12.8.21

փոքր֊ինչ հուզական

հեյ

գիշերները մենք գտնում ենք մեր դեմքերը իսկական․․․ ասվումա Հախվերդյանի երգերից մեկում․․․ երբ շունն ու լուսինը հանդիպում են, երբ շները սկսում են հիշել իրենց նախկին սերերն ու պարտքերը, սկսում են անպատասխան հաչել, երբ արևը թեքվումա երկրագնդի հակառակ կողմ, երբ փողոցները դատարկ են ու երբ դու քո սիրած քաղաքից հեռու ես ու չես էլ հասցրել կարոտել, մտքերը գալիս են ընկերակցելու․ խառը, անիմաստ, հեռու, անցյալից մտքերը․․․ դու սկսում ես կենտրոնանալ պահը զգալու, հիշելու, կարևորելու վրա, քանի որ վախենում ես մոռանալ մի օր, վախենում ես բավականաչափ չգնահատել, կամ պարզապես վախենում ես․․․

վախը մեկնաբանվում է որպես հույզ, որը ինչ֊որ սպառնալիքի կամ վտանգի արդյունք է։ օկ, հասկացանք։ փոքր ժամանակ վախենում էի մթությունից, քանի որ համոզված էի, որ էդ մութ սենյակում, որը հիմնականում մեր առանձնատան երկրորդ հարկի գրեթե չօգտագործվող պահոցն էր, ինչ֊որ հրեշ կա, որ պարզապես չի ուզում, որ իրեն անհանգստացնեն։ ու ես մտածում էի, որ երբ դուռը բացեմ, առնվազն կուտի ինձ։ հետաքրքիրն այն է, որ ես երբեք չեմ մտածել, որ իմ մահճակալի տակ հրեշ կա։ ու երբեք չեմ վախեցել ոտքս մահճակալից ներև կախած պառկել։ ես նույնիսկ երազում էի, որ մեկը լիներ, զրուցեր հետս միքիչ։ հաստատ խելացիի մեկը պիտի լիներ, քանի որ մենակ էր ու երկար մտածելու ժամանակ ուներ։ կամ ով գիտի՝ քանի մահճակալների տակ էր ապրել ու ինչ պատմություններ կունենար պատմելու։ մի խոսքով՝ հրեշը չկար։ 

տարիների ու փոփոխվելու հետ մեկտեղ փոփոխվում են մեր վախերը։ մի օր ունենում ես հանկարծ ու միասնական քննությունից կտրվելու վախ, մյուս օրը՝ հանկարծ ու դիպլոմայինի պաշտպանության օրը ձայնը կտրվելու վախ, մի օր՝ թռիչքից ուշանալու ու մի օր՝ աշխատանք չգտնելու կամ ինչ֊որ աշխատանքային առաջադրանք ձախողելու վախ։ 

վախենում ես, որ քո երազանքների տունը չես ունենա, քո պատկերացրած ծնողը չես դառնա․․․․ կամ վախենում ես, որ չես էլ պատկերացնում․․․ մի խոսքով․․․ 

էս ամեն ինչից վեր կորստի վախնա։ ու էդ վախը գալիսա հենց էն պահին, երբ ամենաշատն ես գնահատում ունեցածդ։ ինչքան կարևոր ու թանկ, էնքան վախը մեծ, էնքան՝ դու թույլ։ դու ցրում ես բոլոր վախային հույզերդ, դու համոզում ես քեզ, որ ամեն դեպքում կյանքը զանազան անակնկալներ ունի քեզ համար պատրաստած՝ վատ էլ, լավ էլ ու դու չպիտի դրանցից խորշես․ մեկա՝ իմաստ չունի։ պետք ա բոլոր նորություններին պատրաստ լինես ու նախապատրաստված լինես։ լավ, համոզեցինք ինքներս մեզ։ բայց համոզվեցի՞նք․․․չէ, վախը կա, վախը ավելի ուժեղա, ավելի տարածականա, ավելի ծակողա ու ավելի ճնշող։ 

որ մտքերս միքիչ ավելի դասավորված լիենին դարակներում, կզգայի նաև, թե որ դարակում են վախի մասին մտքերը։ կկողպեի դարակն ու բանալին կդնեի չօգտագործվող մտքերի պահարանի մոռացված իրերի դարակում։ մտքերս խառն են, թափթփված ու վախի դարակն էլ բաց եմ թողել։ 

ուրեմն պիտի վախո՞վ ապրել։ այո։ հենց էդտեղից սկսում ես գնահատել, հենց էդ պահից սկսում ես կարևորել։ հենց վախենալու պահին, որ քննությանը պատրաստ չես լինի, ավելի լավ ես պարապում, դիպլոմայինի պաշտպանության նախորդ օրը չես մրսում, տաք թեյ ես խմում, օդանավակայան գնում ես մի քանի ժամ շուտ, իսկ մութ սենյակ մտնելուց առաջ ինքդ քեզ ասում ես, որ էնտեղ ոչ մի հրեշ էլ չկա։ 

գիտեմ, որ կան նաև անհաղթահարելի վախեր, գիտեմ, որ ավելի լուրջ հարցեր կան, քան դիպլոմայինն ու թռիչքը։ բայց գիտեմ նաև, որ դու ավելի ուժեղ ես, հազար անգամ ավելի ուժեղ ես, քան քո վախերը։ գիտեմ, որ երեք անգամ խորը շունչ քաշելը ամենալավ ու ամենաճիշտ հաղթահարումն է ցանկացած իրավիճակից։ պարզապես պետք է վստահես ինքդ քեզ, որ ամեն անգամ արտաշնչելիս մի փոքր վախ ես արտաշնչում դուրս ու ներշնչում ես ամեն անգամ մի քիչ ավելի քաջություն։ 

ուրեմն նստիր վախերիդ առաջ, հաշվի նստիր վախերիդ հետ, որովհետև նրանք են քեզ ասում, հասկացնում, թե ինչն ես գնահատում ամենաշատը, թե ով է ամենակարևորը քո կյանքում, ում գնալուց ես ամենաշատը վախենալու ու ով ես ուզում, որ միշտ կողքիդ լինի։ ով ես ուզում, որ ասի՝ մի վախեցիր, քանի որ կողքիդ եմ։ 

հոգ տար քո մասին

No comments:

Post a Comment

շատ երևանյան

հէյ լավ կքնես, քանի որ երկար օրա լինելու.... այո, երկար, խառը, իրադարձաշատ ու անհոսանք կենտրոնի օր էր։ ու ուսանողական տարինրից մնացած սովորո...