14.10.21

սովորողի 50 երանգները

հեյ

  

 ես դասախոս/ուսուցիչ/կրկնուսույց չեմ։ «Չ»֊ն՝ լինելով նախորդ նախադասության կարևորագույն մաս, ես ունեցել եմ և դեռ ունեմ աշակերտներ՝ մարդիկ, որոնց հետ պարզապես կիսվում եմ իմ փորձով ու գիտելիքներով։  ու էս՝ դասավանդման կարճ ժամանակաշրջանում (մոտավորապես երեք տարի՝ իրար գումարած) հանդիպել եմ ամեն տեսակ սովորողի։ 

նախ պատմեմ՝ ինչու ինձ թույլ տվեցի համաձայնել սովորեցնել մեկին մի բան։ ես այլընտրանք էի ուզում տեսնել՝ դասընթացի այլընտրանք։ ինձ համար չափազանց ձանձրալի ու անընդունելի է դեռ 19֊րդ դարից մնացած կանոններով սովորելը, երբ պետք է գրել, պետք է կարդալ, պետք է պատասխանել և պետք է իմանալ։ ինձ ավելի շատ դուր է գալիս չիմանալու մասին խոսելը։ ինձ դուր է գալիս հենց դասընթացի ժամանակ «պարզելը», թե ինչու է օրինակ "ignore" բառը նշանակում «անտեսել», «արհամարհել», իսկ "ignorance" բառը՝ «անտեղյակություն»։ ու ես գրեթե համոզված եմ, որ միասին՝ սովորողի և սովորեցնողի  գտնված տեղեկությունը կմնա սովորողի հիշողությունում դեռ երկար ժամանակ։ հաճախ եմ դասապրոցեսի  դասընթացի ժամանակ օգտագործում "hell knows" արտահայտությունը՝ ցանկանալով ցույց տալ դիմացինիս, որ եթե դու էդ բառի թարգմանությունը չես հիշում, քանի որ օրական հարյուրից ավել նոր բառ ես հանդիպում, չի նշանակում, որ դու լեզուն չգիտես։ լեզուն սովորում են կիրառության մեջ, սովորած բառերը, որ գնում են ենթագիտակցություն, չեն սպասում քեզնից, որ դու իրենց քնից արթնանալուն պես հիշես։ մի օր հարկ եղած դեպքում իրենք են քեզ մոտ գալու ու երբեք էլ պետք չի հիասթափվել, որ այ էս պահին այ էս բառը չհիշեցիր կամ սխալ արտասանեցիր։ երբ տեսա դասախոսների և կամ ուսուցիչների, որ աշակերտի կամ ուսանողի չիմացածը հաղթաթուղթ են դարձնում և ինքնահաստատվելու հրաշալի հնարավորություն, ես փորձեցի առնվազն ինքս ինձ ապացուցելու համար  ճիշտ հակառակն անել և համոզվեցի որ մի քանի անգամ ավելի հաճելի է աշակերտիդ ասել՝ «արի իրար հետ պարզենք պատասխանը», քան ասել՝ «չգիտե՞ս» և ամոթանք տալ։ ինչևէ։

մարդու տեսակը բացահայտելու լավագույն տարբերակներից մեկը նրան ինչ֊որ բան սովորեցնելն է։ ես ունեցել եմ և ունեմ հրաշք աշակերտ(ներ), որոնք գնահատում են քո և ծախսած ժամանակը, և էներգիան և ոգևորությունը։ նրանք աշխատում են և, որ ինձ համար ամենակարևորն է՝ նրանք հարցեր են տալիս ու չեն նեղվում «չգիտեմ» ասելուց։ սիրում են սովորելը, ստիպելով չեն սովորում ու չեն հիասթափվում։ ունեցել եմ ուսանողներ, որ ամենաառաջին սխալից հետո չեն ցանկացել շարունակել և ուսանողներ, որ ծիծաղել են իրենց սխալների վրա, ու չեն մոռացել այդ սխալները։ 

մեծամասամբ ինձ հանդիպած մարդիկ, որոնք մի օր աշակերտ են համարվել, դրական են եղել ու ստեղծվել է ընկերական մթնոլորտ։ բայց քանի որ էսօր աշխարհի ամենալավ օրը չի, ես պետք է բացասական փորձով կիսվեմ։

կա ուսանողի տեսակ, որին ես անվանում եմ «գիտեմ»։ տեսակն այս, հիրավի, գիտի ամեն ինչ։ ուղղակի զուգահեռ իրականությունում։ մեր իրականությունում նա ոչ մի հարցիդ պատասխան չունի, նա կսպասի՝ մինչև դու ասես հարցի պատասխանը ու կասի՝ «գիտեմ»։ եթե էդ տեսակին ծանոթ չեք, հիշեք ձեզ կամ ձեր դասընկերներին չորրորդ դասարանում։ կամ հինգերորդ։ ուսուցիչը կանչել է գրատախտակի մոտ ու հարցնում է՝ «ով է գրել «Թմբկաբերդի առումը»։ նա նայում է հատակին, պատերին, դիմացինի աչքերին ու չի պատասխանում։ երբ ուսուցիչը ասում է՝ «Պողոս, Հովհաննես Թումանյանն է գրել», Պողոսը առանց խղճի խայթի, առանց ուսուցչի նյարդերը խնայելու ցանկության պատասխանում է՝ «հա էլի, գիտեմ, Հովհաննես Թումանյանը»։

ես ուզում եմ դիմել բոլոր պողոսներին և ոչ միայն։ «չգիտեմ»֊ը կյանքեր է փրկում։ հավատացեք։ եթե կյանքեր էլ չէ, նյարդեր գոնե խնայում է։ ձեր դիմաց կանգնած մարդը պատրաստ է ձեզ նույն բանը քառասունութ անգամ կրկնել, մի քանի անկյունից մոտենալ, պատասխանել, ձեզ հետ հավասար սովորել, բայց միայն այն ժամանակ, երբ դուք խոստովանում եք թե ձեզ, թե նրան, որ ի սեր բոլոր  սրբերի բլոգերների՝ չգիտեք։ որքան շատ ասեք այդ կախարդական բառը, այնքան շատ սովորելու պատճառներ կունենաք, հարցերի պատասխաններ կգտնեք ու կիմանաք վերջապես։ չորրորդ դասարանում ամենասիրուն աղջկան դուր գալու համար խնդիր չկա, ասեք, որ գիտեիք, բայց էդ պահին չէիք հիշում, միգուցե նա հավատա, բայց ուսուցչին, էն մարդուն, որ ինքը ձեզանից մի քանի անգամ լավ գիտի՝ դուք ինչ գիտեք ու ինչ՝ չէ, մի ասեք «գիտեմ»։

ես սովորեցնել, որպես էդպիսին չեմ սիրում, ես սիրում եմ սովորեցնել սովորել  ու գնահատել եմ էն դասախոսներիս, որ ուղղորդել են կարդալուն, փնտրելուն, ինքնուրույն սովորելուն։ էդ փնտրելու ճամփին էնքան շեղ ու նեղ կածաններ ես գտնում ու էնքան տեղեկատվություն հավաքում․․․․ Սոկրատեսը մի բան գիտեր էլի․․․ 

մի խոսքով

հոգ տար քո մասին

No comments:

Post a Comment

աշխատաՇՈՒԿԱ

հեյ  մի ամիս ա, ինչ կազմակերպությունը մեծացնելու նպատակով գերմաներենի մասնագետներ ենք  փնտրում ։ ինչպես ցանկացած նորմալ մարդ, առաջին բանը որ...