիրով թույլ են տալիս, որ ես ընտրեմ՝ որտեղ ենք հանդիպում, ինչ ենք անում, ես էլ դե առանց երկար-բարակ մտածելու՝ սաբ ենք գնում ։Դ 

ալկոգելյան օրեր

մենք նախանձում ենք ուրիշ երկրներին, բայց մեկա՝ մերն ենք սիրում։ 
Աշխենը Ռուսաստանում էր, նոր ա վերադարձել։ կիսվում էինք տպավորություններով, թե ոնց ենք ետ հարմարվում հայաստանյանին։ ինքը պատմումա, որ մի անգամ երթուղային նստելուց անմիջապես գումարը տվելա վարորդին, որովհետև Ռուսաստանում էդպես էր․ կամ  գումարն ես տալիս, կամ քարտն ես անցկացնում։ Գերմանիայում ու Մալթայում էլ էր էդպես, ու ինձ թվումա՝ բոլոր նորմալ երկրներում կա էդ քարտային համակարգը։ ես իսկապես երազում եմ, որ մի օր մեզ մոտ էլ էդպես կլինի։ մի քանի օր առաջ արդեն կանգառ էի հասել ու նոր նկատեցի, որ ընդհանրապես մանրադրամ չունեմ։ կանխիկ միայն քսանհազարանոց ունեի ու ավելի քան վստահ էի, որ եթե էդ քսանհազարանոցը (ցույց) տամ վարորդին, ինձ պատուհանից դուրս կնետի։ մի քանի խանութ մտա, ու դե էլ չասեմ՝ չմանրեցին։ ես էլ մոտեցա կրպակին ու կրպակի տատիկին խնդրեցի, ոչ մինչև երեկո վերդարձնելու պայմանով ինձ 100 դրամանոց տա։ տատիկը բարի էր։ ես իջա քաղաք, գործերից չուշացա։ իհարկե, պատմությունս հեփի էնդ ունի, բայց ես ավելի շատ կուզենայի, որ չլիներ էդ պատմությունը, ես ունենայի քարտ, որի համար ամսվա սկզբում կվճարեի որոշակի գումար ու ամբողջ ամիս հնարավորություն կունենայի դրանով երթևեկել։ 

համալսարանը գիտելիքից բացի ամեն ինչ տալիսա։ 
Բրյուսովում անգլերեն սովորել ենք, սովորել ենք թարգմանություն, բայց չորսիցս ոչ մեկը թարգմանություն չի անում հիմա։ բրյուսովում սովորել ենք լինել ընկեր, օգնել իրար, իրար ենք սովորել։ հիշեցինք մարդկանց առաջին կուրսում ու համեմատեցինք իրենց էսօրվա հետ։ համալսարանը կոփումա մարդուն, ավելի լսելիա դարձնում բառի բուն իմաստով։ (: 

առաջ ենք գնում։
երբ Լիանն ու Աշխենը քննարկում էին CRM համակարգերը, դրանց կարևորությունն ու անհրաժեշտությունը, աշխատավայրում ավելի արդյունավետ գործելու հնարավորությունը, ես (ոնց որ միշտ) վերացա մի պահ էդ թեմաներից ու մտածում էի՝ գրողը տանի, մի որոշ ժամանակ առաջ մեր միակ թեման էս մոդուլի հարցաշարն ու էն դասախոսի լեկցիաներն էին։ ուրեմն մի տեղ հասել ենք։ ուրեմն իզուր չէր։ 

ոչ միայն մասնագիտական։ 
կուրսեցիների մեծ մասը ամուսնացել են ու արդեն մամաներ են (հա, Բրյուսովում կուրսեցի=աղջիկ)։ իմ համար էլի ադապտացվելու թեմայա, քանի որ ես դեռ չեմ կարողանում զգալ տարիները, տարիքը։ ու որ իմ կուրսեցիները/ընկերուհիները մամաներ են, ինձ հարկավորա մի պահ ստոպ տալ ու դանդաղ ընկալել ինֆորմացիան։ 

մի խոսքով։ ես իսկապես շնորհակալ եմ բոլոր էներգիաներից, որ էս երեխեքն են իմ շրջապատը ու ընդհանրապես՝ իմ շրջապատնա իմ շրջապատը։ ես իրանց նայելով ոչ միայն հուսով եմ, այլ նաև վստահ եմ, որ ավելի լավ ապագա ենք ունենալու, քան կարծում եք։ եթե միայն բոլորը իրանց աշխատանքը սիրեին նենց, ոնց Լիաննա սիրում իր աշխատանքը․․․ 

գրկ։ պաչ։ 

առանց որևէ -իզմ-ի

հեյ

մենք հիմա ապրում ենք օրերում, որտեղ -իզմ-եր շատ կան՝ էյջիզմ, սեքսիզմ, ռասիզմ, ֆեմինիզմ․․․ու էս ամեն ինչի ֆոնին շատ դժվար է արտահայտել միտք ու չպիտակավորվել, չորակավորվել որպես ասենք՝ ռասիստ․․․ իմ անձնական կարծիքն այս ամենի մասին մարդուն անկախ որևէ պատկանելիությունից հարգելն է, իսկ նրան կարելի է գնահատել միայն իր անձնական որակներից ելնելով՝ վերանալով ցանկացած արտաքին ու ներքին գործոններից։ մարդուն հարգելու ամենաառաջին նախապայմանը նրա ազատությունը, նրա անձնական տարածքի սահմանները չհատելն է, նրան սեփական կարծիքի իրավունք, սեփական միտքն արտահայտելու հնարավորություն, սեփական կյանքը վարելու արտոնություններ տալն է․․․ 

նկարը թեմայի հետ էնքան 
կապ ունի, ինչքան ուրիշները
ձեր որոշումների հետ

տպավորություն է, որ սա պետք է լիներ նորմալը, ավելորդ լիներ քննարկել, էն էլ 21-րդ դարում, երբ այլ մոլորակներում կենսապայմաններ ենք որոնում, երբ արհեստական բանականության մասին ենք խոսում, բայց շատ ցավալի իրականության եմ բախվել ու անպայման ուզում եմ խոսել էդ մասին: 

հայաստանյան իրականությունը ծայրահեղությունների բնօրրան կարող ենք համարել։ երբ փողոցով քայլելիս տեսնում եմ հպարտ կեցվածքով, վստահ քայլվածքով կնոջ, որը  գործնական հեռախոսազրույց է վարում կիրթ ու հաճելի բառապաշարով, հետո սրճարանի մոտով անցնելիս տեսնում եմ հենց նոր աշխատանքից դուրս եկած լանչող աղջիկների, որոնք բովանդակալից քննարկում են վարում գրքերի, աշխատանքի, ֆիլմերի մասին, հպարտանում եմ, որ այո, ունենք պոտենցիալ ու ինչ-որ տեղ սայլը շարժվում է․․․

մի քանի կմ այն կողմ՝ մարզերում, շատ ավելի տխուր պատկեր ունենք։ երբ արդեն չափահաս աղջկան կամ կնոջը արգելվում է ընտրել իր կողակցին/մենակությունը, իր հագուստը, ապրելավայրը կամ աշխատանք/ուսում ունենալը, ուղեղս էդ ինֆորմացիայից մերժում է իրականությունն ընդունել։ իսկապես երևի շատ քիչ եմ կողքերս նայել ու ինձ համար որոշել էի, որ դե հա, հիմա որ դարնա որ․․․ 
no caption here :) 


ու էս ամեն ինչը ընտրություն է, որի հիմքում կան մի շարք հանգամանքներ` ֆինանսական վիճակ, ապրելավայր, ծննդավայր, ինտելեկտուալ բեքգրաունդ, բնավորություն, տեսակ։ Fun fact` այս հանգամանքներին առաջնային տեղ տալ-չտալն էլ է ընտրություն։ Իհարկե, խոսելը շատ ավելի հեշտ է գործելուց, բայց սեփական ինչ-որ չափով փորձ ունենալս թույլ տալիս է վստահ ու հստակ ասել, որ ընտրությունը քո ձեռքում է։ երբ կյանքի փուլերից մեկում քեզ հարցնում ես՝ իսկ ես ուզու՞մ եմ դա, շնորհավորում եմ, դու ազատ ես։ երբ էդ հարցը ստիպված ես տալ ուրիշին, բայց այլ կառուցվածքով․ իմա՝ կարելի՞ է, էդ պահին հող ես լցնում ազատությանդ վրա՝ հաստ շերտով  հող, որից սակայն ոչինչ չի աճելու ու դու էլ չես աճելու։ 

Իսկ թույլտվություն հարցնում ես, որովհետև հետագա քայլերիդ պատասխանատվությունը վերցնելու կամք, ներուժ ու վստահություն չունես։ Կայացած մարդը (մտավոր, ֆիանանսապես, անհատապես) գիտի իր բոլոր արարքների հնարավոր հետևանքներն ու արդյունքները, ու կարող է միայնակ որոշել՝ կարո՞ղ է, թե՞ չէ։  

ուրեմն ես քեզ խնդրում եմ, էս պաթոսական նոտայիս ուշադրություն չդարձնել, գտնել էն ճանապարհը, որով կարող ես մենակդ քայլել՝ առանց ինչ-որ հենարան փնտրելու։ ասումա՝ երկու ուղեղը ավելի լավ է։ ես համաձայն եմ, բայց միայն մի դեպքում, երբ երկուսն էլ այնքան էն ինքնուրույն ու ինքնաբավ, որ ոչ թե մեկը մյուսի վրա պիտի հենվի, մեկը մյուսի հույսին մնա, այլ միայն ընկերակցեն իրար, կիսվեն հաջողություններով, օգնեն մի պահ կտրվել դժվարություններից, երբեք չպարտավորեցնել դիմացինին ու պարտավորություններ չվերցնել։ 

եթե հենց նոր որոշեցիր, որ ուզում ես ինքնուրույն ու ազատ լինել, բայց մտածում ես՝ ոնց․ 
  • (ինքնա)կրթվիր
  • մի վախեցիր
  • վստահիր քեզ
  • տարբերվիր
  • երազիր
  • ազատվիր բոլոր կաղապարներից ու կոմպլեքսներից

ի վերջո ամենկարևորը ազատությունն է, չէ՞ (: 

գրկ 


Վեգան: Հայաստանում:

հեյ

ես երբեք չէի ուզենա գրել էս մասին, քանի որ շատ անձնական թեմա եմ համարում, բայց խնդրում եմ, ախր Հայաստանում ինչ անձնական կյանքի մասին է խոսքը, երբ ցանկացած ծանոթ տեսնելիս հարցնում ա՝ բա ինչքան աշխատավարձ ես ստանում, բա ինչի չես ամուսնանում, բա ինչի եկար Գերմանիայից․․․․ ու էդ հարցերից ամենավատը՝ բա ինչի չես միս ուտում։ 

նախաճաշ Ամստերդամում

երբ որոշեցի, որ այլևս սննդակարգիցս բացառելու եմ կենդանական ծագման ցանկացած ուտեստ, բավականին երկար ու խորը ուսումնասիրություն արել էի ու մի օրվա, մի վայրկյանի որոշում չէր։ Էդ ուսումնասիրութուններին զուգահեռ ես ինձ համար ընտրեցի նոր կենսակերպ, ու ինչքան էլ ցավում էի էն մոտ մարդկանց համար, որ շարունակում են վնասել օրգանիզմին, հստակ որոշեցի ոչ մեկին ոչ մի դեպքում չհամոզել հրաժարվել մսից կամ կաթից․․․ քանի որ հասկանու՞մ եք՝ դա անձնական կյանք է, անձնական որոշում, գիտակցում և այլն․․․ 

Գերմանիայում շատ ավելի հեշտ էր, զի roommate-ս շատ, չափից շատ հանդուրժող էակ էր, մենք, ինչքան էլ նման ենք, ունեինք մեր տարբերություններն ու իրար հասկանում, ընդունում էինք։ Հայաստանում սկսեց մի փոքրիկ պատերազմիկ։ Հենց առաջին օրվանից՝ ո՞նց, բա դու խորոված հիմա չես ուտելու՞։  

վեգան թխվածքաբլիթներ
made by me


ընտանիքիս անդամները շատ ավելի հեշտ տարան կյանքիս էս փոփոխությունը, քան սպասում էի։ Մի քանի հատ՝ իմ սարքածները չես ուտում, մի քանի ճաշկերույթի ժամանակ՝ բա դու հիմա ինչ ես ուտելու ու վերջ․․․ հետո իմ համար հատուկ ուտելիք են առանձնացնում ու yeah, kind of feeling special... 
ընկերներս...գրկ իրանց․․․ Արփիենց տանեցիները օրինակ, ամեն անգամ, երբ ես եմ հյուր, պատրաստում են ինձ համար հատուկ․․․ Իսկ դե եթե դրսում ենք ուտում․․․ասումա՝ կներես, բայց ես միս եմ ուտելու ։Դ 

շատերը կարծում են, որ դժվար ա Հայաստանում վեգան ապրելակերպ ունենալը։ Ես կասեի՝ հա, գուցե միքիչ թանկա։ Դժվար չի։ Նույնիսկ, եթե վեգան take away կապուչինո եք ուզում, Սայաթ-Նովայի վրա Օպերայի մոտ սիրուն աղջիկներ կան, որ ձեր համար կսարքեն կապուչինո սոյայի կաթով։ Yey! 
ու հա, մենք մենակ կանաչի չենք ուտում։ Ընդհակառակը՝ բավականին բազմազան եմ սկսել սնվել, նոր բաղադրատոմսեր եմ գտնում կամ հորինում ու եթե պետք լինի, դիմեք։ 

գրկ։



թե ինչի մասին եմ մտածում գիշերվա հազարին

հեյ

երբ դեռ նոր էի գրանցվել ֆեյսբուքում ու այն դեռ չէր վերածվել բացասական էներգիայի ու կեղծ լրահոսի արտադրամասի, հավես էր, ինչ խոսք․․․ այն ամենը, ինչ շատ հեռու էր թվում՝ մարդիկ, վայրեր, իրողություններ, մի տեսակ մոտենում էին ֆեյսբուքում, մի տեսակ կարողանում էիր շփվել, քոնը դարձնել։ Էդ որոնումների մեջ մի օր գտա Փոքրիկ Իշխանին նվիրված "միակ" խանութը: Քանի որ խանութը Փարիզում էր, ես՝ Սյունիքում ու տենց մի տասներորդ դասարանում էի դեռ, միակ միտքը, որ առաջացավ՝ հավանեմ էջը, միգուցե մի օր պետք կգա։ 

ուշացած հանդիպումները իմ կյանքի անբաժան մասն են։ միգուցե սխալվում եմ, միգուցե հենց էդա ճիշտ ժամանակը, ես եմ շտապողը, բայց մի բան հաստատ ա՝ շատ պատմություններ ունեմ, որտեղ ես ծանոթանում եմ ու ինձ հետ ծանոթանում են մի քանի տարի հետո միայն։ 

ու տենց․․․ էջը հավանելուց յոթ տարի անց
սա գլխարկ չէ
 ես Փոքրիկ Իշխանի խանութից նամակ եմ գրում տուն էն մասին, որ երազանքներն իրականանում են, իմ ամենասիրած փինն եմ գնում ու վաճառողի հետ մի ժամ զրուցում եմ էս պատմության, Հայաստանի ու ճամփորդելու մասին։ Էդ պահին նույնիսկ ես չէի հավատում, որ հաաա Լիլ, էդ խանութնա․․․

․․․․․

արդեն մի քանի օր էր (անցյալով վերջապես) մոռացել էի, որ իմ լավագույն հատկանիշներից մեկը (համեստագույն կերպար), որ ձեռք եմ բերել էս փորձից՝ սպասելն ա, չշտապելն ա, ամեն ինչին ու ամենքին իրենց ժամանակին ընդունելնա։ ու էդ իրենց ուշանալուց չկոտրվելը մի տեսակ, հավատում ես չէ՞, հեշտ չի։ ինձ ճանաչողները գիտեն, որ ես պունկտուալ չեմ։ ես միշտ մի տասը-տասնհինգ րոպե շուտ եմ։ 

հիմա էդ սպասելու փուլերից մեկնա։ ու ինչքան, որ գրում եմ սա, որովհետև կարոտել էի քեզ ու բոլգս, գրում եմ, որ համոզեմ ներսիս շտապողին, որ պետք է ճիշտ ժամանակին սպասել։ ու էդ սպասելու րոպեները պետք ա լցնել երազելով՝ նույնիսկ անհնարը։ 

լավ մնա։ 

յոգայի միջազգային օրը

հեյ էսօր՝ հունիսի 21-ը, ամառային արևադարձի օրը նաև մեր գալակտիկայում գոյություն ունեցող լավագույն երևույթներից մեկի՝ յոգայի միջազգային օրն է...