27.8.21

գծից այն կողմ

հեյ

իմ՝ գրված ու չգրված կանոններին դեմ գնալու ամեն քայլին ու բողոքին, թե ինչու պետք է հաշիվ տամ բոլորին իմ արարքների համար, թե ինչու պետք է հաշվի առնեմ շրջապատի մարդկանց կարծիքը, հետևում էր տատիս հետևյալ խոսքերը՝ «մարդը հասարակական էակ է․․․»։ 

հա, տատ ջան, համաձայն եմ քեզ հետ լիովին։ ես հասարակական էակ եմ, ինքս ինձ համարում եմ պատասխանատու ու ակտիվ քաղաքացի, չեմ արհամարհում շրջապատս ու ինձ համար մեկ չէ շրջակա աշխարհը։ բայց (բայց֊ից առաջ ասված ամեն բառ զրո է) ինչ֊որ տեղ, հասարակության էդ լաբիրինթում, սկսվում է իմ տարածքը, մի քանի սանտիմետր քառակուսի, եթե ուզեք, կարևորը, որ՝ իմը։ 

անձի զարգացման, կայացման ու կայունացման կարևոր հանգամանքներից մեկը ազատությունն է՝ մտքի, խղճի, որոշումների, ընտրութունների։ ու հասարակությունը, որքան էլ որ ունենա նորմեր ու օրենքներ, որոնք էս պահին չեմ առանձանցնի, չեմ բնորոշի, պարտավոր է, պարզապես պետք է թույլ տա անհատին՝ իր համար ընտրել՝ որ որշումներն ու կանոններն են իր կյանքի համար ընդունելի ու հարմար։ անհատը, երբ չի վնասում շրջապատին, չի հատում դիմացինի ազատության գիծը, ունի առաջին շնչի հետ ձեռք բերված իրավունք՝ որոշելու իր ապրելակերպն ու կյանքի ընթացքը։ 

«մարդը հասարակական էակ է․․․», շատ լավ տատ ջան, ես անչափ շնորհակալ եմ հասարակությանը, իմ շրջապատի սրտացավ մարդկանց խորհուրդների ու կարծիքների համար, քանի որ առանց դրանց հաճախ եմ մութ ու անեզր տարածության մեջ հայտնվում, հաճախ եմ նայում շուրջս ու չեմ տեսնում ոչինչ, կողքից նայող աչքերը ավելի լավ են նկարագրում ինձ ու իմ իրավիճակը, բայց ավելի շնորհակալ եմ ու գնահատում եմ նրանց, ովքեր կարծիքներն ու խորհուրդները տարբերում են պարտադրանքից, ովքեր գիտեն իմ ազատության սահմանը ու ներս չեն մտնում այդ սահմանից։ 

հիմա պարզապես կողքից նայող աչք ու մի տեսակ խորհուրդ՝ մի հատեք դիմացինի ազատության գիծը։ ուղղակի չի կարելի։ 


20.8.21

տար֊բեր֊վելու արվեստից

հեյ

մի հաճոյախոսություն ունենք, որ երևի բոլորդ էլ լսել եք ամենաանկեղծ, հարբած կամ գիտակից պահերին՝ քո նմանը չկա։ դե հա, լռելյայն բոլորս էլ տարբեր եք, եզակի ենք մեր տեսակի մեջ։ իհարկե, հիմքը, կաղապարը նույն է՝ մարդ ենք, սափիենս ու մանավանդ հոմո (երբեմն)։ բայց էս ամենի մեջ, ինչպես միշտ, չնայած հարմարվողականությանը, որ ամենակարևոր հատկանիշներից մեկը եղավ մեր գոյության ու գոյատևելու հիմքում, մենք փոփոխության ենք ձգտում, մենք տարբերվելու հակում ունենք, մենք ուզում ենք ուրիշ լինել, կամ ուրիշը լինել։ 

ու հիմա հարց է առաջանում՝ լինե՞լ, թե՞ չլինել․․․․ուրիշ։ 

լսել եք չէ՞, որ մարդիկ հիմնականում խուսափում են կարմիր մեքենա գնելուց, քանի որ շատ ավելի հեշտ է տարբերակել կարմիրը, քան օրինակ մոխրագույնը կամ սևը։ 

լսել եք նաև, որ օրինակ «սպիտակ ագռավներին» չեն սիրում, կամ երբ ինչ֊որ մեկը խմբից դուրս է մնում, տուժում է ինչ֊որ իրավիճակում, ասում ենք՝ մեջների շեկն էր։ 

ուրեմն ինչու՞ ենք տարբերվել ձգտում։ չձանձրանալու/չձանձրացնելու համա՞ր։

ես երբեք բաց չեմ թողնում անցորդներին նայելու առիթը։ երևանը շատ ավելի հետաքրքիր է դարձել վերջերս այդ առումով։ նոր դեմքեր կան, նոր գույներ կան, նոր ոճեր են քայլում, նոր հագուստներ․․․սպորտային կոշիկներ ու կտորից պայուսակներ։ երբ դեռ առաջին կուրսում էինք՝ մոտ ութ տարի առաջ, երևանի անցորդների գույնը սևն էր, մոխրագույնը։ հիմա ավելի շատ կարմրահերներ կան։ ու կապտահերներ էլ (:

իսկ գույներից զատ մենք տարբերվում ենք, մենք ձգտում ենք ուրիշը լինել, քանի որ այդ ուրիշ տեսակի մեջ մենք գտնում ենք նրանց, որ գնահատում են էդ ուրիշը։ այստեղ գտնում ենք ընկերներ, թիմ կամ հենց նրան․․․ դառնում ենք ավելի ստեղծագործ, չենք վախենում փորձել, փորձարկել, թեկուզ հենց մազերի գույնը։ որոշում ենք ներկել մեր սենյակի գույները երբևէ չտեսնված մի գույնով, թեքվում ենք մեյնսթրիմից, չենք նայում այն սերիալը, որը բոլորին է դուր գալիս (չգիտեմ՝ ինչքանով է դա էական տարբերվելու համար, բայց կան մարդիկ, որ հենց ինչ֊որ բան չանելով են տարբերվում), հոբիներ ենք գտնում, արդեն մոռացված երգեր ենք լսում, կարդում ենք ինչ֊որ փախած հեղինակի գրքեր ու ճամփորդում ենք էն երկրներով, որ ոչ բոլոր զբոսաշրջիկներին են կանչում․․․

մեր ամեն՝ տարբերվելու ձգտող քայլը բնորոշում է մեզ ու մեր տեսակը։ մենք, այնուամենայնիվ, էդ ճանապարհին փոխվում ենք ու աճում, զարգանում ենք մեր որոշած ուղղով։ ինչևէ, տեղում չենք մնում, ինչը ամենակարևորն է։ փոփոխությունների էս դարում, որտեղ թե քիչ էլ մնա, արևը արևելքում մայր կմտնի, նույնը մնալը ոչ թե ձանձրալի, այլ պարզապես անընդունելի է։ ամեն վաղը երեկվանից երկու անգամ տարբեր պետք է լինի, իսկ դրա համար անընդհատ փոխվել, զարգանալ է պետք։ 

իսկ եթե նկատվել չեք ուզում, իսկ եթե ուզում եք մոխրագույն մեքենա լինել, ինչը երբեք վատ չի, քանի որ ձեր ընտրությունն է, հիշեք, որ ձեր տեսակին հավատարիմ մնալը ավելի անկեղծ է ձեր անձի հանդեպ։ 

օրվա վերջում գլխավորը ազատությունն է՝ մեր կյանքի, որոշումների, նմանվելու ու տարբերվելու մեջ։ 

հոգ տար քո մասին





14.8.21

չփոխ(վ)ել

հեյ

ամեն անգամ, երբ ինչ֊որ թեմա սկսումա կրծել ուղեղս ու ես որոշում եմ գալ, քեզ պատմել, գրառումը դառնումա ինչ֊որ դասի նման մի բան։ ետ եմ նայում/կարդում/հիշում ու հասկանում եմ, որ ես անընդհատ ինչ֊որ խորհուրդներ եմ տալիս։ տպավորությունա, թե ես ուզում եմ քեզ ապրել սովորեցնել։ ու հա, պետք է խոստովանեմ, որ դա ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ 

նույնիսկ հոգնում եմ գիտե՞ս։

էսօր տաքսու վարորդը ճանապարհի կեսից խնդրեց ասաց, որ անջատեմ պատվերը․ երևի մի քանի հարյուր դրամ ավել ունենալու համար էր։ հետո առանց պատասխան լսելու ասաց․ «հեսա մի հատ սիգարետ վերցնեմ, գամ» ու իջավ։ էդ առած սիգարետի տուփը բացելուց հետո էլ թղթերը պատուհանից գցեց ու (իբր ոչ մի բան չէր եղել)  շարունակեց ճանապարհը։ 

ես ամբողջ ընթացքում ոչ մի բառ չխոսեցի։ բացառությամբ, երբ ուզում էր, որ պատվերն անջատեմ, ասացի, որ ես չեմ պատվիրել մեքենան։ այդքանը։ 

եթե այլ օր լիներ, հաստատ կասեի՝ չէ, կներեք, շտապում եմ, իսկ դուք հենց հիմա աշխատանքի մեջ եք։ միևնույն է՝ չեք ծխելու մեքենայի մեջ, իսկ իմ տունը մոտ է։ երեք րոպեից կարող եք գնել այդ ծխախոտը։ կամ՝ մի գցեք թղթերը պատուհանից դուրս, խնդրում եմ։ 

իսկ էս անգամ ես էնքան լուռ էի, ինչքան էդ պահին պատուհանից նետվող թղթերը։ ես զգում եմ, որ հոգնել եմ սովորեցնելուց։ ես հոգնել եմ պահանջելուց, որ մարդիկ ուղղվեն, միքիչ ավելի քիչ վնասեն էս քաղաքը, երկիրը, մոլորակը, իրենց, մեզ, շրջապատը․․․ 

նույն կերպ էլ չեմ ուղղում NFC-ին վայֆայ ասող վաճառողներին կամ մատուցողներին, մի ժամանակ նույնսիկ շնորհակալություն էի հայտնում, երբ հաջորդ անգամ ուղղած էին լինում իրենց․․․

հազար ու  մի օրինակ կա էս պահին մտքիս, որ խնդրում֊պահանջում էի մարդկանց այլ կերպ վարվել, բայց քեզ չեմ տանջելու։ ու ոչ մեկին չեմ տանջելու։

 ամենքս ենք մեր կյանքի պատասխանատուն։ մեր անցյալի, ներկայի ու առավել ևս ապագայի տերերը մենք ենք։ եթե մտածում ենք, որ հանգամանքներն են մեզ ինչ֊որ բաներ ստիպել, պետք է հիասթափեցնեմ, քանի որ հանգամանքների ղեկն էլ է մեր ձեռքերում։ թող ամեն մարդ ինքը որոշի՝ գցու՞մ է թուղթը գետնին,  անորակ երաժշտությու՞ն է լսում, անիմաստ ֆիլմե՞ր է նայում։ ես թուղթը հատակից հետո կվերցնեմ, որովհետև դա արդեն բնության պահպանության ու իմ բակի մաքրության խնդիրն է։ ինձանից լավ երգեր չսպասեք․․․․

հոգ տար քո մասին


12.8.21

փոքր֊ինչ հուզական

հեյ

գիշերները մենք գտնում ենք մեր դեմքերը իսկական․․․ ասվումա Հախվերդյանի երգերից մեկում․․․ երբ շունն ու լուսինը հանդիպում են, երբ շները սկսում են հիշել իրենց նախկին սերերն ու պարտքերը, սկսում են անպատասխան հաչել, երբ արևը թեքվումա երկրագնդի հակառակ կողմ, երբ փողոցները դատարկ են ու երբ դու քո սիրած քաղաքից հեռու ես ու չես էլ հասցրել կարոտել, մտքերը գալիս են ընկերակցելու․ խառը, անիմաստ, հեռու, անցյալից մտքերը․․․ դու սկսում ես կենտրոնանալ պահը զգալու, հիշելու, կարևորելու վրա, քանի որ վախենում ես մոռանալ մի օր, վախենում ես բավականաչափ չգնահատել, կամ պարզապես վախենում ես․․․

վախը մեկնաբանվում է որպես հույզ, որը ինչ֊որ սպառնալիքի կամ վտանգի արդյունք է։ օկ, հասկացանք։ փոքր ժամանակ վախենում էի մթությունից, քանի որ համոզված էի, որ էդ մութ սենյակում, որը հիմնականում մեր առանձնատան երկրորդ հարկի գրեթե չօգտագործվող պահոցն էր, ինչ֊որ հրեշ կա, որ պարզապես չի ուզում, որ իրեն անհանգստացնեն։ ու ես մտածում էի, որ երբ դուռը բացեմ, առնվազն կուտի ինձ։ հետաքրքիրն այն է, որ ես երբեք չեմ մտածել, որ իմ մահճակալի տակ հրեշ կա։ ու երբեք չեմ վախեցել ոտքս մահճակալից ներև կախած պառկել։ ես նույնիսկ երազում էի, որ մեկը լիներ, զրուցեր հետս միքիչ։ հաստատ խելացիի մեկը պիտի լիներ, քանի որ մենակ էր ու երկար մտածելու ժամանակ ուներ։ կամ ով գիտի՝ քանի մահճակալների տակ էր ապրել ու ինչ պատմություններ կունենար պատմելու։ մի խոսքով՝ հրեշը չկար։ 

տարիների ու փոփոխվելու հետ մեկտեղ փոփոխվում են մեր վախերը։ մի օր ունենում ես հանկարծ ու միասնական քննությունից կտրվելու վախ, մյուս օրը՝ հանկարծ ու դիպլոմայինի պաշտպանության օրը ձայնը կտրվելու վախ, մի օր՝ թռիչքից ուշանալու ու մի օր՝ աշխատանք չգտնելու կամ ինչ֊որ աշխատանքային առաջադրանք ձախողելու վախ։ 

վախենում ես, որ քո երազանքների տունը չես ունենա, քո պատկերացրած ծնողը չես դառնա․․․․ կամ վախենում ես, որ չես էլ պատկերացնում․․․ մի խոսքով․․․ 

էս ամեն ինչից վեր կորստի վախնա։ ու էդ վախը գալիսա հենց էն պահին, երբ ամենաշատն ես գնահատում ունեցածդ։ ինչքան կարևոր ու թանկ, էնքան վախը մեծ, էնքան՝ դու թույլ։ դու ցրում ես բոլոր վախային հույզերդ, դու համոզում ես քեզ, որ ամեն դեպքում կյանքը զանազան անակնկալներ ունի քեզ համար պատրաստած՝ վատ էլ, լավ էլ ու դու չպիտի դրանցից խորշես․ մեկա՝ իմաստ չունի։ պետք ա բոլոր նորություններին պատրաստ լինես ու նախապատրաստված լինես։ լավ, համոզեցինք ինքներս մեզ։ բայց համոզվեցի՞նք․․․չէ, վախը կա, վախը ավելի ուժեղա, ավելի տարածականա, ավելի ծակողա ու ավելի ճնշող։ 

որ մտքերս միքիչ ավելի դասավորված լիենին դարակներում, կզգայի նաև, թե որ դարակում են վախի մասին մտքերը։ կկողպեի դարակն ու բանալին կդնեի չօգտագործվող մտքերի պահարանի մոռացված իրերի դարակում։ մտքերս խառն են, թափթփված ու վախի դարակն էլ բաց եմ թողել։ 

ուրեմն պիտի վախո՞վ ապրել։ այո։ հենց էդտեղից սկսում ես գնահատել, հենց էդ պահից սկսում ես կարևորել։ հենց վախենալու պահին, որ քննությանը պատրաստ չես լինի, ավելի լավ ես պարապում, դիպլոմայինի պաշտպանության նախորդ օրը չես մրսում, տաք թեյ ես խմում, օդանավակայան գնում ես մի քանի ժամ շուտ, իսկ մութ սենյակ մտնելուց առաջ ինքդ քեզ ասում ես, որ էնտեղ ոչ մի հրեշ էլ չկա։ 

գիտեմ, որ կան նաև անհաղթահարելի վախեր, գիտեմ, որ ավելի լուրջ հարցեր կան, քան դիպլոմայինն ու թռիչքը։ բայց գիտեմ նաև, որ դու ավելի ուժեղ ես, հազար անգամ ավելի ուժեղ ես, քան քո վախերը։ գիտեմ, որ երեք անգամ խորը շունչ քաշելը ամենալավ ու ամենաճիշտ հաղթահարումն է ցանկացած իրավիճակից։ պարզապես պետք է վստահես ինքդ քեզ, որ ամեն անգամ արտաշնչելիս մի փոքր վախ ես արտաշնչում դուրս ու ներշնչում ես ամեն անգամ մի քիչ ավելի քաջություն։ 

ուրեմն նստիր վախերիդ առաջ, հաշվի նստիր վախերիդ հետ, որովհետև նրանք են քեզ ասում, հասկացնում, թե ինչն ես գնահատում ամենաշատը, թե ով է ամենակարևորը քո կյանքում, ում գնալուց ես ամենաշատը վախենալու ու ով ես ուզում, որ միշտ կողքիդ լինի։ ով ես ուզում, որ ասի՝ մի վախեցիր, քանի որ կողքիդ եմ։ 

հոգ տար քո մասին

9.8.21

իսկ հետո՞

հեյ

ուրեմն ինչի մասին էլ, որ ցանկանայի էսօր գրել, չէի կարողանալու զսպել ինձ ու չասել, որ յէյ, վերջապես արձակուրդը սկսվեց ու, լինելով առաջին օրով, բավականին խոստումնալիցա երևում, պետք է որ նախորդ բլոգի խոստացված վերագործարկումը ստացվի։ ու հիմա, նայելով Դիլիջանի հրաշք բնությանը, մի պահ can't help but wonder (doing a bit Carrie Bradshaw here) ո՞նց են ծառերը էսքան հերթով ու կանոնակարգված, համաչափ աճում։ նախանձել կարելիա նույնիսկ։ ու որոշում եմ, որ միգուցե ճիշտ կվարվենք, եթե նրանցից օրինակ վերցնենք մեր կյանքն ապրելիս, մեր օրը սկսելիս, մեր առօրյան կազմակերպելիս։ հաճախ, իհարկե, ուզում ենք ամեն ինչ թողնել ինքնահոսի՝ ինչ կլինի՝ կլինի։ հաճախ էդպես ավելի հեշտ է, չկա պատասխանատվություն, բայց ո՞վ է ասել, որ հեշտը երբևէ ճիշտ ուղին է։ 

հիմա խոսենք կանոնակարգելու ու ամեն ինչ հերթով անելու մասին։ մենք՝ հայերս, հերթեր չենք սիրում, դրանց սովոր չենք։ հաստատ եղել եք օդանավակայաններում, ու նկատել, որ դեպի Երևան չվերթի gate-ը (հայերե՞ն) գտնելը միշտ չափազանց հեշտ է լինում․ դե մարդիկ իրար գլխի հավաքված են, չկա հերթ․ հայեր են, գնացինք։ կամ խանութներում, հանրախանութներում՝ իմը մի հատ փոքր բանա անցկացնեմ, գնամ էլի կասի նա ու առանց պատասխանին սպասելու՝ վրայովդ կանցնի ՝ հերթը խախտելու։

ինչևէ, կյանքը, փորձը ու հանրային հեռուստաընկերությունը :) ցույց է տալիս, որ հերթը, ավելի պարզ ու գծային է դարձնում մեր կյանքը։ 

իսկ ո՞նց եմ ես պատկերացնում օրվա իմ հերթը, անելիքների գիծը․

օրը պետք է սկսել վերևից՝ մտքերից։ պետք է առնվազն երեք րոպե տրամադրել մտածելուն։ մեկ րոպե երեկվա արած֊չարածի, ապրած֊մոռացածի, տեսած֊բաց թողածի մասին և երկու րոպե սպասվելիք օրվա մասին։ ի՞նչ ես ուզում անել, որքա՞նը կհասցնես, ո՞րն է ավելի առաջնային, ո՞րը կարող ես հետաձգել։ 

հետո չենք մոռանում ջրի մասին։ մեծ պապս կասեր՝ stay hydrated: դրան հետևում է մեր մարմնի ու հոգու մասին մտածելը՝ սպորտ, յոգա, մեդիտացիա․․․մմմ․․սառը լոգա՞նք (ուղղակի պիտի մի պահ գլուխ գովայի, թե՞ չէ)։

մեր եսի մասին հոգ տանելուց հետո հավաքում ենք մեր շրջապատը, մեր սենյակը՝ clean your room , կամ ինչպես Փոքրիկ Իշխանն էր ասում՝ ամեն առավոտ, երբ արթնանաս, պետք է հոգ տանես քո մոլորակի մասին։ միգուցե քեզ համար քո մոլորակը հենց քո սենյակն է, մյուսի համար՝ մի ամբողջ բնակարան, մյուսի համար՝ հենց ինքն է՝ իր մտքերը․․․ գտեք այդ մի քանի րոպեն ձեր մոլորակը կարգի բերելու համար։ 

իսկ հետո ձեր օրը ձերն է, ինչպես ձեր կյանքն է ձերը, ինչպես ձեր ազատությունն է ձերը։ տրամադրեք ժամանակ նրանց, ում արժանի եք համարում։ գրեք, հանդիպեք նրանց ում կարոտում եք, կարդացեք նորություններ, սովորեք, զարգացեք, խմեք ու պարեք․․․․ երևի էս պահին տեսարանն է ստիպում, որ ասեմ, բայց կյանքը էնքան սիրուն բանա․․․արժի ապրել․․․կանոնակարգված։

տենց բաներ․․․ 




4.8.21

կարևոր կոճակի մասին

հեյ

էսօր էս շաբաթ գործը միքիչ ավելի բարդա, խառնա, շատա ու մի տեսակ շատ եմ բողոքում։ եթե հանդիպել եք ինձ ու հարցրել՝ ոնցա՞ գործը, ես հաստատ պատասխանել եմ՝ շատ։ իրականում, եթե անկեղծ, շատ գործը ավելի նախընտրելիա, քան պարապությունն ու ձանձրույթը, բայց մեկ էլ ու․․․․ չես հերիքում։ այ հենց էդ չհերիքելու մասին եմ ուզում պատմել ձեզ, քանի որ (իմ կարծիքով) գտել եմ լուծումը։ 

Zoiper-ը էսօր կախել էր, իսկ ես հոգնած էի․ մմմ․․․ ես էլ էի կախել։ ամեն անգամ, հենց պետք էր գալիս, չէր աշխատում, գնում, այլ տարբերակ էի ընտրում զանգ անելու ու արհամարհում էի, որ ախր չէ, մեկա Zoiper-ը չի աշխատում։ եկավ մի պահ, որ այլ տարբերակ չկա, ինձ հենց հիմա պետքա զանգել։ բզբզացի, նյարդայնացա, խառնվեցի իրար, բողոքեցի ու որոշեցի զուտ վերագործարկել (restart) համակարգիչը։ ու միքիչ հետո ես՝ աշխարհի բոլոր խնդիրների լուծումը restart-նա։ 

հիմա նայենք՝ Աստվածաշնչին հավատացողները կհամաձայնե՞ն, որ ամենամեծ ու կարևոր վերագործարկումը 40-օրյա ջրհեղեղն էր։ ստեղծված աշխարհը արդեն չափազանց շատ խնդիրներ ուներ գոյատևելու համար ու պետք էր սկսել նորից։ 

կամ թե, որ մեր ուղեղը ամեն օր մեզ ասումա՝ գնա քնելու, որը մեր օրգանիզմի վերագործարկման լավագույն ձևնա, ինչքան էլ արհամարհենք ու աչքաթող անենք։ շիրակին՝ շաբաթ-կիրակին, ամբողջ շաբաթվանից թարմանալու ու վերականգնվելու կոճակներն են ու․․․․շարունակ։ 

իսկ երբա՞ կյանքից վերագործարկվելու ժամանակը, որտեղա՞ կոճակը, կա՞ն թարմացումներ վերագործարկման ժամանակ, թե՞ էլի նույն, դանդաղ աշխատող համակարգն ենք լինելու նորից։ մենք ամեն երկուշաբթի, ամեն ամսվա 1-ին, ամեն նոր տարի նոր կյանք ենք սկսում՝ այսինքն վերագործարկվում ենք թարմացումներով։ դեե․․․առնվազն խոստանում ենք, որ օրինակ՝ թողնելու ենք ծխելը, սկսելու ենք նոր լեզու սովորել, ամեն օր մարզվել, կանոնակարգել մեր քնի և սնվելու ռեժիմը։ մենք ամեն օր որոշում ենք վերագործարկվել, բայց չենք գտել դեռ էդ կոճակը։ երևի ձախ ուսի վրա մի տեղա։ կամ երևի ճիշտ չենք սեղմում, պետքա երկար սեղմած պահել․․․․ 

ես ասում եմ, որ ցանկացած թարմացումներ կյանք բերելու ամենակարևոր լարերն են՝ ցանկությունը, ապագան հենց էդ թարմացումով պատկերացնելու կարողությունն ու կամքը։ թե էս երեք լարերը որտեղ են հանդիպում ու դառնում կոճակ, գտեք ինքներդ ձեր համար։ մի մնացեք ձեր նույն, դանդաղ աշխատող համակարգչի ներսում, փոխեք ձեզ ամեն օրվա հետ ու ամեն հաջորդ օրվա համար։ նոր կյանք մի սկսեք, շարունակեք ձեր միակ կյանքը՝ ամեն օր նորովի փոխելով ձեր ներքին ու արտաքին ես֊ը։ ու նա մի օր կշրջվի ու կասի՝ 

շնորհակալություն, ձեր համակարգիչը թարմացվել է, շարունակեք օգտագործել այն առանց խնդիրների։

տենց բաներ․․․․ 

2.8.21

Ամերիկանոն սա՞ռը, թե՞ տաք

հեյ

մեր կյանքը մի մեծ պատմությունա, մի քանի թերթի վրա թե տեղավորենք, մի քանի փոքր գլուխներ կունենա։ մեր ամեն օրը կոֆենա՝ լատտեն ու ամերիկանոն, երաժշտություննա, ֆիլմերն են ու գրքերը, զրույցները, խմելն ու պարելը, պատմությունները՝ ոնց անցավ օրդ-ից մինչև ինչ կլինի 3000-ականներին։ 

քո շուրջը ձևավորվող աշխարհի կերտողն էլ, հորինողն էլ դու ես, քո տեսակը։ եթե ուզենք, կբարդացնենք մեր կյանքը մտքերով, խոսքերով ու կասկածներով։ եթե ուզենք, ավելի թեթև կնայեք ամեն օրվան, հումոր ու ժպիտ կավելացնենք օրվան, սեր ու դրական էներգիա կխառնենք էդ առավոտյան սուրճին։ դժվարությունների մեջտեղում միշտ էլ ճանապարհ կա։ չքաղականացնենք, բայց միշտ կա մի երրորդ ճանապարհ։ 

ու էսպիսի դրական մտքերով ու խառը մտքերով ապրում ենք մեր կյանքը Երևանում, մի յուրօրինակ քաղաքում․ էսպիսի բազմազանություն կերազեր Նյու Յորքը։ 

մի քանի օր առաջ մի տեղ նստած ենք ընտանիքով, ու ես դուրս եմ գալիս լվացարան։ լվացարանում մարդ/իկ կա/ն ու դուռը փակ էր, դե սպասում եմ։ երկար եմ սպասում։ էնտեղից դուրս են գալիս երկու աղջիկ, ժպտում եմ, գնում են։ իրենցից հետո լվացարանում ծուխ կար ու աղբամանում էլ ծխախոտի մնացորդ։ դե ես չեմ զարմանում՝ Հայաստանում աղջիկները գաղտնի պիտի ծխեն, բա իհարկե, ինչ ասես՝ կմտածեն նրանց մասին։ ու էդ մտածելիս չեն ասի՝ ծխելը, օրինակ, առաջացնում է թոքերի քաղցկեղ և/կամ վնաս է հղիության ընթացքում, այլ կասեն՝ հայ աղջկան հարիր չի ծխելը, դա անամոթություն է։ աղջիկները գնացին․․․ արդեն հավաքվում ենք ու պետք է դուրս գանք, երբ ես նորից եմ գնում լվացարան։ ներսում մարդ/իկ կա/ն ու ես սպասում եմ նորից։ գուշակե՞ս, թե՞ ես ասեմ՝ ովքեր էին ներսում։ այո, նույն աղջիկները։ ու երբ նրանք դուրս եկան, մենք երեքով սկսեցինք շատ բարձր ծիծաղել։ աղջիկներից մեկը՝ 

-քոռանամ ես, ամեն անգամ ծուխը քեզա կպնում, ուզում ե՞ս դուխի տամ։

ես նվազագույնը ապշած էի։

-չէ, շնորհակալություն։

ծիծաղում ենք, աղջիկները գնում են։ ծիծաղի մեջ լարված ու անիմաստ խնդիրներով կյանք եմ տեսնում, ծիծաղի մեջ արհեստական «բարոյականություն» կա, դուխու   օծանելիքի հոտի տակ թաքնված գաղտնի ծխել կա։ էս վերջերս շատ ենք խոսում մեր հասկացած «բարոյականությունից»։ մենք տալիս ենք սահմանումներ, մենք հորինում ենք օրենքներ, որոնք կամ գրվում են, կամ՝ չէ։ էդ օրենքների պարանը փաթաթում ենք դիմացինների պարանոցներին, իսկ նրանք թաքուն ծխում են ու չեն մոռանում հետո օծանելիք օգտագործել։ 

իսկ ավելի հեշտ չէր լինի՞․․․․

ու տենց․․․






շատ երևանյան

հէյ լավ կքնես, քանի որ երկար օրա լինելու.... այո, երկար, խառը, իրադարձաշատ ու անհոսանք կենտրոնի օր էր։ ու ուսանողական տարինրից մնացած սովորո...