31.1.21

ինչ սովորեցի երկրորդ կուրսում ամբողջ կյանքի համար

հեյ


երկրորդ կուրսում ունեինք մի դասընթաց ու դասախոս, ում ոչ միայն հարգում էինք, այլ պարզապես սարսափում իրենից։ ։Դ երկրորդ կուրսում։ վախենալ։ դասախոսից։ ․․․․ մի խոսքով։ 

պարզից էլ պարզ է, որ դասերին միշտ ներկա էինք ու միշտ պատրաստ։ պարզից էլ պարզ է, որ Անժելայի հետ պիտի անքուն գիշերներով պարապեինք, նույնիսկ սկայպով զանգում էինք իրար ու պատմում իրար քննության թեմաները։ 
selfie with our office-cat ^^^


քննությունից առաջ մի լավ պատրաստվեցինք ու նոր ներս մտանք։ գրավոր էր։ հենց ստացանք հարցաշարերը ու նայեցինք իրար, հասկացանք՝ ոչ մի բան չգիտենք, առնվազն չենք հիշում։ մի պահ ուղեղս կախել էր անտանելի շփոթվել էի ու չգիտեի՝ ինչերեն եմ կարդում հարցերը։ հետո հասկացա՝ անգլերեն էր, նախորդ մի քանի օրերին հազար անգամ կարդացած թեմաներ են, հավաքվեցի ու գրեցի։ բայց համոզված էինք ես էլ, Անժն էլ, որ հազիվ թե մի 70 ստանանք։ 

պատասխաններն եկան չափազանց ուշ՝ մոտ երկու ամիս անց։ ու պարզվեց երկուսս էլ 90-ից բարձր ենք ստացել՝ գերազանց։ երջանիկ էինք ու միաժամանակ ապուշ էինք կտրել՝ ինչի՞ էինք էդքան տառապում։ 

հետո եկավ բանավոր քննության օրը, ու մենք էլի սպասեցինք՝ վերջում մտնենք, քանի որ դուխներս համարձակություն չունեինք։ էլ տեղ չկար սպասելու, մտա։ պատասխանեցի։ թեորիան շատ լավ գիտեի ու նույնիսկ օրինակներ ունեի պատրաստած։ Սողիկյանը հարցրեց մի բառի թարգմանություն։ չիմացա։ 

քանի որ դու թարգմանիչ ես դառնալու, ցանկացած անծանոթ բառ տեսնելիս պետք է քեզ մոտ էդ բառը թարգմանելու ցանկություն առաջանա։ դու պատասխանեցիր 100-ի, բայց 100 չես ստանա, կստանաս 92։ 

էս պատմությունը էսօր հիշեցի էն պատճառով, որ խոսքի մեջ ուղղակի լսվեց բառ ու ես միանգամից անցա դրա թարգամանությունը, ծագումնաբանությունը ուսումնասիրելու։ ու առանց երկար֊բարակ մտածելու սկսեցի բարձր կարդալ էդ գտածս հոդվածը։ ինձ դուրա գալիս էդ սովորությունը, որն արժեցավ 8 բալ։ 

մի քանի օր առաջ քննարկում էինք, որ մարդիկ առանց մի հատ գուգլելու, առանց կարդալու ասում են՝ ձևը չգիտեմ, արի ինձ օգնիր։ նա ինձ ուղարկեց մի հրաշալի նկար, որ չէ, չեմ հրապարակի։ բայց հենց էդ մասին էր՝ չալարել֊բացել֊կարդալու մասին էր։ 

հիմա կամ տեղեկատվություննա լցվում քեզ վրա առանց քո ցանկության (ասենք երբ ֆեյսբուքով սքրոլ եք անում) մեկ էլ դու էս ընկնում տեղեկատվության հետևից։ հմտություններ են պետք, որ չկորեք․ ոչ տեղեկատվությունը քո մեջ, ոչ դու տեղեկատվության էդ մեծ ալիքների։ 

ես էսօր վերջնականապես ու վերջապես կտրվեցի էդ վատ ալիքներից ու խորհուրդ եմ տալիս բոլորիդ։ 

գրկ 


26.1.21

ինչու գրել

հեյ

մանուկ ժամանակ բոլորս էլ վարդագույն փոքր նոթատետրեր ենք երևի ունեցել, որ փոքրիկ բանալի ուներ։ մեր բոլորի մեծ եղբայրներն էլ փորձել են գրչի ծայրով բացել էդ նոթատետրը, դե արգելված պտուղը օրագիրը քաղցրա։ ու մենք կռվել ենք ու տարել, թաքցրել մեր արևին կարծիքով գաղտնի վայրում՝ ասենք ներքնակի տակ։  

չէ՞

ես գրել եմ դեռ երկրորդ դասարանից։ չէի ասի, թե պատճառը ինքնարտահայտվելու տեղերի քիչ լինելն էր։ թե ոչ մեկ ինձ չլսեր էլ, տատիկս կլսեր։ ասում էր՝ կանգնի աթոռի վրա ու ասենք արտասանի «Դավիթն էլ ահա սարի գագաթին կանգնած՝ գոռում է վիշապի նման․ ով քնած է արթուն կացեք․․․․»։ ես հա, լսվող երեխա էի, բայց նաև գրում էի ու շատ։ ու դա հասավ նրան, որ երբ մի շատ կարևոր  մաս իմ կյանքից մի շրջանով պետք է պակասեր, ես ստեղծեցի էս բլոգը ու սկսեցի պատմել֊հորինել արդեն օնլայն հարթակում։ 


դե մինչ էդ գրում էի սոց կայքերում ու շատ (առիթից օգտվում եմ էս պահին ու տեղեկացնում եմ պաշտոնապես՝ ինձ սոց կայքերում մի գրեք, մի սպասեք, դեռ պահպանված են հաշիվներս, քանի որ դեռ տեղեկատվություն կա, որ պետք է պահպանեմ, ինչի ժամանակը չունեմ, բայց ես հաշիվներիս չեմ հետևում ընդհանրապես, դրա փոխարեն՝ antonianlilit@gmail.com), բայց շատ ավելի հաճելի ա, երբ գրելուդ հարթակը քո սեփականն է ու քո մասին ու քոնը․․․






աշխարհի ամենաերջանիկ օրերից մի օր ստեղծվեց syuneci.am-ը։ աստվածներ․․․օրը չեմ հիշում ։Դ անսպասելի չէր, ես ոչինչ չեմ հիշում։ (:

իսկ ինչու՞ գրել․․․ 

գրելու համար քեզ թեմաներ են պետք, որոնք պետք է պատմություններ դառնան։ էդ պատմութունների համար սկսում ես ուշադրություն դարձնել՝ ինչ է կատարվում շուրջդ, ինչ զրույցներ են խոսվում ու ինչ արարքներ ես տեսնում։ 

գրելու համար քեզ պետք է մտքերդ համակարգել, իսկ դրա համար սկսում ես ուշադրություն դարձնել՝ ինչ ես մտածում, կարևորում ես հոսանքները, որ ուղեղովդ անցնում են, հետևում ես բառերին, արտահայտություններին․․․․ 

գրելիս ստեղծում ես, ստեղծագործում ես, վազվզող մտքերդ աչքերիդ առաջ նյութականանում են, շարվում են էկրանիդ, հասնում են էն մյուսի էկրանին, ժամանակի ու տարածության միջով են անցնում․․․․

գրելը հոբի չի, գրելը ապրելակերպա դառնում, գրելը օգնում ա քեզ ու մենակ չի թողնում, գրելը միշտ քեզ հետա։ եթե նույնիսկ չես ուզում, որ էն մյուսը իմանա, որ դու ես գրել, անանուն գրիր, որովհետև դու ունես դրա իրավունքը ևս։ 

տենց․․․ 

21.1.21

հինգշաբթին չգնահատված օր է

հեյ

դպրոցական տարիներին մասնակցում էինք «Հայ ասպետ»֊ին ու էդ ամբողջ սովորած ու անգիր արած թղթերի արանքից ինձ մնաց միայն հնարավորությունը ճանաչել ու կարդալ Բալզակ, մասնավորապես՝ «Շագրենի կաշին»։ ու հա, անպայման պետք է նշել, որ վերջապես ու վերջնականապես ծանոթացա հայկական ազգային պարին ու դարձրեցի կյանքի մի մաս։ (դրա մասին մի օր անպայման երկար կնստենք, կխոսենք) 

Գրքի հիմնական գիծն էն էր, որ ցանկանալը մեզ ապրեցնում է, իսկ կարողանալը՝ սպանում։ Երբ ավելին ենք ուզում ունենալ, ապրել, գտնել, հաջողել, քան կարող ենք, պակասում ենք․ մենք կյանքից, կյանքը՝ մեզնից։ 

դպրոցական Լիլիթին շատ դժվար էր ու նույնիսկ անհնար չհամաձայնել Բալզակի էս համոզմունքին, մանավանդ, երբ գրքի հերոսը վառ ապացույց էր սրա՝ հազարտոկոսանոց ճիշտ լինելուն։ 
օֆիսի բակի կատուների հետ

հիմա ավելի շատ համաձայն չեմ, քան համաձայն եմ։ ձգտել, ցանկանալ ու ապրել դրանով։ նայել առաջ ու վեր՝ նույնիսկ անհնարինին։ հատկապես մեր ժամանակներում «անհնարին», «անկարելի» բառերը ընդամենը րոպեներ են պահանջում, որպեսզի հականիշներով փոխարինվեն։ 

ցանկանալը հաճախ ապրեցնում է։ ցանկանալուն պետք է ավելացնել ձգտում, աշխատանք, ջանք ու նվիրվածություն։ 


էսօր, երբ երթուղայինին պետք է թղթադրամ տայի, արդեն մտածում էի՝ ուֆ, ինչու չմանրեցի, հիմա պետք է կանգնեմ, սպասեմ՝ մանր տա, մի բան էլ մունաթ դժգոհ հայացքով նայի վարորդը։ երբ թղթադրամը մեկնեցի, պարզվեց վարորդը արդեն, երևի հայելու միջից, նկատել էր ու նախապես պատրաստել էր մանրադրամները։ ամբողջ ճանապարհին մտածում էի՝ երանի բոլորը իրենց աշխատանքում էդքան ուշադիր, նվիրված լինեին։ 

ցանկացած աշխատանք պահանջում է նվիրվածություն, ժամանակ, զարգացում․․․  ու ոչ մի ցանկություն չի սպանի, այլ ավելի իմաստալից կապրեցնի։


տենց․․․ 




18.1.21

թող գնա/թող, գնա․․․

հեյ

էսօր առավոտյան զբոսանքի ժամանակ Արմինի հետ քննարկում էինք, թե ինչքան գոհ ենք, որ այս կամ այն մարդը գնաց։ մեր կյանքից։ ու էդ մարդիկ քիչ չեն (հատկապես իմ կյանքում)։ երևի պատճառներից ամենագլխավորը ես եմ՝ թողնելու հատկությունս, մեկ էլ երևի էդքան էլ մնալու համար տրամադրող մարդ չեմ (ով գիտի)։ ինչևէ` փորձը ցույց է տալիս, որ նրանց գնալը լավագույն որոշումն էր, նույնիսկ գալուց շատ ավելի ճիշտ որոշում։ 
զգուշացեք կատուներից
ինչ֊որ տեղ Գերմանիայում


կյանքեր չկան, որ չունենան գնացողներ, որովհետև կյանքը Աբովյան փողոցը չի՝ երկկողմանիա։ ու թե գալիս են՝ ուզենք թե չուզենք, նաև գնում են՝ ուզենք թե չուզենք։ հարկավոր է հասկանալ, որ բոլոր գնացողներին պարզապես ձեռքով հաջող անել է պետք։ ու երբեք պետք չի պահել գնացողին։ չի կարելի համոզել՝ մնալ։ կորցնելու ցավը, իսկապես, որքան էլ անտանելի դժվար է, դիմանալ հանարավոր է հաստատ․ հիշենք, որ հոմո սափիենսը գոյատևել և հասել է 21֊րդ դար ու բլոգում է միայն «հարմարվողականություն» կոչվող հատկության շնորհիվ։ 

թող գնա․․․ 

եթե տխրելու եք,
 սիրուն տեղեր գտեք տխրելու

 երեկոյան էլ թութում, երբ քննարկում էինք մեր կյանքի անտանելի մարդկանց, որոնք սովորական օրը փչացնելու մեծ վարպետներ են, Նորայրը խորհուրդ տվեց պարզապես հանել իրենց կյանքից ու հեռու մնալ։ այսինքն՝ գնալ։ 

թող, գնա․․․ 

մարդկային հարաբերությունները անվերջ ուսումնասիրելու, խորը, բարդ, բայց և միաժամանակ անտանելի պարզ թեմա կարող է լինել։ բարդ հարց՝ պարզ պատասխան։ չսեփականաշնորհել մարդկանց մեր մտքում, լինել ինքնաբավ ու ինքնահաստատված ու հարգել։ պարզապես հարգեք դիմացինի ու ձեր ցանկացած որոշում՝ գնալ֊մնալու, թողնել֊տանելու։ մի բարդացրեք կյանքը, մանավանդ 2020 թվականը տեսնելուց հետո։ 

տենց․․․

17.1.21

space: տարածք թե տիեզերք

հեյ

այստեղ արդեն պատմել եմ յոգայի՝ իմ կյանքում ունեցած կարևորության, առաջնային լինելու ու դերի մասին։ յոգայի և մեդիտացիայի ընթացքում ու շնրոհիվ  ոչ միայն կարողանում եմ կենտրոնանալ մտքերիս վրա, գտնել լուծումներ խնդիրներիս, այլ նաև նոր մտքեր են ծնվում, նոր թեմաներ են առաջ գալիս ուսումնասիրելու ու գրելու համար։ 

որոշեցի տարին սկսել ամբողջական, համակարգված մի շարքով, որի ամեն օրը մի խորագիր ունի։ թութում գրում եմ ամեն օրվա խորագիրն ու մեկ֊մեկ էլ կիսվում եմ փոքրիկ հաջողություններով։ ու իսկապես ուրախանում եմ, որ թութեցիները հետաքրքրվում են (I could sound biased բայց թութը էն քիչ տեղերիցա, որ գրում ես ոչ թե ձևական, այլ քննարկելու համար ու մարդիկ միշտ խոսում են քեզ հետ, միշտ ունեն պատմություններ, հարցեր)։ երեկվա խորագիրն էր՝ space
էկրանահան թութից 

գորգի վրա ու շատ ավելի կարևոր է՝ գորգից դուրս պետք է ունենալ տարածք։ զբաղեցնել այնքան, որ քեզ ազատ զգաս, որ բավականեցնի քեզ, բայց ձգտել չպակասեցնել կողքինների անձնական տարածքը։ մեզ մոտ անձնական կյանքը/տարածքը վերջին պլաններում են մնացել։ և սա ոչ միայն գաղտնիքներ ունենալու իրավունքի մասով եմ ասում, այլ հենց՝ սեփական տարածք ներս չթողնելու։ ասենք՝ սենյակ կամ դարակ կամ հեռախոս կամ համակարգիչ։ 

էլ չեմ ասում՝ ինչքան անսովոր ու զարմացած են նայում, երբ ուղղակի չես ցանկանում պատասխանել անձնական հարցերին՝ աշխատանքի, աշխատավարձի, չ/ամուսնանալու և այլն։ կարող են նունիսկ հարցնել՝ երբ և ուր և ում հետ ես գնում։

խանութներում, հատկապես դեղատներում, հազվադեպ են լինում դեպքեր, երբ հերթի մեջ կանգնած անձը առանց իմ զգուշացման է անհրաժեշտ հեռավորությունը պահպանում։ 

ինձ որակեցին տարածքում չապրած՝ Հայաստանի հայ չե՞ս։ զուտ նրա համար, որ հարցեր կան, որոնց պատասխանել չեմ ուզում։ կարծում եմ՝ պետք է պարզապես պահանջել պահել սոցիալական հեռավորությունը անկախ քովիդից ու այլ վարակներից։ մեր հարմարվողականությունը դրական արդյունքների չի հանգեցնի։ դիմացինին «բա երբ ես երեխաներ ունենալու» հարցնելը չպետք է սովորական լինի։ «ոչ» ասելը, չպատասխանելը ավելի շատ անշնորհք չէ, քան է։ պետք չէ կուլ գնալ քաղաքավարությանը։ սովորեցրեք մարդկանց չլինել անքաղաքավարի։ ստիպված ու չուզելով մի ապրեք։ 

տենց․․․

14.1.21

իսկ ինչու յոգա

հեյ

երկու հազար քսանը հեչ լավ տարի չէր․ սա բոլորի կողմից ընդունելի փաստ է կարծում եմ։ բայց դե իմ կյանքում մի քանի դրական փոփոխություններ եղան, որոնց չեմ ուզում ուրանալ։ ու կասեմ, որ ամենավատ ու ամենասխալ պահին մի փոքր դրական այնուամենայնիվ լինումա ու երևի դրա շնորհիվ ենք շարունակում ապրել, գրել, բլոգել, կարոտել և այլն․․․ 

քովիդը փակել էր բոլորիս դռները ու թողել փակ դռների հետևում։ ես նույնիսկ Հայաստանում չէի։ Ռումմեյթս, ում անտանելի կարոտել եմ․․․․գրկ․․․․առողջապահական ոլորտից էր ու անկախ ստեղծված իրավիճակից, աշխատում էր։ ես տանն էի։ մենակ էի։ կարոտում էի։ մի խոսքով․․․ 


պարզապես նվիրիր քեզ 
էդ րոպեները


ինձ ճանաչողները գիտեն, (հիմա դու էլ կիմանաս) որ ցանկացած հարցի դեպքում առաջինը գուգլին եմ դիմում։ չնայած որ հա, ինչքան մենք ենք գուգլին հարցեր տալիս, էդքան ինքնա մեզանից ինֆո տանում․․․  էդ օրն էլ բացառություն չէր։ գուգլեցի՝ ինչ անել, երբ մենակ ես։ դե գուգլի ֆանտազիան գիտեք․ ամեն ինչ առաջարկեց նկարելուց մինչև պատրաստել ու զբոսնել, նվագելուց մինչև մատնահարդարում։ ոչ մեկի հավեսը չունեի, իսկապես ֆիզիկական մենակությունը երկրորդ պլան էր անցել ու հոգու մենակությունն էր արդեն սենյակում տարածվել։ 

հասկացա, որ ներսս մի տեսակ եթերային ու անսովոր ապրումների կարոտա մնացել ու հիշեցի, որ արդեն մի քանի տարի կլինի՝ ուզում եմ յոգա անել և անընդհատ հետաձգում եմ։ 

յութուբեցի (եթե կա գուգլել, ինչու չկա յութուբել) յոգա մենակության համար ու որոնման հենց առաջին արդյունքը սա էր։ ահա այսպես ես ծանոթացա փոքրիկ իշխանի  Էդրիընի հետ։ 

ծառի դիրքի փորձ

էս բարի էակը մի հրաշք համայնք՝ քըմյունիթի, ունի։ ամբողջ աշխարհի «մենակների» համար հոլովակներ է պատրաստում, որպեսզի հնարավորութուն ունենաս ասենք տանը, քո սենյակում փռել քո գորգը ու սկսել օրը խորը շունչ քաշելով, սեր շնչելով ու սեր արտաշնչելով։ ու ամեն անգամ, երբ ասում ա՝ պատկերացրու էն մարդուն, որ հիմա կուզենար զգալ այդ սերը, դու հասկանում ես, որ չէ, մենակ չես։ ու ոչինչ, որ մենակ զգալնա ստիպել քեզ գնալ դեպի յոգայի աշխարհ։ Էդրիընը շատ համով հումոր ունի ու օրդ ժպիտովա սկսում, ինքը քեզ հասկանումա՝ ինչ էլ լինի։ 

արի ականջիդ մի բան էլ ասեմ՝ ինքը ունի յոգա խումհարի (hangover) համար։ fun fact: ինչքան շատ սիրես յոգան, էնքան քիչ կսիրես խմիչքը։ 

տենց․․․ 




11.1.21

երկուշաբթի և ապա Linux

հեյ

մենք սովոր ենք, որ երկուշաբթիները պետք է լինեն տխուր, դժվար, չանցնող, ֆեյլերի ձախողումների հաջորդականություն, սակայն արի ու տես, որ շատ էլ հնարավոր է ունենալ մի հրաշալի երկուշաբթի։ էնքան հրաշալի, որ ցանկանալ հասնել տուն ու անկախ ժամից ու կոկորդի ցավից բլոգել էդ մասին։ 

նախ պետք է ասել, որ կատարյալ առավոտը սկսում է հոբիով ու դառը կօֆե֊ով։ ու էսօր իմ առավոտը այո կատարյալ էր։ Յոգա, կոֆե, ու նաև էնքան շուտ էի արթնացել, որ հասցրինք Մետաքսի հետ մի լավ զրուցել բամբասել և նոր ապա գնացի աշխատանքի։ 
(մի օր երկար կպատմեմ էն հրաշք թիմի մասին, որոնց հետ օրը անցնումա ակնթարթի նման, առանց պաթոսի ու չափազանցնելու)

և օրվա կարևոր իրադարձությունը՝ ես անցա լինուքսի։ 
էսպիսի փոքր  ու ժպտացնող
բաներ կգտնեք միայն
Երևանում


մի քանի օր առաջ հերթական փաստագրականը նայեցինք՝ Revolutionary OS֊ը (խորհուրդ եմ տալիս անպայման դիտել), ու ես վերջնականապես համոզվեցի, որ ուզում եմ Լինուքս օգտագործել։ ընտրեցինք դիզայն՝ Elementary. դե նրա համար, որ նախ՝ սկիզբնա ու պետք է դեռ ծանոթանալ, սովորել, ապա ավելի թեթևա, քան ինձ ավելի շատ դուր եկած թզուկը։ 

իրականում դեռ մի քանի ժամ է, ինչ աշխատում եմ նոր համակարգով, բայց տպավորություն կա, թե նոր աշխարհ եմ բացահայտել, հայտնաբերել ու հա, երջանիկ եմ։ 

կներես, եթե վերնագիրը կարդալիս մտածեցիր էստեղ tech վերլուծություն կկարդաս ու հիասթափվեցիր, քանի որ սա ընդամենը ուրախությունը կիսելու ու շնորհակալ լինելու բլոգ էր։ 

խոստանում եմ՝ մնացած բացահայտումներիս մասին անպայման գրել․․․ 

մերսի քեզ շատ (: իմ կյանքի ամենասիրուն երկուշաբթին էր։ 

֊ինչի՞ վանէ
֊իմ սիրած անունն ա․․․
֊աղջկադ անունը կդնե՞ս
֊չէ, կարգիչիս անունն եմ դրել։ 

#զրույց

տենց․․․ 

7.1.21

քաղաքը, աղջիկները, կանաչ լույսը

հեյ
ահավոր ցուրտա քաղաքում։ 


երթուղայինի էի սպասում։ դե մենակ չէի՝ իրենք գրեթե միշտ իմ հետ են ու մենք միասին ենք պայքարում երևանյան ցրտի/մառախուղի/աղմուկի/բացասական էներգիայի հորդանքների դեմ։ արդեն տասը րոպե անցավ, իսկ երթուղայինիցս հույս չկար, բայց դե շտապելու տեղ չունեի, աշխատանքից հետո մաքուր ու սառը օդը (եթե, իհարկե, դիմակի այն կողմից կարող ես զգալ դրանք) շատ հաճելի են։ մի խոսքով՝ քովիդ, Երևան, մեր օրեր։  
Երևանը մրսում ա


ինձ մոտենում է տատիկ ու առաջարկում միասին տաքսիով տուն բարձրանալ, զի ինքը շատ էր մրսում։ ես համաձայնում եմ, որովհետև տատիկը շատ էր մրսում։ ես երբեք չեմ կարողացել տաքսի պատվիրելիս հավելվածի մեջ ճիշտ դնել իմ լոքեյշընը ու եթե մենակ եմ ու չկա էն մեկը, որ կանի դա իմ փոխարեն, ես ունեմ մեկ այլ լուծում՝ զանգել վարորդին ու նկարագրել՝ ուր եմ։ զանգեցի, երկու րոպեից կգար տաքսին։ ահա, ճակատագրի հեգնանք՝ երթուղայինը եկավ տաքսուց ուղիղ երեք վայրկյան շուտ։ եթե դուք լինեիք տատիկ, ո՞նց կվարվեիք։ իհարկե, տատիկը թողեց ինձ ու գնաց երթուղայինով։ ես զարմացա, ես ծիծաղեցի ահագին ու եկավ իմ տաքսին։

հասնում ենք շենքի մոտ ու վարորդը հարցրեց, թե պետք է արդյոք, որ կանաչ լույս վառի, որպեսզի մեր շենքի բնակիչները իմանան, որ մեքենան տաքսի է։
 ուղեղս կախեց  ապշեցի։ հարցրի՝ ինչի համար պետք է հարկ լիներ կանաչ լույսը վառել։ պատասխան՝ «դե աղջիկ ջան, մի երկու օր առաջ մի քո տարիքի աղջկա տանում եմ էս վերևի գյուղը ու երբ հասնում էինք, սկսեց անհանգստանալ, ասումա՝ ինչի նշան չունեք տաքսու, ես էլ ասում եմ՝ սա տաքսի չի, իմ մեքենանա և այլն․․․․ ու ինքը ասեց, բա որ հիմա բոլորը մտածեն՝ ես ինչ մեքենայով եմ տուն գնում» ․․․․  

աստվածնե՜ր․․․ մի՞թե․․․ ես, իհարկե, ճշտում եմ ժամանակաշրջանը, ծիծաղում ենք ու հետո ես լրջանում եմ․ 

մենք չենք կարող մեղադրել հասարակությանը, որ խոսում են մեր հետևից, եթե մենք վարժեցրել ենք նրան, որ մենք հաշվետու ենք մեր քայլերի համար։ եթե աղջկան պարզապես չհետաքրքրի՝ ինչ են խոսում իր՝ մեքենայից իջնելուց հետո, հասարակությունը վաղը կխոսի, իսկ մյուս օրը կլռի ո,ւ էլ չեն լինի քննարկումներ մեքենաներից իջնելու, տուն գնալու ժամերի, հետերի, առանցների մասին։ 

մեր ամենքիս խնդիրները առանց պատուհանից կախվելու ու բակ մտած մեքենաները հաշվելու էլ շատ են․․․ եկեք դրանցով հագենանք, եկեք չհետաքրքրվենք, թե Աննան ու Գայանեն որ մեքենայի միջոցով կենտրոնից հասան մասիվ։ 

տենց․․․ 

շատ երևանյան

հէյ լավ կքնես, քանի որ երկար օրա լինելու.... այո, երկար, խառը, իրադարձաշատ ու անհոսանք կենտրոնի օր էր։ ու ուսանողական տարինրից մնացած սովորո...