18.10.21

աշխատաՇՈՒԿԱ

հեյ

 մի ամիս ա, ինչ կազմակերպությունը մեծացնելու նպատակով գերմաներենի մասնագետներ ենք փնտրում։ ինչպես ցանկացած նորմալ մարդ, առաջին բանը որ արեցինք, stuff.am֊ում հայտարարություն դնելն էր։ էն մասին չեմ խոսում, որ մարդիկ հիմնականում չեն գնահատում իրենց կարողություններն ու ինչ մակարդակի CV ասես չստացանք, ինչ հիասթափություններ ապրեցինք հարցազրույցների ընթացքում, ու էդ ամեն ինչի արդյունքում, հասկանալով, որ շատերը մոռանում են ուշադրություն դարձնել ինքնակենսագրականներին, հարցազրույցներին պատրաստվելուն, գրեցի մի բլոգ, որն ինչ֊որ չափով կօգնի քայլել ժամանակին համընթաց։

 էսօր մի ուրիշ հիասթափություն ունեմ․ ուրեմն աշխատանքի հայտարարություններ ֆեյսբուքում։ հայ ազգը աշխատանք է փնտրում և առաջարկում ֆեյսբուքում։ հայտարարություններն էլ՝ օնլայն աշխատողներ են պետք, ով հետաքրքրված ա թող + դնի։ 

ես նախ փորձեցի միքիչ գրագետ մոտեցում ցույց տալ, կիսվեցի սթաֆի մեր հայտարարությունով, սակայն չստացա ոչ մի արձագանք։ այսօր ես վարվեցի ինչպես իսկական ֆեյսբուքահայ․ 

եթե տեսնում եք, տասից ավելի մեկնաբանություններ եղան, նամակներ ստացա։ ինչու՞։ ժողովուրդ գիտե՞ք արդեն որ ժամանակներում ենք․ մարդիկ կազմակերպություններ են հիմնում, գործընկերներ են գտնում բարերում հանդիպելով, կոկտեյլ խմելիս․․․ մենք դեռ գումարածի նշան ենք դնում, քանի որ աշխատանք ենք ուզում։ մարդիկ պորտֆոլիոներ են կազմում, մենք ինքնակենսագրական գրել ենք սովորում, մարդիկ աշխատանքի հայտարարությունները գրում են անգլերեն, մենք՝ լատինատառ հայերենով։ ես չեմ տեղադրի այստեղ տեսածս «հայտարարությունները»։ բայց իսկապես շատ եմ տխրում, որ մենք չենք քայլում աշխարհի հետ։ մենք քայլում ենք աշխարհից հետ։ 

ու մի օր, երբ մեկը նորմալ ինքնակենսագրական ու նորմալ մեյլ ա պահանջում աշխատանքի համար, կարծում ենք՝ դա ձևական է ու կարևորը մարդու որակներն են՝ չմտածելով, որ ամենակարևոր որակն այս պահին update լինելն է։ 

ու հա, իսկապես գործ կա, բարելավեք ձեր որակները, եղեք ժամանակի մարդ․․․

հոգ տար քո մասին



օ՜ֆ֊line

հեյ

ունենալով այս բլոգը արդեն հինգ տարի և ավել, հաճախ նույնիսկ նրա մասին մոռանալով՝ ես չեմ սիրում տեխնոլոգիաները, երբեմն նույնիսկ ատում եմ ու համոզված եմ, որ դրանք չարիք են մեր դարաշրջանի հոմո սափիենսի համար։ ես չեմ սիրում համացանցն ու գաջեթները, երբ երեկոյան ընթրիքից հետո ես իմ համակարգիչն եմ բացում ու միացնում ականջակալներս, մաման, պապան, Մետաքսն ու Լեռը իրենց հեռախոսների ու լափթոփի առաջ են ու տան լռությունը միայն խախտվում է մեկ֊մեկ սրա֊նրա սթորիների ձայներից կամ ինչ֊որ քաղաքական հոլովակների ձայներից, որը հիմնականում միացնում ա պապան։ ես չեմ սիրում համացանցն ու գաջեթները, երբ Անդրանիկի խելացի ժամացույցը ամեն վայրկյան ծընգծընգում ա, ու խոսակցությունը մի պահ դադարում ա։ ես չեմ սիրում տեխնոլոգիաներն այն ժամանակ, երբ լսում եմ, որ հենց նոր դուրս եկած մի սերիալում նկարագրված խաղերին զոհ են գնում տասնյակ մարդիկ և կամ ինչ֊որ մի աղջիկ գնում է պլաստիկ վիրաբույժի մոտ, ցույց է տալիս իր նկարը ինստագրամի կամ սնափչաթի ինչ֊որ ֆիլտրով ու խնդրում, որ իրեն իրականում էլ այդպիսինը դարձնեն։ 

շատ վաղուց արդեն հրաժարվել եմ սոց ցանցերից; հաշիվներ, ցավոք, դեռ ունեմ, սակայն դրանք իմ ուշադրության կենտրոնում չեն օրվա ընթացքում; էսօր օրինակ, զարմանալի շատ բաց մնաց ֆեյսբուք հաշիվս, քանի որ աշխատանքի հայտարարություններ էինք տարածում։ ու թե ինչու են Հայաստանում աշխատանք փնտրում ֆեյսբուքում և ինչու մեր հայտարարութունը, որ օրինակ stuff.am-ում է, անտեսվում, իսկ իմ մի կարճ ստատուսը ուշադրություն գրավում, լրիվ ուրիշ օրվա խոսելու թեմա է։ էդ ընթացքում աչքովս մի քանի գրառումներ ընկան՝ բոլորը բացասական տրամադրությամբ, ու ես երազեցի այն օրվա մասին, որ էլ ստիպված չեմ լինի ունենալ էդ հաշիվը ֆեյսբուքում։ ես, իհարկե, կարող էի երազել այն օրվա մասին, որ միքիչ ավելի թեթև տանենք սոց կայքերը ու չդարձնենք դրանք մեր կյանքի կարևորագույն մաս, բայց ես էդքան լավատես չեմ։ էս դեպքում բավականին ռեալիստ եմ, եթե ինչ․․․

․․․նույն մոլորակում, նույն իրականության մեջ, միևնույն ժամանակ․․․

․․․․ես սիրում եմ տեխնոլոգիաները ու համացանցը էն ժամանակ, երբ ինձանից մի քլիք է պահանջվում, որպեսզի տեղեկանամ աշխարհի նորություններին, նայեմ հոլովակ, որտեղ այս օրերի ինձ համար լավագույն հասարակական գործիչը բացատրում է, թե ինչպես հոմո սափիենսը կարողացավ գոյատևել ի հակառակ մնացած բոլոր սափիենսների։ ես մի քանի վայրկյան անց տեղեկանում եմ, որ ամենասիրածս խումբը նոր ալբոմ է թողարկել, ես որոշում եմ կարդալ այն գիրքը, որ չեմ գտնում մեր քաղաքի գրախանութներում ու մի քանի րոպե անց այն իմ Kindle-ում է, ես ուզում եմ նայել մի քանի օր առաջ թողարկված ֆիլմ ու իմ տան գերարագ ինտերնետը ինձ նույնիսկ ժամանակ չի տալիս պոպքորն պատրաստել, ես կարոտում եմ Արմինին, որ Գերմանիայում է, ու տեսազանգի շնորհիվ մեղմացնում եմ կարոտս։ ես սիրում եմ տեխնոլոգիաները, քանի որ ցանկացած պահի կարող եմ նոր մասնագիտություն, լեզու սովորել, կարող եմ յութուբի հոլովակների շնորհիվ սովորել յոգա, կարող եմ կարդալ այս կամ այն սնունդի օգտակար հատկությունների մասին, կարող եմ նախորդ դարի ֆիլմեր դիտել, կարող եմ տեղեկանալ եղանակի մասին ու իմանալ՝ ինձ պետք է անձրևանոց, թե՞ ոչ։ (սա արդեն մեծ սուտ էր՝ ոչ մի եղանակի դեպքում ես անձրևանոց չունեմ, ես պարզապես չեմ սիրում անձրևանոց)։

ես սիրում եմ համացանցը, երբ մի քանի վայրկյան արած նկարս ուղարկում եմ էն մարդկանց, ովքեր կցանկանային այդ պահին տեսնել՝ ինչ եմ անում ու որտեղ եմ, սիրում եմ համացանցը, քանի որ մի օր այն օգնել է ինձ գտնել այն, ինչ/ում ունեմ հիմա։

սիրում եմ համացանցն ու դրա հնարավորությունները, քանի որ մի քանի րոպե անց սեղմելու եմ՝ «հրապարակել» ու մի քանի հոգի իմանալու են իմ մտքերի մասին և կիսվելու են իրենց մտքերով։ ես կապված եմ աշխարհին։ 

համացանցն ու նոր տեխնոլոգիաները մեզ տալիս են հնարավորություններ, կրճատում են հեռավորությունն ու ժամանակը, բայց նաև հեռվացնում են մեզ։ էսօր երբ Գոհարին ասացի, որ պատրաստվում եմ էս մասին բլոգել, նա ասաց, որ բոլորն էլ գիտեն էս թեման ու բոլորի մոտա նույն խնդիրը։ ըհմ, գիտեմ, բայց ես մի տեսակ զգում եմ, որ ամեն րոպե հեռախոսը հասանելի ունենալը, դարձել է սովորական ու արդեն պարտադիր։ սա ուղղակի բարի հիշեցում է այն մասին, որ բալանսի բերեք ձեր օնլայն ու օֆլայն կյանքը, հաճախ անջատեք ձեր ինտերնետ կապը ու զրուցեք ձեր շրջապատի մարդկանց հետ։


14.10.21

սովորողի 50 երանգները

հեյ

  

 ես դասախոս/ուսուցիչ/կրկնուսույց չեմ։ «Չ»֊ն՝ լինելով նախորդ նախադասության կարևորագույն մաս, ես ունեցել եմ և դեռ ունեմ աշակերտներ՝ մարդիկ, որոնց հետ պարզապես կիսվում եմ իմ փորձով ու գիտելիքներով։  ու էս՝ դասավանդման կարճ ժամանակաշրջանում (մոտավորապես երեք տարի՝ իրար գումարած) հանդիպել եմ ամեն տեսակ սովորողի։ 

նախ պատմեմ՝ ինչու ինձ թույլ տվեցի համաձայնել սովորեցնել մեկին մի բան։ ես այլընտրանք էի ուզում տեսնել՝ դասընթացի այլընտրանք։ ինձ համար չափազանց ձանձրալի ու անընդունելի է դեռ 19֊րդ դարից մնացած կանոններով սովորելը, երբ պետք է գրել, պետք է կարդալ, պետք է պատասխանել և պետք է իմանալ։ ինձ ավելի շատ դուր է գալիս չիմանալու մասին խոսելը։ ինձ դուր է գալիս հենց դասընթացի ժամանակ «պարզելը», թե ինչու է օրինակ "ignore" բառը նշանակում «անտեսել», «արհամարհել», իսկ "ignorance" բառը՝ «անտեղյակություն»։ ու ես գրեթե համոզված եմ, որ միասին՝ սովորողի և սովորեցնողի  գտնված տեղեկությունը կմնա սովորողի հիշողությունում դեռ երկար ժամանակ։ հաճախ եմ դասապրոցեսի  դասընթացի ժամանակ օգտագործում "hell knows" արտահայտությունը՝ ցանկանալով ցույց տալ դիմացինիս, որ եթե դու էդ բառի թարգմանությունը չես հիշում, քանի որ օրական հարյուրից ավել նոր բառ ես հանդիպում, չի նշանակում, որ դու լեզուն չգիտես։ լեզուն սովորում են կիրառության մեջ, սովորած բառերը, որ գնում են ենթագիտակցություն, չեն սպասում քեզնից, որ դու իրենց քնից արթնանալուն պես հիշես։ մի օր հարկ եղած դեպքում իրենք են քեզ մոտ գալու ու երբեք էլ պետք չի հիասթափվել, որ այ էս պահին այ էս բառը չհիշեցիր կամ սխալ արտասանեցիր։ երբ տեսա դասախոսների և կամ ուսուցիչների, որ աշակերտի կամ ուսանողի չիմացածը հաղթաթուղթ են դարձնում և ինքնահաստատվելու հրաշալի հնարավորություն, ես փորձեցի առնվազն ինքս ինձ ապացուցելու համար  ճիշտ հակառակն անել և համոզվեցի որ մի քանի անգամ ավելի հաճելի է աշակերտիդ ասել՝ «արի իրար հետ պարզենք պատասխանը», քան ասել՝ «չգիտե՞ս» և ամոթանք տալ։ ինչևէ։

մարդու տեսակը բացահայտելու լավագույն տարբերակներից մեկը նրան ինչ֊որ բան սովորեցնելն է։ ես ունեցել եմ և ունեմ հրաշք աշակերտ(ներ), որոնք գնահատում են քո և ծախսած ժամանակը, և էներգիան և ոգևորությունը։ նրանք աշխատում են և, որ ինձ համար ամենակարևորն է՝ նրանք հարցեր են տալիս ու չեն նեղվում «չգիտեմ» ասելուց։ սիրում են սովորելը, ստիպելով չեն սովորում ու չեն հիասթափվում։ ունեցել եմ ուսանողներ, որ ամենաառաջին սխալից հետո չեն ցանկացել շարունակել և ուսանողներ, որ ծիծաղել են իրենց սխալների վրա, ու չեն մոռացել այդ սխալները։ 

մեծամասամբ ինձ հանդիպած մարդիկ, որոնք մի օր աշակերտ են համարվել, դրական են եղել ու ստեղծվել է ընկերական մթնոլորտ։ բայց քանի որ էսօր աշխարհի ամենալավ օրը չի, ես պետք է բացասական փորձով կիսվեմ։

կա ուսանողի տեսակ, որին ես անվանում եմ «գիտեմ»։ տեսակն այս, հիրավի, գիտի ամեն ինչ։ ուղղակի զուգահեռ իրականությունում։ մեր իրականությունում նա ոչ մի հարցիդ պատասխան չունի, նա կսպասի՝ մինչև դու ասես հարցի պատասխանը ու կասի՝ «գիտեմ»։ եթե էդ տեսակին ծանոթ չեք, հիշեք ձեզ կամ ձեր դասընկերներին չորրորդ դասարանում։ կամ հինգերորդ։ ուսուցիչը կանչել է գրատախտակի մոտ ու հարցնում է՝ «ով է գրել «Թմբկաբերդի առումը»։ նա նայում է հատակին, պատերին, դիմացինի աչքերին ու չի պատասխանում։ երբ ուսուցիչը ասում է՝ «Պողոս, Հովհաննես Թումանյանն է գրել», Պողոսը առանց խղճի խայթի, առանց ուսուցչի նյարդերը խնայելու ցանկության պատասխանում է՝ «հա էլի, գիտեմ, Հովհաննես Թումանյանը»։

ես ուզում եմ դիմել բոլոր պողոսներին և ոչ միայն։ «չգիտեմ»֊ը կյանքեր է փրկում։ հավատացեք։ եթե կյանքեր էլ չէ, նյարդեր գոնե խնայում է։ ձեր դիմաց կանգնած մարդը պատրաստ է ձեզ նույն բանը քառասունութ անգամ կրկնել, մի քանի անկյունից մոտենալ, պատասխանել, ձեզ հետ հավասար սովորել, բայց միայն այն ժամանակ, երբ դուք խոստովանում եք թե ձեզ, թե նրան, որ ի սեր բոլոր  սրբերի բլոգերների՝ չգիտեք։ որքան շատ ասեք այդ կախարդական բառը, այնքան շատ սովորելու պատճառներ կունենաք, հարցերի պատասխաններ կգտնեք ու կիմանաք վերջապես։ չորրորդ դասարանում ամենասիրուն աղջկան դուր գալու համար խնդիր չկա, ասեք, որ գիտեիք, բայց էդ պահին չէիք հիշում, միգուցե նա հավատա, բայց ուսուցչին, էն մարդուն, որ ինքը ձեզանից մի քանի անգամ լավ գիտի՝ դուք ինչ գիտեք ու ինչ՝ չէ, մի ասեք «գիտեմ»։

ես սովորեցնել, որպես էդպիսին չեմ սիրում, ես սիրում եմ սովորեցնել սովորել  ու գնահատել եմ էն դասախոսներիս, որ ուղղորդել են կարդալուն, փնտրելուն, ինքնուրույն սովորելուն։ էդ փնտրելու ճամփին էնքան շեղ ու նեղ կածաններ ես գտնում ու էնքան տեղեկատվություն հավաքում․․․․ Սոկրատեսը մի բան գիտեր էլի․․․ 

մի խոսքով

հոգ տար քո մասին

11.10.21

պատվաստվե՞լ, վստահե՞լ

հեյ

    քովիդը էնքան կա մեր կյանքում էս օրերին, որ կարող ենք վստահ ասել, որ մենք ենք քովիդի դարում եկվորներ, ոչ թե ինքը մի օր մի տեղից ծագած ու մեր կյանքը 180 աստիճան փոխած գոյություն։  ու եթե 2020 թվականին կերազեինք, որ գտնեին հակավիրուսը, ապա էսօր, երբ մեկի փոխարեն մի քանիսն ունենք, վեճերն են շատացել, թե որն է ավելի քիչ վնաս տալիս օրգանիզմին։ իհարկե միֆերին վերջ չկա, իհարկե կան «գիտնականներ», որ նույնիսկ էկրաններին ցույց են տալիս, թե ինչպես է մարմնիդ մեջ ներարկված հեղուկը «չիպ» դառնում․․․ ինչևէ, ես այսօր ստացա առաջին շոթը ու դեռ մի օր չեմ կարող շոթեր խմել ։Դ կատակում եմ։ ստացա Աստրազենեկա պատվաստանյութ։ Եթե գրանցումներից խուսափել եք ուզում, լավագույն տարբերակը շարժական կայաններն են։ Աշխատանքային օրերին կարող եք գտնել քաղաքի մի քանի կետերում, օրինակ՝ Կասկադում։ Հայաստանի քաղաքացիներին սպասարկում են արտահերթ; Ձեզ հետ ունեցեք անձնագիր։ Եթե կարծում եք, որ ունեք սրտի, ճնշման հետ կապված խնդիրներ, նրանք բժշկական զննում են անցկացնում (ես ինձ առողջ էի համարում, ու ստուգման կարիք չեղավ)։ 

    ու երբ սպասում էի, որ գրանցումս ավարտեն ու վերադարձնեն անձնագիրս, լսեցի մի խոսակցություն։ Մի մարդ հեռախոսով պատմում էր, որ պատվաստվելու է եկել, միայն գուշակում եմ, թե ինչ արձագանք եղավ կապի մյուս կողմում, սակայն այս կողմից պատասխանը դուրս շատ եկավ՝ «որ գնում ես ռեստորան, վստա՞հ ես, թե ուտելիքիդ մեջ ինչ են լցրել»։ 

    իհարկե մեր կյանքի պատմության մեջ հրաշալի կլիներ, եթե մենք վստահեինք թե՛ բժիշկներին, թե՛ մատուցողներին ու խոհարարներին, թե՛ կառավարությանը, թե՛ մեր կողակիցներին, բայց սա էլ գուցե ընտրության հարց է։ երբ ընտրում ես վստահելը, ավելի քիչ ես խաբվում։ երբ ցույց ես տալիս, որ վստահում ես ու գիտես, որ արժանիին ես վստահում, ավելի քիչ է հավանականությունը, որ քեզ կխաբեն։ հետո ինչու՞ բարդացնել կյանքը, որը առանց էդ էլ բարդ է ու բազմանկյուն։ վստահությունը, որքան  որ հասկացել եմ, ծնում է պատասխանատվություն դիմացինի մոտ, եթե նա իհարկե հոգի ունի։ ես մինչև այսօր ընտրել եմ վստահելը, դեռ չեմ բողոքում։ միայն միքիչ շատ ձախ թևս ա ցավում ու սպասում եմ, որ երեկոյան պետք է ջերմեմ։ բայց դե ֆուտբոլը բաց չեմ թողնելու։ 

    հոգ տար քո մասին



5.10.21

ինչպես (Չ)գնալ հարցազրույցի

հեյ

ուրեմն․․․ փոքր ժամանակ մի տեղ մի պատմություն էի կարդացել՝ «ամենալավ վկայականը», որի մասին մինչև էսօր մոռացել էի։ պատմության մեջ խոսվում էր հարցազրույցների, աշխատանքի ընդունվելու մասին։ պատմության հերոսը պատմում էր, թե նստած էր ինչ֊որ կազմակերպությունում, որտեղ ընդունելություն էր ընթանում։ գալիս են շատերը՝ մասնագիտական հրաշալի որակավորումներով, զարմանալի հմտություններով, սակայն ղեկավարը ընդունում է մեկին, որ էդքան էլ չէր փայլում իր ուսումով և զիջում էր մյուսներին․ միջին֊վիճակագրական ինչ֊որ համալսարանում էր սովորել։ երբ մեր հերոսը հարցրեց նրան, թե ինչու հենց նա, ղեկավարը պատասխանեց․
֊միգուցե նրան միքիչ ավելի դժվար տրվի աշխատանքի անցնելը, միգուցե ինձանից ավելի շատ ջանքեր պահանջվեն նրան սովորեցնելու համար, բայց նա միակն էր, որ բարևեց նստածներին, աթոռը զիջեց հենց նոր մտած կնոջը, գետնից վերցրեց այն թուղթը, որը ես «պատահաբար» էի գցել հատակին, ներս մտնելիս հանեց գլխարկը, հարցերին պատասխանում էր հանգիստ տոնով, չէր վախենում ասել՝ ես չգիտեմ այդ հարցի պատասխանը․․․

էսօր ուզում եմ քեզ հետ կիսվել աշխատանքի դիմելու կանոնների իմ փորձով ու հուսով եմ, որ դա քեզ մի օր կօգնի ունենալ քո երազած աշխատանքը լավագույն կազմակերպություններից մեկում։ 

ունեցիր կոկիկ ու թիրախավորված ինքնակենսագրական (CV)
շատ ցավալի է, որ մեր դպրոցներում չեն սովորեցնում՝ ինչպես ինքնակենսագրական կազմել։ մի քանի համալսարաններում կան դասընթացներ, որոնք հիմնականում դատարկ լսարաններում են անցնում։

ուրեմն առաջին ոսկե կանոնը քեզ համար՝ յուրաքանչյուր կազմակերպություն դիմելիս խմբագրիր ինքնակենսագրականդ ըստ հաստիքի։ ընդհանրապես կարիք չկա Արմինի ասած՝ ամեն շնչելդ ինքնակենսագրականում գրել։ առանձնացրու այն փորձը, որը քեզ կարևոր հմտություններ է տվել, որը ազդել է մասնագիտական զարգացմանդ վրա։ կարևոր է չունենալ ժամանակային մեծ բացեր աշխատանքներիդ միջև․ հավանաբար գործատուի մոտ հարց կառաջանա՝ ինչ ես արել այդ տարիների ընթացքում։ 

ուզում ես նկար ունենալ ինքնակենսագրականում, թե՝ ոչ՝ քո որոշումն է։ ես նախընտրում եմ առանց նկար ներկայանալ։ հիմա նույնիսկ խոսվում է տարիքը ինքնակենսագրականում չգրելու մասին՝ հաշվի առնելով տարիքային խտրականության ռիսկերը։ 

ունեցիր գործնական էլ փոստի հասցե
խնդրում եմ, բացառիր հետևյալ և նմանատիպ տարբերակները՝ anul98@mail.ru, aram1992@list.ru։ խրախուսելի է անունազգանուն@gmail.com կամ նմանատիպ մի բան, բայց խնդրում եմ մեյլ․ռու չէ էլի։ չմոռանաս subject դաշտում գրել այն հաստիքի անունը, որի համար դիմում ես։ էլ փոստի մեջ գրիր, որ դիմում ես այդ հաստիքի համար և կից ներկայացնում ես ինքնակենսագրականդ։ եթե սիրալիր ես ուզում հնչել, իսկ իմ կարծիքով՝ ուզում ես, գրիր, որ անհամբեր կսպասես իրենց պատասխանին։ հրաշալի կլինի, եթե էլ փոստում ստորագրություն ունենաս։ քեզ համար մի փոքրիկ օրինակ ունեմ՝

Dear "name of the company" team,

please kindly find my CV attached for the position of "the name of the position".

Thank you in advance for considering my application. I will be looking forward to hearing from you very soon.

Kind regards,
Poghos Petrosyan

մի ուշացիր հարցազրույցից
հրաշալի․․․ինքանկենսագրականդ նրանց դուր եկավ, քեզ կանչել են հարցազրույցի։ մի խառնվիր իրար, արդեն մի քայլ առաջ ես, ուրեմն ավելի ինքնավստահ կարող ես լինել։ մանրամասն ուսումնասիրիր նրանց կայքը, սոց կայքի էջերը, միգուցե գտնես ապագա գործընկերների՞դ․․․ իմացիր՝ ինչն են կարևորում, ինչով են զբաղվում, ուր ես գնում ի վերջո։
կարիք չկա շատ ֆենսի հագնվելու։ կարող ես մոտավորապես պատկերացնել, թե ինչ ոճ է պահանջվում աշխատավայրում և առաջնորդվել ըստ դրա։ համենայն դեպս հավատարիմ մնա քո ոճին, որպեսզի քեզ ազատ զգաս։ քանի որ Հայաստանը չի փայլում հասցեների հստակեցմամբ, միգուցե դժվար լինի գտնել կազմակերպությունը։ խնդիր չկա, կարող ես մոտենալիս մի քանի րոպե առաջ զանգել։ բարի մարդիկ քեզ հավանաբար կօգնեն, կամ եթե շատ ավելի բարի են, կդիմավորեն։ ժպտա։ ողջունիր։ հարցրու՝ ինչպես են, ինչպես է անցել աշխատանքային օրը։ շատ հարցեր չտաս բայց։ ։Դ ներկայացիր առանց երկարացնելու, եղիր հստակ, նշիր կարևոր տեղեկատվությունը։ չմոռանաս eye contact-ի մասին։ անկեղծ եղիր, բայց չմոռանաս, որ էթիկան ամենակարևորն է: քեզանից չի սպասվում նախադասություններ ինչպիսին են՝ նախորդ աշխատակազմս շատ վատն էր, այդ պատճառով եմ նորը փնտրում, տանել չեմ կարողանում հաճախորդների հետ աշխատելը, քանի որ նյարդայնացնող են, չեմ դիմանում մեծ ճնշման տակ աշխատելուն և այլն․․․ եթե նկատելիորեն հուզվում ես հարցազրույցի ընթացքում, բարձրաձայնիր այդ մասին, բայց խնդրում եմ էլի, հուզվելու ոչինչ չկա, զրուցում ենք էլի։ վերջում քեզ հաստատ կհարցնեն՝ մեզ հարցեր ունե՞ք։ Ունեցիր հարցեր, հետաքրքրություն ցույց տուր պոտենցիալ աշխատանքիդ մասին, հարցրու օրինակ՝ ինչպես եք կազմակերպում նոր աշխատողների՝ թիմում ներգրավվելը, կունենա՞մ փորձաշրջան և այլն։ շնորհակալություն հայտնիր քեզ տրամադրված ժամանակին, լավ օր մաղթիր ու սպասիր նրանց զանգի՞ն․․․ոչ․․․ոչ․․․ոչ․․․դեռ չենք վերջացրել։

ուղարկիր շնորհակալական էլ փոստ
շատ քչերն են Հայաստանում հիշում այս մասին, բայց շատ կարևոր է հարցազրուցավարին ու թիմին շնորհակալ լինել քեզ ժամանակ տրամադրելու ու իրենց կազմակերպություն հրավիրելու համար։ նամակում նշիր, թե ինչ իմացար նրանց մասին, հատկապես ինչը հետաքրքրեց քեզ, ինչ նոր մտքեր ունես և հիշեցրու, որ դու անհամբեր սպասում ես, որ իրենք քեզ կամ հաջորդ փուլին հրավիրեն կամ էլ ինչ վատա որ՝ ընդունեն աշխատանքի։

վերջում ինչ եմ ուզում քեզ հիշեցնել․ չգիտեմ մեկին, որ չի ունեցել ձախողած հարցազրույցներ։ խնդիր չկա, էս անգամվա սխալդ մյուս անգամ չես կրկնի։ գտիր նոր թափուր տեղեր, դիմիր ու սպասիր։ մի օր զանգ ես ստանալու քո երազած կազմակերպությունից։ :)



 


1.10.21

Կօֆէ

հեյ
սա նախապես չգծված ու չմտածված գրառում է այն մասին, որ ես ավելի շատ սիրում եմ այս օրը քան երեկ չէ առաջին օրը։ Այսօր սուրճի միջազգային օրն է։ Սուրճի չէ՝ կօֆէի։ 

Մի քանի տարի առաջ էր՝ յոթ տարի առաջ, որ Թվիթերում գրանցվելիս հաշվիս անունը Կօֆէ գրեցի պարզապես։ Այսօր իմ ամենակարևոր մարդիկ ինձ Կօֆէ-ով են դիմում ու հիշում :)

Սուրճը առավոտյան արթնանալու կամ էներգիա ստանալու միջոց չէ միայն։ Սուրճը իրար հետ մի անգամ էլ հանդիպելու պատճառ է, զրուցելու, օրը պլանավորելու, մտքերը կիսելու կամ թղթին ու էկրանին հանձնելու ընկեր է։ Կօֆէն գործից միքիչ կտրվելու միջոց է։ Կողքի սեղանի հաճելի զրույցը լսելու ձև է։ Ու եթե միքիչ ցրտել են օրերը, ջերմանալու հրաշալի եղանակ է։ 

Ամենահամով սուրճը մինչև հիմա մնում է դեռ Արմինի հետ կիրակի առավոտները ֆիլտրով պատրաստածը։ Ու մի քանի շաբաթ առաջ գրեթե նույն սուրճից փորձեցի Ալթար սրճարանում։ Խորհուրդ եմ տալիս ինչ խոսք։ Եթե տարատեսակ համեր եք ուզում փորձել, Հալդիում համով կոֆեներ ունեն։ Եթե տաք ու հավես անկյուն եք ուզում, Կասկադի August գնացեք, իսկ եթե սոյայի կաթով կապուչինո եք ուզում, Լիմոնե երևի։  

իսկ շատ ավելի սիրուն տեղերի մասին կարդացեք այստեղ

Երևանը սրճարանների քաղաք է։ Եվս մի պատճառ Երևանը սիրելու։ Վայելեք աշունը համով կոֆեներով՝ միայնակ կամ թանկ մարդկանց հետ։ 

Շնորհավոր Կօֆէի օրը։ (: 

աշխատաՇՈՒԿԱ

հեյ  մի ամիս ա, ինչ կազմակերպությունը մեծացնելու նպատակով գերմաներենի մասնագետներ ենք  փնտրում ։ ինչպես ցանկացած նորմալ մարդ, առաջին բանը որ...