Syuneci's English blog

Syuneci's English blog → Sippin' && 'Hackin'

երբևէ չլսված հնչյունները

էն առավոտներից էր... յոթն անց քսանութ րոպեին սկսող առավոտներից։ մեդիտացիա մտքի համար, յոգա ու լոգանք մարմնի համար ու սուրճ հոգու համար։ էնին պատրաստ էր օրվան։ պատրաստ էր նստել իր կանաչ պատշգամբի փոքր սեղանի մոտ, թերթ կարդալ, վայելել աշնան արևի վերջին հյուրասիրությունը։ 

նոտաները աշնանային առավոտի պես խաղաղ տարածվում են օդում՝ առանց իրար խանգարելու, միմյանց հերթ զիջելով....միքիչ նույնիսկ ձանձրալի, միքիչ նույնիսկ  սովորական։ 

էնին թերթից ավելի փողոցին էր նայում. դիմացի մայթի փոքրիկ կրպակին, որտեղից ամեն օր թերթերն էր գնում, որտեղ ապրում էին աշխարհում ոչ մի այլ տեղ չհանդիպող աչքերը։ էնին սպասում էր արդեն ծանոթ ու սիրելի դարձած սև ֆեդորային, որ հանդուգն ծածկում էր այնքան փափուկ ու խենթ գանգուրները։ 

օդում քամի սկսեց։ խենթացան նոտաները, մեկը մեկից հեռվացան, ուժգնացան, երաժշտական փոշի բարձրացավ....

եկավ։ նա է։ չէ։ մի րոպե։ էնին վեր թռավ։ նույն ֆեդորայից է։ չէ։ չեմ հասկանում։ անցավ կրպակից։ ո՞վ էր։ նա չէր։ չէ։ էնին ձեռքը դրեց տեղից դուրս թռչող սրտին։ ընկավ աթոռին։ ատեց ինքն իրեն։ մինչև երբ պետք է լռի։ երբ պիտի գա օրը։ երբ պիտի գնա ու թերթ գնելուց բացի զրուցի էնքան սիրուն ու էնքան խորունկ աչքերի հետ։ երբ պիտի չվախենա։ չամաչի։ չխառնվի իրար։ վստահ նայի աչքերին ու ասի....

նոտաները շունչ քաշեցին։ հնչյունները դանդաղ իջան սեղանին, սուրճի բաժակին, երեկվա թերթերին, խաչբառի դեռ չլրացված վանդակներին։ ու նորից... ամեն անգամ առաջին անգամվա նման գժվեցին էլի, վեր թռան տարածվեցին օդում։ 

նա  է։ այ սա նա է։ հա, բացում է կրպակի դուռը։ նա է։ էնին նոտաներից էլ խենթացած վազվզում էր տնով մեկ։ փորձեց բոլոր զգեստները բոլոր գլխարկների ու պայուսակների հետ։ ոչ մի զգեստ հարմար չէր, ոչ մի կոշիկ հարմար չէր ու ոչ մի գլխարկ իրեն չէր սազում այդ օրը։ ցանկացած աղջիկ կհասկանա՝ ինչ էր զգում էնին։ երբ ուզում ես կատարյալ լինել։ երբ ուզում ես ամենագեղեցիկը լինել։

հիասթափված հնչյունները մի կերպ դուրս էին պրծնում պահարանից այս ու այն կողմ շպրտված զգեստների ու գլխարկների տակից, ցավում էին էնիի համար։ ու մարում էին արդեն նոտաները, երբ...

էնին պահարանի ամենավերևի դարակից հանեց ժապավենով կապված մի տուփ։ զգուշորեն բացեց ժապավենը, բացեց տուփը...ու աչքերը շողացին։ 

...ու շողացին նոտաները։ 

էնին վազում էր աստիճաններով։ նա ամենագեղեցիկն էր։ կատարյալ էր։ վստահ էր, որ նայելու է աչքերին՝ աշխարհում էլ ոչ մի տեղ չհանդիպող աչքերին, վստահ էր, որ ասելու էր...չգիտեր, թե ինչ։ երևի սուրճի կհրավիրեր, երևի ցույց կտար իր պատշգամբն ու կասեր, որ ամեն օր երեխայի նման սպասում է կրպակի բացվելուն, երևի կասեր, որ բոլոր խաչբառները կիսատ են մնում, քանի որ ինքը շատ հարցերի պատասխաններ չունի, երևի կծիծաղեին, երևի անունը կհարցներ ու կասեր՝ իսկ ես էնին եմ։ 

մայթով վազում էին նոտաները, իրար հրմշտելով, իրար խանգարելով, բոլորն էլ ուզում էին էնիից շուտ հասնել կրպակին.... 

մեղեդին լռեց։ դիրիժորը իջացրեց երկու ձեռքերն էլ։ ջութակը իջավ ուսից։ մատները սահեցին ու նստեցին ծնկներին։ 

էնին թերթեր առած վերադառնում էր տուն։ նոտաները ապշած նայում էին իրար։ իրենք էլ չհասկացան՝ ինչու լռեցին։ իրենք լռեցին, էնին լռեց, աշխարհում էլ ոչ մի տեղ չհանդիպող աչքերը սառած նայում էին թերթերին ու վերադարձնում էնիի մանրադրամը։ էնին ինչու չնայեց աչքերին՝ աշխարհում էլ ոչ մի տեղ չհանդիպող աչքերին։ 

էնին բացեց թերթի վերջին էջը։ 

մատները վերադարձան ստեղներին, ջութակը կենդանացավ նորից։ դիրիժորը պարացրեց փայտիկը օդում։ ու էնին լսեց ամենասիրուն ու ամենասիրո մեղեդին։ 

«...երբ պետք է վերջապես ասեմ նրան, որ իր աչքերը աշխարհում էլ ոչ մի տեղ չեն հանդիպում, որ դեռ չգիտեմ անունը, բայց արդեն սիրում եմ իրեն։ դե միգուցե մտածի խենթ եմ, բայց ամեն առավոտ ուզում եմ ասել՝ ես Ջոնն եմ ու սիրում եմ քեզ....կասե՞ս անունդ...» 

այդ օրը փոքրիկ քաղաքի ամենանեղ փողոցի անցորդները տեսան վազող աղջնակի՝ կատարյալ զգեստով։ նրա հետևից վազում էին երբևէ չլսված հնչյունները։

սթարմուսը գալիսա Հայաստա՜ն

հեյ Անդրանիկը միշտ ասումա, որ Հայաստանը DIY երկիրա։ DIY, այսինքն՝ do it yourself, հայերեն՝ ինքդ արա։ պատճառն էնա, որ երբեք չի կարելի ու չպետ...